Ապրիլ 27, 2024
exclusive
28807 դիտում

Ռումինիա-Հայաստան. Արման Քարամյանի դիտարկումները Բուխարեստից


Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Facebook


Արման Քարամյանը 10 տարի հանդես է եկել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում ու 47 հանդիպում անցկացրել: 2004-2014 թթ. նա խաղացել է Ռումինիայի առաջնությունում  հանդես եկող ակումբներում: Հիմա էլ հարձակվողը մարզում է ռումինական «Կոնկորդիա Կյաժնա» թիմի պատանիներին:

Քարամյանը Mediamax Sport-ի համար վերլուծել է այսօր ԱԱ-2018-ի ընտրական մրցաշարում կայանալիք Ռումինիա-Հայաստան հանդիպումը, խոսել թիմերի շանսերի ու առավելությունների մասին:

Ռումինիայում տրամադրությունը միշտ էլ ֆուտբոլային է: Այստեղ բոլորը սպասում են, որ ռումինացիները հաղթելու են Հայաստանի հավաքականին: Քրիստոֆ Դաումի գլխավորությամբ ընդամենը մեկ հաղթանակ ունեն գրանցած՝ Երեւանում հայերի նկատմամբ տարած 5:0-ն է: 3 հանդիպում էլ ոչ-ոքի է ավարտվել:

Լուսանկարը` Photolure


Մարզչի ու ԶԼՄ-ի միջեւ լարվածություն է նկատվում, Դաումը գերմանացի է, ու թիմն այդքան էլ լավ չի խաղում: Նրա հետ մեծ հույսեր էին կապել, որոնք այդքան էլ չեն արդարացել: Սակայն չեմ կարծում, որ ֆուտբոլիստների վրա դա կազդի, քանի որ նրանք խաղադաշտում իրենց գործն են անելու, իսկ մարզչի խնդիրները միայն իրենն են:

Ռումինիայի հավաքականի շանսերն ավելի բարձր են, քան Հայաստանինը, որովհետեւ թիմն առաջին հերթին սեփական հարկի տակ է խաղալու, ու մեծ քանակությամբ երկրպագուներ են աջակցելու:

Հայաստանի թիմում  միայն Հենրիխ Մխիթարյանն է բարձրակարգ ակումբում խաղում, մինչդեռ Ռումինիայում ամենաքիչը 6 նման ֆուտբոլիստներ կան, նրանք հանդես են գալիս Գերմանիայի, Հոլանդիայի, Բելգիայի, Ֆրանսիայի, Անգլիայի առաջնություններում: Խաղացողների անհատական որակներն անհամեմատելի են:

Լուսանկարը` Facebook


Բացի այդ շատ տարբեր են նաեւ Հայաստանի ու Ռումինիայի ազգային առաջնությունների մակարդակները:  Հայաստանի Բարձրագույն խմբում ընդամենը 6 թիմ կա, այստեղի առաջնությունն ավելի ուժեղ է, ու 14 ակումբներ են մասնակցում:  Դա շատ կարեւոր հանգամանք է, քանի որ ակումբային ֆուտբոլը  շատ է նպաստում մարզաձեւի զարգացմանը:

Արթուր Պետրոսյանը շատ բան է փոխել մեր հավաքականում, ու Ռումինիան այն թիմը չէ, որին մենք չկարողանանք հաղթել: Մարզիչը հաձակողական ֆուտբոլի կողմնակից է, այս անգամ էլ նա համարձակ խաղի է ձգտելու, չի պաշտպանվելու ու փորձելու է հաղթել: Իմ կարծիքով, մեր հավաքականն այս անգամ չի պարտվի:

Չպետք է մտածենք Ռումինիայի թույլ կողմերի մասին, պետք է խաղադաշտ դուրս գանք ավելի վստահ ու մեծ հավատով, կոլեկտիվ խաղ ցուցադրենք ու հասնենք ցանկալի արդյունքի: Միայն մեր խաղի վրա է պետք կենտրոնանալ:

Լուսանկարը` Photolure


Ընտրական փուլը հաղթահարելու 2 թիմերի շանսերն էլ շատ ցածր են, նրանք չեն կարող 2-րդ տեղը գրավել: Մեզ, ի տարբերություն Ռումինիայի, շատ ավելի բարդ մրցակիցներ են սպասվում, Լեհաստանին ենք ընդունելու, որն այս խմբի առաջատարն է ու շատ ուժեղ է: Այն 2 հաղթանակ է տարել Ռումինիայի նկատմամբ, մեկն էլ՝ մեր:

Մնացած խաղերում պարզապես պետք է առավելագույնն անենք ու ձգտենք հաղթանակի, որ հնարավորինս լավ տեղում ավարտենք ելույթն ու մյուս վիճակահանության ժամանակ ավելի բարձր հորիզոնականում լինենք:

Այսօր ստադիոնում մեր հավաքականին կաջակցեն ինչպես Հայաստանից ժամանած, այնպես էլ այստեղի հայերը: Դեռ չգիտեմ կկարողանամ լինել «Արենա Նացիոնալա» ստադիոնում, քանի որ մի քանի հեռուստաընկերություններ ցանկանում են, որ փորձագետի դերում հանդես գամ հանդիպման ընթացքում: Բայց որ աջակցելու եմ մեր թիմին, դա հաստատ է: Շատ եմ ցանկանում, որ այս անգամ հաղթենք, առաջին խաղի պարտությունը տխրեցրել էր բոլորիս:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին