Եթե սիրում եք հետեւել սպորտային իրադարձությունների ոչ միայն հաշիվներին, պայքարին ու գրանցված արդյունքին, այլ նաեւ մեծ ուշադրություն եք դարձնում, թե որտեղ են դրանք կայանում, ուրեմն այս հրապարակումը հենց ձեզ համար է:
Mediamax Sport-ը հավաքել է ամենայուրահատուկ ու առանձնացող կառույցները, որտեղ կայանում են սպորտային մրցումներ:
Շենժեն (Չինաստան)
Ունիվերսիադայի սպորտային կենտրոնը կառուցվել է 2011 թվականի համաշխարհային ուսանողական խաղերի համար: Ունի հիմնական ստադիոն, բազմաֆունկցիոնալ դահլիճ, որտեղ անցկացվում են ամենատարբեր մարզաձեւերի մրցումներ, լողավազան ու ֆուտբոլային դաշտ:
Սպորտային կենտրոնը տեղակայված է Շենժենի ծովածոցի հատվածում ու զբաղեցնում է 307 700 քառ. մ տարածք:
Լուսանկարը` Arch2O.com
Կառույցին առանձնահատուկ հմայք է հաղորդում պողպատե տանիքը, որը սարդոստայնի տպավորություն է ստեղծում ու 65 մետր բարձրություն ունի: Այն իրենից 3 հսկայական շողշողացող թագ է հիշեցնում ու պատրաստված է եռանկյունի ապակիներից: Կառուցը նախագծել է գերմանկան «Gerkan, Marg and Partners» ընկերությունը:
Ստադիոնի կառուցման համար ոգեշնչման աղբյուր են հանդիսացել Չինաստանի բամբուկի անտառները:
Օսակա (Ճապոնիա)
«Օսակա» ստադիոնը գտնվում է քաղաքի հենց կենտրոնում ու գործում է 1950 թվականից: Այն 32 հազ. հանդիսական է տեղավորում:
Ստադիոնի շինարարությունը սկսվել է 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ ու բազմիցս է Օսակայի ռմբակոծման ժամանակ տուժել: Հետագայում մի քանի փուլերով կառուցումը շարունակվել է ու վերջնականապես ավարտվել 2007-ին:
Լուսանկարը` amusingplanet.com
Նախկինում բեյսբոլային հանդիպումների համար է նախատեսված եղել ու ճապոնական թիմերից մեկի տնային ստադիոնն է եղել մինչեւ 1988 թվականը:
1987-ին Մադոննան իր համաշխարհային շրջագայության ընթացքում օգոստոսի 14-ին ու 15-ին «Օսակայում» համերգ է ունեցել, դա երգչուհու առաջին ելույթն է եղել Ճապոնիայում:
Ապա նույն տարվա հոկտեմբերին այնտեղ իր «Bad World Tour»-ի ժամանակ 3 համերգ է ունեցել Մայքլ Ջեքսոնը:
1998-ից ստադիոնում բնակելի թաղամաս կա ու գործում է առեւտրի կենտրոն:
Սթոքհոլմ (Շվեդիա)
«Էրիքսոն Գլոբեն արենան» կամ «Գլոբուսը», ինչպես այն անվանում են Շվեդիայում, 85 մետրանոց կառույց է, որտեղ կայանում են սպորտային ու երաժշտական խոշոր իրադարձություններ: Գտնվում է Գլոբեն-սիթի թաղամասում, որը հատուկ նրա համար է կառուցվել:
«Էրիքսոն Գլոբի» բացումը կայացել է 1989 թվականին, այն Շվեդիայի արեգակնային համակարգում խորհրդանշում է արեւը:
2009 թվականին «Սթոքհոլմ Գլոբեն-արենան» գնել է շվեդական Ericsson ընկերությունն ու փոխել անունը:
Լուսանկարը` thebeautyoftravel.com
Նախատեսված է հոկեյի մրցումների ու համերգների համար: Արտաքին հատվածում 2010 թվականից վերելակ է գործում, որը ցանկացողներին բարձրացնում է կառույցի տանիք, որտեղից հնարավոր է տեսնել ամբողջ քաղաքը:
Ամեն օր ամբողջ աշխարհից հարյուրավոր մարդիկ են այցելում Սթոքհոլմ, որպեսզի տեսնեն ճարտարապետական ուրույն լուծումներ ունեցող արենան: Ապակե գնդի ներսում հնարավոր է տեղավորել 16 հազ. մարդ:
2000 թվականին «Էրիքսոն Գլոբում» կայացել է Եվրատեսիլ երգի մրցույթը: Կառույցի ներսում ելույթ են ունեցել նաեւ Նելսոն Մանդելան ու Դալայ Լաման, 1989-ին այցելել է Հռոմի պապը: Համերգներ են ունեցել Շերը, Ջասթին Թիմբերլեյքը, Լեդի Գագան, Ջենիֆեր Լոպեսն ու Փինքը:
Պեկին (Չինաստան)
Պեկինի լողի ազգային կենտրոնը գտնվում է Օլիմպիական ավանում ՝ «Թռչնաբուն» ստադիոնի կողքին:
Կառուցվել է 2008 թվականի Պեկինի Օլիմպիական խաղերի համար, ընդհանուր տարածքը կազմում է 70 հազ. ք. մ: Շինարարության համար նախատեսված նյութը հատուկ է ստացվել, որպեսզի եւ ամուր լինի, եւ հնարավոր լինի դրա միջոցով ջրի պղպջակների տպավորություն ստեղծել:
Լուսանկարը` thousandwonders.net
Նախատեսված է լողի, ջրացատկի ու սինքրոն լողի համար: Օլիմպիական խաղերի ժամանակ այնտեղ մի շարք ռեկորդներ են սահմանվել, այդ թվում՝ Մայքլ Ֆելպսի կողմից:
Լողի կենտրոնում հատուկ էներգոհամակարգ է գործում, որի շնորհիվ արեւային էներգիայի միջոցով տաքանում է ջուրն ու տարածքը:
Առաջիկայում նախատեսվում է կենտրոնի տանիքին ջրի մեծ տարրա տեղավորել, որպեսզի այնտեղ հավաքվեն անձրեւաջրերն ու առանձին ջուր չմատակարարվի: Ջրի խնդիրը Պեկինում շատ լուրջ է:
Հիմալայներ (Հնդկաստան)
Հիմալայան Պրադեշի կրիկետի ասոցիացիայի խաղադաշտը բավական գունագեղ ու գեղեցիկ է եւ գտնվում է Ջարմաշալայում, որն առավել հայտնի է որպես Դալայ Լամայի տուն:
Լուսանկարը` openthemagazine.com
Այն տեղի կրիկետի թիմի տնային ստադիոնն է: Յուրահատուկ է նրանով, որ գտնվում է 1457 մետր բարձրության վրա ու շրջապատված է Հիմալայների ձյունապատ լեռներով: Վատ եղանակային պայմանների պատճառով հաճախակի չի ստացվում այնտեղ հանդիպումների ականատես լինել, նաեւ բավական դժվար է հասնել ստադիոն, քանի որ բավական անմատչելի վայրում է:
Առաջին միջազգային հանդիպումն այնտեղ կայացել է 2005-ին, ընկերական խաղ են անցկացրել Հնդկաստանի ու Պակիստանի թիմերը: Ապա 2013-ին միմյանց դեմ մրցել են Հնդկաստանի ու Անգլիայի ընտրանիները, վերջիններս էլ հաղթանակ են տարել:
Օտագո (Նոր Զելանդիա)
Քուինսթոուն կամ Դեւիս Պարկը բազմաֆունկցիոնալ սպորտային կենտրոն է Նոր Զելանդիայի Օտագո նահանգում:
Լուսանկարը` cricketisland.files.wordpress.com
Բացվել է 1997 թվականին ու 19 հազար հանդիսական է տեղավորում: Համաշխարհային կրիկետի ամենագեղեցիկ կենտրոններից է ու գտնվում է գեղատեսիլ Վակատիպու լճի ափին ու Միջազգային Քուինսթոուն օդանավակայանի վազքուղու հարեւանությամբ:
Քուինսթոուն կենտրոնում մշտապես անցկացվում են ռեքբիի ու կրիկետի հանդիպումներ, ցուցահանդեսներ, սեմինարներ ու համերգներ:
Հասմիկ Բաբայան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: