Ապրիլ 27, 2024
exclusive
26530 դիտում

Սիրո խոստովանություններ. Իրենց աշխատանքի համար խենթացող մարզիկները


Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` masslive.com

Լուսանկարը` fourfourtwo.com

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` edition.cnn.com

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` usatoday.com

Լուսանկարը` usatoday.com

Լուսանկարը` abc.net.au

Լուսանկարը` Facebook


Սպորտը նրանց կյանքի թիվ մեկ աշխատանքն է, կիրքը, սերն ու իրենց դրսեւորելու միջոցը: Վնասվածքները, անհաջողություններն ու պարտությունները նրանց ճանապարհին միայն առաջ շարժվելու նպատակին են ծառայել:

Այդպես սպորտը սիրում են միայն լավագույնները, որոնց խոստովանություններն էլ դրա անմնացորդ վկայությունն են:

Բասկետբոլին հավերժ սիրահարված 6-ամյա տղան. Կոբի Բրայանտ

2016 թվականին Կոբի Բրայանտը հայտարարեց կարիերայի ավարտի մասին: 20 տարի բասկետբոլին նվիրելուց հետո «Լեյքերսի» ամենայուրահատուկ ու խարիզմայով խաղացողը «Յուտայի» հետ խաղով հրաժեշտ տվեց կարիերային:

Ասոցիացիայի 5-ակի չեմպիոնն ու Ուժեղագույն լիգայի աստղերի խաղերի 18-ակի մասնակից Սեւ Մամբան հրաժեշտից առաջ շատ հուզիչ նամակ էր գրել իր սիրելի մազրաձեւին ու պատմել ամենանվիրական զգացմունքների մասին:

«Իմ թանկագին բասկետբոլ, այն օրվանից, երբ ես հայրիկիս գուլպաների մեջ գնդակներ էի տեղադրում ու երեւակայական նետումներ անում, մի բան հասկացա, որ ես քեզ սիրում եմ: Այդ կիրքն այնքան մեծ էր, որ ես ամբողջությամբ տրվեցի քեզ: Ես նվիրեցի քեզ իմ սիրտը, իսկ փոխարենն ավելին ստացա: Այդ կիրքն այնքան ուժգին էր, որ ես ամբողջությամբ ինձ քեզ տվեցի՝ մտքերս, գիտակցությունս, մարմինս ու հոգիս»,- հրաժեշտի իր նամակում գրել է Բրայանտը:

Լուսանկարը` Facebook


Բոլորը չէ, որ նրան սիրում էին, սակայն այն, ինչ կատարում էր բասկետբոլիստը խաղահրապարակում, անտարբեր չէր թողնում ոչ մեկին: Այդպես նարնջագույն գնդակի հետ վարվում են միայն լավագույններից լավագույնները, որոնց հրաժեշտի խոսքերն էլ այդ անսահման սիրո վկայությունն են:

«6-ամյա տղան կրքոտ սիրահարվել է քեզ, երբեք չի տեսել թունելի վերջը, այլ միայն առաջ է վազել: Ես վազում էի պարկետի վրա, ամեն գնդակի համար պայքարում քեզ համար: Ես հաղթահարեցի ցավն ու հոգնածությունը, ոչ թե այն պատճառով, որ դա մարտահրավեր էր, այլ որովհետեւ դու էիր այն ինձ նետել»:

Բրայանտն ամեն ինչ է արել բասկետբոլի համար, չէ որ հենց այդպես են վարվում հանուն մեկի, ով օգնել է հասկանալ ինքդ քեզ: Բասկետբոլն իրականացրել է 6-ամյա տղայի երազանքը, որն անչափ շատ էր ուզում մի օր հայտնվել «Լեյքերսում»:

«Ու ես հավերժ կսիրեմ քեզ դրա համար: Բայց չեմ կարող քեզ նույնքան կրքոտ շարունակել սիրել: Այս մրցաշրջանը վերջինն է, որ ես քեզ կնվիրեմ: Ուզում եմ երկուսս էլ հասկանանք, որ պետք է վայելել մեր ունեցած բոլոր պահերը: Սիրտս դեռ կարող է դիմանալ ծանրաբեռնվածությանը, ուղեղս՝ հաղթահաել ցանկացած դժվարություն, սակայն օրգանիզմս հասկանում է, որ եկել է հրաժեշտ տալու ժամանակը: Ու դա նորմալ է: Ես պատրաստ եմ քեզ բաց թողնեմլ Մենք իրար տվել ենք այն ամենն, ինչ կարող էինք: Ես քեզ միշտ կսիրեմ: Քո Կոբի»:

Լուսանկարը` masslive.com


Դարպասների պաշտպանը. Ջանլուիջի Բուֆֆոն

Իր մարզաձեւին խենթի պես մյուս սիրողը Ջանլուիջի Բուֆոնն է՝ Իտալիայի հավաքականի ու Թուրինի «Յուվենթուսի» անփոխարինելի դարպասապահը: Ջիջին վաղուց է ցույց տվել, որ ֆուտբոլային դաշտում նրա պես 2-րդը չկա՝ խաղն անչափ սիրող, թիմակիցներին այդքան մոլեռանդորեն աջակցող, մրցակիցների հետ ջերմ հարաբերություններ պահող ու ազգային օրհներգը ձայնը կտրվելու աստիճան կատարող:

2016 թվականի մարտին, երբ Իտալիայի առաջնությունում 974 րոպե անառիկ պահեց դարպասն ու ռեկորդ սահմանեց, նամակ գրեց իր սիրելի դարպասներին՝ արտահայտելով իր ողջ սերն ու անմնացորդ նվիրումը:

«12 տարեկան էի, երբ դեպի քեզ մեջքով շրջվեցի: Ես մոռացա իմ անցյալը՝ ապահով ապագայի համար: Դա սրտով արված որոշում էր՝ հիմնված բնազդի վրա: Այն օրվանից սկսած, երբ դադարեցի քեզ նայել, սիրեցի: Սիրեցի նրա համար, որպեսզի պաշտպանեմ քեզ ու դառնամ պաշտպանության վերջին գիծը: Խոստացա անել ամեն ինչ, որ էլ երբեք քեզ հետ չհանդիպեմ հայացքով: Կամ  էլ, որ դա որքան հնարավոր է հազվադեպ պատահի: Ամեն անգամ, երբ դա պատահում է, ցավ եմ զգում, որ քեզ հուսախաբ եմ արել»,- խոստովանել է Բուֆֆոնը:

Լուսանկարը` Facebook


Նրանք միշտ այնքան տարբեր են եղել, սակայն լրացրել են իրար, ինչպես արեւն ու լուսինը: Ստիպված են եղել կողք կողքի լինել, սակայն չդիպչել միմյանց:

«Իմ ընտրությունը 25 տարի առաջ եմ կատարել: Երդվել եմ ամեն գնով պաշտպանել ու փայփայել քեզ: Ես թշնամիներից քո վահանն եմ եղել: Դու միշտ առաջին տեղում ես եղել, քո բարեկեցությունն էլ՝ ամեն ինչից կարեւոր: 12 տարեկանում եմ շրջվել քեզանից, բայց քանի դեռ ոտքերս, գլուխս ու սիրտս թույլ են տալիս՝ պաշտպանելու եմ քեզ»:

Սիրո 28 տարիներ. Ֆրանչեսկո Տոտտի

Իտալիայի առաջնության «Ջենովայի» հետ խաղում Տոտտին «Ռոմայի» կազմում օգնել է հաղթել 3:2 հաշվով, արծաթե մեդալ նվաճել ու հրաժեշտ թվել թիմին: «Ռոմայի» կազմում դա եղել է «Հռոմի կայսեր»  786-րդ հանդիպումը: Նորամուտը նա նշել է 1993 թվականին, խփել 307 գոլ ու նվաճել բազմաթիվ տիտղոսներ:

«Պահը եկել է: Ես արտասվում եմ ամեն օր: Այս մարզաշապիկն իմ կարիերայում միակն է եղել: Հեռանալու որոշումս կայացրել եմ կնոջս ու ընտանիքիս հետ: Թիմում կմնայի եւս 25 տարի: Կուզեի պոեմ կամ էլ երգ գրել, սակայն ոտքերիս միջոցով եմ դրսեւորել ինձ: Ամեն անգամ մարմինս փշաքաղվում է, երբ հիշում եմ 2001 թվականի հունիսի 17-ը, երբ «Ռոման» չեմպիոն դարձավ»,-արցունքն աչքերին ասել է Տոտտին:

Լուսանկարը` fourfourtwo.com


Հրաժեշտի խոսքերը Տոտտին նվիրել է բոլոր նրանց, ովքեր գոռում էին «Տոտտի, գոլ»: Այդ թիմում խաղալը նրա համար մեծ առավելություն էր, ավագ լինելը՝ հպարտություն, իսկ երկրպագուներն էլ ընդմիշտ նրա կյանքի մի մասը կլինեն: Այնուհետեւ նա գնացել է հանդերձարան, որտեղ առաջին ագամ երեխա տարիքում է մտել, սակայն հեռացել որպես մեծ փորձ ու ճանաչում ունեցող ֆուտբոլիստ:

«Վախ եմ ձգում, ու դա բնավ էլ 11-մետրանոց իրացնելուց առաջ առաջացող վախը չէ: Չգիտեմ ինձ ինչ է սպասվում ապագայում: Բայց ձեր օգնությամբ կկարողանամ նոր արկածների հետեւից գնալ: Իմ սիրտը միշտ ձեզ հետ է լինելու: Հպարտ եմ, որ ձեզ սիրո 28 տարիներ եմ նվիրել: Սիրում եմ բոլորիդ»:

Ինքն իրեն հավատացած սպիտակ ագռավը. Նա Լի

Ասիացի ամենահայտնի թենիսիստուհի, Մեծ Սաղավարտի 2 մրցաշարերի՝ Ռոլան Գարոսի ու Ավստրալիայի բաց առաջնության հաղթող, Նա Լին 32 տարեկանում հրաժեշտ տվեց թենիսին: Պատճառը վնասվածքներն էին ու ոտքերի մշտական ցավը:

«Սիրելիներս, 15 տարի մենք միմյանց կյանքի մի մասն ենք եղել: Դուք միշտ աջակցել ենք ինձ, երկրպագել ու ոգեշնչել: Այն, որ ես իմ օրինակով կարողացել եմ սպորտի նկատմամբ սեր արթնացնել Չինաստանում ու Ասիայում, մինչեւ կյանքիս վերջը հպարտանալու եմ: Հեռանալու որոշումը չափազանց դժվար եմ կայացրել, մանավանդ, որ Ավստրալիայում 7 անըդմեջ խաղերում եմ հաղթել: Մի քանի ամիս պահանջվեց, որպեսզի հասկանամ՝ այլեւս չեմ կարող իմ լավագույն խաղը ցույց տալ»,- գրել է Նա Լին:

Լուսանկարը` edition.cnn.com


Գրեթե իր ողջ կարիերայի ընթացում նա աջ ծնկի թեյպով է ելույթ ունեցել, որի մասին թենիսիստուհին կատակով ասել է, որ նույնիսկ հասցրել են հարազատանալ: Սակայն 4 վիրահատություններից ու հարյուրավոր ցավազրկողներից հետո օրգանիզմը շարունակել է իրեն չենթարկվել:

«Հիմա ես հանգիստ եմ, ոչինչի համար չեմ ափսոսում: Առհասարակ թենիսում ես չպետք է լինեի, շատ քչերն էին հավատում իմ տաղանդին, սակայն համառ էի ու ապացուցեի նրանց (երբեմն նաեւ ինձ), որ սխալվում էին: Երբեք չէի պատկերացնում, որ այսքան հաջողություններ կունենամ»:

Եթե 2008-ին Չինաստանում ընդամենը թենիսի 2 մրցաշար էր անցկացվում, Նա Լիի շնորհիվ դրանց թիվը հասել է 10-ի, մրցաշար է հյուրընկալում նաեւ նրա հարազատ Ուհան քաղաքը, այնտեղ մեկ անգամ չէ, որ խաղացել են ամենահայտնի թենիսիտուհիները:

Նա Լին շնորհակալություն է հայտնել մի շարք մարդկանց, որոնք միշտ իր կողքին են եղել ու կյանքում առաջնորդել դեպի սպորտային ամենամեծ բարձունքները:

Լուսանկարը` Facebook


«Թենիսը սկզբում ինձ համար պարզապես հոբբի էր, չէի էլ պատկերացնում այն փայլուն ապագայի մասին, որն ինձ սպասվում էր: Իմ ուղին հեշտ չէր, բայց արժեր այն անցնել: Հիմա իմ պես հազարավոր երեխաներ են իմ երկրում վերցնում ռակետն ու իրենց առջեւ անհասանելի թվացող նպատակներ դնում: Միշտ հավատացեք ինքներդ ձեզ, գնացեք ձեր երազանքի հետեւից եւ կապ չունի, թե ինչ եք որոշել դառնալ՝ բժիշկ, փաստաբան, ուսուցիչ, թե գործարար:  Եթե ես կարողացել եմ, դուք էլ կկարողանանք: Մի վախեցեք սպիտակ ագռավ լինել, աշխատանքն է  իրականացնում երազանքները»:

Երկրպագուների սրտերում հետք թողածը. Ռոման Ամոյան

Ոչ բոլոր մարզիկներին է հաջողվում սպորտային մեծ նվաճումներից բացի նաեւ խոր հետք թողնել երկրպագուների սրտերում ու նրանց յուրահատուկ համակրանքին արժանանալ:

Այդպիսի մարզիկներից է հունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպայի կրկնակի, Աշխարհի արծաթե ու բրոնզե, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյանը:

22 տարի սպորտով զբաղվելուց ու անթիվ հաղթանակներ տոնելուց հետո եկավ նաեւ նրա հեռանալու ժամանակը:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Շատ դժվար է պրոֆեսիոնալ սպորտը թողնելը, բայց ցանկացած մարզիկ էլ ստիպված է լինում հաղթահարել այդ պահը: Սպորտը ժամանակավոր է, միշտ չես կարող բարձունքում լինել ու մեծ արդյունքներ ցույց տալ: Ես պարզապես զգացի, որ ժամանակն է հեռանալ»,- խոստովանել է Ամոյանը:

Նա հրաշալի մարզական կարիերա է ունեցել ու անհավանական նվաճումների հասել, իր բոլոր մեդալներից էլ ամենայուրահատուկը համարում է 2008-ի պեկինյան Օլիմպիադայի բրոնզե մեդալը.

«Ըմբշամարտն  ինձ ամեն ինչ է տվել, թույլ է տվել ինձ Ռոման Ամոյան դառնալ: Չգիտեմ, թե ով կլինեի առանց սպորտի: Ուրախ եմ, որ կարողացել եմ բազմաթիվ մեդալներ նվաճել մեր երկրի համար ու այն ճանաչելի դարձնել»:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին