Ապրիլ 26, 2024
exclusive
23337 դիտում

«Պետք է անվերապահորեն հավատաս կյանքին ու կհաղթես»․ Տիգրան Չոբանյան


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքսը շարունակում է «Հաղթողները» պատմությունների շարքն այն մարդկանց մասին, ում կյանքը ձեռնոց է նետել եւ ով ընդունել է մարտահրավերն եւ հաղթող դուրս եկել:
 
Ուշուի 8-րդ աստիճանի վարպետ Տիգրան Չոբանյանի մարտարվեստում ունեցած ձեռքբերումներն ու հաղթանակները շատ էին, երբ կյանքը մատուցեց հերթական փորձությունը: Անսպասելի հայտնաբերված քաղցկեղը նրան երկընտրանքի առաջ կանգնեցրեց: Հուսահատության ու համառության, զենքերը վայր դնելու ու պայքարի առաջ կանգնած Տիգրանն ընտրեց չհանձնվելու տարբերակը, ընտրեց կյանքը:

Քաղցկեղի մասին խոսել Տիգրանը չի սիրում, ասում է՝ կյանքում, ինչպես եւ մարտարվեստում, հաղթանակի հասնելու բանաձեւը մեկն է՝ չհանձնվել, չվախենալ, հավատալ:

«38 տարի է՝ մարտարվեստի մեջ եմ, իմ սաներին միշտ ասում եմ՝ անհավատությունն ամենամեծ թշնամին է: Եթե դու չես հավատում, որ կարող ես հասնել լավ արդյունքի, չես հասնի, եթե չես հավատում, որ հաջողակ ես, երբեք չես հաջողի… Պետք է հավատաս կյանքին՝ անվերապահորեն, առանց կասկածի, ու ամեն ինչ կստացվի»,- ասում է վարպետը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հենց հավատի շնորհիվ էր, որ 1997 թիվը Տիգրան Չոբանյանի կյանքում նշանավորեց ոչ միայն որպես քաղցկեղի ախտորոշման, այլեւ դրա հաղթահարման ու հերթական հաղթանակի տարեթիվ:

Տիգրանն ուշուով սկսել է զբաղվել 1981 թ-ից: Ասում է՝ այն ժամանակ Սովետական Միությունում արգելված էր չինական մարտարվեստներով զբաղվելը, պարապմունքների թաքուն էին հաճախում: Ոստիկանությունը հետեւում էր, որ «օրինազանցները» հայտնաբերվեն եւ խստագույնս պատժվեն:

Այսօր այդ արգելքի մասին Տիգրան Չոբանյանը ժպիտով է հիշում․ «Ինքս մի քանի անգամ բերման եմ ենթարկվել ոստիկանություն եւ ստորագրել եմ, որ այլեւս չեմ զբաղվելու ուշուով… Բայց միշտ շարունակում էի: Ընդհանրապես, մի տարօրինակ հատկություն եմ ունեցել՝ միշտ անվախ եմ եղել: Միակ բանը, որից վախեցել եմ, մորս խստությունն էր…»
 
Ուշուով զբաղվելու ցանկությունն այնքան մեծ էր, որ Տիգրանը ոչ միայն չթողեց պարապմունքները, այլեւ կարճ ժամանակ անց անցավ մարզչական աշխատանքի:
Ի վերջո, արեւելյան մարտարվեստների սիրահարների համար ամեն ինչ բարեհաջող է ավարտվում: Նորանկախ Հայաստանում պարապմունքները թույլատրվում են, ավելի ուշ ստեղծվում է Հայաստանի ուշուի ֆեդերացիան:

1994-ին ուշուի վարպետն անցնում է աշխատանքի Ազգային անվտանգության ծառայության հատուկ մարտական գործողությունների վարչությունում,  զբաղվում արտակարգ պատրաստականության հարցերով:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Անկախ եղանակից՝ անձրեւին, ցրտին, ձյանը մարտական պատրաստության դասընթացներն անց էի կացնում, ոչ մի դաս ու պարապմունք բաց չէինք թողնում… Էքստրեմալ իրավիճակ էր ստեղծվել օրգանիզմիս համար, ու օրգանիզմս որոշեց ըմբոստանալ ու նախազգուշացնում տալ ինձ»,- պատմում է Տիգրանը: «Նախզգուշացումը» բարորակ չէր:

«Նախնական հետազոտությամբ ախտորոշվեց չարորակ նորագոյացություն: Դրանից հետո ուռուցքաբանության կենտրոն գնացի, նորագոյացությունից փորձանմուշ վերցրին… Նախնական ախտորոշումը հաստատվեց՝ քաղցկեղ»,- պատմում է նա:

Բժիշկները զգուշացրել են՝ շտապ վիրահատություն է անհրաժեշտ, այլապես հետեւանքներն անդառնալի կարող են լինել: Տիգրանը համաձայնվել է վիրահատվել 10 օր անց միայն:

«Սահմանում իրավիճակը լարված էր, երկրի ներսում էլ տարբեր խմորումներ էին: Մարտական պատրաստության դասերն ավարտելու համար ինձ 10 օր ժամանակ էր պետք: Վիրահատությունը հետաձգելու որոշումս լուրջ պայքար առաջացրեց իմ ու բժիշկների միջեւ: Բայց ի վերջո ես հաղթեցի, ինչպես միշտ եւ ամեն տեղ եմ հաղթում… Վիճակս կայուն պահելու ու ավելորդ ռիսկերից խուսափելու համար ամեն օր դեղորայք էին ներարկում… 10 օրից աշխատանքս ավարտեցի ու պատրաստ էի վիրահատվել»,- հիշում է Տիգրանը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Վիրահատության օրը  Տիգրանը նախընտրել էր պայքարի դուրս գալ մենակ: Ճիշտ այնպես, ինչպես մարտարվեստում: 

«Եթե մարդն ուժեղ է, նա մենակ պետք է հաղթահարի ամեն ինչ, չտանջի ո՛չ իրեն, ո՛չ մտերիմներին: Բարեկամներս հիվանդությանս մասին իմացան միայն  վիրահատությունից հետո, երբ քիմիաթերապիայի կուրս էի ընդունում, մազաթափություն էր առաջացել, ու թաքցնելն այլեւս հնարավոր չէր»,- ասում է նա:

Վիրահատությունը հաջող է անցնում: Բժիշկները չէին բացառում հիվանդության կրկնվելու հավանականությունը, Տիգրանն ինքն էլ դա լավ էր գիտակցում: Չնայած դրան, դեռ լիովին չապաքինված՝ Տիգրանը որոշում է վերադառնալ զորամաս ու շարունակել մարզումները՝ երբեւէ կասկածի տակ չառնելով ապրելու իր իրավունքը:

«Ես հավատում էի իմ ապրելու հավանականությանը, իմ օրգանիզմին, իմ Աստծուն… Ես հավատում էի, որ քաղցկեղը թույլ հիվանդություն է եւ չի կարող ինձ հաղթել: Ես պարզապես շարունակեցի ապրել՝ ապրելու համար»:

Լուսանկարը` Մեդիամաքս


Փորձառու մարզիչը վստահ է՝ ցանկացած իրավիճակում ամենավտանգավորը վախն է: Ապրելու եւ առաջ գնալու համար պետք է լռեցնես վախդ, սովորես առաջնորդվել բանականությամբ, կառավարես ոչ միայն մտքերդ, այլեւ ներաշխարհդ:

«Մարդը պետք է լավ ուսումնասիրի քաղցկեղը, իմանա դրա մասին ամեն ինչ, բայց երբեք չվախենա: Քաղցկեղն անմիջական կապ ունի հոգեկան վիճակի հետ՝ այն չի ընդունում մտահոգություն, հանձնվելու գաղափար: Պետք է հաղթողի հոգեբանություն ունենալ, ո՛չ հարմարվողի, ո՛չ նահանջողի, ո՛չ պարտվողի: Եթե մարդն ունի այդ հոգեբանությունը, նա կարող է հաղթահարել ամեն ինչ»,- հենց այս համոզմունքով է Տիգրանը նվաճել իր բաժին  հաղթանակը։

Տաթեւիկ Սարգսյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին