Մայիս 03, 2024
exclusive
12907 դիտում

Մարտեն Ֆուրկադ. “Ամեն ինչ կանեմ Սոչիում օլիմպիական չեմպիոն հռչակվելու համար”

Մարտեն Ֆուրկադը
Մարտեն Ֆուրկադը

Լուսանկարը` Pierre Merimee


Mediamax Sport-ի բացառիկ հարցազրույցը բիաթլոնի աշխարհի հնգակի չեմպիոնի հետ Սոչի-2014-ի նախօրեին

«Եթե ցանկանում ես չեմպիոն դառնալ, մի կրկնօրինակիր մյուսներին: Ինքդ մշակիր քո հաջողության բանաձեւը: Երբեք չեմ երազել նմանվել որեւէ հայտնի բիաթլոնիստի: Երազել եմ զբաղվել դահուկավազքով ու չեմպիոն դառնալ: Կարծում եմ, աննորմալություն է մտածել, որ ես բիաթլոնի պատմություն եմ կերտում: Չէ, դա ինձ համար չէ»:

Մարտեն Ֆուրկադ

Ֆուրկադ ազգանունը ֆրանսիական ու համաշխարհային բիաթլոնում բավական հայտնի է: Սիմոն եւ Մարտեն Ֆուրկադ եղբայրներն իրենց ազգանունը հնչեցնել են տալիս գրեթե յուրաքանչյուր միջազգային մրցաշարում: Մարտենը կրտսեր Ֆուրկադն է, 25 տարեկանում դարձավ վանկուվերյան օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, 2011-12 եւ 2012-13 թվականներին էլ բիաթլոնի աշխարհի գավաթակիր: Բիաթլոնի աշխարհի առաջնության հնգակի չեմպիոն է: 2012-13թթ. մրցաշրջանը գերազանց ավարտած ֆրանսիացի բիաթլոնիստն արդեն Սոչիում է եւ օրեր անց փորձելու է իրականություն դարձնել բաղձալի երազանքը՝ դառնալ Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի չեմպիոն: Այնպես որ արդեն փետրվարի 8-ին, երբ բիաթլոնի առաջին մեդալները կխաղարկվեն տղամարդկանց սպրինտում, հայ հանդիսատեսը կարող է Մարտեն Ֆուրկադին գործի մեջ տեսնել,: Ի դեպ, բուքմեյքերների կարծիքով, հենց Ֆուրկադն է ոսկե մեդալի գլխավոր  հավակնորդը:



- Մարտեն, քո ավագ եղբայր Սիմոնը եւս պրոֆեսիոնալ բիաթլոնիստ է: Ընտրեցիր այս սպորտաձեւը, քանի որ եղբա՞յրդ էր դրանով զբաղվում:

- Երկուսս էլ շատ տարբեր մարզաձեւերով ենք զբաղվել մանուկ տարիներին: Չէ, չեմ ընտրել բիաթլոնն այն պատճառով, որ Սիմոնն էր դրանով զբաղվում: Բայց չեմ ժխտի, որ նրա անցած ուղին ու խորհուրդները կարիերայիս ընթացքում ինձ շատ են օգնել: Սիմոնի ազդեցությունն իմ կարիերայի վրա չափազանց մեծ է: Նա ինձ ցույց է տվել, թե ինչն ինչպես է պետք անել:

- Ո՞րն ես համարում կարիերայիդ ամենահատկանշական պահը:

- Ես բազմաթիվ շատ լավ հիշողություններ ունեմ ու շատ դժվար է առանձնացնել դրանցից մեկը: Նվաճածս օլիմպիական արծաթե մեդալը, աշխարհի չեմպիոնի տիտղոսները, աշխարհի գավաթի խաղարկություններում գրանցածս հաղթանակները… Իրոք, շատ դժվար է առանձնացնել որեւէ մեկը, իմանալով հանդերձ, որ հաղթանակները չեն միակ կարեւոր բանը մարզիկի կարիերայում:

- Հետաքրքիր է, ե՞րբ է սկսվում եւ ավարտվում բիաթլոնի մրցաշրջանը:



- Կոնկրետ ինձ համար նախորդ մրցաշրջանը սկսվել է 2012թ. մայիսի մեկից, փակել եմ մրցաշրջանը 2013-ի ապրիլի 4-ին: Իսկ արդեն ապրիլի կեսերին սկսվեց նոր շրջանը: Պատկերացնու՞մ ես, իմ արձակուրդն անցած տարի տեւեց ընդամենը 15 օր:  

- Եվ որտե՞ղ անցկացրեցիր հանգստի 15 օրերը:

- Հիանալի արձակուրդ էր Մաուրիցիուս կղզում: Ծով, արեւ, կարծես դրախտ լիներ երկար ձմեռվանից հետո (ժպտում է):

- Ինչքանո՞վ էր 2012-13թթ. մրցաշրջանը քեզ համար հաջողակ:

- Ուղղակի հիասքանչ մրցաշրջան էր: Երբեք չեմ մտածել, որ կարող էի այդքան արդյունավետ հանդես գալ, որքան արեցի այս անգամ: 26 մրցավազքերից 10-ում հաղթել եմ, 19 անգամ էլ պատվո հարթակին եմ կանգնել: Սա իմ ու իմ թիմի տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքն է:

- Նկարագրիր բիաթլոնը մեկ նախադասությամբ:

- Մեկ բառով էլ կարող եմ նկարագրել` անհայտություն (ծիծաղում է):



- Հայտնի լինելը ոչ միշտ է հաճելի: Մեդալի հակառակ կողմը երբեւէ փորձե՞լ ես բացահայտել:
 
- Երբեք չեմ մտածել վատ կողմերի մասին, անկեղծ եմ ասում: Ես այնպես եմ կազմակերպում իմ կյանքը, առօրյան, որ նաեւ անձնական կյանքի համար ժամանակ ունենամ:

- Եվ ու՞մ ես առաջինը զանգահարում հաջողակ ելույթից հետո:

- Ընկերուհուս (ժպտում է)

- Ինչպե՞ս ես կարողանում անձնականը համատեղել մարզականի հետ: Ասում են, չափազանց բարդ բան է…

- Հեշտ չէ: Բիաթլոնն իմ կյանքում չափազանց մեծ տեղ  է զբաղեցնում, բայց դա իմ ընտրությունն է: Ավելի դժվար է այն բոլոր մարդկանց համար, ովքեր ինձ  շրջապատում են, այդ նրանք են, որ ստիպված հարմարվում են իմ կատարած ընտրությանը: Ու ես գիտեմ, որ նրանց համար հեշտ չէ:



- Մի տեղ կարդացել եմ, որ դու ու եղբայրդ նաեւ բանակի սպաներ եք: Ի՞նչ է անում հայտնի բիաթլոնիստը զինված ուժերում: 

- Սպորտով է զբաղվում (ծիծաղում է): Ֆրանսիայում բանակը սպորտին շատ է աջակցում, շատ հայտնի մարզիկներ բանակում ծառայություն են անցնում: Բանակն օգնում է տրամադրվել, կենտրոնանալ մեր մարզաձեւի վրա:

- Վերջերս ֆիլմ է նկարահանվել քո կարիերայի մասին: Փաստորեն, ժամանակը հասունացել էր:

- Այս ֆիլմը հիանալի փորձ էր աշխատելու հրաշալի անձնակազմի հետ: Նրանք օգնեցին ինձ բացահայտել իմ մասնագիտության մյուս կողմը, ու ինձ դա շատ դուր եկավ: Նպատակն է երկրպագուներիս ցույց տալ, թե ինչպես եմ ես աշխատում ամռանը, որպեսզի բարձունքում լինեմ ձմռան ամիսներին: Ֆիլմը կարող եք դիտել www.martinfourcade-lefilm.com կայքում: Ամբողջական տարբերակը ֆրանսերենով է, բայց կա նաեւ կրճատ անգլերեն տարբերակը:

- Մարտեն, Կատալոնիա նահանգը քեզ համար յուրահատուկ նշանակություն ունի: Ինչու՞:

-Իրականում ես ծնվել եմ Կատալոնիայում, մեծացել այնտեղ: Կատալոնիան իմ տունն է եւ այն վայրը, որտեղ ես ինձ լավ եմ զգում: Հաճախ եմ այցելում: Ինչպես բոլոր կատալոնացիները, ես էլ եմ աջակցում “Բարսելոնա” ակումբին: Չնայած, անկեղծ ասած, այնքան էլ ֆուտբոլասեր չեմ (ժպտում է):



- Ինչպե՞ս է ազատ ժամանակն անցկացնում Մարտեն Ֆուրկադը:

- Իհարկե, ես սպորտն ամեն ինչից շատ եմ սիրում: Սպորտով եմ լցնում առօրյաս: Բայց երբեմն պետք է նաեւ հանգստանալ, ինչն էլ անում եմ, երբ նման հնարավորություն է ստեղծվում:

- Ամենանվիրական մարզական նպատակը:

- Սպորտային կարեւորագույն նպատակս, իհարկե, օլիմպիական չեմպիոն հռչակվելն է: Ամեն ինչ կանեմ Սոչիում դրան հասնելու համար: Նաեւ ցանկանում եմ պահպանել անձնական երջանկությունս:

-Մարտեն, ի՞նչ գիտես Հայաստանի ու հայկական սպորտի մասին:
 
- Գիտեմ, որ Հայաստանը հիանալի բնություն ունեցող երկիր է: Այնտեղ շատ լեռներ կան: Գիտեմ նաեւ, որ Հայաստանում շատ տարածված է ըմբշամարտ մարզաձեւը:



- Հաջորդ ամենակարեւոր պահը Մարտեն Ֆուրկադի համար…

- Բնականաբար, ձմեռային օլիմպիական խաղերը Սոչիում (ժպտում է):

- Հաջողություն ենք մաղթում քեզ Սոչիի օլիմպիական խաղերում: Փայլուն ելույթ ունեցիր եւ նվաճիր բաղձալի ոսկե մեդալը:

- Շնորհակալ եմ: Ես Սոչիում ձեր աջակցության կարիքն իսկապես ունեմ: Հուսամ, այնտեղ կլինեք եւ կաջակցեք ինձ: Շնորհակալ եմ հարցազրույցի համար: Նաեւ հույս ունեմ, որ Հայաստանում բիաթլոնի նկատմամբ հետաքրքրությունը գնալով կաճի:

Մարտեն Ֆուրկադի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին