Մայիս 18, 2024
exclusive
7292 դիտում

Գրետա Չիկոլարի. Ես մարզիկ եմ եւ ցանկանում եմ հաղթել` մնացածն էական չէ

Գրետա Չիկոլարին
Գրետա Չիկոլարին

Լուսանկարը` Անձնական արխիվից


Մեդիամաքս Սպորտ-ը շարունակում է ներկայացնել «Շաբաթվա գեղեցկուհին» շարքը:

Գրետա Չիկոլարին իտալական լողափնյա վոլեյբոլի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկն է: Նա իր արդեն նախկին խաղընկեր Մարտա Մենեգատտիի հետ ներկայացրել է Իտալիան Լոնդոնի օլիմպիական խաղերում` հասնելով մինչեւ քառորդ եզրափակիչ:

Այսօր Մարթան եւ Գրետան այլեւս միասին հանդես չեն գալիս: Դրա պատճառների, Իտալիայի լողափնյա վոլեյբոլի ֆեդերացիայի հետ դատական քաշքշուկի եւ մարզական պլանների մասին զրուցել ենք Գրետա Չիկոլարիի հետ:

-Գրետա, վերջերս որակազրկվեցիր Իտալիայի վոլեյբոլի ֆեդերացիայի կողմից: Ո՞րն է պատճառը:

-Մենք մի նախագծի շրջանակում իմ նախկին գործընկերոջ հետ պայմանագիր ունեինք, որը պետք է շարունակվեր մինչեւ Ռիոյի 2016 թվականի օլիմպիական խաղերը: Սակայն իմ նախկին մարզիչը որոշեց ցրել թիմը ինչ որ անձնական նկատառումներից ելնելով: Ֆեդերացիան չկարողացավ աջակցել կամ հարգել ձեռք բերված համաձայնությունը, պայմանագրի պահանջները եւ որոշեց չեղյալ համարել նախագիծը: Պայմանագրի այս անօրինական խզումից հետո նրանք կեղծ մեղադրանքներ ներկայացրին իմ դեմ: Այժմ ես բողոքարկում եմ նրանց որոշումը սպորտային արդարատության համակարգի բոլոր ատյաններում, ինչպես նաեւ քաղաքացիական դատարանում:



-Ովքե՞ր են աջակցում քեզ արդարարության վերականգնման համար քո պայքարում: 

-Դժբախտաբար, ժամանակ է հարկավոր արդարությունը վերականգնելու համար: Չնայած այն հանգամանքին, որ ֆեդերացիայում որոշ մարդիկ արգելեցին ինձ վոլեյբոլով զբաղվել, բայց ես շարունակում եմ մարզվել եւ ներկայանալ թե իտալացի եւ թե միջազգային մարզասեր հանրությանը:

Գիտեմ, որ ճշմարտությունը ջրի երես դուրս կգա, բայց այժմ փորձում եմ կենտրոնանալ կարեւորի վրա: Բարելավում եմ խաղս, եւ ցանկանում եմ լիովին պատրաստ լինել, երբ գա վերադառնալուս ժամանակը: Իմ աջակիցները հիանալի մարդիկ են: Ես օրական տասնյակ աջակցող նամակներ եմ ստանում: Աջակիցներս անգամ ստորագրահավաք էին նախաձեռնել` Իտալիայի լոլափնյա վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ Կարլո Մագրիին կոչ անելով դադարեցնել իմ դեմ հետապնդումը:
 
-Գրետա, քեզ համարում են իտալական լողափնյա վոլեյբոլի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը: Ո՞րն ես համարում մարզական կարիերայիդ բարձրակետը:

-Իհարկե, Օլիմպիական խաղերը ցանկացած մարզիկի համար հիանալի փորձ են: Իմ դեպքում էլ բացառություն չէր: Ես հաճույք եմ ստացել Լոնդոնի Օլիմպիական խաղերից եւ երազում եմ Ռիոյի խաղերի մասին: Հույս ունեմ, որ Իտալիայի ֆեդերացիայի ղեկավարությունը խելամիտ կգտնվի եւ կդադարեցնի իմ դեմ պատերազմը: Ես սիրում եմ իմ երկիրը, եւ հույս ունեմ, որ նրանք ինձ թույլ կտան որակավորում ձեռք բերել ու մասնակցել Ռիոյի Օլիմպիադային:

-Ինչպիսի՞ն են նախկին խաղընկերոջդ` Մարտա Մենեգատտիի հետ հարաբերությունները, եւ ինչու՞ որոշեցիք փոխել ձեր խաղընկերներին:



-Բաժանման պահից մինչ օրս Մարթան ինձ հետ չի խոսել: Մի անգամ ուղղակի էլ. փոստիս նամակ ուղարկեց, ասելով, որ դա իր կայացրած որոշումը չէր, եւ որ ինքը շարունակելու է կարիերան այլ խաղացողի հետ: Նա գիտի, թե ինչեր եմ ես արել իր համար, բայց դրա դիմաց ոչինչ չեմ ակնկալում: Նա ինձ համար անցյալ է, հիմա ես փորձում եմ սեփական ուժերով առաջ գնալ:

-Կյանքում լինում են պահեր, երբ հոգնում ես այն ամենից, ինչ մի ժամանակ սիրել ես անել: Քեզ հետ այդպես հաճա՞խ է պատահում:

-Իհարկե, դա կարող է պատահել բոլորիս հետ: Օրինակ, Օլիմպիական խաղերից հետո անհրաժեշտ է դադար վերցնել: Բայց հետո կիրքը նորից վերադառնում է, եւ դու սկսում ես ավելի ու ավելի շատ մարզվել` նոր բարձրունքներ նվաճելու համար: 

Դժվար պահերին վերադառնում եմ արմատներիս: Ընտանիքս ինձ ուժ տվող ամենամեծ բանն է, եւ ամեն օր ես շնորհակալություն եմ հայտնում Աստծուն, որ նրանք իմ կողքին են: 2009-ին, երբ փոխեցի սպորտաձեւս` վոլեյբոլի Ա սերիայից տեղափոխվելով լողափնյա վոլեյբոլ, մարմնիս մի դաջվածք արեցի`«Կամքն ուժ է», եւ այս խոսքերն ինձ առաջնորդում են կարիերայիս եւ առհասարակ` կյանքիս ընթացքում:

-Գրետա, սնահավա՞տ մարդ ես, արդյո՞ք խաղից առաջ ոգեշնչման հատուկ մեթոդների դիմում ես: 

-Որպես այդպիսին` ոչ: Ես խաղի ժամանակ իսկապես կենտրոնանում եմ: Ավազի վրա ոտք դնելուն պես տալիս եմ ունեցածս ողջ էներգիան: Օրվա ավարտին գնում եմ եւ ինչ որ զովացուցիչ բան խմում մարզչիս, գործընկերներիս, բոյֆրենդիս կամ ընտանիքիս  անդամների հետ: Փորձում եմ այնպես հանգստանալ, որ հետո ասեմ` այսօր ես լիարժեք ապրեցի:



-Գրետա Չիկոլարին`

-Ես անկեղծ եւ դրական աղջիկ եմ, ով ապրում է եւ փորձում իրականացնել իր երազանքները:

-Երբեւէ ստացածդ ամենակարեւոր խորհուրդը:

-Հայրս հաճախ էր ինձ հիշեցնում իտալական հայտնի ասացվածքը. «Ավելի լավ է ուտել հաց եւ սոխ, քան լինել շանտաժի առարկա»: 

-Հայաստանի` որպես սպորտային երկրի մասին ի՞նչ գիտես:

-Շատ քիչ բան գիտեմ, չնայած այն հանգամանքին, որ հետաքրքրվում եմ միջագզային սպորտային լուրերով:

-Միջազգային արենայում շատ են այն մարզուհիներն, ովքեր փորձում են հայտնի դառնալ` տարբեր ֆոտոշարքերում մարմնի գեղեցկությունն ընդգծելու շնորհիվ: Ինչպե՞ս ես վերաբերվում գեղեցկության գործոնն առաջ քաշող մարզիկներին:
 


-Զվարճալի է լսել այս հարցը, քանի որ վերեւում խոսում էի իմ «ծանոթներից» մեկի մասին, ով ձգտում է ֆոտոշարքերի ու նման բաների միջոցով հասնել հաջողության, բայց դրանք արդյունքներ չեն: Ես մարզիկ եմ եւ ցանկանում  եմ հաղթել, մնացածն էական չէ:

-Այնուամենայնիվ, գեղեցիկ լինելու մի քանի խորհուրդ կարո՞ղ ես տալ մեր կին ընթերցողներին:

-Առողջ սնունդը առաջին կարեւոր խորհուրդն է, իսկ երկրորդն ինձ համար առավել կարեւոր է` մարզվել ամեն օր, շարժել մարմինը եւ ապրել սպորտով:

-Ինչպես նշեցիր, հիմա ամառն ես վայելում: Արդեն պլանավորե՞լ ես տարվա երկրորդ կեսի անելիքներդ:

-Ես կարող եմ սպորտ վերադառնալ ցանկացած պահի, այնպես որ այժմ վայելում եմ ամառը եւ փորձում մնալ լավագույն մարզավիճակում:

-Գրետա, շնորհավորում ենք: Մեդիամաքս Սպորտ-ի կողմից դու ճանաչվել ես այս շաբաթվա գեղեցկուհի:

-Հիանալի է: Ուրախ եմ, որ կապ հաստատեցիք ինձ հետ: Ինչու ոչ` կցանկանայի մի օր վոլեյբոլ խաղալ Հայաստանում: Կարծում եմ` այդտեղ բավականաչափ վայրեր կան, որոնք անհրաժեշտ է տեսնել: 

Գրետա Չիկոլարիի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին