exclusive
34931 դիտում

Անմոռանալի հաղթանակ. Տիգրան Մարտիրոսյան


Լուսանկարը` zimbio.com

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` zimbio.com


Կար ժամանակ, երբ հայկական ծանրամարտում հաղթանակներ էին կերտում Տիգրան Մարտիրոսյանները: Նրանից ավագը, ինչպես հաճախ անվանում էին նրան, կամ Տիգրան Վարդանի Մարտիրոսյանն արդեն երկար ժամանակ է, որ հեռացել է սպորտից, բայց նրա նվաճումները միշտ էլ կարեւոր ու գեղեցիկ կմնան:

Mediamax Sport«Անմոռանալի հաղթանակ» շարքում իր ամենատպավորիչ նվաճման մասին պատմում է Տիգրան Մարտիրոսյանը:

Շուրջ 20 տարի մեծ սպորտում եղած յուրաքանչյուր մարզիկ, վստահաբար կարող եմ ասել, որ անմոռանալի բազմաթիվ հիշողություններ ունի: Հիմա դրանք առավել թանկ են ինձ համար:

Վերջերս հաճախ եմ հիշում իմ առաջին մարզիչներից Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր ու աշխարհահռչակ մարզիկ Վարդան Միլիտոսյանին: 14-15 տարեկան էի, որ մեջքի վնասվածքի պատճառով չէի կարողանում մարզվել:

Երջանկահիշատակ մարզիչս շուրջ մեկ ամիս իր ավտոմեքենայով ինձ տանից մարզադահլիճ էր տանում, դա մեծ պատիվ էր: Պարզապես հետս զրուցում էր, իր սպորտային հիշողություններից պատմում ու քաջալերում: Այդ հոգատար վերաբերմունքը անհնար է կյանքում մոռանալ:

Լուսանկարը` Getty Images


Անմոռանալի է նաեւ յուրաքանչյուր նվաճում, բայց հատկապես առանձնանում է Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալս:

Խաղերից առաջ ուսումնամարզական հավաքների ժամանակ գերազանց մարզավիճակում էի գտնվում: Գնում էի միայն ու միայն մեդալի հետեւից: Այնպես ստացվեց, որ վերջին մարզումների ժամանակ դաստակս վնասեցի: Արդեն Պեկինում ցավի պատճառով տեխնիկապես չէի կարողանում կատարել վարժությունները: Գրեթե անհնարին էր դարձել մրցահարթակին բարձրացնել այն կիլոգրամները, որոնք թույլ կտային մեդալ նվաճել

Պոկում վարժությունում 177 կգ բարձրացրի, իսկ բրոնզե մեդալի իմ գլխավոր մրցակից Վլադիմիր Սեդովը՝ 180 կգ: Հրում վարժությունում ինձ պետք էր 3 կգ-ով նրանից առաջ անցնել, քանի որ անձնական քաշով ավելի թեթեւ էի:

Սեդովն առաջին մոտեցմամբ բարձրացրեց 200 կգ, մարզիչ Աշոտ Մխիթարյանն  ինձ համար պատվիրեց 203 կգ: Հենց այս վարժությունում է, որ շատ կարեւոր է դաստակների աշխատանքը: Վնասվածքս թույլ չտվեց կատարել վարժությունը: Երկրորդ մոտեցման ժամանակ Սեդովը նույնպես չկարողացավ բարձրացնել նույն քաշը: Որոշիչ փորձի ժամանակ մեծ ճիգեր գործադրելով` 203 կգ-ը, բարեխտաբար, կարողացա գլխավերեւում պահել:

Սակայն դժվարությամբ ձեռք բերված հաջողությունը ավելի թանկ է դառնում ու բացառիկ զգացողություններ տալիս:

Լուսանկարը` zimbio.com


Ժամանակը թերեւս միայն քաղցրացրել է հուշերս  ու ավելի արժեւորվել ձեռքբերումս:

Տիգրան Մարտիրոսյանի հետ հաղթանակը վերհիշել է Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
mediamax.am
bravo.am