Ապրիլ 27, 2024
exclusive
7697 դիտում

2016-ի լավագույն լուսանկարները. Ժպիտ, համբույր եւ արցունքներ


Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` newsday.com

Լուսանկարը` The New York Time

Լուսանկարը` rte.ie

Լուսանկարը` The Sun


2016-ի հաղթական ու անմոռանալի սպորտային պահերն ամփոփված են ու ապրում են լուսանկարներում:

Տարիներ անց էլ սպորտի սիրահարները կրկին վայելու են Նեյմարի հաղթական ժպիտը, տեսնելու են, թե ինչպես է փոքրիկ աֆղանստանցի տղան հանդիպում Լեո Մեսսիին կամ ինչպես է իր «ատամները ցուցադրում» Ուսեյն Բոլտը:

Այդ գեղեցիկ կադրերն էլ Mediamax Sport-ը ներկայացնում է ձեր ուշադրությանը:

Ֆրանսիական համբույրը

Լուսանկարը` The New York Time


ԵՎՐՈ-2016-ում ֆրանսիացիները սեփական հարկի տակ շատ վստահ հանդես եկան ու հասան մինչեւ եզրափակիչ:

ԵԱ-ի կիսաեզրափակչի ուղեգիրը Ֆրանսիայի ընտրանին նվաճեց Իսլանդիայի դեմ խաղում՝ հաղթելով 5:2 հաշվով:

Հանդիպման 3-րդ գնդակը իր հաշվին գրանցեց Դիմիտրի Պայետը, մի քանի րոպե անց էլ աչքի ընկավ Անտուան Գրիզմանն ու 4 գնդակով գլխավորեց ԵՎՐՈ-2016-ի ռմբարկուների ցանկը: Նախ՝ նա համբուրեց Գրիզմանի խաղակոշիկը, այնուհետեւ Պայետի հետ փոխվեցին տեղերով:
 
Բաստիանի արցունքները

Լուսանկարը` newsday.com


12 տարի, 121 հանդիպում ու 24 գնդակ: 2016-ի ամռանը Բաստիան Շվայնշտայգերը ավարտեց իր ելույթները Գերմանիայի ազգային հավաքականի կազմում:

Վերջին անգամ նա ավագի թեւկապով հանդես եկավ Ֆինլանդիայի դեմ խաղում, որն ավարտվեց գերմանացիների 2:0 հաշվով հաղթանակով:

Ողջ թիմն ու մարզչական շտաբը, ստադիոնում հավաքված հազարավոր երկրագուներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին ու հրաժեշտ տվեցին Բաստիանին: 32-ամյա ֆուտբոլիստը չկարողացավ զսպել արցունքներն ու հույզերը:

Նեյմարի ցնծությունը

Լուսանկարը` The Sun


Իրենց հայրենիքում Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականը կարողացավ դառնալ Օլիմպիական չեմպիոն:

Եզրափակչում Բրազիլիայի ընտրանին հաղթեց Գերմանիային՝ այդկերպ վրեժխնդիր լինելով ԱԱ-2014-ում (1:7) կրած պարտության համար:

Հաղթողը որոշվեց 11-մետրանոց հարվածաշարում, վերջին գնդակն իրացրեց Նեյմարը՝ տոնի վերածելով ամբողջ «Մարականան» ու Բրազիլիան:

Նեյմարը ոսկե մեդալն ու այդ աննախադեպ նվաճումը նշանավորեց «Հիսուս» գրությամբ ու չեմպիոնին վայել ժպիտով:

Չեմպիոնի ժպիտը

Լուսանկարը` Getty Images


Ուսեյն Բոլտը մեկ անգամ չէ, որ ապացուցել է իր մեծությունը: 3 անընդմեջ Օլիմպիական խաղերում նա ցույց է տվել, որ լավագույնն է աշխարհում:

Ռիոյի Օլիմպիական խաղերում էլ ճամայկացի աթլետն իր բարձունքում էր:

100 մ վազքի կիսաեզրափակչում նա այնքան վստահ էր իր ուժերին ու հաղթանակին, որ եզրագիծը հատելուց առաջ անգամ ժամանակ գտավ ու ժպտաց Getty Images-ի լուսանկարիչ Քեմերոն Սպենսերին:

Երազանքի կատարումը

Լուսանկարը` rte.ie


Մորթազա Ահմադ անունը քչերը գիտեն, սակայն բավական է հիշեցնել պոլիէթիլենային տոպրակի վրա Մեսսի գրությամբ փոքրիկ տղային, երբ բոլորը միանգամից հիշում են նրան:

5-ամյա Ահմադը ֆուտբոլ շատ է սիրում ու օրերով խաղում է իրենց տան բակում: Փոքրիկը շատ էր ցանկանում ունենալ իր սիրելի ֆուտբոլիստի՝ Մեսսիի մարզաշապիկը, սակայն ընտանիքը հնարավորություն չուներ այն գնել: Օրերով արտասվող Ահմադին օգնեց եղբայրը, հենց նա պատրաստեց «հայտնի մարզաշապիկը»:

Տղայի լուսանկարը միանգամից տարածվեց համացանցում ու նրան Լեո Մեսսիի ամենահայտնի երկրպագուն դարձրեց:

Ֆուտբոլիստի ու Ահմադի հանդիպումը կայացավ 2016-ի դեկտեմբերին Քաթարում: Փոքրիկի երջանկությունն անսահման էր, նա մի րոպեով անգամ չէր ցանկանում հեռանալ իր կուռքից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին