Ապրիլ 26, 2024
exclusive
33787 դիտում

Գեղասահքում մեծ նվաճումների ձգտող Էդուարդ Տեր-Ղազարյանը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Գեղասահքն ամենագեղեցիկ ու հետաքրքիր մարզաձեւերից է, շատերն են հաճույքով հետեւում մրցումներին: Սակայն ոչ բոլորին է հաջողվում ազատ ու վստահ զգալ սառույցի վրա եւ նայելուց բացի էլ մարզվել ու փորձել դառնալ պրոֆեսիոնալ:

12-ամյա Էդուարդ Տեր-Ղազարյանն ապրում է Մոսկվայում, սակայն մարզումներ է ունենում նաեւ Երեւանում ու ներկայացնում է Հայաստանը:

Mediamax Sport-ը հանդիպել է Էդուարդի եւ նրա մայրիկի՝ Սվետլանայի հետ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Էդուարդը գեղասահքով զբաղվում է 7 տարեկանից, խոստովանում է, որ իրենց դասարանից մի աղջիկ, ով այդ ժամանակ արդեն մարզվում էր, այնքան էր պատմում այդ մարզաձեւի մասին, որ սկսեց սիրել այն ու ծնողներին խնդրեց իրեն տանել մարզադպրոց:

Էդուարդ. Ես հիմա մարզվում եմ Օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոյի դպրոցում: Գլխավոր մարզիչը Պլյուշենկոն է, սակայն մեզ հետ նաեւ այլ մասնագետներ են աշխատում: Մարզումները հիմնականում առավոտյան են լինում, որից հետո եմ միայն ժամանակ հատկացնում դասերիս: Իմ սիրած առարկաներից կառանձնացնեմ երկուսը՝ պատմությունը եւ աշխարհագրությունը:

Սվետլանա. Դասերը մենք տանն ենք անցկացնում, անկեղծ ասած, դժվար է այդպես: Բայց բոլոր դպրոցներում դասերն առավոտյան են սկսվում, իսկ այդ ժամին նա պետք է մարզադպրոցում լինի ու պարապի: Պետք է նշեմ, որ Էդուարդը լավ է սովորում, առայժմ միայն 4 կամ 5 է ստանում, հուսանք, այդպես էլ կշարունակի:

Էդուարդն այս տարի մասնակցել է Հայաստանի առաջնությանն ու գրավել առաջին տեղը: Բացի այդ ելույթ է ունեցել մի քանի միջազգային մրցաշարերում, մեդալներ, գավաթ ու պատվոգրեր ստացել:  Երկու ամիս առաջ Ֆրանսիայում մրցման է մասնակցել ու զբաղեցրել առաջին տեղը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Էդուարդ. Հայաստանի առաջնությունն այդքան էլ դժվար չէր: Այստեղ գեղասահքը նոր-նոր է զարգանում, ու դեռ շատ ուժեղ մրցակիցներ չկան: Իսկ ահա միջազգային մրցումների ժամանակ այլ է լինում: Առաջ շատ էի լարվում, հուզվում, բայց կամաց-կամաց սովորեցի, մարզչիս խորհուրդներն եմ լսում ու հանգիստ դուրս գալիս սառույց:

Ես շատ եմ սիրում գեղասահքը, ամեն ինչ հետաքրքիր է՝ սահելը, թռիչքները: Դեռ 2-2,5 պտույտ եմ անում, բայց արդեն էլեմենտները բարդացնում ենք: Գեղասահքը շատ բարձր ֆիզիկական պատրաստվածություն է պահանջում, բացի այդ էլ հոգեբանորեն պետք է ճիշտ մոտենաս:

Մեր մարզաձեւում առանց ընկնելու հնարավոր չէ: Բայց պետք է ցավը մի կողմ դնես, արագ մոռանաս ամեն ինչ ու շարունակես ելույթդ:

Սվետլանա. Էդուարդը նաեւ լուրջ վնասվածք էր ստացել: Սկզբում շատ վատ էր, քիչ-քիչ սկսեց վերականգնվել, որոշ ժամանակ ընդհանրապես չմարզվեց: Ես միշտ չեմ կարողանում դիտել նրա ելույթները ու այդ դեպքից հետո նրան խնդրում էի թողնել գեղասահքը, բայց նա կտրուկ մերժեց:

Էդուարդ. Ես ցանկանում եմ ինքս ինձ ցույց տալ, թե ինչի եմ ընդունակ եւ, իհարկե, հաջողություններ գրանցել գեղասահքում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Սվետլանա. Գեղասահքում անչափ կարեւոր է երաժշտությունն ու հագուստը: Վերջերս կայացած մրցաշարում Էդուարդը ելույթ ունեցավ Արա Գեւորգյանի «Արցախ» ստեղծագործության տակ: Մենք փորձում ենք գտնել այն երաժշտությունը, որն Էդուարդը սիրում ու զգում է, համապատասխանում է իրեն: Առաջարկում ենք մարզչին, եւ նա որոշում է, թե որ մեկն ընտրենք:

Հագուստն էլ ընտրում ենք ըստ երաժշտության: Երբեմն թվում է գեղեցիկ է ստացվել, բայց սառույցի վրա լավ չի երեւում կամ չի համապատասխանում: Այդ ժամանակ փոփոխություններ ենք անում: Հաշվի ենք առնում ամեն դետալ, որովհետեւ գեղասահքում դրանք շատ կարեւոր են:

Երեւանի գեղասահքի դպրոցը բացվելուց հետո Էդուարդը հաճախ է լինում այստեղ ու մարզումներ անցկացնում Մելանյա Ստեփանյանի գլխավորությամբ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Սվետլանա. Այստեղի մարզումները բարձրացնում են նրա ինքնագնահատականը: Մոսկվայում ամեն ինչ այլ է, երեխան լարված է լինում, իսկ այստեղ հանգստանում է ու կարողանում կենտրոնանալ:

Հայաստանում մարդկային հարաբերություններն ու արժեքներն ուրիշ են: Էդուարդը դուրս է գնում ու երեխաների հետ ֆուտբոլ խաղում, զրուցում են ինչ-որ բաների մասին: Այստեղի ընկերական ու ջերմ մթնոլորտը շատ է օգում իրեն:

Մոսկվայում նա սովորում է գեղասահքի տեխնիկական մասը, իսկ այստեղ լինելուց հետո սառույցի վրա զգացմունքային ու էմոցիոնալ է գործում: Ու այն դրական հույզերը, որոնք ստացել է, անկաշկանդ ու առանց ձեւականության սկսում է փոխանցել:

Էդուարդ. Ես սիրում եմ Հայաստանը, հատկապես գրավիչ է այն փաստը, որ այն հին պատմություն ունեցող երկիր է: Շատ եմ հավանել Խոր Վիրապը, որտեղ չորս անգամ արդեն եղել եմ: Շատ ուրախ եմ, որ ներկայացնում եմ Հայաստանը:

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան
Լուսանկարները՝ Գրիգոր Եփրեմյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին