Մայիս 19, 2024
exclusive
7691 դիտում

Էդգար Ստեփանյան. Ուրախ եմ Հայաստանի մեդալներն ավելացնելու համար


Լուսանկարը` wikimedia.org

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` Facebook


Էդգար Ստեփանյանը հեծանվասպորտում այս տարի իր արդեն 2-րդ հաջողությունն է գրանցել: 2014-ի երիտասարդների ԱԱ-ի բրոնզե մեդալակիրը հուլիսին նախ դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ օրեր առաջ Աստանայում կայացած երիտասարդների առաջնության 25 կմ (100 շրջան) խմբակային հեծանվավազքի մրցումներում նվաճել արծաթե մեդալ:

Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում Ստեփանյանն ասել է, որ եզրափակիչ փուլում շատ թեժ պայքար է ընթացել ու բոլորն էլ ձգտել են հաղթանակի:

«Ես էլ բացառություն չէի: Երբ ես ու ճապոնացի հեծանվորդը մյուսներից 1 շրջանով առաջ անցանք, արդեն մեդալ նվաճելու հույսեր ունեի: Այնպես ստացվեց, որ ճապոնացին հաղթող դարձավ, ես էլ արծաթե մեդալակիր դարձա»,- նշել է հեծանվորդը:

Ի տարբերություն Եվրոպայի առաջնության, որտեղ յուրաքանչյուր երկիր ներկայացված էր երկուական մարզիկով, ԱԱ-ում միայն մեկը կարող էր պաշտպանել իր երկրի գույները: Ստեփանյանն էլ խոստովանում է, որ Եվրոպայի չեմպիոնի կարգավիճակով Աստանա մեկնելով՝ ամեն ինչ արել է ձեռնունայն չվերադառնալու համար, մանավանդ, որ գտնվել է լավ մարզավիճակում:

«Ինձ շատ է օգնել հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը, մեր տարիների աշխատանքի շնորհիվ է, որ կարողացել եմ նման հաջողության հասնել: ԱԱ-ում իմ կողքին են եղել նաեւ մեր մեխանիկը՝ Արսեն Բորյանը, թիմի մերսող Արթուր Ղազարյանը եւ թիմակիցս՝ Պավել Ստեփանյանը: Առհասարակ շատերն են օգնել ինձ»,- ավելացրել է նա:

Ստեփանյանը խոստովանել է, որ իր համար մեծ պատիվ է հեծանվասպորտում Հայաստանը ճանաչելի դարձնելն ու միջազգային հարթակներում երկրի դրոշը բարձրացնելը. 

«Երիտասարդական մրցաշարերում այս տարի վերջին անգամ եմ մասնակցում, 2016-ից արդեն ելույթ եմ ունենալու մինչեւ 23 տարեկանների ու մեծահասակների պայքարում»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին