Ապրիլ 26, 2024
exclusive
3616 դիտում

Չորս տարի անց. Գոռ Մինասյանի չափազանց վստահ ելույթը Ռիոյում


Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images


2010 թվականի Սինգապուրի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանը 2016-ին մեծահասակների ՕԽ-ում կանգնեց պատվոհարթակի 2-րդ աստիճանին: Նա Ռիոյում բարելավեց նախկինում իր բարձրացրած կիլոգրամներն ու անձնական ռեկորդներ սահմանեց:
Mediamax Sport-ի հետ Մինասյանը վերհիշել է իր համար Օլիմպիական խաղերի ամենատպավորիչ պահերն ու կիսվել հաջողության հասնելու իր եղանակով:

Ծանրորդը շատ գոհ է, որ իրեն բախտ է վիճակվել Ռիոյում ներկայացնել Հայաստանը, քանի որ անգամ շատ ուժեղ մարզիկները երբեմն չեն կարողանում մասնակցել խաղերին: 4 տարի անց էլ նա լավ տպավորություններ ունի:

Լուսանկարը` Getty Images


«Ռիոյում ես ամենաուրախներից մեկն էի, շատ եմ կարոտում այդ օրերը: Օլիմպիական խաղերը մարզաշխարհի ամենամեծ միջոցառումներից են ու տարբերվում են մյուս մրցաշարերից: Նախ թիմային պայքար չկա, ամեն մարզիկ մինչեւ վերջ է գնում, նահանջելու տեղ էլ չունի: Ուրախ եմ, որ կարողացա ինձ լավ դրսեւորել ու արծաթե մեդալակիր դառնալ: Չկա մի բան, ինչի համար ափսոսամ, որեւէ բացթողում չեմ ունեցել Ռիոյում, հենց ամենասկզբից էլ իմ նպատակը մեդալ ունենալն էր»:

Մինչեւ Ռիո մեկնելն էլ ծանրորդը չի կասկածել, որ լավագույն եռյակում է ընդգրկվելու: Բացատրում է, որ ծանրամարտում նախնական արդյունքերն իմանալն այդքան էլ դժվար չէ՝ մարզումների ընթացքում բարձրացրած կիլոգրամներից ամեն ինչ հասկանալի է լինում:

«Իհարկե, ուժերիս անչափ վստահ էի մեկնել մրցավայր, արդեն մոտավորապես գիտեի, թե ինչի եմ ձգտելու: Բայց Ռիոյում իմ գրանցած քաշից շատ ավելին բարձրացրի: Պայքարն իսկապես հիանալի ստացվեց:

Մրցումներից առաջ հոգեբանորեն տրամադրվելու կարիք երբեք էլ չեմ ունենում, ես առհասարակ չեմ լարվում կամ անհանգստանում, գիտեմ, որ ամեն ինչ լավ է լինելու: Ինքնավստահությունս հարթակ դուրս գալուց առաջ միշտ մեծ է լինում:

Լուսանկարը` Getty Images


Օլիմպիական խաղերում մեդալ նվաճելու համար առաջին հերթին պետք է շատ մարզվել, անչափ շատ, որովհետեւ առանց տանջվելու առհասարակ բոլոր մրցումներում էլ ոչինչ չի ստացվի: Եթե լավ պատրաստված ես ու գիտակցում ես քո ուժը, ամեն ինչ ավելի հեշտ է լինում:  Ես այն մարզիկներից չեմ, որ որեւէ ժամանակով վստահությունը կորցնում են, շատ կայուն եմ ելույթ ունենում ու քիչ մոտեցումներ կորցնում՝ 6-ից 5-ը միշտ բարձրացնում եմ»:

Մինասյանի համար առաջին հերթին մեծ պատասխանատվություն էր Հայաստանը ներկայացնել, քանի որ մրցավայր մեկնած 4 ծանրորդներից մեկն էր ու պարտավոր էր հուսախաբ չանել իր թիմին:

«Հրման 2-րդ մոտեցումս՝ 241 կգ, մրցավարները չհաշվեցին, պետք էր նորից նույն քաշը բարձրացնել, այլապես 3-րդ տեղը կգրավեի: Իմ ու վրացի ծանրորդի մեջ թեժ պայքար էր, արդյունքում բրոնզե մեդալ նա նվաճեց: Պատվոհարթակին կանգնած արդեն գիտակցում էի, թե ինչ եմ արել ու ինչպիսի արդյունքի հասել:

Մեդալը նվաճելուց հետո անգամ չեմ նշել, ծանրաբեռնված օր էի ունեցել ու այնքան հոգնած էի, որ միանգամից քնել եմ: Ռիոյում եղած ժամանակ իմ ամենահանգիստ քունն էր:

Լուսանկարը` Getty Images


Իմ մեդալը վերջինն էր Հայաստանի հավաքականի համար, բոլոր մարզիկները եկել էին ինձ աջակցելու: Ամեն անգամ հարթակին բարձրանալիս զգում էի նրանց աջակցությունը՝ ամբողջ դահլիճով ոգեւորիչ ձայներ էին լսվում: Գիտեի, որ ազգս կողքիս է ու դա շատ էր օգնում, չէի կարող հեռուստացույցի մոտ հավաքվածներին ու դահլիճում գտնվողներին հուսախաբ անել»:

Օլիմպիական արծաթե մեդալակրի համար խաղերն առաջին հերթին առանձնահատուկ էին այնտեղ ընթացող մրցումների քանակով: Մեդալների համար պայքարում էին տասնյակ դահլիճներում ու հազարավոր մարզիկներ: Սպորտային յուրահատուկ ոգին ու մրցակցությունն ամենուր էր: Իսկ հայտնի մարզիկներից Մայքլ Ֆելփսի հետ հանդիպումն է առանձնացնում:

«Նրանով շատ տպավորվեցի: Երեւի մարդ չկա, որ չճանաչի Օլիմպիական ամենատիտղոսակիր լողորդին: Երբ նրան Օլիմպիական գյուղում տեսա, շատ յուրահատուկ պահ էր: Հատկապես նրա ոտքի մեծ չափն է հիշվել: Լուսանկարվել չեմ սիրում, դրա համար բավարարվեցի միայն նրա հետ հանդիպումով»:

Լուսանկարը` Getty Images



Ծանրորդին շատ է դուր եկել նաեւ Հայաստանի օլիմպիական հավաքականի միասնական ու համախմբված լինելը: Մարզիկներն իրար աջակցել են, դահլիճում ոգեւորել իրար ու որ ամենակարեւորն է՝ ուրախացել միմյանց հաջողություններով:

«Ճիշտ է Անդրանիկ Կարապետյանի ծանր վնասվածքի պատճառով թիմի ոգին մի քիչ կոտրվեց, բայց Սիմոն Մարտիրոսյանի մեդալից հետո ամեն ինչ տեղն ընկավ: Ցավոք, քանի որ իմ ելույթն ամենավերջում էր, մյուսներին հետեւել չկարողացա, բայց շնորհակալ եմ իմ կողքին լինելու համար: Այդ օրերին հայ մարզիկներով շատ մտերմացանք ու իրար ավելի լավ ճանաչեցինք:

Ելույթից ու նվաճած մեդալից հետո Մինասյանը Սիմոն Մարտիրոսյանի հետ բացահայտել է Ռիոն, եղել տեսարժան վայրերում ու համտեսել տեղական սնունդը: Քաղաքը շատ է հավանել, բայց ոչ՝ ուտելիքները:

«Մինչ Հայաստան վերադառնալը 10 օր ժամանակ ունեինք ու մի լավ շրջեցինք Ռիոյում: Շատ ազդեցիկ էր քաղաքի սիմվոլը՝ Քրիստոսի արձանը: Իրականում այն ավելի գեղեցիկ ու տպավորիչ է, քան լուսանկարներում է, անբացատրելի զգացողություն ունեի»:

Լուսանկարը` Անձնական արխիվից


Ռիոյի խաղերն արդեն անցյալում են, սակայն կորոնավիրուսի պատճառով նորերն էլ չկայացան: Խաղերի հետաձգումը մեծ հարված էր մարզիկների համար, բայց նրանք չեն հուսահատվում ու համբերատար սպասում են այն ժամանակներին, երբ նորից կվերադառնան մրցահարթակ ու ցույց կտան իրեն ունակությունները: 

«Տոկիոյի խաղերի հետաձգումը մարզիկների համար մեծ հարված էր, քանի որ 1 տարի անց ավելի մեծ կլինենք: Ծանրամարտի հավաքականը շատ լավ էր պատրաստվել, բայց ինչ արած՝ արդեն հարմարվել ենք այն մտքի հետ, որ ստիպված ենք լինելու համբերել:

Միշտ պայքարի մեջ ենք, լավ հավաքներ ենք անցկացնում ու պահում մարզավիճակը: Ցանկացած պահի, երբ մրցաշար անցկացվի, պատրաստ ենք ելույթ ունենալ: Մեր թիմի ոգին տեղն է: Հույս ունենք, որ նոյեմբերին Եվրոպայի առաջնությունը կկայանա, մենք էլ լավ արդյունքներ կգրանցենք»:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին