Ապրիլ 26, 2024
exclusive
10641 դիտում

Հենրիխ Մխիթարյան. Խաղադաշտի տիրակալը կամ փլեյմեյքերի վերածնունդը


Լուսանկարը` Facebook


Վերջապես... «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վերջապես հասկացավ, որ անիմաստ է գնել թանկարժեք զարդ և այն պահել պահարանում կամ ձեռք բերել ամենագնաց, բայց սար բարձրանալ սեդանով: Պորտուգալացի մասնագետը կարողացավ օգտագործել իր տրամադրության տակ գտնվող ռեսուրսների ողջ պոտենցիալը: Խոսքն, իհարկե, հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին է: Օրերս կայացած «Լեսթեր»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղը լավագույնս ընդգծեց Մխիթարյանի խաղային դիրքի ճիշտ ընտրության դրական հետեւանքները՝ գոլ, գոլային փոխանցում, հանդիպման լավագույն ֆուտբոլիստ եւ հաղթանակ 3:0 հաշվով:

Mediamax Sport-ը ուշադիր հետեւել է ՄՅՈՒ-ում կատարվող փոփոխություններին ու ներկայացնում է դրանք:


Խաղային սխեմայի վերլուծություն

Ժոզե Մոուրինյոն ողջ կարիերայի ընթացքում հավատարիմ է մնացել իր մարզչական սկզբունքներին: Դրանք են՝ հստակ սահմանված խաղային սխեմա, մեկնարկային կազմի մինիմում ռոտացիա եւ ամուր պաշտպանություն: Պարադոքսալ է, բայց մինչեւ վերոհիշյալ «Լեսթեր»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղը, այս բոլոր կետերը բացակայում էին պորտուգալացի մասնագետի թիմում: Այս հանդիպումը կարող է բեկումնային լինել՝ հաշվի առնելով տեղի ունեցած ունիկալ, բայց միեւնույն ժամանակ շատ հասարակ փոփոխությունները: Մինչ այս խաղը Մոուրինյոն օգտագործում էր իր համար արդեն մոռացված 4-3-3 տակտիկական դասավորությունը՝ երբ դաշտի կենտրոնում խաղում էին 3 նոմինալ կենտրոնական կիսապաշտպաններ՝ Պոգբա, Կարիկ, Էրերա: 

Այս անգամ Ժոզեն մեկնարկային 20 րոպեների ընթացքում մի քանի անգամ փոխեց թիմի խաղային սխեման: «Մանչեսթեր Յունայթեդը» հանդիպումը սկսեց հետևյալ դասավորությամբ.

Լուսանկարը` http://i.imgur.com


Դասական 4-4-2, որտեղ Իբրահիմովիչն ու Ռեշֆորդը խաղում են հարձակման կենտրոնում, կիսապաշտպանության ձախ եզրում Մխիթարյանը, աջ եզրում՝ Մատան, իսկ կենտրոնում՝ Պոգբան եւ Էրերան:

Այս դեպքում «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների ՕԳԳ-ն կամ ֆուտբոլային լեզվով ասած ՏՏԳ-ն (Տեխնիկատակտիկական գործողություններ) նվազում է:

Մարկուս Ռեշֆորդի արագությունը չի օգտագործվում, քանի որ Մոուրինյոյի թիմը դիրքային գրոհների ժամանակ չի խաղում երկար փոխանցումներով: Մխիթարյանը, լինելով ձախ եզրում, կորցնում էր խաղը ղեկավարելու հնարավորությունը:

Այսքանից հետո, Ժոզեն որոշ անհասկանալի փորձարկումներ կատարեց, ինչպիսիք են, օրինակ, Իբրահիմովիչը՝ ենթահարձակվողի դիրքում, կամ Մատան՝ կենտրոնական կիսապաշտպանի դիրքում: Հասկանալով, որ ֆուտբոլը հասարակ խաղ է, սակայն հասարակ խաղալը՝ շատ դժվար, Մոուրինյոն «կոտրեց կոտոշներն» ու անցավ իր համար ավանդական դարձած 4-2-3-1-ին՝ վառ արտահայտված 10 համարով: Դասավորություն, որի շնորհիվ ժամանակին իր իսկ գլխավորությամբ փայլել են Ֆրենկ Լեմպարդը, Ուեսլի Սնեյդերը և Մեսութ Օզիլը:  Այս պարագայում հերթը Հենրիխ Մխիթարյանինն էր: Գրեթե ամբողջ ֆուտբոլային աշխարհը սպասում էր Ժոզեի այս քայլին: Արդյունքում՝ «Լեսթերի» դեմ խաղի 25-րդ րոպեից սկսած, «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները խաղադաշտում դասավորվել էին հետեւյալ կերպ.

Լուսանկարը` http://i.imgur.com


Դասական 4-2-3-1, որտեղ Մխիթարյանը խաղում է առաջ քաշված կենտրոնական կիսապաշտպանի, կամ որ նույնն է՝ 10 համարի դիրքում:

Սա ամենաօպտիմալ տարբերակն է «Մանչեսթեր Յունայթեդի» համար: Հայ ֆուտբոլիստն ունի անհրաժեշտ բոլոր որակներն այս դիրքում խաղալու և արդյունավետությամբ փայլելու համար: Դաշտը տեսնելը, առանցքային փոխանցումներ կատարելը, արագությունը, տեխնիկան և ստեղծագործելու յուրօրինակ երեւակայությունը թույլ են տալիս Մխիթարյանին լավագույնս կազմակերպել իր թիմի խաղը: Բացի այդ, Հենրիխը մագնիսի պես իր կողմն է ձգում մրցակցի մի քանի ֆուտբոլիստների՝ այդպիսով ազատ տարածություն ստեղծելով  խաղընկերների համար:

Լուսանկարը` http://i.imgur.com


Այս դեպքում ստեղծած ազատ տարածությունից օգտվեց Խուան Մատան: Խաղարկելով գնդակը Մխիթարյանի հետ՝ իսպանացին դուրս եկավ հարվածային դիրք: Իսկ Հենրիխի կատարած գոլային փոխանցումն արժանի է ֆուբոլային Օսկարի:

Լուսանկարը` http://i.imgur.com


Ոչ մի չափազանցություն: Գրեթե վստահ եմ, եթե Հենրիխի փոխարեն լիներ մեկ այլ ֆուտբոլիստ, ապա կհարվածեր դարպասին կամ կփոխանցեր Պոգբային:

Կիսապաշտպանական գծի ծանրաբեռնվածությունը

Կարծում եմ, որ այս խաղից հետո Ժոզե Մոուրինյոն կհասկանա, որ սխալ է միաժամանակ մեկնարկային կազմում ընդգրկել Պոգբա, Էրերա, Կարիկ, Մխիթարյան քառյակին: Այսինքն՝ եթե խաղում է Մխիթարյանը՝ չպետք է խաղա Կարիկը: Այս քառյակի միաժամանակ խաղադաշտում լինելը սահմանափակում է նրանցից յուրաքանչյուրի գործողությունները:
Երբ խաղում են Մխիթարյանը, Պոգբան և Էրերան, նրանց դերերը բաշխվում են հետեւյալ կերպ. Էրերան կարգավարում է խաղը սեփական կիսադաշտում, Պոգբան գնդակներ է խլում մրցակցի կիսադաշտում, իսկ Մխիթարյանը կազմակերպում է գրոհները:

Վերը թվարկված բոլոր գործողությունները տեսանելի էին «Լեսթերի» դեմ խաղի ընթացքում:

Լուսանկարը` Facebook


Վիճակագրություն

Ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» խփած գոլերի  61 %-ը ստեղծվել է դիրքային գրոհներից,

21 %-ը՝ ստանդարտ դիրքերից եւ 18 %-ը՝ հակագրոհներից:

Հետեւություն. Պաշտպանությունից հարձակում դուրս գալը մեծ ժամանակ է խլում, որի արդյունքում տուժում է հակագրոհների արդյունավետությունը:

«Մանչեսթեր Յունայթեդի» բաց թողած գոլերի 39 %-ն առաջացել է ստանդարտ դիրքերից:

Հետեւություն. Թերանում է պաշտպանական գիծը: Այստեղ մեղքի մի մասն էլ ընկած է Մոուրինյոյի վրա, քանզի այս 7 ամսիսների ընթացքում պորտուգալացին դեռեւս չունի հստակ կազմավորված պաշտպանական քառյակ:

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում ամենաշատն են հայտնվել խաղից դուրս իրավիճակում - 73

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում ամենաշատն են ռեալ գոլային պահեր փչացրել - 30

Հետեւություն. Ֆուտբոլիստների միջև խաղակցվածության և համագործակցության ցածր մակարդակ:

«Մանչեսթեր Յունայթեդի» գրոհները՝ ըստ դիրքերի.

Աջ եզր - 38 %
Կենտրոն - 24 %
Ձախ եզր - 38 %

Իսկ «Լեսթերի» դեմ խաղում գրոհների 22 %-ն էր կազմակերպվել դաշտի կենտրոնով: Պարզապես հիշեցնեմ, որ Մխիթարյանը «Լեսթերի» դեմ հանդիպման ընթացքում դաշտի կենտրոնում խաղացել է ընդամենը 50 րոպե:

Հուսանք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի փորձարկումներն այսքանով կավարտվեն, իսկ Մխիթարյանը կցուցադրի այն արդյունավետությունը, որն ուներ «Բորուսիայի» կազմում անցկացրած վերջին մրցաշրջանում:

Միհրան Ալեքսանյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին