Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի եւս չորս հանդիպում այս երեքշաբթի ու չորեքշաբթի օրերին լարվածության մեջ կպահեն ֆուտբոլասերներին:
Եվրոպական մարզադաշտերում կայանալիք հանդիպումներին ընդառաջ Mediamax Sport-ը փորձել է առանձնացնել հետաքրքիր փաստեր:
Փետրվարի 21
Գերմանիայում «Բայերը» հյուրընկալելու է «Ատլետիկոյին»: Երկու տարի առաջ Չեմպիոնների Լիգայի հենց այս փուլում թիմերը կրկին հանդիպել են միմյանց, իսկ հաղթողը որոշվել է հետխաղյա 11-մետրանոցներով: Մադրիդցիներն այստեղ ավելի ուժեղ են գտնվել ու կարողացել են առաջ շարժվել:
Այս անգամ եւս Դիեգո Սիմեոնեյի թիմը ֆավորիտ է համարվում, սակայն վերջինիս համեստ արդյունքները (8 խաղում 3 հաղթանակ) մտածել են տալիս, որ «Ատլետիկոն» կարող է խնդիրներ ունենալ:
Լուսանկարը` uefa.com
«Բայերն» անելու է ամեն ինչ, որպեսզի հաղթանակ կորզի եւ պատմության մեջ առաջին անգամ դուրս գա քառորդ եզրափակիչ:
Լեվերկուզենի ակումբը երկրի առաջնության վերջին երկու խաղում հաղթանակներ է գրանցել, հարձակվող Խավիեր Էրնանդեսը մեկը մյուսի հետեւից գոլեր է խփում, իսկ Քարիմ Բելարաբին վնասվածքից հետո լավ մարզավիճակում է գտնվում:
Ռոգեր Շմիդ, «Բայերի» գլխավոր մարզիչ
Մեր մրցակցի խաղային մաներան վերջին երկու տարվա մեջ չի փոխվել, չնայած սկսել են ավելի վտանգավոր ու արագ գրոհել: Նրանք հիանալի խաղացողներ ունեն, եւ մենք պետք է լավ աշխատենք, որպեսզի կարողանանք առաջ շարժվել:
Դիեգո Սիմեոնե, «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ
«Բայերը» շատ ուժեղ թիմ ունի, որը հիանալի է գործում հատկապես եզրերում: Նրանք փորձելու են դժվարացնել մեր կյանքը, բայց մենք նույնպես հենց այնպես չենք խաղալու: Ինձ հետաքրքիր է լինելու այս դիմակայությունը նայելը:
Լուսանկարը` uefa.com
«Մանչեսթեր Սիթի»- «Մոնակո» հանդիպումը եւս կկայանա այսօր: «Մոնակոն» Ֆրանսիայի առաջնությունում հիանալի է հանդես գալիս, վերջին 12 խաղում չի կրել ոչ մի պարտություն եւ ամեն անգամ երեք գնդակից պակաս չի խփում: Այս տարի եւս ֆրանսիացիները նպատակ են դրել մտնել քառորդ եզրափակիչ, ինչպես դա արել են նախորդ երկու մրցաշրջաններում:
«Սիթին» եւս հրաշալի ֆուտբոլիստներ ունի: Դժգույն շրջանից հետո Պեպ Գվարդիոլայի թիմը կարծես թափ է հավաքում, իսկ ՉԼ-ի խմբային փուլում ոչ մի պարտություն սեփական հարկի տակ չի կրել: Նախորդ մրցաշրջանում «Սիթին» հասել է մինչեւ կիսաեզրափակիչ, եւ այս տարի նույնպես մտադիր է առաջ շարժվել:
Պեպ Գվարդիոլա, «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ
Ես, իսկապես, տպավորված եմ «Մոնակոյի» խաղով: Տուգանային հրապարակում նրանք իսկական մարդասպաններ են, հենակետայինները խելացի ու ֆիզիկապես ամուր տղաներ են: «Մենակոն» Եվրոպայի ամենաարդյունավետ ու զարգացած թիմն է: Մեզ հեշտ մրցակից չի բաժին հասել:
Լեոնարդու Ժարդիմ, «Մոնակոյի» գլխավոր մարզիչ
Մեզ համար կարեւոր չէ, թե ով է մրցակիցը, խաղալու ենք մեր խաղը: Սա լինելու է տեխնիկապես հարուստ թիմերի պայքար, որոնք կարողանում են ֆուտբոլ խաղալ: Երկու թիմն էլ հրաշալի մարզչական կազմ ունի, բայց մենք ձգտելու ենք առավելագույնին:
Լուսանկարը` uefa.com
Փետրվարի 22
Չեմպիոնների Լիգայում կրկին հանդիպելու են վերջին ժամանակների երկու հզոր դարպասապահները՝ Բուֆֆոնն ու Կասիլյասը: «Պորտու»- «Յուվենթուս» դիմակայությունը լինելու է նրանց 17-րդ հանդիպումը:
Մասնագետները գտնում են, որ «Յուվեն» այս խաղի ֆավորիտն է, չնայած, «Պորտուն» եւս շանսեր ունի:
Ազգային առաջնությունների վերջին հինգ խաղերում թիմերը միայն հաղթանակներ են տարել: Իսկ վաղը կայանալիք խաղին մոտեցել են մարտական կազմերով:
Լուսանկարը` uefa.com
«Սեւիլիա»- «Լեսթեր» հանդիպումը երկու թիմերի համար էլ կարեւոր է: 1958 թվականից իսպանացիներին չի հաջողվել դուրս գալ քառորդ եզրափակիչ: Այս պահին Իսպանիայի առաջնությունում նրանք ընթանում են երրորդ տեղում, վստահ են սեփական ուժերին ու ցանկանում են բարձր տեղեր զբաղեցնել նաեւ ՉԼ-ում:
Անգլիայի գործող չեմպիոնն այս տարի չի տպավորում իր խաղով: Անհաջող հանդիպումներ ու պարտություններ անցկացնելով՝ թիմը հայտնվել է վտանգավոր դիրքում ու հնարավոր է լիքի Պրեմիեր Լիգան: Չնայած սրան, նշվում է, որ Լեսթերը ՉԼ-ում փորձելու է ավելի հավաքված հանդես գալ ու մտնել քառորդ եզրափակիչ:
Գոհար Նալբանդյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: