Ապրիլ 26, 2024
exclusive
30512 դիտում

ՀՀ-ում կանցկացվի ֆուտբոլային սկաուտների համար առաջին դասընթացը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Ռուսաստանյան «Legal Sport» գործակալության երեւանյան գրասենյակը փորձելու է Հայաստանում փնտրել ու գտնել տաղանդավոր ֆուտբոլիստների, իսկ հոկտեմբերի 17-30-ն անցկացնելու է Ֆուտբոլային սկաուտների առաջին պրոֆեսիոնալ դասընթացը:

Mediamax Sport-ն ընկերության գրասենյակում զրուցել է նրա հիմնադիրներ Խորեն Քալաշյանի, Դավիթ Բիշարյանի ու գործադիր տնօրեն, Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Կարեն Դոխոյանի հետ:

Ֆուտբոլային սկաուտների պրոֆեսիոնալ դասընթացը

Մի քանի օրից Երեւանում ֆուտբոլային սկաուտների համար հատուկ դասընթացներ են անցկացնելու ԲԿՄԱ-ի գլխավոր սկաուտ Անդրեյ Մովսիսյանը եւ Արմեն Մարգարյանը, որը Ռուսաստանում «Լոկոմոտիվ» ակումբի սելեկցիոն աշխատանքի ղեկավարն է:

Լուսանկարը` Մեդիամաքս


Դոխոյան. Նրանք Ռուսաստանում պարբերաբար են նման սեմինարներ անցկացնում: Դրանով մենք փորձում ենք սկաուտինգը զարգացնել Հայաստանում ու լավագույն մասնագետներից մի քանիսին մեզ մոտ աշխատանքի հրավիրել: Նրանք ողջ երկրով կշրջեն ու կգտնեն այն երեխաներին, որոնք հետագայում կարող են խաղալ մեր հավաքականում, ինչպես նաեւ արտասահմանում:

Սեմինարի մասնակիցներին մանրակրկիտ են ընտրում, հաշվի են առնում ինտելեկտը, ֆուտբոլային գիտելիքները եւ, որ ամենակարեւորն է, անկաշկանդ հաղորդակցվելու ունակությունը, քանի որ հենց նրանք են շփվելու ֆուտբոլիստի ու նրա ընտանիքի հետ:

Իսկ հետաքրքրությունը դասընթացի նկատմամբ բավականին մեծ է, դիմողները շատ են:

Քալաշյան. Վերջերս ՀՖՖ-ի ներկայացուցիչների հետ ենք հանդիպել, նրանք եւս հետաքրքրված են: Տարբեր տարիքայինների հավաքականների մարզիչները նույնպես գալու են դասերին: Հայաստանյան ակումբներին ՀՖՖ-ն եւս տեղեկացրել է դասընթացի մասին, սպասում ենք նաեւ նրանց առաջարկներին:

Դասընթացին այս ոլորտի հետ իրենց ապագան կապողները կծանոթանան մասնագիտության նրբություններին՝ ինչպես աշխատել, ինչ գրառումներ կատարել, ինչպես հետեւել խաղացողներին, ինչի վրա ուշադրություն դարձնել, եւ այլն: Հետեւելու են տարբեր ֆուտբոլային հանդիպումների՝ պատանեկան մրցումներից սկսած մինչեւ Բարձրագույն խմբի խաղերը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Տաղանդների բացահայտումը

Ֆուտբոլային տվյալներ ունեցող ու խաղը զգացող երեխաներին այդքան էլ հեշտ չէ գտնել: Դրա համար հատուկ ֆուտբոլային հոտառություն ու հմտություններ են պետք, որոնք էլ պետք է ունենա սկաուտը: Դասընթացը նաեւ դրանց բացահայտմանն է ծառայելու:

Հայ սկաուտները Երեւանից բացի գործունեություն են ծավալելու նաեւ մարզերում ու ուշադրության կենտրոնում են պահելու հատկապես բակային ֆուտբոլը:

Բիշարյան. Քիչ չեն բակերում խաղացող երեխաները, որոնք չեն էլ մտածել ֆուտբոլով զբաղվելու մասին: Միջազգային փորձն էլ ցույց է տալիս, որ նրանցից հիանալի խաղացողներ են ստացվում: Այդ պրակտիկան շատ է կիրառվում հատկապես Բրազիլիայում, Արգենտինայում, Իտալիայում: Ֆուտբոլային գերտերությունները միայն դպրոցների վրա չեն հիմնվում:

Դոխոյան. Տղայիս դպրոցում էլ երեխաները խաղում են, ես ուշադրություն եմ դարձնում նրանց, հետաքրքրվում՝ արդյո՞ք հաճախում են ֆուտբոլի: Տեսնում եմ, որ տվյալներ ունեն՝  գնդակի հետ լավ են վարվում, ճիշտ փոխանցում կատարում, արագ մտածում: Դա դեռ Երեւանում, բա մարզերում որքան շատ կլինեն նման երեխաները:

Հայկական ֆուտբոլում առկա խնդիրները հսկայական չափերի են հասել, ու դրանք մարզաձեւը միայն հետ են տանում: Այդ մասին նաեւ հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն է բարձրաձայնել. «Այս կազմով շատ դժվար կլինի, ես նայում եմ Մ-21 տ. թիմի ելույթներին, տաղանդավոր ֆուտբոլիստներ ունենք, սակայն աճ չեն արձանագրում: Մեզ թարմ արյուն է պետք»:

Լուսանկարը` Մեդիամաքս


Դոխոյան. Մեր ֆուտբոլիստները հասնում են 16 տարեկան ու չեն աճում, բոլորն ուզում են դրսում հանդես գալ, բայց խաղամակարդակը չի համապատասխանում: Այս առումով Եվրոպայում շատ ճիշտ են աշխատում, այնտեղ պատանեկան ֆուտբոլի վրա մեծ ուշադրություն են դարձնում, պատրաստում ու հասցնում են մի մակարդակի, որ անցումը դեպի մեծահասակների ֆուտբոլ հեշտ ստացվի:

Գործակալի աշխատանքի կարեւորությունը

Ֆուտբոլիստի հետ աշխատանքը շուտ է պետք սկսել՝ 12-13 տարեկանից, ու միասին երկար ճանապարհ անցնել՝ մինչեւ ակումբի հետ պայմանագրի կնքումը: Նախ ծնողների հետ է պետք ճիշտ աշխատանք կատարել, բացատրել, որ երեխան հեռանկարային է ու լավ տվյալներ ունի:

Քալաշյան. Մինչ այս Հայաստանում գործակալի հետ աշխատանքը տարածության վրա է արվել՝ հեռախոսով կամ էլեկտրոնային նամակագրությամբ: Պարբերաբար շփումներ ու համագործակցություն չի եղել:

Դոխոյան. Հայաստանում ֆուտբոլիստներն ու ֆուտբոլային միջավայրը գործակալի մասին հիմնականում վատ կարծիք ունեն, ինչը նախկինում արված սխալ աշխատանքով է պայմանավորված:

Նրանք համոզված են, որ Հայաստանում լավ կադրերի պակաս չկա, պարզապես պետք է նրանց հետ ճիշտ աշխատել ու օգտագործել բոլոր հնարավորությունները:

Դոխոյան. Շուկան ուսումնասիրել ենք ու տեսել բոլոր բացերը, մենք սխեմա ունենք, որով էլ առաջ ենք գնալու: Նոր սերունդը շատ լավն է, ավելի է տեղեկացված, ինֆորմացիան հեշտ է ընկալում: Նրանց հետ աշխատելն ավելի հեշտ է, քանի որ ծանոթ են գործակալին ու նրա աշխատանքին:

Լուսանկարը` Մեդիամաքս


Որպես վերջաբան

Քալաշյան. Սա բիզնես է, բայց քանի որ մեր երկրում ենք այս ամենը ծավալում, ֆինասական կողմից բացի նաեւ հայրենասիրական դրդապատճառներ ունենք: Մենք ֆուտբոլային գերտերություն չենք, բայց շատ ֆուտբոլային ենք, այն թիվ մեկ մարզաձեւն է մեր երկրում, եթե թեկուզ մասսայականությունը հաշվի առնենք:

Սկաուտը տաղանդներ բացահայտող է, բայց նրա ասածը համընդհանուր ճշմարտություն չէ, նա էլ սխալվելու իրավունք ունի, բայց լավ սկաուտը նա է, ում սխալվելու տոկոսը ցածր է:

Դոխոյան. Ֆուտբոլը շատ երկարատեւ աշխատանք է պահանջում, բայց այն պետք է շարունակական լինի, երբեւէ չդադարի: Նոր ֆուտբոլիստների կարիք ունենք, հենց նրանց է պետք բացահայտել:

Հասմիկ Բաբայան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին