Արշալույս գյուղի «Արա եւ Այծեմնիկ» մարզական ակումբում արդեն մի քանի օր է ընթանում է նետաձգության Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում են 39 երկրների մոտ 300 մարզիկներ:
Երկու տարին մեկ անցկացվող առաջնությունում խաղարկվում են 2015 թվականին Բաքվում կայանալիք ամառային Եվրոպական Օլիմպիական խաղերի ուղեգրեր ու 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիադայի վարկանշային միավորներ:
Հայաստանի 6 ներկայացուցիչներն էլ դուրս են մնացել մեդալների համար պայքարից, սակայն Գոհար Շահնազարյանին հաջողվել է նվաճել Եվրոպական խաղերի ուղեգիր:
Առաջնության ընթացքի, հայ մարզիկների ելույթների, Շահնազարյանի ուղեգրի, Բաքվում հնարավոր մասնակցության ու ծախսված գումարների մասին Mediamax Sport-ը զրուցել է Հայաստանի նետաձգության ֆեդերացիայի նախագահ Նազիկ Ամիրյանի հետ:
-Տիկին Ամիրան, սպասո՞ւմ էիք, որ Գոհար Շահնազարյանը կկարողանա նվաճել ամառային Եվրոպական Օլիմպիական խաղերի ուղեգիր:
-Սպասում էի, որ մեր մարզիկները լավ հանդես կգան Եվրոպայի առաջնությունում, ես անգամ ակնկալում էի, որ կկարողանանք նաեւ բարձր տեղեր զբաղեցնել: Սակայն մարզական բախտը մեզ չժպտաց, ու բավարարվեցինք ընդամենը մեկ ուղեգրով:
-Ուղեգրին արդեն նվաճված է, ու հետաքրքիր է իմանալ արդյո՞ք Գոհար Շահնազարյանը ելույթ է ունենալու Բաքվում:
-Դեռ որոշում չենք կայացրել այդ հարցի վերաբերյալ, քանի որ հենց այսօր ենք նվաճել ուղեգիրը: Միայն ընդհանուր քննարկումների արդյունքում կորոշենք մասնակցել այնտեղ, թե ոչ:
-Դուք նշել էիք, որ Հայաստանի տղամարդկանց հավաքականն ավելի ուժեղ է ու նրանցից ավելի մեծ ակնկալիքներ ունեք: Ինչո՞ւ նրանք չկարողացան ավելի լավ ելույթ ունենալ:
-Չստացվեց, որովհետեւ մեր հիմնական հավակնորդներից մեկը մատների վնասվածք ուներ, իսկ նետաձգությունում գլխավոր դերը հենց ձեռքերն են խաղում, սա էր հիմնական պատճառը:
-Եվրոպայի առաջնությունն արդեն մի քանի օր է ընթանում է, ի՞նչ նշանակություն ունի Հայաստանի համար նմանատիպ մրցաշարի անցկացումը:
-Իհարկե, մեզ համար բավականին մեծ նշանակություն ունի այս առաջնության կազմակերպումը: Առաջին հերթին դա նպաստում է մարզաձեւի զարգացմանը, բացի այդ էլ մենք հյուրընկալել ենք 38 երկրների պատվիրակությունների, ու նրանց մեծամասնությունն առաջին անգամ է եկել մեր երկիր: Մենք նրանց համար նաեւ էքսկուրսիաներ ենք կազմակերպում, երեկ տարել ենք Գառնի ու Գեղարդ, հետո էլ նրանց բավականին հագեցած ծրագիր է սպասվում: Բոլոր մասնակիցներին ծանոթացնում ենք մեր երկրի հետ, ինչը եւս շատ կարեւոր է:
-Ինչպիսի՞ հետքարքրություն կա նետաձգության նկատմամբ Հայաստանում ու որքա՞ն մարզիկներ են պարապում:
-Աստիճանաբար հետաքրքրությունն ավելանում է, մասսայականությունն այդքան էլ մեծ չէ, պատճառն այն է, որ նետաձգությունը բավականին թանկ մարզաձեւ է ու բոլորին հասու չէ: Մարզման գործիքները թանկ են: Սակայն վերջին տարիներին նկատում ենք, որ աստիճանաբար մարզվողների թիվն ավելանում է:
-Առաջնության անցկացման համար ծախսվել է մոտ 300 հազար եվրո գումար: Արդյոք արդարացվա՞ծ են այդքան ծախսերը:
-Իհարկե, արդարացված են, որովհետեւ եթե մի կողմից ծախսեր ես կատարում, ապա մյուս կողմից ծախսված գումարն անպայման վերադառնում է: Մենք հյուրընկալել ենք մոտ 400 հոգու, որոնք անկասկած ավելի շատ ծախսեր են կատարելու մեր երկրում, ու այդ գումարները զարգացնելու են մեր երկրի տնտեսությունը:
-Ֆեդերացիայի բյուջեն տարեկան որքա՞ն է կազմում ու արդյո՞ք դա բավական է առաջընթաց գրանցելու համար:
-Պետբյուջեից մենք տարեկան ստանում ենք 12 մլն դրամ, ինչը չափազանց քիչ է, որպեսզի կարողանանք մարզիկներին մրցաշարի ուղարկել կամ էլ հավաքներ կազմակերպել: Այդ պատճառով էլ ֆեդերացիան եւս գումար է գտնում ու հոգում մեր մարզիկների ծախսերը:
Նազիկ Ամիրյանի հետ զրուցել է Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Գոհար Նալբանդյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: