Ապրիլ 27, 2024
exclusive
6066 դիտում

Ձմեռային տրանսֆերային պատուհանի 5 առանձնահատկությունները


Լուսանկարը` https://www.morganmckinley.ie


Այս ձմեռային տրանսֆերային պատուհանը թե՛ ֆինանսական, թե՛ ֆուտբոլային առումով, յուրօրինակ կերպով տարբերվեց մնացածներից:

Mediamax Sport-ը փորձել է պարզել, թե ինչ կարեւոր իրադարձություններ են գրանցվել վերջին մեկ ամսվա ընթացքում:

Չինական խելահեղության դրական պտուղները

Վերջին տարիներին յուրաքանչյուր տրանսֆերային պատուհան ուղեկցվում է չինական ակումբների շռայլ գործարքներով: Այս անգամ եւս այդ ավանդույթը չխախտվեց: Օսկար, Աքսել Վիտցել, Կառլոս Տեւես, Ալեշանդրե Պատո, Օդիոն Իգալո... Սրանք այն ֆուտբոլիստներն են, որոնք տեղափոխվեցին Չինաստան՝ ֆուտբոլ խաղալու:

Շատերը պնդում են, որ չինացիների առաջարկած խելահեղ գումարները շուտով կկործանեն եվրոպական ֆուտբոլը, բայց ոչ: Ընդհակառակը, չինացիներն անկախ իրենցից օգնում են եվրոպական ակումբներին: Վերցնենք Օսկարի օրինակը. նա «Չելսիում» համարվում էր պահեստային ֆուտբոլիստ, ով գրեթե յուրաքանչյուր հանդիպմանը՝ թեկուզ քիչ, բայց խաղաժամանակ էր ստանում: Եվ երբ, 50 մլն ֆունտ ստեռլինգ է առաջարկվում նրա համար, ապա ակումբն ու գլխավոր մարզիչը նախընտրում են բաց թողնել Օսկարին՝ նրա տեղը հանձնելով թիմի երիտասարդ եւ հեռանկարային ֆուտբոլիստներին: Այդպիսով՝ Ռուբեն Լոֆտուս - Չիկիի, Նաթանիել Չալոբայի պես երիտասարդները կստանան իրենց դրսեւորելու հնարավորություն:

Լուսանկարը` http://www.squawka.com


Պարզապես ցավալի է, որ մի շարք խոստումնալից ֆուտբոլիստներ, պայքարելու փոխարեն վազում են փողի հետեւից: Օսկարը «Չելսիում» ստանում էր տարեկան 5 մլն եվրո, իսկ «Շանհայ ՍԻՊԳ»-ում կստանա 20 մլն եվրո: Նույնիսկ «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ալեքս Սոնգն, ով ունի 17 քույր եւ 10 եղբայր, չէր կարողանա մի տարվա ընթացքում ծախսել այդ 20 մլն-ը:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների տեղափոխությունները

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում մեր ազգային հավաքականի մի քանի ֆուտբոլիստներ փոխեցին իրենց ակումբային գրանցումն՝ այդպիսով քայլ կատարելով դեպի առաջ:

Մարկոս Պիզելին «Ալ Ֆուջայրայից» տեղափոխվեց հունական «Քսանտի»:

Գաել Անդոնյանը Մարսելի «Օլիմպիկից» վարձավճարով տեղափոխվեց հունական «Վերիա»:

Կամո Հովհաննիսյանը «Փյունիկից» տեղափոխվեց բելառուսական «Տորպեդո - Բելազ»:

Զավեն Բադոյանը տեղափոխվեց բելառուսական «Գոմել»:

Գեղամ Ղադիմյանը ուկրաինական «Կարպատիից»՝ «Զարյա»:

Լուսանկարը` PAN Photo


Էդգար Մանուչարյանը վերջապես նոր թիմ ունի, կայուն խաղաժամանակ է ստանում եւ աչքի է ընկնում բարձր արդյունավետությամբ: Նոյեմբերի վերջին հայ ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել թայլանդական «Ռատչաբուրի» ակումբի հետ: Հուսանք, որ այս տեղափոխությունները կօգնեն մեր հավաքականի ֆուտբոլիստներին բարելավելու իրենց խաղն ու դուրս գալու նոր մակարդակի վրա:

Գրանդ ակումբների պասիվությունը

Այս տրանսֆերային պատուհանի ընթացքում պասիվ էին եվրոպական գրանդ ակումբները՝ «Ռեալը», «Բարսելոնան», «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Բավարիան», «Չելսին», «Արսենալը»: Այս թիմերն ավելի շատ զբաղված էին վաճառքներով: Բացի այդ, շատ մարզիչներ համարում են, որ ձմեռային տրանսֆերային պատուհանն այնքան էլ լավ ժամանակ չէ թիմը համալրելու համար: Օրինակ Արսեն Վենգերը բազմիցս նշել, որ կարելի է չեղարկել ձմեռային տրանսֆերային պատուհանը: Բնականաբար, ֆրանսիացու դիրքորոշմանը դեմ են եղել մեծ թվով մասնագետներ: Այս մրցաշրջանում, եվրոպական Թոփ 5 առաջնություններում քիչ են լուրջ վնասվածք ստացած ֆուտբոլիստները: Սա այն պատճառներից մեկն է, որով կարելի է բացատրել գրանդ ակումբների պասիվությունը տրանսֆերային շուկայում:

Լուսանկարը` thepeoplesperson.com


Միջակ ակումբների ակտիվությունը

Այս տրանսֆերային պատուհանի ընթացքում հաճելիորեն զարմացրին միջին եւ ցածր մակարդակ ունեցող մի շարք թիմեր: Անգլիայից՝ «Հալլ Սիթին», «Սուոնսին», «Ուոթֆորդը», Իսպանիայից՝ «Լաս Պալմասը», Իտալիայից՝ «Ֆիորենտինան», «Ջենովան»:

Այս ակումբները բավական ակտիվ էին տրանսֆերային պատուհանի ընթացքում եւ կարողացան ձեռք բերել որակյալ ֆուտբոլիստների, որոնք իրենց նախկին թիմերում տարբեր պատճառներով անհրաժեշտ խաղաժամանակ չէին ստանում:

Թվեր, փաստեր

Ամենաշատ քանակությամբ գործարքներ տեղի են ունեցել տրանսֆերային պատուհանի առաջին եւ վերջին օրերին: Հունվարի 1-ին՝ 3660 տրանսֆեր - 218.21 մլն ֆունտ ստեռլինգ եւ հունվարի 31-ին՝ 797 տրանսֆեր - 145.47 մլն ֆունտ ստեռլինգ:

Վերջին վեց տարվա մեջ առաջին անգամ Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբները միասին դրական բալանս են գրանցել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: 20 ակումբներն ընդհանուր առմամբ ծախսել են 215.7 մլն ֆունտ ստեռլինգ վաճառքի եւ 230.6 մլն ֆունտ ստեռլինգ՝ գնումների վրա:

Ամենաթանկ տրանսֆերների Թոփ 5-ն ունի հետեւյալ տեսքը.

Օսկար - «Չելսիից» «Շանհայ ՍԻՊԳ», 51 մլն ֆունտ ստեռլինգ

Յուլիան Դրաքսլեր - «Վոլֆսբուրգից» ՊՍԺ, 34 մլն ֆունտ ստեռլինգ

Գաբրիել Ժեզուս - «Պալմեիրասից» «Մանչեսթեր Սիթի», 27.2 մլն ֆունտ ստեռլինգ

Գոնսալո Գուեդեշ - «Բենֆիկայից» ՊՍԺ, 25.5 մլն ֆունտ ստեռլինգ

Դիմիտրի Պայետ - «Վեսթ Հեմից» «Մարսել», 24.91 մլն ֆունտ ստեռլինգ

Միհրան Ալեքսանյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին