Ապրիլ 27, 2024
exclusive
9588 դիտում

Եգիպտոսի հույսը. Նագրիգից դեպի եվրոպական մեծ ֆուտբոլ


Լուսանկարը` dailymail.co.uk

Լուսանկարը` dailymail.co.uk

Լուսանկարը` dailymail.co.uk

Լուսանկարը` dailymail.co.uk

Լուսանկարը` Sky Sports

Լուսանկարը` dailymail.co.uk

Լուսանկարը` dailymail.co.uk

Լուսանկարը` dailymail.co.uk

Լուսանկարը` Twitter

Լուսանկարը` The Sun


Մոհամեդ Սալահ: Ֆուտբոլիստ, ով կարճ ժամանակում կարողացավ դառնալ ողջ Եգիպտոսի հույսը:

Չնայած նա գրավել է Եվրոպան, դարձել թոփ-մակարդակի ֆուտբոլիստ, սակայն շարունակում է վարել նույն համեստ կյանքը, ինչ ուներ տարիներ առաջ:

Mediamax Sport-ի այս անգամվա հերոսը Եգիպտոսի հավաքականի ու անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահն է:

14-ամյա տղայի երազանքը

Լուսանկարը` dailymail.co.uk


Եգիպտոսի Նագրիգ գյուղում ծնված տղան խոստովանել, որ չի էլ հիշում, երբ է սիրահարվել ֆուտբոլին. «Գաղափար չունեմ, թե ինչով կզբաղվեի, եթե չդառնայի ֆուտբոլիստ, որովհետեւ ինձ ինչ հիշում եմ՝ ապրում եմ ֆուտբոլով»:

Սալահն ամբողջ օրն ընկերների հետ խաղում էր ու փորձում նմանակել իր կուռքերին՝ Ռոնալդոյին, Զիդանին ու Տոտտին, որոնց խաղն, ըստ նրա, կարծես կախարդական լիներ:

«Իմ ընկերներից մեկը, ում հետ մինչ այսօր էլ շատ մտերիմ ենք, մի անգամ ասաց, որ ես մեծ ֆուտբոլիստ եմ դառնալու: Երբ 14 տարեկանում մանկապատանեկան ֆուտբոլային խաղերից մեկից հետո մեր տուն եկան Arab Contractors թիմից ու հրավիրեցին իրենց մոտ խաղալու, իմ ուրախությանը չափ չկար»:

Լուսանկարը` dailymail.co.uk


Մոհամեդը ստիպված էր տարբեր ավտոբուսներ փոխելով իրենց գյուղից մինչեւ Կահիրե հասնել մի քանի ժամում: Շուրջ չորս տարի նա առավոտյան 9-ին դուրս էր գալիս եւ միայն երեկոյան 11-ին հասնում տուն: 

«Իսկապես, դժվար ժամանակներ էին ինձ համար, բայց ես երիտասարդ էի ու ցանկանում էի ֆուտբոլիստ դառնալ: Ճիշտ հասկացեք, այնպես չէ, որ երազում էի յուրահատուկ մեկը լինել, պարզապես ուզում էի հայտնի դառնալ ֆուտբոլային աշխարհում:  Ես 14-ամյա տղա էի եւ երազանքից բացի ոչինչ չունեի»:

Նագրիգից դեպի Եվրոպա

Արդեն 19 տարեկանում նա հրավեր է ստանում Եգիպտոսի ազգային հավաքականից: Իսկ 2012-ին Աֆրիկայի գավաթին պատրաստվելու ժամանակ «Բազելի» դեմ խաղում Սալահը դառնում է դուբլի հեղինակ, ու շվեյցարացիները մի քանի օր անց նրան հրավիրում են Եվրոպա:

«Ես եգիպտացի եմ ու իմ երկրի սահմաններից դուրս չէի ապրել, իմ ամեն ինչն այնտեղ էր: Ոչինչ չգիտեի Շվեյցարիայի մասին, նույնիսկ ամենատարրական բաներին չէի տիրապետում: Քաղաքում բառարանով էի շրջում, բայց կամաց-կամաց ամեն ինչ տեղն ընկավ»:

Լուսանկարը` dailymail.co.uk


Հաղթահարելով բոլոր դժվարությունները, «Բազելից» հետո տեղափոխվելով «Չելսի», «Ֆիորենտինա», «Ռոմա»՝ Սալահն այսօր արդեն «Լիվերպուլի» շողացող աստղն է: Գրեթե ամեն խաղի նա գոլի ու գոլային փոխանցման հեղինակ է դառնում, օգնում իր թիմին կարեւոր միավորներ վաստակել: Սալահը մեկը մյուսի հետեւից տիրանում է նաեւ անհատական մրցանակների:

Նա երազում էր նմանվել Զիդանին, Ռոնալդոյին կամ Տոտտիին, իսկ այսօր ողջ Եգիպտոսի երեխաները երազում են նմանվել իրեն:

Լուսանկարը` Sky Sports


Օգնություն հարազատ գյուղին ու բոլոր եգիպտացիներին

Սալահի հեղինակությունը Եգիպտոսում աճում է ամեն վայրկյան: Իսկ ահա 2017-ի հոկտեմբերին, երբ նա երկու գնդակ խփեց (վերջինը խաղավարտին) Կոնգոյի դարպասն ու 1990 թվականից հետո առաջին անգամ Եգիպտոսին դուրս բերեց Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ, դարձավ անխտիր բոլորի սիրելին:




Այդ նույն օրը, երբ Սալահը միլիոնավոր մարդկանց հետ Ալեքսանդրիայում տոնում էր պատմական հաղթանակը, նրա հայրական տնից գողություն է կատարվում:  Նա արգելում է հորը դատարան դիմել, իսկ բացահայտված գողին գումար է փոխանցում, որպեսզի վերջինս հաղթահարի ֆինանսական խնդիրները: Նա համոզված է, որ բոլոր մարդիկ շտկվելու հնարավորություն պետք է ունենան:

Լուսանկարը` dailymail.co.uk


Սալահը մերժել է Զամալեքի նախկին ղեկավար Մամդուհ Աբբասի առաջարկը, երբ վերջինս ցանկացել է նրան մեծ առանձնատուն նվիրել: Ֆուտբոլիստն առաջարկել է  իրեն լավություն անելու փոխարեն գումարները փոխանցել Նագրիգի բարեկարգմանը:

Լուսանկարը` dailymail.co.uk


Սալահն, ընդհանրապես, չի մոռացել իր հարազատ գյուղը: Նա շատ է օգտակար լինում Նագրիգին: Վերանորոգել ու գույքով ապահովել է գյուղի սպորտային համալիրը: Ռամադանին մեկնում է Նագրիգ ու նվերներ բաժանում երեխաներին, նրանց հետ ֆուտբոլ ու սեղանի թենիս խաղում: Գյուղացիները խոստովանել են, որ իրենց հարազատ աստղն ապրում է սովորական մարդկանց պես, շարունակում է ընկերություն անել բոլորի հետ, այցելում է դեռ իր մանկության տարիների փոքրիկ սրճարանը, որտեղ ժամանակին ընկերների հետ դիտում էր Չեմպիոնների լիգայի խաղերն ու երազում մի օր հանդես գալ այդ մրցաշարում:

Լուսանկարը` dailymail.co.uk


Սալահը ֆինանսական աջակցություն է ցույց տալիս նաեւ գյուղի երիտասարդ ընտանիքներին, հոգում երեխաների կրթության ու սպորտով զբաղվելու ծախսերը:

Նա Եգիպտոսի ֆուտբոլի Վետերանների ասոցիացիային պարբերաբար խոշոր գումարներ է փոխանցում, որպեսզի լուծվեն նախկին ֆուտբոլիստների ֆինանսական խնդիրները:

Եգիպտոսի հույսը

Լուսանկարը` Twitter


«Ես երբեք չեմ ստում, մեր կրոնը դա թույլ չի տալիս: Սիրում եմ օգնել մարդկանց ու դրա մասին չհայտնել աշխարհին, եթե ինչ-որ լավ բան ես անում, պահիր դա քո մեջ: Այդ ժամանակ իսկապես երջանիկ կլինես: Ես սիրում եմ իմ երկիրը, նրա մարդկանց ու ցանկանում եմ, որ բոլոր եգիպտացիները միասնական լինեն, հաղթահարեն բոլոր դժվարությունները»:

Եգիպտացիները համոզված են, որ այն, ինչ անում է Սալահը, չի արել ոչ մի քաղաքական գործիչ. միավորել է ողջ Միջին Արեւելքը: Եգիպտոսում հաճախ են տեղի ունենում ահաբեկչական գործողություններ, բնակչության մեծ մասը սոցիալական խնդիրներ ունի: Սակայն այն ժամանակ, երբ Մոհամեդ Սալահը «Լիվերպուլի» կազմում խաղադաշտ է դուրս գալիս, միլիոնավոր եգիպտացիներ մոռանում են ամեն ինչ ու ցնծում: Պատահական չէ, որ Նագրիգի բնակիչները խոստովանել են, որ Սալահն առաջին հերթին իրենց հույս է նվիրում:

Լուսանկարը` The Sun


Ինչպես նշել է ֆուտբոլիստի առաջին մարզիչներից մեկը. «Մոհամեդի սերը Եգիպտոսի հանդեպ երեւում է, երբ ամեն անգամ նա երգում է ազգային օրհներգը: Նա կռիվ է տալիս ամեն վայրկյան, րոպե, պայքարում է մինչեւ վերջ: Նա մարտիկ է: Ահա սա է Սալահը: Ահա թե ինչու է նա Եգիպտոսի հերոսը»:

Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին