Մայիս 03, 2024
1169 դիտում

Արինա Սաբալենկայի՝ հորը մահից առաջ տված խոստումն ու օրեր առաջ դրա իրականացումը


Լուսանկարը` nu.nl

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` WTA

Լուսանկարը` WTA

Լուսանկարը` GGTN

Լուսանկարը` WTA

Լուսանկարը` Vogue

Լուսանկարը` Asustralian Open

Լուսանկարը` Vogue

Լուսանկարը` Vogue

Լուսանկարը` nu.nl

Լուսանկարը` անձնական արխիվից


Արինա Սաբալենկան օրեր առաջ երկրորդ տարին անընդմեջ հաղթեց Ավստրալիայի բաց առաջնությունում: Եզրափակչում նա անհավանական խաղ ցույց տվեց ու փայլուն կերպով տիրացավ Գավաթին:

Mediamax Sport-ը փորձել է պարզել, թե որն է թենիսիստուհու գլխավոր հաղթաթուղը, ինչն է նրան մոտիվացնում ու մղում նոր նվաճումների:

Բռնկվող աղջնակը

Արինա Սաբալենկան ծնվել է 1998 թվականի մայիսի 5-ին Մինսկում՝ հոկեիստի ընտանիքում: Հայրը փոքր տարիքից նրա մոտ սպորտի նկատմամբ սեր է առաջացրել ու նախ թենիսի խմբակ տարել:

Արինան տարբերվում էր հասակակիցներից իր ֆիզիկական տվյալներով, դիմացկունությամբ ու համառ բնավորությամբ: Սկզբում մարզումները նրան ձանձրալի թվացին ու չէր ցանկանում շարունակել, սակայն չէր ուզում ծնողներին տխրեցնել եւ հանուն նրանց շարունակեց զբաղվել:

Մի քանի ամսվա մարզումներից հետո երեւաց, որ նա իսկական առաջատարի որակներ ունի, բայց հետն աշխատելն այնքան էլ հեշտ չէր: Չէր կարողանում զսպել էմոցիաներն ու առաջին մարզիչ Ելենա Վերգեենկոյի հետ հաճախ էին տարաձայնություններ առաջանում: Մարզչի մեկ նկատողությանն աղջիկը 10-ով էր պատասխանում, ինչի արդյունքում անհնար դարձավ միասին աշխատել: Վերգեենկոն Արինայի ծնողներին խորհուրդ տվեց նրա համար տղամարդ մարզիչ գտնել: Շատ շուտով պարզ դարձավ, որ դա լավագույն որոշումն էր:

Լուսանկարը` անձնական արխիվից


«Կուռքեր չունեի եւ ոչ մեկին էլ չէի ցանկանում նմանվել: Երբ հայրիկիս ընկերներն ասում էին, որ ես ապագա Շարապովան եմ, քանի որ նրա պես եմ գոռում կորտում, միշտ չարակամորեն պատասխանում էի. «Ոչ, ես ապագա Սաբալենկան եմ»: Ինձ դուր էր գալիս Սերանայի ոճն ու, իհարկե, Շարապովայի»,-պատմել է նա:  

Լուրջ քայլերն ու նվաճումները

Պատանեկան թենիսում հաջողություններ գրանցել չհասցրեց, բայց մի քանի նշանակալի ձեռբերումներ ունեցավ երիտասարդական պայքարում եւ բարելացեց դիրքերը վարկանշային աղյուսակում: Մասնագետների ուշադրությունն իր վրա սեւեռել Սաբալենկային հաջողվեց միայն 2017-ին: Կարիերայում առաջին անգամ նա դուրս եկավ Չինաստանում կայացած WTA մրցաշարի եզրափակիչ, զիջեց Մարիա Շարապովային, սակայն կարողացավ ընդգրկվել թոփ-100-ում ու իր երկրի առաջին համարը դառնալ:

2018-ը նրա համար բեղմնավոր էր, սկսեց աշխատել նոր մարզչի հետ ու մի քանի ամիս անց WTA-ում առաջի տիտղոսին տիրացավ: Ոգեւորված այդ հաջողությունից՝ նա գերազանցեց էստոնացի Աննետ Կոնտավեյթին ու երկրորդ մրցաշարում հաղթանակ գրանցեց:

2019-ին ոչ միայն կարեւոր հաղթանակներ գրանցեց, այլ մարզչի հետ աղմկոտ տարաձայնություն ունեցավ: Երկուսն էլ չափազանց էմոցիոնալ են ու իրենց զսպել չկարողացան՝ միմյանց հասցեին փոխադարձ մեղադրանքներ եւ վիրավորանքներ հնչեցրին: Անգամ հայտարարեցին համագործակցության դադարեցման մասին, սակայն որոշ ժամանակ անց ամեն ինչ հարթեցին: Թիմում առկա լարված մթնոլորտը Սաբալենկային չխանգարեց նոր հաղթանակներ ունենալ՝ նա լավագույնն էր Չինաստանի մրցաշարում, ապա տիտղոսը պաշտպանեց Ուհանում ու հաղթեց WTA Elite Trophy-ին:

Լուսանկարը` WTA


Մինչ համավարակի սկսելը նա Դոհայում գերազանցեց Պետրա Կվիտովային ու հաղթեց «Պրեմիեր 5» մրցաշարում, ապա Ostrava Open-ում անհատական ու թիմային պայքարում էր 1-ինը: Սաբալենկան նաեւ որոշեց փոխել մարզչին ու սկսեց աշխատել Շարապովայի սպարինգ մրցակից Դիտեր Քինդլմանի հետ: Նրա հետ
Սաբալենկան կարողացավ ընդգրկվել լավագույն տասնյակում:  

2021-ի տարեսկզբը նշանավորվեց Աբու Դաբիում տարած հաղթանակով, ապա թենիսիստուհին միավորվեց Էլիս Մերտենսի հետ ու հաղթեց Ավստրալիայի բաց առաջնության զուգախաղի մրցումներում: Դրա շնորհիվ նա WTA-ի աղյուսակում 4-րդն էր, ինչը նրա կարիերայի լավագույն արդյունքն էր:

Մեծ Սաղավարտի մրցումները

Սաբալենկան նորամուտը նշեց նաեւ Մեծ Սաղավարտի մրցումներում ու ելույթ ունեցավ  «Ռոլան Գարոս»-ում՝ հասնելով մինչեւ 3-րդ շրջան: Մասնակցեց Ուիմբլդոնին ու Տոկիոյի Օլիմպիական խաղերին, սակայն շատ առաջ շարժվել չկարողացավ: 2023-ին իր հաշվին արդեն 19 տիտղոս ուներ, որոնցից 3-ը Մեծ Սաղավարտի մրցումներում՝ մեկն անհատական եւ երկուսը զուգախաղում, դարձել էր կանանց աղյուսակի առաջատար ու առաջին ռակետ:

Լուսանկարը` WTA


Սաբալենկան վերջին 20 տարվա ընթացքում երկրորդ թենիսիստուհին է, որը Ավստրալիայի առաջնությունում իր մատուցումների արդյունքում ոչ մի գեյմ չի զիջել, նման բան մինչ այդ միայն Սերենա Ուիլյամսին էր հաջողվել: 2023-ի եզրափակչում Սաբալենկան 4:6, 6:3, 6:4 հաշվով հաղթեց Ելենա Ռիբակինային, առաջին անգամ տիրացավ Ավստրալիայի բաց առաջնության հաղթողի կոչմանն ու գլխավորեց նաեւ վարկանշային աղյուսակը:

«Միայն ինձնից էր կախված եզրափակիչ դուրս գալն ու հաղթելը: Նպատակս էր մինչեւ վերջ պայքարել ու ամեն ինչ որոշել կորտում: Շատ էի ուզում առաջին ռակետ դառնալ ու մինչեւ հիմա չեմ հավատում, որ դա ինձ հաջողվեց»,- խոստովանել է նա:

Սակայն առաջին տեղը մինչեւ տարեվերջ Սաբալենկային պահել չհաջողվեց, ամփոփիչ մրցաշարում զիջեց ու առաջատարությունը նորից ստանձնեց Իգա Սվենտեկը, որը մինչ այդ 76 շաբաթ լավագույնն էր եղել:

Իսկ այս տարի բելառուս մարզուհին Ավստրալիայի բաց առաջնությունում փայլուն կերպով հաղթեց: Եզրափակչում նա չինուհի Չժեն Ցինվենին զիջեց ընդամենը 5 գեյմ, իսկ ամբողջ մրցաշարի ընթացքում ոչ մի սեթ չպարտվեց մրցակիցներին: Զիջած գեյմերի քանակն ընդամենը 31 է, ինչը հիանալի արդյունք է: Սաբալենկան 2013 թվականից հետո առաջին թենիսիստուհին է, որը կարողացել է Մելբուռնում պաշտպանել տիտղոսը: Նախորդ անգամ դա հաջողվել էր նրա հայրենակից Վիկտորիա Ազարենկային:

Լուսանկարը` GGTN


«Չէի կարող պատկերացնել, որ մի օր կհաղթեմ Մեծ Սաղավարտի մրցաշարում, իսկ հիմա երկու տիտղոս ունեմ, զգացողություններս անբացատրելի են: Այս 2 շաբաթների ընթացքում նախ ինքս ինձ եմ զարմացրել: Թեեւ մեծ ճնշման տակ էի, բայց հաղթահարեցի ամեն ինչ ու գնացի նախանշված պլանով: Ինչպես միշտ, ելույթս մի քիչ տարօրինակ է լինելու: Իմ թիմ, ապրեք, ձեզ մի քիչ լարվածության մեջ էի պահել Բրիսբենի եզրափակչից հետո, բայց այս անգամ ավելի լավ գործեցի: Շնորհակալ եմ, որ անկախ ամեն ինչից, միշտ կողքիս եք: Առանց ձեզ այսքան արդյունքների չէի հասնի, բայց դուք էլ առանց ինձ այդքան լավը չէիք լինի: Ընդունեք այդ փաստը:

Նախկինում ընտանիքիս նման ելույթների ժամանակ երբեք չեմ հիշատակել, նրանց էլ պետք է մեծ շնորհակալություն հայտնեմ, բայց անգլերենով խոսելու դեպքում ինձ չեն հասկանա: Հույս ունեմ՝ նրանց համար կթարգմանեն: Ձեզ շատ եմ սիրում, իմ գլխավոր մոտիվացիան եք: Ամեն ինչ հենց ձեզ համար եմ անում, սիրում ու կարոտում եմ: Շնորհակալ եմ երկրպագուներին, պաշտում եմ ձեզ համար խաղալ: Դուք ինձ հատուկ եք դարձնում»,- հաղթական ելույթն այսպես է մեկնաբանել Սաբալենկան:

Թենիսիստուհին 5 տարի առաջ 43 տարեկանում մահացած հորը խոստացել է մինչեւ 25-ամյակը հաղթել Մեծ Սաղավարտի 2 մրցաշարում ու դա նրան հաջողվեց, տարեդարձը նշելու է մայիսի 5-ին:

Լուսանկարը` WTA


Մտքերը

Առաջին հաղթանակն ամենաքաղցրն է, որովհետեւ ամենաբարդն է:

Երբ նախ մի նվաճում ես ունենում, ապա նորը, ավելի ու ավելի շատ քաղց ես զգում: Ավելի շատ հաղթանակների ես ձգտում, քանի որ արդեն գիտես, թե դրանց համն ինչպիսին է: Ձգտում ես հնարավորություններիդ առավելագույնին ու ստուգում, թե որքան հեռու կարող ես գնալ:

Իմ եւս մեկ երազանքն է՝ ոգեշնչել հաջորդ սերնդին: Հույս ունեմ, որ իմ պատմությունը կօգնի հավատալ սեփական ուժերին, չհանձնվել ու պայքարել մինչեւ վերջ:

Ծնողներիս համար երբեք էլ կարեւոր չի եղել հաղթում եմ, թե պարտվում, առաջնայինն էր՝ պայքարում եմ արդյոք մինչեւ վերջ, թե ոչ: Նրանց համար կարեւոր էր, որ ամբողջ ուժերս ներդնեմ ու չկոտրեմ ռակետները: Միակ բանը, որի պատճառով զայրանում էին՝ կոտրված ռակետներն էին:

Լուսանկարը` Vogue


Ամեն հաղթանակ բերում է գիտակցման ընկալում, որ ոչինչ իզուր չէր: Հասկանում ես, որ ճիշտ տեղում ես: Իսկ դա էներգիա է, ադրենալին, հավատ, հնարավորություն քեզ իսկապես կենդանի զգալու:

Ուշագրավ փաստեր

Իր ոճի, բնավորության ու նվաճումների համար նրան սկսել են «Արինա թագուհի» կոչել:

Սաբալենկան 182 սմ հասակ ունի եւ կշռում է 80 կգ: Մարզավիճակը պահելու համար հատուկ սննդակարգի է հետեւում, խոստովանում է, որ հատկապես դժվար է հրաժարվել քաղցրից:

Ձեռքին վագրի գլխով դաջվածք ունի, որն արել է 2017 թվականին: «Վերջապես երկու տարվա երազանքս իրականություն դարձավ. Շնորհակալ եմ անհավանական աշխատանքի համար»:

Նախկինում շատ էր սիրում մազերի հետ փորձարկումներ անել ու հանդես գալ տարբեր գույներով:

Լուսանկարը` Asustralian Open


Սաբալենկայի խաղաոճը համեմատում են Սերենա եւ Վենուս Ուիլյամսների հետ, թեեւ ինքը ձգտում է ոչ մեկի էլ չնմանվել:

Փոքր տարիքում ծնողներին արգելում էր ներկա լինել իր հանդիպումներին:

Առաջին պարգեւավճարներով զգեստներ է գնել:

Այս տարի Մելբուռնի կորտում ընդհանուր առմամբ անցկացրել է 8 ժամ 3 րոպե՝ ամեն մրցակցի միջինը հաղթելով 1 ժամ 9 րոպեում: Դա մրցաշարի 2-րդ լավագույն ցուցանիշն է, առաջինը 7 ժամ 45 րոպե է:

Հաղթանակի համար Սաբալենկան ստացել է 2,1 մլն դոլար պարգեւավճար:

Չեմպիոնական տիտղոսը նվաճելուց հետո հայտնվել է ավստրալական Vogue-ի թվային համարի շապիկին:

Հանդիպում է հոկեիստ Կոնստանտին Կոլցովի հետ, որը նախորդ ամուսնությունից 3 երեխա ունի:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին