Ապրիլ 29, 2024
exclusive
18385 դիտում

Էդմոն Թարվերդյան. Բռնցքամարտը տրամադրության ու մտքի մարզաձեւ է

Էդմոն Թարվերդյանը
Էդմոն Թարվերդյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Գլենդել ֆայթինք քլաբի» ղեկավար ու մարզիչ Էդմոն Թարվերդյանն ապրիլին իր թիմով ժամանալ էր Հայաստան` հարգելու Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Նրա հետ առաջին անգամ մեր երկիր էր այցելել նաեւ Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե ու Աշխարհի արծաթե մեդալակիր, UFC-ի վարկածով Աշխարհի չեմպիոն Ռոնդա Ռոուզին:

Mediamax Sport-ը Թարվերդյանի հետ զրույցում պարզել է այցելության մանրամասները, ծանոթացել Ռոուզիի ինքնակենսագրական գրքի շուրջ առաջացած հետաքրքրությանն ու բացահայտել սպորտում հաջողողության հասնելու գաղտնիքները:


-Էդմոն, ինչպե՞ս կարողացաք Ձեր բավական հագեցած ու ծանրաբեռնված գրաֆիկի դեպքում ժամանակ գտնել ու ժամանել Հայաստան՝ Ձեզ հետ բերելով նաեւ աշխարհահռչակ Ռոնդա Ռոուզիին:

-Ես Ռոնդային շատ եմ պատմել Հայաստանի մասին ու վաղուց էի ցանկանում ցույց տալ նրան մեր երկիրը: Ու այնպես ստացվեց, որ որոշեցինք Հայաստանում լինել ապրիլի 24-ին ու մասնակցել Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին: Դրանից լավ ժամանակահատված չէր էլ կարող լինել: Ռոնդան մեծ սիրով տվեց իր համաձայնությունը:

-Հայաստանում մի քանի օր եք եղել ընդամենը, այդ ընթացքում ի՞նչ եք հասցրել անել ու տեսնել:

Էդմոն Թարվերդյանը եւ Ռոնդա Ռոուզին Էդմոն Թարվերդյանը եւ Ռոնդա Ռոուզին

Լուսանկարը` Մեդիամաքս


-Մեր այցելությունը կարճատեւ էր, բայց բավականին հագեցած ծրագիր ենք ունեցել: Նախ բաց մարզում ենք անցկացրել «Դինամոյում», որին ներկա են եղել նաեւ հայ բնցքամարտիկները: Եղել ենք  Ծիծեռնակաբերդում ու հարգել անմեղ զոհերի հիշատակը: Վայելել ենք  նաեւ System of a Down-ի համերգը, տղաներն իմ ընկերներն են, ԱՄՆ-ում նրանց համերգի ժամանակ էլ եմ բեմում եղել: Ես փոքր տարիքից հետեւել եմ նրանց գործունեությանն ու ուրախ եմ, որ հիմա շատ ջերմ հարաբերություններ ենք պահպանում: Ցավոք, Հայաստանում երկար մնալ չստացվեց, որովհետեւ ԱՄՆ-ում Ռոնդան ինքնակենսագրական գրքի շնորհանդես պետք է կատարեր, որի համաշխարհային շրջագայության մեկնարկը ապրիլի 26-ին է տրվել: Ես էլ բավականին աշխատանք ունեի կատարելու, քանի որ բազմաթիվ սաներ ունեմ ու նրանց առաջիկա մենամարտերին է պետք պատրաստել: Մյուս այցելության ժամանակ անպայման երկար կմնամ հայրենիքում:

-Հետաքրքիր է իմանալ, թե գիրքն ինչպիսի՞ հետաքրքրություն է առաջացրել ԱՄՆ-ում:

- ԱՄՆ-ում «Իմ պայքարը, քո պայքարը» ամենավաճառվող գրքերի թվում է, ամբողջ աշխարհում են գրքին անհամբերությամբ սպասում: Շատ լեզուներով են ցանկություն հայտնել այն թարգմանել: Հույս ունեմ, որ Հայաստանում էլ գիրքը հասանելի կլինի ընթերցողների համար: 

-Դուք արդեն երկար տարիներ է ապրում ու աշխատում եք ԱՄՆ-ում ու շատ հայտնի մարզիկներ եք պատրաստել: Ձեր ակումբը շատ հայտնի է, կպատմե՞ք նրա մասին:

-Մեր ակումբում՝ «Գլենդել ֆայթինք քլաբում», շատ հայտնի մարզիկներ կան, Վիկ Դարչինյանն էլ երբ ԱՄՆ-ում մենամարտ է անցկացնում, մեզ մոտ է պատրաստվում: Լավ հեռանկարային մարզիկներ շատ ունենք: Ռոնդայի հետ էլ ակումբի շնորհիվ ենք ծանոթացել: Նա հաճախ էր գալիս մեզ մոտ ու ցանկանում մարզվել իմ գլխավորությամբ: Ռոնդան իր համառության շնորհիվ կարողացավ համոզել ինձ աշխատել իր հետ:

-Ցուցադրական մարզման ժամանակ Դուք նաեւ հայ բռնցքամարտիներին հետեւելու հնարավորություն ենք ունեցել: Ի՞նչ կասեք նրանց մասին: 

- Հայ բռնցքամարտիկները տաղանդավոր են, մեծ պոտենցիալ ունեն, սակայն պետք է նաեւ հոգեբանորեն լավ պատրաստված լինեն: Բռնցքամարտը տրամադրության ու մտքի մարզաձեւ է, եթե չկարողանաս քեզ տրամադրել՝ հաղթանակ ու արդյունք էլ չի լինի: Պետք է անպայման նպատակ դնել՝ պայքարել քեզ համար, հեղինակությանդ ու երկրիդ համար, ձգտումը շատ կարեւոր է սպորտում: Ամեն ինչ չէ, որ գումարն է որոշում, ինքդ կարող ես քեզ համար հեռանկարներ ստեղծել:

Լուսանկարը` անձնական արխիվից


-Ռոնդային այսօր հետեւում ու սիրում են ողջ աշխարհում, նա կարողացել է իսկական սպորտային հեղինակություն դառնալ: Ո՞րն է նրա հաջության գրավականը:

-Ռոնդան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է, այդ նվաճման համար նա ընդամենը 10 հազար դոլար պարգեւ է ստացել: Բայց նա ոչնչից չի կոտրվել, միաժամանակ 4 աշխատանք է կատարել, անգամ մատուցող է եղել  ու մարզվել մեր ակումբում: Բայց այսօր Ռոնդան արդեն հսկայական գումարներ է վաստակում, աշխարհում ոչ մի մարզուհի նրա պես եկամուտ չի ստանում: Ամեն մարտի համար 1 մլն դոլար է վաստակում, նա նման արդյունքների է հասել, որովհետեւ աշխատասեր է, չի բավարարվել նախկին նվաճումներով կամ էլ հիասթափվել դժվարություններից: Նրան հաջողվել է սպորտում իր խոսքն ասել: Հայ մարզիկներն էլ պետք է ամեն ինչ մի կողմում թողնեն ու ավելիին ձգեն, աշխատեն ու չմտածեն ֆինասական խնդիրների մասին, ռինգում պետք է առավելագույնն անեն ու իրենց ուզածին հասնեն:

-Իսկ հասցնո՞ւմ եք հետեւել հայ մարզիկների ելույթներին:

-Ես մտերիմ եմ Յուրա Մովսիսյանի հետ, երբ նա ԱՄՆ-ում է լինում, միշտ այցելում է մեր ակումբ, հետեւում մարզումներին: Միշտ դիտում եմ Յուրայի ու Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ խաղերն ու մեր ընտրանու ելույթները: Փորձում եմ տեղյակ լինել նաեւ բռնցքամարտիկների ու քիք-բռնցքամարտիկների արդյունքներին:

Էդմոն Թարվերդյանի հետ զրուցել է Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին