Ապրիլ 26, 2024
exclusive
79971 դիտում

Կրթությունից մինչեւ կարիերայի սահուն ավարտ. Ջուլֆալակյանի նոր ծրագրերը


Լուսանկարը` Ա.Ջուլֆալակյանի արխիվից

Լուսանկարը` Ա.Ջուլֆալակյանի արխիվից

Լուսանկարը` Ա.Ջուլֆալակյանի արխիվից

Լուսանկարը` Ա.Ջուլֆալակյանի արխիվից

Լուսանկարը` Ա.Ջուլֆալակյանի արխիվից

Լուսանկարը` Ա.Ջուլֆալակյանի արխիվից

Լուսանկարը` Ա.Ջուլֆալակյանի արխիվից


Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը ՄՕԿ-ի միջազգային մարզիկների համաժողովից կարեւոր առաքելությամբ է վերադարձել:

Նա Լոզանի Օլիմպիական թանգարանում 3 օր եւս 79 բարձրակարգ մարզիկների հետ ծանոթացել է ՄՕԿ-ի նոր «Բոլորը միասին» մարտավարության հիմնական կետերին, կարեւոր քննարկումների ու հանդիպումների մասնակցել:

Ջուլֆալակյանը Mediamax Sport-ին պատմել է  իր նոր ու հետաքրքիր գաղափարների ու անելիքների մասին:

Հագեցած օրակարգը

Լոզանում 3 հետաքրքիր ու հագեցած օր ենք ունեցել, չէի սպասում, որ այն այսքան ընդգրկուն ու բովանդակալից կլինի: Համաժողովը երկու տարին մեկ է անցկացվում, ու շատ արդիական հարցեր քննարկեցինք:

Ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված, որպեսզի չձանձրանայինք  ու կարողանայինք մարսել ինֆորմացիայի այն հսկայական ծավալը, որ ներկայացվեց մեզ:

Լուրջ թիմային ու անհատական քննարկումներ եղան, ելույթներ, հարց ու պատասխաններ: Առաջին օրվա քննարկումներին ներկա էր նաեւ ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը:

Լուսանկարը` Ա.Ջուլֆալակյանի արխիվից


Հավաքվել էր ողջ սպորտային էլիտան, 80 հոգի էինք, Օլիմպիական խաղերի 157 մասնակից կար՝ 98 մեդալակիր, 45 չեմպիոն, որոնցից  20-ը բազմակի չեմպիոն:

Ես զուգահեռ նաեւ Ֆրանսիայի առաջնությանն էի մասնակցում, առաջին օրը մեկնեցի ելույթիս, հետո նորից վերադարձա:

Սպորտից սահուն անցում դեպի աշխատանք

Համաժողովի ծրագրերի մեծ մասը հենց մարզիկների համար էր, որպեսզի նրանք կարողանան կյանք մտնել ու իրենց տեղը գտնել: Քիչ չեն դեպքերը, երբ սպորտը թողնելուց հետո շատ մարզիկներ ամենատարբեր հոգեբանական խնդիրներ են ունեցել, հարբեցող դարձել կամ ինքնասպան եղել: Ես կարծում էի, որ դա ավելի շատ հատուկ է նախկին ԽՍՀՄ-ի երկրներին, սակայն սխալվում էի: Եվրոպայում ու Ամերիկայում էլ այդ խնդիրն արդիական է:

Նմանատիպ իրավիճակում ես էլ էի հայտնվել, մի պահ եղավ, երբ չէի կողմնորոշվում, թե ինչով եմ ուզում զբաղվել: Այն էլ ես, որ ընտրության հսկայական հնարավորություն ունեմ, նման խնդրի առաջ էի կանգնել, բա ինչքան դժվար կլինի այն մարզիկների համար, ովքեր սպորտից բացի ոչ մի հետաքրքրություն չունեն:

Կարիերան ավարտելուց հետո ոչ բոլորն են կարող մարզիչ աշխատել, բացի այդ էլ մեր երկրում նրանց համար պայմաններ չկան: Հենց այդ կարեւոր հարցի մասին էլ մենք խոսեցինք համաժովողի վերջին օրը:

Վերջից եմ սկսում, քանի որ այն կարող է իսկապես օգտակար լինել մեր մարզիկներին: Նրանք պետք է իմանան, որ շատ լավ ելք ունեն, սակայն դրանից օգտվելու համար պետք է շատ աշխատել: Այդ բարիքներից մենք առհասարակ չենք օգտվել, իսկ դրանք իսկապես շատ-շատ են:

Քննարկեցինք, թե մարզիկներն ինչ ծրագրերի են կարող մասնակցել ու տարբեր կազմակերպություններում աշխատանք ստանալ, ծանոթացանք տարբեր երկրների հետաքրքիր փորձին, թե ինչպես են աջակցում կարիերան ավարտած մարզիկներին:

Լուսանկարը` Ա.Ջուլֆալակյանի արխիվից


1. Իտալիան, Գերմանիան, Հունաստանը կիրառում են ոստիկանական ու բանակային համակարգը: Բոլոր բարձրակարգ մարզիկները գրանցվում են այդ կառույցներում ու աշխատավարձ ստանում, քանի դեռ սպորտային ակտիվ գործունեություն են ծավալում, տարվա մեջ էլ որոշ ժամանակ աշխատավայրում լինում: Սպորտը թողնելուց հետո պարտավոր են աշխատել, հետեւել պայմանագրի կետերին, իսկ աշխատանքի տեսակը հենց իրենք են ընտրում՝ զբաղվել թղթաբանությամբ, քարտուղար լինել կամ մեկ այլ բան:

2. Ճապոնիայում մարզիկն անցնում է կես դրույքով աշխատանքի, սկզբնական շրջանն ուղղակի ուսուցողական է լինում: Որոշակի ցանկից նա ընտրում է ընկերություն, որտեղ մասնագիտանալուց հետո աշխատում է կես դրույքով՝ ստանալով ամբողջական դրույք աշխատավարձ: Դա իդելական տարբերակ է, մարզիկները եւ մասնագիտություն են ստանում, եւ աշխատանքային փորձ:

3. Հետաքրքրիր է նաեւ ամերիկյան փորձը, որտեղ սպորտը համատեղում են ուսման հետ: Օլիմպիական խաղերում ԱՄՆ-ի հավաքականի մեդալակիրների մոտ 30 տոկոսն ուսանողներ են եղել:

Հայաստանում դրանք կիրառելու քայլերը

Ես, բնականաբար, շահագրգռված էի, որ Հայաստանում էլ այն կիրառվի: Նշեցի, որ համապատասխան պայմանագիր չունենք, մեր երկիրն էլ այդ ծրագիրը ֆինանսավորելու հնարավորություն չունի: Մենք էլ բարձրակարգ մարզիկներ ունենք, ովքեր ակտիվացնում են Օլիմպիական շարժումն ու բարձր պահում ՄՕԿ-ի անունը, պետք է կարողանան օգտվել այդ ամենից:

Նախ առաջարկեցի ողջ ծրագիրը ռուսերեն թարգմանել, որպեսզի այն հասանելի լինի ոչ միայն Հայաստանում, այլ 200 մլն շուկայում, քանի որ ոչ բոլորն են տիրապետում անգլերենին: Ծրագիրը մարզիկներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի մասին է՝ ինչպես մարզիչ դառնալ, ճիշտ սնունդ օգտագործել, ծանոթանալ մարկետինգին, հոգեբանական խնդիրներին տեղյակ լինել եւ այլն:

Լուսանկարը` Ա.Ջուլֆալակյանի արխիվից


Նշեցի, որ Հայաստանում պետք է դասընթացներ անցկացնել  ու մարզիկներին այդ ամենի մասին պատմել: Դրա համար նախ տեղացի մասնագետներին է անհրաժեշտ վերապատրաստել, այդ դեպքում ճանապարհածախսի ու օրավարձի հետ կապված մեծ գումարի կարիք չի լինի: Կընտրենք մեզ մոտ առավել զարգացած ու կարեւոր մարզաձեւերը, որոնք 4-ն են՝ ըմբշամարտ, բռնցքամարտ, ծանրամատ, ձյուդո: Համապատասխան մասնագետներ կպատրաստենք, դրան կավելանա նաեւ սեմինարների ծախսը, որը կրկին շատ չի լինի:

«Օլիմպիական Համերաշխության» ծրագիրը, որը բոլորիս Օլիմպիական խաղերից 1,5-2 տարի առաջ ֆինասավորում է, հսկայական փողեր ունի, բայց մենք դրանից լիարժեք չենք օգտվում: Այդ ծրագիրը ոչ միայն թոշակ կամ աշխատավարձ տալու հնարավորություն ունի, այլ ունակ է բազմաթիվ այլ ծրագրեր իրականացնել, սակայն պետք է դիմել, որպեսզի աջակցություն լինի:

Ես կներկայացնեմ մեր ծրագիրը, այն կքննարկեն ու եթե հավանեն՝ կֆինանսավորեն: Պարտավորվել եմ ժամանակիս ներածին չափով իմ մասնակցությունն ունենալ ու ամեն ինչ մաքսիմալ արդյունավետ անել: Ասեմ, որ սա զուտ կամավորական աշխատանք է լինելու, վարձատրություն չի լինելու ոչ ինձ, ոչ էլ ինձ միանալ ցանկացողների համար:

Դրա համար պետք է առաջին հերթին քարոզել, որ մեր 15-17 տարեկան առաջատար մարզիկներն անգլերեն սովորեն, աշխատեն իրենց վրա, կիրթ լինեն:  Ես այդ ամենին տեղեկացել եմ, բայց չգիտեմ, ում օգտակար լինեմ:

Անձնական բանակցությունների շնորհիվ կարողացել եմ նաեւ պայմանավորվել, որ 1-2 մարզիկ ՄՕԿ-ի հաշվին կարողանան կրթություն ստանալ եվրոպական կամ ամերիկյան ցանկացած համալսարանում: Նրանք կսովորեն, զուգահեռ կմարզվեն, պարզապես բանակի խնդիրը կարող է խանգարել: Պատկերացրեք մինչեւ 100 հազ. դոլար կարող է ծախսվել մարզիկի վրա:

Լուսանկարը` Ա.Ջուլֆալակյանի արխիվից


Չգիտեմ ում դիմել, դրա համար էլ կոչ եմ անում 15-17 տարեկան, անգլերենի միջին իմացությամբ, Եվրոպայի կամ Աշխարհի մեդալակիր մարզիկներին, որոնք սովորելու ցանկություն ունեն, ի հայտ գան:  Նրանք մարզվելու ու առաջընթաց արձանագրելու համար բոլոր պայմանները կունենան:

Մյուս կարեւոր հարցերը

Լոզանում քննարկվեց նաեւ, թե որքանով է վնասակար կամ օգտակար սպորտը համատեղել ուսման կամ աշխատանքի հետ: Ծանոթացանք իրական օրինակների, թե ինչպես միայն սպորտի վրա կենտրոնացած մարզիկների կարիերայում ամեն ինչ անկում է ապրել: Եվ հակառակ դեպքեր էլ են կան՝ միաժամանակ տարբեր հետաքրքրություն ունեցողները մեծ վերելք են արձանագրել:

Այդ ժամանակ առաջին անգամ մտածեցի, որ, գուցե, ինձ մոտ էլ այդ պատճառով չստացվեց Ռիոյի Օլիմպիական խաղերում: Մայիսից միայն Օլիմպիական խաղերի վրա էի կենտրոնացել ու ամեն ինչ բացարձակ թողել, անգամ թեզիս վրա չէի աշխատում:  Իմացա, թե նման իրավիճակներն ինչ հոգեբանական սթրեսների ու չափից շատ ծանրաբեռնվածության կարող են բերել: 

Լուսանկարը` Ա.Ջուլֆալակյանի արխիվից


Համաժողովի առաջին օրը ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը խոսեց նաեւ դոպինգից, թե ինչ են պատրաստվում անել ռուսների հետ: Ներկայացվեց, թե ինչ հսկայական մանիպուլյացիաների են նրանք դիմել ու փոխել փորձանմուշները: Անգամ վատ երազում հնարավոր չէ պատկերացնել, որ նման բան հնարավոր է: Բայց ռուսների հետ կապված վերջնական որոշում դեռ չկա էլ, քանի որ ստուգումները շարունակվում են:

Խոսել ենք նաեւ մարզիկների իրավունքների ու պատասխանատվության մասին, գրեթե, նույն մարդու իրավունքներն են, որոնք մեզ են հարմարեցված:

Այս հանդիպումներն ինձ շատ բան տվեցին, ես կցանկանայի այս ամենից օգտվել ավելի երիտասարդ տարիքում: Ու հիմա պատրաստվում եմ իմ իմացածով օգտակար լինել մեր պատանի մարզիկներին: Գիտեմ, որ հսկայական աշխատանք է լինելու, սակայն ուժերիս ներածին չափով պատրաստ եմ սկսել այն:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին