Ապրիլ 26, 2024
exclusive
21077 դիտում

Մոգական Զիդանը. Միլիոններին խելքահան անող թիմի դիրիժորը


Լուսանկարը` ufa.com

Լուսանկարը` nytimes.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` en.as.com

Լուսանկարը` cnn.com


«Զիդանի հաղթական մեքենան վերջնականապես վերածվել է սուպեր ակումբի», «Չեմիոնների Լիգայի լեգենդար ակումբը», «Լեգենդներ 12-րդ անգամ». «Ռեալը» թաղեց «Յուվենթուսին»…

Այսպիսի հնչեղ վերնագրերով Չեմպիոնների Լիգայի եզրափակչին հաջորդող կիրակի առավոտյան լույս տեսան առաջատար սպորտային թերթերը:

2016-ին Արքայական ակումբի ղեկը ստանձնած Զինեդին Զիդանը թիմը հասցրեց աներեւակայելի բարձունքների: 12-րդ չեմպիոնական գավաթը, 2-րդն անընդմեջ, 500-րդ գոլն ու թե որքան էլի ռեկորդներ սահմանեց ակումբը, միայն վիճակագիրները հստակ գիտեն: Պատահական չէ, որ «Ռեալի» երկրպագուները սիրում են ասել, թե հաղթանակներ ու ռեկորդներ սահմանելն իրենց արյան մեջ է:

 

Բայց այն, որ այդ հաղթանակը նրանց մարզչի արյան մեջ է, դա հաստատ է: Զիդան լեգենդար ֆուտբոլիստը փառավոր ուղի է անցնում նաեւ իր սաների հետ:

Լուսանկարը` nytimes.com


Տիերի Անրի. Ֆրանսիայում բոլորը գիտեն, որ Աստված կա՝ Զիդանն է:

Նրա հարուստ ու նվաճումներով լի ֆուտբոլային կարիերան 2006-ին ավարտվեց բավական տհաճ կերպով: Այդ մեծ աղմուկ հանած պատմության մանրամասները Զիդանի ու Մատերացիի բանակի բաժանված երկրպագուները լավ են հիշում, կրկին անցյալը փորփրելու կարիք չկա:

Հանգստի անցնելուց հետո ֆրանսիացին ավելի շատ ժամանակ հատկացրեց 4 որդիներին, որոնք իր պես նույնպես սիրահարված են ֆուտբոլին, սկսեց մասնակցել բարեգործական խաղերի, գովազդային պայմանագրեր կնքեց, օգնեց Քաթարին ստանալ ԱԱ-2022-ը, շարունակեց հաճախակի համտեսել դեռ Թուրինում խաղալու տարիներից այդքան սիրված պիցցան: Ասում են անգամ տանն իտալական այդ ուտեստը պատրաստելու հատուկ վառարան ունի: Բայց պիցցայից բացի Զիդանը մեկ այլ, համար մեկ թուլություն էլ ունի՝ ֆուտբոլն է:

Լուսանկարը` uefa.com


Զլատան Իբրահիմովիչ. Երբ Զիդանը խաղադաշտ է մտել, մյուս 10 տղաներն ավելի լավն են դարձել: Դա կախարդություն էր:

Ֆուտբոլային արկածները շարունակում էին ձգել նրան: 2012-ին Զիդանը «Ռեալի»  երիտասարդական ակադեմիայի թիմը ՝ «Կաստիլիան» գլխավորեց: Առաջին տարին մարզչական պաշտոնում սարսափելի էր, համեստ մարզիչը չէր կարողանում գոռալ ֆուտբոլիստների վրա, ագրեսիվ չէր, ու արդյունքը չարդարացրեց իրեն:

Սակայն նա հեշտ հանձնվողներից չէր, հատուկ մարզչական դասընթացների մասնակցեց  ու ավելի լավ սկսեց հասկանալ իր աշխատանքը: Նախ «Ռեալի»  գլխավոր մարզչի օգնականի դերում փորձեց իրեն, աշխատեց Կառլո Անչելոտտի հետ ու շատ նրբություններ սովորեց:

Անչելոտտի. Զիդանն ամենալավ խաղացողն է, ում հետ ինձ երբեւէ բախտ է վիճակվել աշխատել: Նա նաեւ առաջին ֆուտբոլիստն է, ում վրա ես կառուցել եմ թիմի խաղը:

Երբ Բենիտեսի հեռանալուց հետո Ֆլորենտինո Պերեսը Զիդանին ներկայացրեց գլխավոր մարզչի դերում, քչերն էին հավատում, որ նա գլուխ կհանի այդ պատասխանատու աշխատանքից: Այդ հիմա են բոլորը միաբերան գովում ու մեծ մարզչական ապագա կանխագուշակում Զիդանի համար, իսկ այն ժամանակ նա ասես մեղադրյալի աթոռին լիներ:

Լուսանկարը` uefa.com


18 ամիս, հենց այդքան ժամանակ է արդեն, որ գալակտիկոս թիմի ղեկին Զիդանն է: Սկզբնական շրջանում նրան հիմնականում ոչ ֆուտբոլային հարցերն էին մտահոգում՝ փորձում էր միավորել թիմն ու դրական մթնոլորտ ստեղծել: Նա չփորձեց թշնամանալ ֆուտբոլիստների հետ ինչպես Մոուրինյոն, կամ հեռավորություն պահել, ինչպես Բենիտեսը:

Իսկո. Նա ոգեւորում ու ոգեշնչում է բոլորիս: Առաջին հերթին հիացնում է այն, որ երբեք անտարբեր չի լինում:

Այնուհետեւ հաջորդեցին Զիդան մարզչի արդեն բուն ֆուտբոլային մտահաղացումները: Նա կադրային ու մարտավարական լուրջ փոփոխություններ չարեց, պարզապես կարդում էր խաղն ու ճիշտ ֆուտբոլիստների ընտրում: Եվրոպայի ու Աշխարհի չեմպիոնը, Ոսկե գնդակի հաղթողը ֆուտբոլիստների հետ սկսեց իրենց իսկ հասկանալի լեզվով խոսել, աներեւկայելի հանգստություն պահպանել, ու նրա գերազանցությունն անգամ Ռոնալդուն չհամարձակվեց կասկածի տակ դնել:

Ռոնալդու. Միշտ հիացել եմ Զիդան ֆուտբոլիստով, հիմա էլ Զիդան մարզիչն է ինձ հիացնում՝ իր վարքով ու թիմը ղեկավարելու ունակությամբ: Ուզում եմ, որ նա շարունակի մնալ ակումբի հետ:

Լուսանկարը` uefa.com


Զիդանն առաջին հերթին թիմի ինքնագնահատականը բարձրացրեց, օգնեց հավատալ սեփական  ուժերին ու մի քանի ճակատով պայքարել: Նա հարձակողական ու համարձակ թիմ ստեղծեց, որն ինքն է թելադրում խաղի կանոնները, այլ ոչ թե հարմարվում մրցակիցներին: Զիդանի «Ռեալը» թարմ է, զարմացնող ու հիացնող, ուժեղ խաղադաշտում, նույնքան էլ ամուր թիկունքով՝ պահեստայինների նստարանին:

Ռամոս. Զիդանն ինքն էլ ֆուտբոլիստ է եղել ու մարզչական աշխատանքի ժամանակ դա շատ է օգնում: Նա հետաքրքիր մոտեցում ու աշխատելաոճ ունի: Բացառիկ արդյունքների է հասնում, ինչը նախկինում ոչ մեկի չէր հաջողվել:

Մրցաշրջանը ԵՎՐՈ-2016-ից մեկ ամիս անց էր մեկնարկել՝ օգոստոսի 9-ին: Սակայն մինչեւ վերջին հանդիպումը՝ Լիգայի եզրափակիչը, արքայական թիմը 61 հանդիպում է անցկացրել: Ֆուտբոլիստները հոգնածության մասին անգամ չեն ակնկարկել ու նույնքան թարմ են մնացել, որքան 10 ամիս առաջ: 

Լուսանկարը` en.as.com


Այդ անսպառ էներգիայի համար նրանք առաջին հերթին ֆիզպատրաստվածության մարզչին են պարտական, սակայն հենց Զիդանն է ընտրել ճիշտ խաղացողներին:  Իսպանիայում ֆրանսիացու մարտավարությունը A (Ռոնալդու, Մոդրիչ, Ռամոս եւ այլոք) ու B (Իսկո, Խամես, Ասենսիո) թիմերի են բաժանում: Կապող օղակը Մարսելոն էր, միայն նա հավասարազոր փոխարինող չուներ:

Առաջինները խաղում էին որոշիչ հանդիպումներում, սակայն Զիդանը 2-րդ թիմին ներշնչել էր, թե որքան կարեւոր է նրա դերը վերջնական նպատակներին հասնելու համար:  Հաջողված ընտրության լավագույն ապացույցը Չեմպիոնների Լիգայի  ու Իսպանիայի առաջնության չեմպիոնական կոչումներն են՝ 59 տարվա մեջ առաջին հաղթական դուբլը:

Լուսանկարը` cnn.com


Զիդան. Մենք համառորեն աշխատել ենք առաջնությունում ու Լիգայում հաղթելու համար: Երբ դու լեգենդար թիմում ես նման ֆուտբոլիստների հետ, կարելի է արարել ու զարմանալի գործեր կատարել:

Ոչ մի ակումբի չէր հաջողվել 2-րդ անգամ անընդմեջ նվաճել ՉԼ-ի գավաթը: Ավելիի մասին երազել էլ չէինք կարող, շատ հաջող մրցաշրջան ունեցանք:

Մարզչական աշխատանքով Զիդանը ոչ ճանաչում, ոչ էլ գումարներ վաստակելու համար չի զբաղվում, նա անկեղծորեն սիրում է ֆուտբոլն ու ուզում սեփական արքայական «նվագախումբը» ստեղծել: Տարիներ առաջ նա մադրիդյան թիմի առաջին ջութակի դերում էր, հիմա արդեն առաջատար դիրիժորն է ու հենց ինքն է պատասխանատու միլիոններին խելքահան անող երաժշտության համար:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին