Ապրիլ 27, 2024
exclusive
10366 դիտում

«Մեկ ազգ, մեկ «Արսենալ». Հայերի նոր սիրելի ակումբը


Լուսանկարը` https://www.riddle.com

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` standard.co.uk

Լուսանկարը` arsenal.com



Երբ 2016-ի ամռանը Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդից տեղափոխվեց Անգլիա «կարմիր սատանաների» մոլեռանդ երկրպագուների բանակին ավելացրեց նաեւ հայկական լեգիոնը: Դե, հայերն այդպիսինն են՝ միշտ ու ցանկացած ակումբում աջակցում են իրենց ֆուտբոլիստին:

Հիմա էլ նմանատիպ արտագաղթ է սպասվում, զարմանալի ոչինչ չի լինի, եթե մի քանի օրում լոնդոնյան թիմի սոցիալական ցանցերի էջերում մեծ հայկական համալրում նկատվի:

Մի քանի օր Մխիթարյանի տեղափոխության պատճառով անհամբեր սպասումներից հետո վերջապես կնքվեց պայմանագիրը, արդեն կարող ենք ի մի բերել բոլոր մտքերն ու գնահատել Անգլիայի Պրեմիեր Լիագայի ամենասպասված տեղափոխությունը՝ Մանչեսթերից-Լոնդոն:

Հայության արձագանքը

Պարզվում է անհանգիստ ու անհամբեր էինք ոչ միայն մենք՝ լրատվամիջոցներս: Սոցիալական բոլոր հնարավոր ցանցերում հայ երկրպագուները կիսվել են իրենց մտահոգություններով, յուրահատուկ ու զվարճալի կարծիքներով:


«Այսօր ամենամեծ արտագաղթի օրն է, 7 միլիոն վիրտուալ հայեր ու մեկ Մխիթարյան լքեցին Մանչեսթերը, կամ էլ լոնդոնահայերի պահպանման օրենքից բխում է, որ Լոնդոնից էլ ինչ-որ հայ գալու է Հայաստան»,- այսպես է գրել մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը՝ ակնարկելով նաեւ նախագահի նոր թեկնածուին:

Մենք, փաստորեն, աստիճանաբար ազատվում ենք սատանաների կարգավիճակից՝ չհաշված մանկունիացիների մոլեռանդ երկրպագուներին. «Մեկ ազգ, մեկ «Արսենալ», «Պատերազմող երկիր ենք, մեզ զինագործներ են պետք» կարգախոսներն առավել քան դիպուկ էին բնութագրում մեր երկրի ռազմավարությունը:

Լուսանկարը` Facebook


«Ամեն ինչ մի կողմ՝ Հենոն գնաց, մարզաշապիկը կփոխենք, ՄՅՈւ-ի էջը դիսլայք կանենք, բա տղայիս օրագիրն ի՞նչ անենք»,- հումորով գրել է ֆուտբոլասեր անհանգիստ մայրիկներից մեկը:

Չմոռանանք նաեւ մարզաշապիկների մասին, դրանք ձեռք բերելու համար երկրպագուները մեծ գումարներ են ծախսում, հիմա՝ այն էլ թանկացումների շեմին, պետք է կրկին բացել դրամապանակները: «Զլատանի` ՊՍԺ-ի խաղաշապիկը գնեցի, գնաց «Մանչեսթեր Յունայթեդ»: Մխիթարյանի «Բորուսիայի» խաղաշապիկը գնեցի՝ տեղափոխվեց ՄՅՈւ: Կոուտինյոյի «Լիվերպուլի» խաղաշապիկը՝ հիմա «Բարսելոնայում» է: Ժողովուրդ,  կարո՞ղ է Բենզեմայի խաղաշապիկն էլ առնեմ»,- սա էլ մարզաշապիկների թեմայով գրառում:

Տրանսֆերային պատուհանի օրհներգը դարձավ Գրիգորի Լեպսի ու Տիմատիի «Ես կմեկնեմ Լոնդոն» երգը:

Լուսանկարը` Facebook


Թեեւ ՄՅՈւ-ից հեռանալ Մխիթարյանը միանշանակ չէր ուզում, բայց արդյունքում այդքան էլ վատ թիմում չհայտնվեց: Մանավանդ 2009-ին 20 տարեկանում ինքն էր խոստովանել, որ իր ամենասիրած ակումբն «Արսենալն» է: «Ինձ դուր է գալիս նրանց հարձակողական խաղը եւ արագությունը: Արսեն Վենգերը վստահում է երիտասարդներին եւ լավ արդյունքներ գրանցում: Հույս ունեմ մի օր խաղալ «Արսենալում»,- ասել էր նա:

Մեր նոր ակումբի ուշագրավ էջերից

Քանի որ մենք՝ «Արսենալի» արդեն մոլի երկրպագուներս, շատ բան չգիտենք թիմի մասին, առաջարկում ենք մի քանի հետաքրքիր փաստերի հետ ծանոթանալ:

***

«Ես եմ Արսենալը», սակայն ոչ ես ու ոչ էլ դուք, այլ առաջին հերթին Արսեն Վենգերը: 22 տարի մեկ թիմում, երբեմն կարող է թվալ, որ հենց նրա պատվին է կոչվել ակումբը:

ՄՅՈւ-ից Ալեքս Ֆերգյուսոնի հեռանալուց հետո նա երեւի միակ մարզիչն է, որ իր արմատներով, էությամբ ու ոգով կապված է մի ակումբի: Մարզիչների միգրացիոն այս դարաշրջանում, երբ գումարներն են որոշում ամեն ինչ, ֆրանսիացին հենց Լոնդոնում է իրեն տանը զգում:

Այս ակումբում հարգում են հավատարմությունն ու նվիրվածությունը: «Ես սիրում եմ «Արսենալը», այնքան եմ սովորել նրա մի մասը լինել: «Արսենալում» մենք նոր աշխարհ ենք ստեղծում: Ես եմ կառուցել այս թիմը, ցանկանում եմ նրա հետ հաջողության հասնել»,- 2017-ին թիմի հետ պայմանագիրը երկարացնելուց հետո ասել էր Վենգերը:

Լուսանկարը` standard.co.uk


***

Վերջին շրջանում ակումբը կարողացել է էականորեն բարելավել իր ֆինանսական ձեռքբերումները: 2016-ի համեմատ եկամուտը ավելացել է 70 մլն ֆունտ ստերլինգով ու կազմել 422,8 մլն: Այդ ցուցանիշը ռեկորդային է «Արսենալի» համար:

 

Երեկ էլ ակումբը 2016-2017 մրցաշրջանի արդյունքում է ընդգրկվել ամենաշատ եկամուտ ունեցող ֆուտբոլային գրանդների ցանկում՝ 486,2 մլն եվրոյով:

 

***

«Արսենալի» երկրպագուների թվում հիշատակվում են Չարլի Չապլինը, Եղիսաբեթ 2-րդը, Ուսամա բեն Լադենը, Ֆիդել Կաստրոն, Պաֆֆ Դեդդին: Ինչ խոսք, լավ կազմ է՝ դերասան, թագուհի, ահաբեկիչ, նախագահ-հեղափոխական եւ ռեփեր:

***

Այն առաջին ակումբն է եղել, որի խաղը ցույց են տվել հեռուստատեսությամբ: Պատահել է դա 1927 թվականին: Այդ հիմա են ակումբները հեռարձակման շնորհիվ միլիոններ վաստակում, իսկ այն ժամանակ հեռուստատեսությունը ոչ բոլորին էր հասանելի:

Լուսանկարը` arsenal.com


***

Հենց «Արսենալն» է, որ 20-րդ դարի Անգլիայի լավագույն ակումբ է ճանաչվել, այն բոլոր թիմերից շատ է Բարձրագույն Լիգայում հանդիպումներ անցկացրել: Վերջին անգամ թիմն Առաջին Լիգայում հանդես է եկել համարյա 100 տարի առաջ՝ 1919-ին:

***

2-րդ համաշխարհայինի տարիներին զինագործների ստադիոնն օգտագործվել է որպես ռազմաբազա՝ հակառակորդի օդային հարձակումը կանխելու նպատակով: «Արսենալը» 1886 թվականին Լոնդոնում հիմնադրել են «Արքայական Արսենալ» հրետանային գործարանի աշխատողները, այդ պատճառով էլ ակումբը ստացել է զինագործներ անվանումը: «Արսենալի» զինանշանի վրա պատկերված է թնդանոթ:

***

2018-ի հունվարից այնտեղ է հանդես գալու հայազգի առաջին ֆուտբոլիստը: Հնարավոր է թիմի կազմում նորամուտը նշի վաղը «Էմիրեյթսում» Անգլիայի Լիգայի գավաթում: Մրցակիցը «Չելսին» է, թիմերի առաջին հանդիպումը 0:0 հաշվով է ավարտվել:
 
Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին