Ապրիլ 26, 2024
3268 դիտում

Կերպարն ամբողջացնող ակնոցը. Էդգար Դավիդսի նորամուծությունը սպորտում


Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Nike

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Nike

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images


Էդգար Դավիդսը հիանալի ֆուտբոլային կարիերա է ունեցել, տիրացել բազմաթիվ տիտղոսների, համարվել իր ժամանակների լավագույն խաղացողներից մեկը:

Չնայած դրան, նա համաշխարհային ճանաչում ձեռք բերեց ակնոցի շնորհիվ, որով նա դուրս էր գալիս խաղադաշտ: Նա առաջինն էր, ով ֆուտբոլ խաղաց ակնոցով:

Գլաուկոմա հիվանդության սկիզբը

Լուսանկարը` Getty Images


Կարիերայի ամենածաղկուն շրջանում Էդգար Դավիդսը մոտ էր ֆուտբոլից հեռանալուն:

Աչքի հետ կապված խնդիրներ նա ունեցել է 1990-ականների կեսերից, իսկ արդեն 1995-ին բժիշկներն ախտորոշել են գլաուկոմա աչքի հիվանդություն, որը հանգեցնում է կուրացման:

Ձախ աչքը վիրահատելուց հետո նա որոշ ժամանակ բացակայում է ֆուտբոլից, իսկ մի քանի ամիս անց հիվանդությունը տարածվում է նաեւ աջ աչքին:

1999-ի ողջ ամառը Դավիդսն անցկացնում է հարազատ Նիդերլանդների հայտնի ակնաբույժի հսկողության ներքո: Վերջինս ուսումնասիրություններից ու հետազոտություններից հետո նրան ակնոց է նշանակում, որով ֆուտբոլիստը կարող էր վերադառնալ խաղադաշտ: Բացի այդ, դուրս է գրում աչքի շատ ուժեղ կաթիլներ, սակայն «Յուվենթուսի» բժիշկը դրանցում գտնում է արգելված նյութեր, որոնք սպորտում համարվում են դոպինգ:

Լուսանկարը` Getty Images


Նա համապատասխան մարմիններին խնդրագրեր է ուղարկում, որպեսզի թույլ տրվի Դավիդսին օգտագործել կաթիլները: Իսկ մինչ դրանց պատասխանները կստացվեին՝ ֆուտբոլիստը բաց է թողնում Իտալիայի առաջնության մեկնարկը:

Դավիդսը դաշտ է դուրս գալիս նոր կերպարով


Այս ողջ գործընթացն անցնելուց հետո հոլանդացին պետք է նաեւ ՖԻՖԱ-ից հատուկ թույլտվություն ստանար, որպեսզի կարողանար ակնոցով դաշտ դուրս գալ: Ի վերջո, սա նույնպես ստացվում է ու սեպտեմբերի 4-ին Նիդերլանդեր-Բելգիա խաղում նա իր նոր կերպարով ներկայանում է ֆուտբոլային հանրությանը՝ անցկացնելով շատ տպավորիչ հանդիպում:

Լուսանկարը` Nike


«Անկեղծ եմ ասում, չգիտեմ, թե որտեղ է իմ առաջին ակնոցը: Դա այնքան վաղուց էր: Ենթադրում եմ, որ տանն ինչ-որ տեղ պահում եմ: Պետք է փնտրեմ»,-հարցազրույցներից մեկում ասել է նա:

Սկզբնական շրջանում ակնոցը շատ է անհանգստացնում հոլանդացուն, դրանով խաղալն անսովոր էր, սակայն կամաց-կամաց նրա համար ամեն ինչ հարթվում է, հարմարվում է դրան ու շարունակում զբաղվել սիրած գործով:

Լուսանկարը` Getty Images


«Հեշտ չէր դառնալ առաջին ֆուտբոլիստը, ով խաղադաշտ դուրս կգա ակնոցով: Մեծ ճնշում էի զգում, սակայն ուշադրություն չէի դարձնում, քանի որ ցանկանում էի լինել այս խաղի մի մասնիկը»:

Հատուկ ակնոց, որը դառնում է ֆուտբոլիստի այցեքարտը

Լուսանկարը` Getty Images


Oakley ընկերությունը նրա համար հատուկ ակնոց է արտադրում՝ հիմք ընդունելով Racing Jackets մոդելը: Ակնոցը շատ թեթեւ էր, պատրաստված պլաստիկից ու հատուկ լինզաներով: Օգտագործվել էր հեծանվորդների, սնոուբորդիստների եւ մոտոցիկլավարների ակնոցների տեխնոլոգիան: Ակնոցի օգնությամբ Դավիդսը դաշտը սկսում է տեսնել հիանալի ու կրկին վերգտնում է իր խաղը:

Կարճ ժամանակ անց ակնոցը դառնում է Դավիդսի ոճի անբաժանելի մասը: Խաղադաշտ է դուրս գալիս նարնջագույն ապակիով (խորհրդանշում էր Հոլանդիայի գույները) եւ սպիտակ շրջանակով՝ սա էլ «Յուվենթուսի» համար էր:

Լուսանկարը` Getty Images


Մեկ տարի անց բժիշկները հերթական ստուգումներից հետո թույլ են տալիս նրան խաղալ առանց ակնոցի: Այդպես նա դաշտ է դուրս գալիս միայն մեկ անգամ, սակայն հաջորդ խաղին կրկին ակնոցով էր, որն այդպես էլ չհանեց մինչեւ կարիերայի ավարտը:

Դավիդսի շնորհիվ սպորտային ակնոց կրելը դարձավ նորաձեւ

Լուսանկարը` Getty Images


Իսկ Դավիդսը, չնայած իր հիանալի ֆուտբոլային հնարքներին, միլիոնավոր երկրպագուների համար սիրելի դարձավ հենց տարբերվող ոճի, իսկ ավելի ճիշտ կլինի ասել հենց ակնոցի շնորհիվ: Դավիդսի միջոցով սպորտային ակնոցները դարձան շատ պահանջված, հայտնի ընկերությունները սկսեցին մեծ ուշադրություն դարձնել դրանց, ստեղծել նորերը: Բոլորը, անկախ նրանից ունեին տեսողական խնդիրներ, թե ոչ, ցանկանում էին ակնոց կրել: Դավիդսն այնպես արեց, որ սպորտային ակնոց կրելը դարձավ նորաձեւ:

Լուսանկարը` Nike


Նրանով սկսեցին հետաքրքրվել հայտնի ընկերությունները: Nike-ը պայմանագիր կնքեց Դավիդսի հետ ու վերջինս դարձավ Nike Tarj Pro-ի դեմքը: Ակնոցն արտադրվում էր հենց վերջինիս տեսողությանը համապատասխան, սակայն չնայած դրան, այն դուրս եկավ վաճառքի: Հետաքրքիր է, որ ընկերությունն ակնոցի ապակիները չէր հարմարեցնում գնորդների տեսողությանը, այլ վաճառում էր հենց այնպես, ինչպես կրում էր ֆուտբոլիստը: Nike Tarj Pro-ն 2003 թվականին ամենապահանջված ու նորաձեւ ակնոցներն էր:

Էդգար Դավիդսի կերպարը դառնում է ամենաքննարկվածն ու ճանաչելին,  նրան գիտեին նույնիսկ նրանք, ովքեր ընդհանրապես ֆուտբոլով չէին հետաքրքրվում:

Լուսանկարը` Getty Images


Նա Nike-ի թողարկած գովազդներում հանդես էր գալիս այլ հայտնիների հետ, իսկ Red Bull-ը խախտում է ներքին կանոնակարգը եւ կնքում առաջին անհատական պայմանագիրը Դավիդսի հետ:

Ակնոցների մեծ հավաքածուն

Տարեցտարի նրա ակնոցների հավաքածուն դառնում է հսկայական. «Չեմ կարող ասել, թե քանի ակնոց ունեմ: Նույնիսկ գաղափար էլ չունեմ, դրանք, իսկապես, շատ-շատ են: Որոշները ժամանակին կորցրել եմ, կամ էլ ջարդել: Բայց այն, որ թիվն աճում է, հաստատ է»:

Լուսանկարը` Getty Images


Կարիերան ավարտելուց հետո նա զբաղվում է հագուստի իր բրենդով՝ Monta Street-ով: Սիրում է լուսանկարել եւ ճամփորդելիս միշտ վերցնում է լուսանկարչական ապարատը:

Ֆուտբոլը թողնելուց հետո եւս Դավիդսը չի հրաժարվել ակնոցից:

Լուսանկարը` Getty Images


«Ինձ շատ են առաջարկել թողարկել ակնոցի իմ հավաքածուն, բայց ես միշտ հրաժարվել եմ: Բանն այն է, որ այն, ինչ ես ձեռնարկում եմ, պետք է անթերի լինի: Եթե զգացողություն ունեմ, որ արտադրանքի վերջնական տեսքն իմ սրտով չի լինելու, միանգամից հրաժարվում եմ: Չնայած դրան, ես շարունակում եմ կրել իմ կերպարն ամբողջացնող ակնոցը, առանց որի ես պարզապես ես չեմ լինում»:

Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին