Ապրիլ 27, 2024
9018 դիտում

Հայաստանում 1-ին անգամ ընթանում է #EUSportsFest-ը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Հայաստանում ԵՄ պատվիրակություն

Լուսանկարը` Հայաստանում ԵՄ պատվիրակություն

Լուսանկարը` Հայաստանում ԵՄ պատվիրակություն

Լուսանկարը` Հայաստանում ԵՄ պատվիրակություն

Լուսանկարը` Հայաստանում ԵՄ պատվիրակություն


Երեւանում առաջին անգամ ընթանում է Եվրոպական սպորտային փառատոն-մրցաշարը (#EUSportsFest), որը կազմակերպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը:

Մրցաշարը բաղկացած է երկու մասից՝ ընտանեկան գոլֆի փառատոն ու մինի-գոլֆի ընտանեկան մրցաշար, լեռնային հեծանվավազք՝ նախատեսված երեխաների եւ մեծահասակների համար:

 

Այսօր #EUSportsFest-ի  բացման արարողության ժամանակ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին ասել է, որ նման միջոցառումներ կազմակերպելով իրենք կառուցում են սպորտային ուժեղ կամուրջ ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ:

 

«Այս փառատոնին 2017-ին մասնակցել է շուրջ 15 մլն մարդ: Հայաստանում այն առաջին անգամն է կազմակերպվում: Գոլֆը հրաշալի մարզաձեւ է, որը տարածված է ողջ Եվրոպայում: Հայաստանի բնությունն ու եղանակային պայմանները թույլ են տալիս այս սպորտաձեւը զարգացնել ու տարածել: Մանավանդ հանգստյան գոտիներում հնարավոր է գոլֆի դաշտեր ունենալ, դա անչափ հետաքրքիր կլինի նաեւ զբոսաշրջիկների համար: Վաղը կմեկնարկի հեծանվային սպորտի մրցաշարը: Նշեմ, որ այսքանով չենք բավարարվելու: Դեկտեմբերին կայանալու է դահուկավազքի մրցաշար, իսկ մյուս տարի էլ ցանկանում ենք կազմակերպել փողոցային բասկետբոլի մրցումներ, որի մասին քիչ առաջ զրուցում էի սպորտի փոխնախարարի հետ»,- ասել է Սվիտալսկին:

 

Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Գաբրիել Ղազարյանն էլ ընդգծել է, որ այս փառատոնը խթան է Հայաստանում առողջ ապրելակերպը զարգացնելու եւ սպորտը մասսայականացնելու համար:

 

«Վստահ եմ, որ գոլֆը մեր երկրում հեռանկարային մարզաձեւ է: Նախարարությունը ծրագիր է մշակել ու մոտ ապագայում կունենանք ոչ թե մեկ, այլ մի քանի գոլֆի դաշտեր: Համոզված եմ, որ ԵՄ-ի հետ մեր համագործակցության արդյունքում այլ միջոցառումներ եւս կկազմակերպենք»,- նշել է Ղազարյանը:

 

Եվրոպական սպորտային փառատոն-մրցաշարերի նպատակն է նպաստել առողջ եւ ակտիվ կենսակերպին եւ Հայաստանում սպորտային տուրիզմի զարգացմանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին