ԱՄՆ-ում ավարտվեց համաշխահային թենիսի խոշորագույն մրցաշարից մեկը՝ US open-ը, եւ Mediamax Sport-ն ամփոփում է այս չափազանց հետաքրքիր դասավորված պայքարը:
Բացակայող թենիսիստների ազդեցությունը
2017 թվականին Մեծ սաղավարտի գրեթե բոլոր մրցաշարերում բացակայեցին թոփ-10-ը ներկայացնող մի քանի թենիսիստներ: Երկրպագուների համար կորուստներն ամենամեծն էին հատկապես ԱՄՆ-ի բաց առաջնության ժամանակ:
Լուսանկարը` http://www.atpworldtour.com
Վնասվածքի պատճառով չկային Նովակ Ջոկովիչը, Էնդի Մարեյը, Ստանիսլաս Վավրինկան, Միլոշ Ռաոնիչը եւ Կեյ Նիշեկորին: Ինչ խոսք, սա հիանալի հնարավորություն էր երիտասարդների համար, սակայն մնում էր այն օգտագործել:
Համաշխահային թենիսի ասոցիացիան որոշեց չփոխել մրցաշարային ցանցը եւ, գրեթե, բոլոր ուժեղագույները հայտնվեցին մի ուղղությամբ, եւ պայքարի արդյունքում միայն մեկը պետք է դուրս գար եզրափակիչ: Այս հանգամանքն, անշուշտ, ազդեց մրցաշարի դիտարժանության վրա:
Լուսանկարը` si.com
Կանանց մենապայքարում նույնպես ամեն ինչ խառնաշփոթի էր նման: Սերենա Ուիլյամսի հեռանալուց հետո այստեղ անհասկանալի իրավիճակ է: Վերջին շրջանում համաշխահային դասակարգման աղյուսակը գլխավորում էր թենիսիստուհի, ով նույնիսկ մեկ անգամ չէր հաղթել մեծ Սաղավարտի մրցաշարում: Խոսքը Կարոլինա
Պլիշկովայի մասին է, ով պայքարը լքեց քառորդ եզրափակչում:
US open-ի գլխավոր ինտրիգը
Չնայած մի շարք առաջատարների բացակայությանը՝ մրցաշարին հիանալի մարզավիճակով էին մոտեցել համաշխահային թենիսի գործող երկու լեգենդները՝ Ռաֆա Նադալն ու Ռոջեր Ֆեդերերը: Վիճակահանությունից հետ պարզ դարձավ, որ US open-ի ամենահամեղ պատառը սպասվում է կիսաեզրափակչում: Նադալն ու Ֆեդերերն ԱՄՆ-ի բաց առաջնության ժամանակ երբեք չէին հանդիպել միմյանց, եւ բոլորը սպասում էին այդ մրցավեճին:
Սակայն շվեյցարացին քառորդ եզրափակչում պարտվեց արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոյին: Արգենտինացին էլ իր հերթին կիսաեզափակչում զիջեց Նադալին: Այսպիսով մրցաշարը զրկեց մեկ մեծ եւ մեկ փոքր ինտրիգից: Այսքանից հետո դեռ պետք էր պահպանել հետաքրքրությունը:
Լուսանկարը` rasset.ie
21-րդ դարում US open-ի կանանց ամենաթույլ եզրափակիչը
2000 թվականից ի վեր ԱՄՆ-ի բաց առաջնությունում հաղթել էին թենիսիստուհիներ, ովքեր եթե ոչ մենախաղում, ապա զուգախաղում նկատելի արդյունքներ ունեին գրանցած:
Իսկ ահա 2017 թվականի ԱՄՆ-ի բաց առաջնությունում չեմպիոն հռչակված Սլոան Ստիվենսն այդ պահին 83-րդն էր աշխարհում, իսկ եզրափակչի մասնակից Մեդիսոն Քիզը՝ 16-րդը:
Լուսանկարը` AFP
Կարգով ամենաթույլ եզրափակչի մասնակիցը
Վերջին 17 տարիների ընթացքում միայն 2014 թվականին է եղել, երբ US open-ի տղամարդկանց եզրափակչին մասնակցեն թենիսիստներ, որոնք երկուսն էլ դուրս են եղել թոփ-10- ից: Դրանք Մարին Չիլիչն ու Կեյ Նիշեկորին են եղել:
2017-ի եզրափակչում Ռաֆա Նադալի մրցակից Քեւին Անդերսոնն աշխարհի 32-րդ ռակետի կարգավիճակով դուրս եկավ ԱՄՆ-ի բաց առաջնության եզրափակիչ եւ դա նրան հաջողվեց առաջին անգամ:
Բացի այս երկու դեպքերից, մնացած բոլոր տարիներին եզրափակիչ հասած մասնակցիների հաջողությունները օրինաչափ են եղել:
Նադալի ու Անդերսոնի մրցախաղը կարելի է անվանել 21-րդ դարում US open-ի պատմության ամենականխանտեսելի արդյունքով եզրափակիչը: Նադալը գտնվում էր հիանալի մարզավիճակում եւ ի սկզբանե պարզ էր, որ մրցակցին չի զիջի ոչինչ: Թենիսի Մեծ սաղավարտի տղամարդկանց մրցաշարերի պատմության մեջ Անդերսոնը եզրափակիչ հասած ամենացածր ռեյտինգ ունեցող մասնակիցն է:
Լուսանկարը` indianexpress.com
US open-ի ծայրահեղությունները
US open-ի տղամարդկանց մենախաղում դրական ցուցանիշներով աչքի ընկան իսպանացի Պաբլո Կանենո Բուստան ու արգենտինացի Խուան Մարտին Դել Պոտրոն:
Իսպանացին մինչ կիսաեզրափակիչ հասնելը մրցակիցներին չտվեց նույնիսկ մեկ սեթ: Դել Պոտրոն ֆանտաստիկ խաղ անցակացրեց հատկապես քառորդ եզրափակչում, որտեղ ոչ մի շանս չտվեց Ռոջեր Ֆեդերին: Արգենտինացու զենքը ուժեղ մատուցումներն էին:
Լուսանկարը` si.com
Կանանց պայքարում հատկանաշական էր Վանդեվեյգ-Քիզ-Ուիլյամս-Ստիվենս ամերիկյան քառյակի ֆանտաստիկ խաղը: ԱՄՆ-ի բաց առաջնության պատմության մեջ առաջին անգամ կիսաեզրափակչում 4 ամերիկուհիներ էին:
US open-ում փայլեց նաեւ Ռուսաստանը ներկայացնող 19-ամյա Անդրեյ Ռուբլյովը: Ռուբլյովը դաձավ վերջին 4 տարվա մեջ քառորդ եզրափակիչ հասած միակ ռուս թենիսիստը: Մրցաշարի ձախողակների շարքում կարելի է թվել Սիմոնա Հալեպին, Ռոջեր Ֆեդերերին, Նիկ Կիրգիոսին ու Կարոլինա Պլիշկովային:
Լուսանկարը` bleacherreport.net
Եվ ամենավերջում ՝Ռաֆայել Նադալ
31-ամյա Նադալը շարունակում է ապացուցել, որ այդ տարիքում հնարավոր է կրկին վերադառնալ լավագույն մարզավիճակին ու լինել համաշխահային թենիսի առաջատարը: Նադալն օրեր առաջ Ցինցինատիի մասթերսում պարտություն էր կրել եւ լքել պայքարը: Երեւի այս քայլն իսպանացու համար ինչ-որ տեղ տակտիկական հնարք էր US open-ից առաջ:
Նադալը, խաղից խաղ ավելացնելով, կատարելագործեց հարվածները եւ եզրափակչին մոտեցավ ֆանտաստիկ մարզավիճակով: Կիսաեզրափակչում էլ Դել Պոտրոյի հետ մրցավեճը ցույց տվեց, որ Նադալը հիանալի է զգում գնդակը:
Ռաֆան բարելավել էր մատուցումների որակն ու արագությունը: Իսպանացին շատ արագ էր տեղաշարժվում կորտում ու կարողանում էր գնահատել մրցակիցների դիրքը:
Ֆանտաստիկ էին ստացվում Ռաֆայի 2 ձեռքով հարվածները, որոնց միջոցով անսպասելի փոխվում էր գնդակի ուղղությունը: Նադալը եզրափաչկում 3 սեթում հաղթելով Քեւին Անդերսոնին՝ ԱՄՆ-ի բաց առաջնությանը տիրեց 3-րդ անգամ, իսկ Մեծ սաղավարտի չեմպիոնական գավաթները հասցրեց 16-ի:
Լուսանկարը` indianexpress.com
2017-ին սա Ռաֆայի համար 2-րդ մեծ սաղավարտի չեմպիոնությունն էր՝ հարազատ դարձած Ռոլան Գարոսից հետո:
Արմեն Մանուկյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: