Ապրիլ 26, 2024
5709 դիտում

Մոնտենեգրոն վրեժխնդիր եղավ երեւանյան պարտության համար. 4:1


Լուսանկարը` Pan Photo

Լուսանկարը` Pan Photo

Լուսանկարը` Fifa.com


Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Մոնտենեգրոյի դեմ հանդիպման մեկնարկը սառը ցնցուղի պես էր Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի համար:

Առաջին գրոհը, ու գնդակն արդեն իսկ 1-ին րոպեին հայտնվեց Արսեն Բեգլարյանի դարպասում: Հաշիվը աջ եզրով անցումից հետո բացեց Ֆատոս Բեչիրայը:

 

Կադրում անմիջապես երեւաց հավաքականի ղեկին առաջին արտագնա հանդիպումն անցկացնող Արթուր Պետրոսյանը, նա փորձեց հանգստացնել տղաներին ու տրամադրել հանդիպման անսպասելի մենարկին:

 

Նրանք նետվեցին առաջ, մեծացրին ճնշումն ու մի քանի վտանգավոր հարվածներ կատարեցին, հատկապես սուր էին Մարկոս Պիզելիի հեռահար կրակոցները, սակայն մրցակցի դարպասն անառիկ էր մնում:

 

Փոխարենը տանտերեր շարունակցին օգտվել հայերի պաշտպանության ճեղքերից, հերթական գրոհներից մեկը կարող էր գոլով ավարտվել, սակայն տուգանայինում արագ կողմնորոշվեց Կամո Հովհաննիսյանը:

 

Լուսանկարը` Pan Photo

 

Ինչպես եւ երեւանյան խաղում, Ստեվան Յովետիչը կրկին խփեց իր թիմի 2-րդ գնդակը, այս անգամ 28-րդ րոպեին`2:0:

 

Գնալով Մոնտենեգրոյի գրոհներն ավելի վտանգավոր դարձան, առաջին կեսի վերջնամասում էլ դարպասաձողը փրկեց Հայաստանի հավաքականին:

 

Չստացված 45 րոպեներից հետո հանդիպումը տեղափոխվեց 2-րդ խաղակես, ու կրկին Հայաստանի հավաքականն այդքան էլ լավ ու հուսադրող տեսք չուներ: Հենրիխ Մխիթարյանը պաշտպանների հուսալի հսկողության տակ էր, նա այդպես էլ լրջորեն չկարողացավ մտնել խաղի մեջ, հարձակման գիծը բավական թույլ էր, Մոնտենեգրոյի, գրեթե, ամեն հարված էլ գոլով էր ավարտվում:

 

Նախ տուգանային հրապարակից անհաջող դուրս եկած Արսեն Բեգլարյանը չկարողացավ խլել գնդակն, ու դատարկ դարպասը պաշտպանեց փոխարինման մտած Արտակ Եդիգարյանը: Րոպեներ անց էլ Յովետիչն արդեն դուբլ էր ձեւակերպել ու իր թիմին 3:0 հաշվով առաջ մղել: 4-րդ գոլն էլ նա իր հաշվին գրանցեց՝ այն էլ շրջադարձ գեղեցիկ հարվածով:

 

Հայերն այդպես էլ չկարողացան հակախաղ գտնել, հյուրերի միակ գնդակը 89-րդ րոպեին խփեց Ռուսլան Կորյանը: Սա ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի 4-րդ պարտությունն էր:

 

E խմբի մյուս խաղում Ռոբերտ Լեւանդովսկու հեթ-տրիկի շնորհիվ Լեհաստանը 3:1 հաշվով հաղթեց Ռումինիային ու 16 միավորով ամրապնդվեց առաջին տեղում: Դանիան ու Մոնտենեգրոն 10 միավոր ունեն, իսկ Հայաստանն ու Ռումինիան`6:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին