Ապրիլ 27, 2024
exclusive
6975 դիտում

Էլ Կլասիկո. Համեստ խաղ՝ էմոցիոնալ վերջաբանով


Լուսանկարը` https://i.ytimg.com

Լուսանկարը` https://heavyeditorial.files.wordpress.com

Լուսանկարը` http://www.ronaldocr7.com/

Լուսանկարը` http://www.mirror.co.uk/


Էլ Կլասիկո կոչվող ֆուտբոլային ներկայացումն այս անգամ եւս լի էր հույզերով եւ մրցավարական կասկածելի որոշումներով, բայց զրկված էր ամենակարեւորից՝ դիտարժանությունից:

Իսկ դրա պատճառն, անկասկած, թիմերի կողմից ցուցաբերվող զգուշավորությունն էր, քանզի վերջնական արդյունքը կարող էր ուղիղ կերպով ազդել չեմպիոնության համար ծավալվող պայքարի վրա:

Այս խաղում եւս մեկ անգամ իր գոյությունն ապացուցեց ֆուտբոլային չգրված օրենքը՝ չես խփում դու, խփում են քեզ: «Բարսելոնան» ամբողջ խաղի, հատկապես երկրորդ խաղակեսի ընթացքում, ուներ մի քանի իրական գոլային պահեր, որոնք չօգտագործեց, իսկ մադրիդցիները պայքարեցին մինչեւ վերջ եւ հասան արդյունքի:

Լուսանկարը` http://www.mirror.co.uk/


Պետք է նաեւ ընդգծել, որ Զինեդին Զիդանի թիմն իրոք թույլ հանդիպում անցկացրեց: Կարծում եմ՝ Զիդանը սխալվեց մեկնարկային կազմի ընտրության հարցում: Այս մրցաշրջանում ֆրանսիացի մասնագետի թիմը հաճախ խաղում է 4-2-3-1 տակտիկական սխեմայով: «Բարսելոնայի» դեմ խաղում կիսապաշտպանության եռյակը՝ Մոդրիչ, Կովաչիչ, Իսկո, կարծես անջատված լիներ: Իսկոն ընդհանրապես չէր երեւում: Դա էր պատճառը, որ հանդիպման ընթացքում Զիդանը փոխեց թիմի դասավորությունը՝ անցնելով 4-3-3-ի:

Պարտվելով 1:0 հաշվով՝ Զիդանն Իսկոյի փոխարեն խաղադաշտ դուրս բերեց հենակետային Կազեմիրոյին: Այս քայլն ազդեց հանդիպման հետագա ընթացքի վրա, քանզի թույլ տվեց կայունացնել թիմի խաղը դաշտի կենտրոնում: Հարձակման ժամանակ զարմանալիորեն թույլ էին «Ռեալի» պաշտպանության եզրերը: Կարվախալը եւ Մարսելոն չէին սրում թիմի գրոհներն այնպես, ինչպես դա անում են մնացած խաղերում: Եվ այստեղ խնդիրը բոլորովին էլ ահեղ մրցակիցը չէր: Կարծում եմ մարզչի կողմից կար կոնկրետ առաջադրանք՝ ավելի կենտրոնացված գործել պաշտպանությունում եւ միաժամանակ երկու եզրերով առաջ չնետվել:

Ճիշտ է, «եթե»-ներով խոսելը սխալ է, բայց այնուամենայնիվ, եթե չլիներ Ռամոսի վերջին րոպեներին խփած գոլը, ապա Զիդանը լուրջ «հարձակման» կենթարկվեր քննադատների կողմից: Քանզի նրա կատարած բոլոր փոփոխություններն էլ զարմանք առաջացրին երկրպագուների մոտ: Այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ Խամես Ռոդրիգեսը, միակ կենտրոնական հարձակվողը խաղավարտից 15 րոպե առաջ փոխարինվեց, իսկ խաղադաշտ մտած Ասենսիոն եւ Դիասը, կարելի է ասել, ոչնչով աչքի չընկան: Ինչպես ասում են, հաղթողներին չեն դատում, սակայն առաջին հերթին այս խաղից պետք է դասեր քաղի հենց «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը. «գետն ամեն անգամ գերան չի բերում»:

Լուսանկարը` https://heavyeditorial.files.wordpress.com


«Բարսելոնայի» մեկնարկային կազմը կանխատեսելի էր: Ինիեստան նոր էր ապաքինվել վնասվածքից եւ ճիշտ չէր լինի նրան հենց մեկնարկային րոպեներից մարտի դուրս բերել: Իսպանացու փոխարեն խաղում էր Անդրե Գոմեշը, ով այդքան էլ վառ հանդիպում չանցկացրեց: Փոխարենն իր բարձրության վրա էր Սերխիո Բուսկետսը: Վերջինս ամբողջ խաղի ընթացքում ինչպես միշտ ակտիվ էր, փորձում էր հավասարաչափ ուշադրություն դարձնել իր թիմի գրոհների կազմակերպման եւ մրցակցի գրոհների կանխարգելման վրա: Ինիեստայի փոխարինման դուրս գալուց հետո «Բարսելոնայի» խաղը դաշտի կենտրոնում ավելի ամրապնդվեց: Ընդհանուր առմամբ, ամբողջ հանդիպման ընթացքում խաղային կարեւոր գործողությունները ծավալվում էին դաշտի կենտրոնական հատվածում: Դա էր պատճառը, որ երկու թիմերի հարձակվողներն էլ անընդհատ նահանջում էին եւ փորձում խորքից սկսել գրոհները:

Վերջին խաղերում «Բարսելոնայի» մոտ զգացվում է կենտրոնացվածության պակաս եւ ստեղծած գոլային պահերի իրացման ցածր արդյունավետություն: Լա Լիգայի վերջին 5 խաղերում Էնրիկեի թիմը կատարել է 80 հարված, սակայն կարողացել է ընդամենը 5 գոլ խփել:

Լուսանկարը` http://www.ronaldocr7.com/


Պաշտպանությունում եւս անմխիթար վիճակ է. անփույթ գործողություններ, հասարակ սխալներ, որոնք ազդում են հանդիպման ելքի վրա: Այս խնդիրները լուծելու համար Լուիս Էնրիկեն պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի, այլապես հետեւանքները կարող են անդառնալի լինել:

Այս խաղում երկու թիմերի մոտ էլ նկատվեց նմանատիպ թերություններ եւ՛ պաշտպանությունում, եւ՛ հարձակման գծում: Այդ իսկ պատճառով Էլ Կլասիկոյում գրանցված ոչ- ոքին կարելի է արդար արդյունք համարել:

Միհրան Ալեքսանյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին