Ապրիլ 27, 2024
exclusive
18887 դիտում

Սպառնալից նամակներն ու Երեւանում չկայացած ծանրամարտի ԱԱ-ն


Լուսանկարը` Կ. Դեմիրճյանի թանգարանի արխիվից

Լուսանկարը` ՏԱՍՍ

Լուսանկարը` Հրաչ Պողոսյանի արխիվից

Լուսանկարը` Հրաչ Պողոսյանի արխիվից

Լուսանկարը` Կ. Դեմիրճյանի թանգարանի արխիվից

Լուսանկարը` Հրաչ Պողոսյանի արխիվից

Լուսանկարը` Հրաչ Պողոսյանի արխիվից


1983 թվականին Հայաստանում պետք է կայանար ծանրամարտի Աշխարհի առաջնությունը: Հենց այդ տարի է, որ շահագործման էր հանձնվել մարզահամերգային համալիրի սպորտային մասն ու այն իր հյուրընկալ դռներն առաջին անգամ կբացեր նման մեծ ու մասշտաբային իրադարձության առաջ: Սակայն, ինչպես արդեն գիտենք, մրցաշարը Երեւանում չանցկացվեց, այն տեղափոխվեց Մոսկվա:

Mediamax Sport-ը ծանոթացել է այդ հետաքրքիր պատմությանն ու ներկայացնում է առաջնությունը տեղափոխելու իրական պատճառերը:

Պաշտոնական տարբերակը

Երեւանում ջանք ու եռանդ չէին խնայում ամեն ինչ բարձր մակարդակով կազմակերպելու համար: Արագացված տեմպերով մարզահամերգային համալիրում ընթանում էին վերջին շինարարական աշխատանքները:

Խաղերի մեկնարկից 2 ամիս առաջ Մոսկվայից հատուկ պատվիրակություն ժամանեց՝ տեղում ամեն ինչին մանրամասն ծանոթանալու համար: Դեռ այդ ժամանակ էր առաջին անգամ առաջարկվել առաջնությունը տեղափոխել Մոսկվա, քանի որ համալիրը չէր հասցնի պատրաստ լինել մինչեւ ԱԱ-ն: Սակայն Կարեն Դեմիրճյանն այդ մասին անգամ լսել չէր ուզում, նա համոզված էր, որ մինչեւ հոկտեմբերի 22-ն իրենք ամեն ինչ հասցնելու են անել: ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղարն իրավացի էր, սակայն առաջնությունը միեւնույն է անցկացվեց Մոսկվայում:

«Իզմայլովո» սպորտային համալիրում ուժերը չափեցին 32 երկրների 187 ծանրորդներ: Հայ ծանրորդները ԽՍՀՄ-ի հավաքականի կազմում պարզապես փայլեցին այդ ԱԱ-ում: Ոսկե մեդալակիրներ դարձան միանգամից 3-ը՝ Օգսեն Միրզոյանը (56 կգ), Յուրի Սարգսյանն (60 կգ) ու Յուրի Վարդանյանը (82,5 կգ):

Թուրքերն ու հայերի չիրականացված երազանքը

Աշխարհի առաջնության մեկնարկից մի քանի ամիս առաջ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը սպառնալից նամակ ստացավ հետեւյալ բովանդակությամբ.

«Եթե գոնե մեկ թուրք մարզիկ համարձակվի ոտք դնել հայերի համար սուրբ համարվող Ծիծեռնակաբերդ, նրա ու իր հայրենակիցների հետ վատ բաներ կարող են տեղի ունենալ»:

Նամակին շատ լուրջ վերաբերվեցին ու տեղեկացրին համապատասխան մարմիններին: Արդյունքում այն հայտնվեց նաեւ Մոսկվայի ուշադրության կենտրոնում: Սակայն Դեմիրճյանը հավաստիացրեց, որ ամեն ինչ վերահսկվում է ու ոչինչ չի կարող սպառնալ ԱԱ-ի անցկացմանը:

Հաջորդեց նաեւ 2-րդ նամակը, որն արդեն հստակ սպառնալիք էր պարունակում: Իրենց պահանջը չկատարելու դեպքում, նամակագիրները խոստանում էին համալիրում պայթյուն իրականացնել, որի ընթացքում կարող էին տուժել նաեւ անմեղ մարդիկ:

Առաջնությունը տեղափոխելու որոշումը կայացվեց միանգամից: Ավելորդ է ասել, թե որքան ցավալի ու ծանր էր այդ լուրը ողջ Հայաստանի համար: Իրականացված ահռելի կազմակերպչական աշխատանքներն ապարդյուն եղան: Երեւանի մի քանի խոշոր ձեռնարկություններ ամիսներով պատրաստվել էին այդ կարեւոր իրադարձությանը, հատուկ հուշանվերներ ու մեդալներ էին թողարկվել, բոլոր մարզիչների ու մարզիկների համար առանձին նվերներ հատկացվել: Կազմակերպիչները նաեւ նախատեսել էին օդանավակայանի ողջ ճանապարհին առատ սեղաններ տեղադրել, որպեսզի հյուրերը ցանկության դեպքում օգտվեն դրանցից:

Պակաս հիասթափված չէր նաեւ մարզաշխարհը: Սպորտի սիրահարները անհամբերությամբ էին սպասել հայ ծանրորդների ելույթներին Երեւանում հետեւելու հնարավորությանը, սակայն այդ երազանքն այդպես էլ անկատար մնաց:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին