Ապրիլ 27, 2024
exclusive
30034 դիտում

Ալեքսանյանի վիճահարույց գոտեմարտի մանրամասները


Լուսանկարը` Մեդիամաքս


Շաբաթ օրը Թբիլիսիի Գրան Պրիի մինչեւ 98 կգ քաշային կարգի եզրափակչում Արթուր Ալեքսանյանն ուժերն է չափել վրացի Ռեւազ Նադարեյշվիլու հետ:

Գոտեմարտի երկրորդ մրցափուլում տրիբունաներում վիճաբանություն էր սկսվել, մրցավարները տեխնիկական պարտություն էին գրանցել հայ ըմբիշի հաշվին:

Mediamax Sport-ի թղթակիցը զրուցել է Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի հետ, որն էլ մեկնաբանում է կատարվածը:

Գոտեմարտի հենց սկզբից էլ նկատվեց, որ մրցավարն անարդար է վարում գոտեմարտը: 5 րոպե 17 վրկ Արթուր Ալեքսանյանն անընդհատ հարձակվում էր, իսկ մրցակցին արդեն 2 միավոր էին տվել, Արթուրին՝ 1: Դեռ 45 վրկ էլ կար, ու մենք վստահ էինք, որ մեր ըմբիշն այդ ընթացքում կարող է հետ բերել միավորներն ու հաղթել, որովհետեւ ակնհայտ էր նրա առավելությունը:

Սակայն այդ անարդարությունը երկրպագուները չընդունեցին, խառնվեցին իրար ու հայ-վրացական վիճաբանություն սկսվեց: Այդ ընթացքում գոտեմարտը շարունակվում էր, ու մենք չէինք ուզում ընդհատվեր: Սակայն մրցավարը կանգնեցրեց այն: Ես մարտավկան էի, իսկ Գեւորգ Ալեքսանյանը՝ մարզիչը: Հանկարծ ինչ-որ մարդիկ սկսեցին նրան հրել: Հենց դա է տեսել Արթուրն ու իջել գորգից: Բայց նա այնտեղ մնացել է ամենաշատը 30 վրկ, երբ ես նկատեցի նրան, միանգամից բարձրացրի գորգ, քանի որ ըմբիշն իրավունք չունի մինչեւ գոտեմարտի ավարտը լքել  այն:

Արթուրն այդ ընթացքում ոչինչ չի արել, նա պարզապես ասում էր, որ բոլորը հանգստանան ու ինքը շարունակի իր հանդիպումը: Նա ոչ ոքի մատով անգամ չի կպել, ոչինչ չի արել: Բայց մրցավարներն օգտվեցին առիթից ու հաղթանակը նվիրեցին վրացուն:

Մենք խոսեցինք միջազգային ֆեդերացիայի հրահանգիչի հետ, ով ազգությամբ թուրք էր: Նույնիսկ վրացիներն էին փաստում, որ անարդարություն է եղել: Սակայն ոչինչ չփոխվեց, որովհետեւ արդեն պատրվակ ունեին. մարզիկն իրավունք չունի իջնել գորգից:

Չեմ կարծում, որ սա հետագայում կազդի Ալեքսանյանի վրա: Կրկնում եմ, նա ոչինչ չի արել, նույնիսկ շնորհավորել է մրցակցին, պարգեւատրմանն է մասնակցել: Իսկ եթե հանկարծ միջազգային ֆեդերացիան փորձի նրան որակազրկել, ապա լուրջ կասկածի տակ կդնի իր արդարությունը, իսկ մեր ֆեդերացիան, կառավարությունն ու ՀԱՕԿ-ը, հույս ունեմ, դրա առաջը կառնեն: Բայց էլի ասեմ, որ այս դեպքն Արթուրի հետագա ելույթների վրա չի ազդի:


Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին