Ապրիլ 26, 2024
5921 դիտում

Հերթական ֆուտբոլային «Արարատը». Ռուսաստանի նոր ակումբը


Լուսանկարը` Արարատ ակումբի vk.com-ի էջից

Լուսանկարը` Արարատ ակումբի vk.com-ի էջից

Լուսանկարը` sports.ru


Այս տարվանից Ռուաստանում իր ելույթներն է սկսելու Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբը: Այն այս տարվա մարտին է հիմնադրվել, նախագահը Վալերի Հովհաննիսյանն է, որը 2015-ին գնել էր Երեւանի «Ուլիս» ֆուտբոլային ակումբը:

Այսօր կայացած Երեւան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ նորաստեղծ ակումբի մասին խոսել են փոխնախագահ Անդրանիկ Քերոբյանը, թիմի գլխավոր մարզիչ Սերգեյ Բույանովը եւ ֆուտբոլիստ Արտակ Ալեքսանյանը։

Անդրանիկ Քերոբյան

Ակումբ բացելու գաղափարը Հովհաննիսյանը դեռ 2011 թվականից է ունեցել, սակայն այս տարի է այն կյանքի կոչել: Մեր գլխավոր նպատակն առաջին փորձից Ռուսաստանի առաջին դիվիզիոնում հանդես գալն է լինելու: Ակումբը փորձելու է համախմբել բոլոր հայերին:

«Արարատը» մի քանի տարվա բյուջե ու ռազմավարություն ունի: Սա երկարատեւ նախագիծ է, այդ պատճառով էլ մտահոգվելու առիթ չունենք: Ակումբը կունենա բաժնետոմսեր, այդ մասին կտեղեկացնենք մեր պաշտոնական կայքում, ու բոլոր ցանկացողները կկարողանան դրանք ձեռք բերել:

Սերգեյ Բույանով

Մենք նոր թիմ ենք ստեղծել ու փորձելու ենք այն հնարավորինս ճանաչելի դարձնել, որպեսզի երկրպագուներն էլ գան մեզ աջակցելու:

Հենց առաջին խաղից ձգտելու ենք հաղթել ու շարունակել վստահ հանդես գալ: Իհարկե, լավ կլինի, որ ակումբում հայեր խաղան, բայց այն բոլոր ֆուտբոլիստները, ովքեր կհամապատասխանեն մեր պահանջներին ու ֆինանսական հնարավորություններին, կմիանան մեզ:

Այս պահին «Արարատը» համաձայնություն ունի Ռոման Պավլյուչենկոյի ու Մարատ Իզմայլովի հետ: Մեզ համար շատ կարեւոր է, որ խաղացողները մոտիվացիա ունենան, միայն այդ դեպքում կկարողանանք միասնական ջանքերով արդյունքի հասնել:

Մինչ առաջնության մեկնարկը մեկ ամիս կա, 2 օրից կմենկնենք Ավստրիա ուսումնամարզական հավաքի, այնտեղ 3 ստուգողական հանդիպում կունենանք: Հուլիսի 7-ին կվերադառնանք ու կշարունակենք պատրաստվել մրցաշրջանին:

Ուզում ենք, որ «Արարատը» հայերի համար էլ ազգային բրենդ դառնա, որպեսզի նրանք երկրպագեն ու ցավեն մեզ համար:

Արտակ Ալեքսանյան

Ակումբի նախագահի հետ վաղուց եմ ծանոթ, եւ երբ ինձ առաջկեցին միանալ թիմին, մեծ սիրով համաձայնեցի:  Հայերի համար միշտ էլ առանձնահատուկ նշանակություն ունի, երբ կրծքին «Արարատի» գերբն է լինում:

Լավ թիմ է ստեղծվել, հիանալի կոլեկտիվ է հավաքվել, ես էլ կանեմ ամենը՝ օգտակար լինելու համար:  Արդեն միասին 10-օրյա հավաք ենք անցկացրել, իրար ավելի լավ ճանաչել: Տղաներից շատերի հետ տարբեր ակումբներում արդեն խաղացել եմ: Առաջիկա հավաքը կօգնի էլ ավելի մտերմանալ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին