Ապրիլ 30, 2024
426 դիտում

Այսօր Օլիմպիայում կվառվի Փարիզի Օլիմպիական խաղերի կրակը


Լուսանկարը` Le Monde


Հունաստանի Օլիմպիական կոմիտեն պատրաստ է Փարիզի Օլիմպիական խաղերի կրակի վառման արարողությանը: Այսօր կայանալիք միջոցառումից առաջ այդ մասին հայտնել է կառույցի մամուլի բաժնի ղեկավար Դիմոս Բուլուկոսը:

Կազմակերպիչների խոսքով՝ եղանակը Հին Օլիմպիայում բարենպաստ է լինելու, իսկ տեխնիկական բոլոր հարցերը լուծված են:

Այս տարի արարողությունը մի քիչ փոփոխվել է՝ նախ ընտրվել է նոր գլխավոր քրմուհի, որին մարմնավորելու է հույն դերասանուհի Մերի Մինը: Նա աշխատել է Շվեդիայի, Ավստրիայի եւ Հունաստանի թատրոններում, ինչպես նաեւ նկարահանվել մի շարք սերիալներում:

Բացի այդ էլ փոփոխության է ենթարկվել քրմուհիների վերնահագուստի դիզայնը: Ի տարբերություն նախկինում կիրառված սպիտակ ու կապույտ գույների, հիմա այն կլինի սեւ ու սպիտակ: Ներկայացմանը կմասնակցեն 35 քրմուհիներ եւ 15 հույն պատանիներ:

Արարողությանը ներկա կլինեն Հունաստանի նախագահ Կատերինա Սակելարոպուլուն, ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը, Փարիզ-2024-ի կազմկոմիտեի նախագահ Թոմաս Էստանգեն եւ այլ պաշտոնատար անձինք:

Ավարտից հետո կրակը 11-օրյա շրջագայություն կունենա Հունաստանի 13 շրջաններում, 7 կղզիներում, 43 քաղաքներում, այն երկրով մեկ կտանեն 600 ջահակիրներ: Կրակը կլինի նաեւ Աթենքի եւ Սալոնիկի Օլիմպիական թանգարանների 10 հնագիտական վայրերում: Հունաստանի տարածքում կրակը կանցնի 5202 կմ ու 563 ծովային մղոն (1043 կմ), ապա փոխանցումավազքը կշարունակվի Ֆրանսիայում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին