Ապրիլ 27, 2024
exclusive
5570 դիտում

Արա Պողոսյանը ԵԱ-ից հրաժարվելու մասին. Այս ամենում կյանք էինք դրել


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի որոշմամբ ազգային հավաքականը չի մասնակցի Եվրոպայի 2021 թվականի առաջնության նախընտրական 2-րդ փուլին:

Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանն ասել է, որ հիմնական պատճառը մեր երկրում միջազգային պահանջներին չհամապատասխանող մարզադահլիճն է:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մենք դիմեցինք սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն, վերջինս էլ՝ կառավարություն: Պետք է «Միկա» մարզադահլիճը տեխնիկապես վերազինենք, որպեսզի իրավունք ունենանք ընդունել 2-րդ փուլի հանդիպումները: Սակայն մինչ այսօր մենք դեռ պատասխան չենք ստացել: Մեզ անհրաժեշտ էր մոտ 27 մլն դրամ դահլիճը վերազինելու եւ 25 մլն դրամ էլ հանդիպումներին Հայաստանում ու արտերկրում մասնակցելու համար:

Ֆեդերացիան որոշեց, որ մեր հավաքականը չի մասնակցի ԵԱ-ի 2-րդ փուլին, սա շատ ծանր հարված էր բոլորիս համար: Չնայած կարծում եմ, որ ավելի լավ է հիմա լիներ սա, քան մինչեւ վերջին պահը հավատայինք հրաշքի ու մի քանի շաբաթ անց կանգնեինք փաստի առջեւ:

Դիմեցինք ՖԻԲԱ, որտեղից մեզ խնդրում էին վերանայել որոշումը, սակայն, ցավոք, մեզ մոտ ոչինչ չփոխվեց: Արդյունքում՝ Հայաստանի փոխարեն առաջնությունում պայքարը կշարունակի Կիպրոսը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Խոսքեր չունեմ արտահայտելու, թե ինչպիսի մեծ ցավ ու ափսոսանք ենք զգում, այսքան տարիներ աշխատել ու չարչարվել էինք, հասել էինք մեր նպատակին ու հաջորդ փուլի ուղեգիր նվաճել, իսկ սա հայկական բասկետբոլի համար աննախադեպ էր: Չգիտեմ, սա է իրականությունը:

Այս ամառ մենք նաեւ երիտասարդական ընտրանիների հետ դժվարություններ ունեինք, ֆինանսական խնդիրների պատճառով չկարողացանք լավ նախապատրաստվել, ինչի պատճառով էլ եղան պարտություններ:

Մինչեւ հիմա ամեն ինչ արել ենք սեփական միջոցներով, մեզ աջակցել են ARMOIL ընկերությունն ու ՀԱՕԿ-ը, չարչարվել ենք ու անընդհատ աշխատել, ինչը նույնիսկ չի էլ երեւացել: Բայց հիմա ուրիշ է: Մեր հավաքականն այնքան է ուժեղացել ու լրջացել, մեզնից մրցակիցները վախենում են, հաշվի են նստում, հետեւաբար պետական լուրջ մոտեցում է պետք: Հասկանալ է պետք, ուզում ենք մեր երկիրն ունենա բասկետբոլ, թե ոչ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեր հավաքականի բոլոր բասկետբոլիստներն աշխատավարձ ու բոնուսներ չեն ստանում, ի տարբերություն այլ թիմերի: Հիմա մեր տղաները լուրջ պայմանագրեր են կնքում եվրոպական առաջատար ակումբների հետ: Իսկ մարզիչը, ի տարբերություն այլ հավաքականների մարզիչների, ամենացածր աշխատավարձն է ստանում, բայց ամեն ինչ ներդնում ու տալիս է թիմին:

Սա մի ողջ պատմություն էր, որի մեջ կյանք էինք ներդրել: Հիմա, երեւի, կզբաղվենք Հայաստանի ներքին առաջնություններով, կհասկանանք, թե ինչպիսի ապագա է սպասվում ինչպես պատանեկան ու երիտասարդական, այնպես էլ ազգային հավաքականներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին