Ապրիլ 27, 2024
exclusive
3390 դիտում

Մարզիչը դժգոհ է ԵԱ-ում մարմնամարզիկների ելույթներից


Լուսանկարը` PAN Photo


Այս տարի Հայաստանի մարմնամարզության տղամարդկանց հավաքականն անհաջող մասնակցեց Եվրոպայի առաջնությանը:

Mediamax Sport-ի թղթակցին նման կարծիք է հայտնել թիմի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ու ընդգծել, որ դժգոհ է իր սաների ելույթներից:

 

Այս տարի առաջին անգամ հանդես եկանք թիմային պայքարում: Մեր առաջատարն Արթուր Դավթյանն է, շատ փորձառու ու տիտղոսակիր մարզիկ: Ցավոք, նա չափազանց վատ հանդես եկավ, չկարողացավ զգալ հարթակը: Ինքն էլ չհասկացավ, թե ինչ էր պատահել եւ ինչու այդպես էլ չստացվեց նրա մոտ: Մարմնամարզիկների հետ լինում է այդպես, մենք վախեցանք, որ Արթուրը վնասվածք կստանա ու որոշեցինք ավելի հեշտացնել էլեմենտները:

Արթուր Թովմասյանից  եւս դժգոհ եմ: Նա թույլ տվեց նույն սխալը, ինչն արել էր նախորդ տարի Ունիվերսիադայում: Այն ժամանակ կարողացել էր մտնել եզրափակիչ, իսկ այստեղ պայքարն ավելի ուժեղ էր, հետեւաբար դուրս մնաց պայքարից:

Հարություն Մերդինյանն արդեն մեծ է, բացի այդ էլ ողնաշարի խնդիր ունի: Եթե կարողանա լավ պատրաստվել, ապա աշնանը կմասնակցի Աշխարհի առաջնությանն ու կավարտի կարիերան:

Վահագն Դավթյանն ու Վիգեն Խաչատրյանն իրենց հնարավորությունների սահմաններում ելույթ ունեցան: Վահագնը 4-րդ տեղով օղակների վրա վարժությունում դուրս եկավ եզրափակիչ ու գրավեց 5-րդ տեղը: Սա նրա համար վատ արդյունք չէ: Վիգենը բազմամարտում արեց այն, ինչին պատրաստ էր այդ պահին:

Մեր հաջորդ մրցումը լինելու է հոկտեմբերին կայանալիք Աշխարհի առաջնությունում, որտեղ կրկին թիմով ենք մասնակցելու: Կփորձենք հասկանալ, թե ինչ բացթողումներ ունենք, կշտկենք դրանք ու կսկսենք աշխատել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին