Ապրիլ 30, 2024
exclusive
2591 դիտում

«Բարսելոնան» զրկվեց իր զրոներից


Լուսանկարը` businessinsider.com


Իսպանական Լա Լիգայում ավարտվեց 9-րդ տուրը: Մեր ուշադրությունը, ինչպես եւ ամբողջ աշխարհինը, սեւեռված էր Էլ կլասիկոյին՝ «Ռեալ» - «Բարսելոնա» հանդիպմանը:

«Բարսելոնան», 8 տուր շարունակ պահպանելով իր զրոները «Պարտություն» եւ «Բաց թողնված գոլեր» անվանակարգերում, այս խաղում զրկվեց դրանցից: Ընդ որում, զրկվեց մեծ աղմուկով, հրապարակավ՝ մեկ խաղի ընթացքում բաց թողնելով միանգամից երեք գնդակ: 

Մինչդեռ այս հանդիպումը «Բարսա»-ի համար չափազանց լավ էր մեկնարկել: Արդեն 4-րդ րոպեին Նեյմարը, ձախ եզրում գնդակ ստանալով Սուարեսից, առանց դիմադրության հանդիպելու մոտեցավ «Ռեալի» տուգանայինին, աջ ոտքով հանգիստ հարված կատարեց դեպի դարպասի՝ Կասիլյասի համար անհասանելի անկյունը՝ առաջ մղելով կատալոնացիներին: Ինչո՞վ էին այդ պահին զբաղված «»Ռեալի  պաշտպանները, եւ ինչու նրանցից ոչ մեկը ջանք չէր գործադրում «հսկելու» բրազիլացուն, հայտնի չէ:   

Այս հանդիպմանը Լուիս Էնրիկեն ի վերջո կարողացավ խաղադաշտ դուրս բերել իր հզորագույն հարձակվողական եռյակին՝ Նեյմար-Մեսսի-Սուարես (ավարտվեց ուրուգվայցու որակազրկման ժամկետը): Եվս մեկ անակնկալ քայլ էր Ժերեմի Մաթյոյի ընդգրկումը հիմնական կազմում՝ Ալբայի փոխարեն: Հավանաբար, այդ փոխարինմամբ Էնրիկեն ցանկանում էր իր թիմին հզորություն հաղորդել «երկրորդ հարկում»: Միայն բարձրահասակ Պիկեն կարող էր քիչ լինել գլխով հիանալի խաղ ցուցադրող Ռամոսի, Ռոնալդուի եւ Պեպեի դեմ:      

Ինչ վերաբերում է «Ռեալին», ապա խաղադաշտ էր դուրս եկել այն կազմը, որով թիմը ՉԼ-ում ջախջախել էր «Լիվերպուլին»: Մադրիդցիների միակ կորուստը վնասվածք ստացած Բեյլն էր, ում, ինչպես եւ Լիվերպուլում կայացած խաղի ընթացքում, փոխարինում էր Իսկոն:

Գոլ բաց թողնելով՝ «Ռեալը» շտապում է վերականգնել հաշվի հավասարակշռությունը, եւ 6-րդ րոպեին Բենզեման իրական հնարավորություն է ստանում հավասարեցնելու հաշիվը, սակայն վրիպում է ընդամենը 6 մետր հեռավորությունից: 11-րդ րոպեին Ռոնալդուն փոխանցում է կատարում նույն Բենզեմային, վերջինս գլխով հարված է կատարում, այս անգամ հյուրերին փրկում է դարպասաձողը, իսկ կրկնակի հարվածից հետո ֆրասիացու գնդակը դիպչում է դարպասաձողի անկյունին: «Ռեալի» անթիվ գրոհներին ի պատասխան՝ «Բարսելոնան» հնարավորություն էր փնտրում հակագրոհներում. այսպիսի սցենարով էր ընթանում խաղը: Խաղ՝ մեծատառով, մեծ արագությամբ, երկու թիմերն էլ հանդիսատեսին ուրախացնում էին գեղեցիկ դիտարժան խաղով: Հենց այդպիսի խաղ էինք մենք սպասում թիմերից, որոնք սովոր են խաղալ առաջին համարով:    

22-րդ րոպեին Մեսսին կարող էր «Ռեալին» կանգնեցնել պարտության եզրին, սակայն շուրջ 5 մետր հեռավորությունից նրա հարվածն ինչ-որ անհասկանալի կերպով կասեցրեց Կասիլյասը: Ինձ համար անհասկանալի է՝ ինչպե՞ս կարելի է քննադատել Կասիլյասին: Ֆուտբոլիստ, ով «Ռեալի» համար հաղթել է ամեն ինչ, ինչ միայն հնարավոր է: Մարդ, ով իր երկրի համար հաղթել է Աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունները: Ֆուտբոլիստ, ում արդեն իսկ կարելի է անվանել ակումբի լեգենդը: Դա նույնն է, եթե մենք քննադատենք Բերեզովսկուն՝ մարդ, ով 40 տարեկանում դեռ քարշ է տալիս մեր հավաքականին: Դժվարին պահեր կարիերայում լինում են բոլորի մոտ, իսկ այն, որ Կասիլյասը հիանալի դարպասապահ է, նա ապացուցեց այս հանդիպման ընթացքում, մասնավորապես, կասեցնելով նաեւ Մաթյոյի հարվածը դեպի դարպասի վերին անկյունը 2:1 հաշվի ժամանակ:

Դե լավ, սիրելուց ատել… մի խոսքով, ինքներդ գիտեք: Անցնենք խաղին: Հանդիպման 35-րդ րոպեին Բրավոյի չոր շարքն ընդհատվեց 776-րդ րոպեին, եւ ո՞վ այն ընդհատեց: Ճիշտ է՝ Ռոնալդուն: Հանդիպումը հիանալի անցկացրած Մարսելոն եզրից մոտենալով՝ փոխանցում կատարեց տուգանային, Պիկեն ավելի լավ բան չմտածեց, քան գնդակը ձեռքով կասեցնելը: 11-մետրանոց, Ռոնալդու, եւ՝ 1:1: 

Երկրորդ խաղակեսում արդեն ամբողջությամբ նախաձեռնությունն իր ձեռքն էր վերցրել «Ռեալը»: 50-րդ րոպեին Կրոսը իրացնում է անկյունայինը, եւ այն, ինչից վախենում էր Էնրիկեն, կատարվում է: Պեպեն հաղթող է դուրս գալիս երկրորդ հարկում՝ գնդակն ուղարկելով դարպասը: Չի փրկում նաեւ բարձրահասակ Մաթյոն: Ըստ էության, «Բարսան» պետք է առաջ նետվեր եւ փորձեր վերականգնվել: Սակայն կատալոնացիների հնարքները «Ռեալի» մակարդակի հակառակորդներին արդեն չեն վախեցնում: Հենց Մեսսին ստանում էր գնդակը, նրան միանգամից շրջապատում էին 2-3 մրցակիցներ: Գոլից հետո Նեյմարը դաշտում աչքի չէր ընկնում, Սուարեսին, ակնհայտորեն, չէր բավականացնում խաղային պրակտիկան. կես տարի առանց ֆուտբոլի՝ կատակ չէ: Խավին եւ Ինյեստան ոչ մի կերպ չէին կարողանում հարձակման ճիշտ շարունակություն գտնել: Մի խոսքով, «Բարսա»-ի առաջին գծում գործերն այնքան էլ լավ չէին ընթանում: Հետեւ գծում եւս վրիպումները հետեւում էին մեկը մյուսին: Էնրիկեն Խավիին փոխարինում է Ռակիտիչով՝ հարձակմանը եռանդ հաղորդելու նպատակով: Սակայն հազիվ խաղադաշտ դուրս գալով՝ խորվաթը, թեկուզ եւ անուղղակի կերպով, կազմակերպում է գոլ սեփական դարպասին՝ անփույթ խաղարկելով անկյունայինը: Մադրիդը վերցնում է գնդակը եւ օրինակելի հակագրոհ է ձեռնարկում Մարսելոյի, Իսկոյի, Խամեսի եւ Բենզեմայի մասնակցությամբ: Գնդակը մեկ հպումով հայտնվում է Բրավոյի մոտ, արդյունքում Բենզեման չի ձախողում իր երրորդ փորձը՝ հաշիվը դարձնելով 3:1: Ակնհայտ էր, որ «Բարսելոնա»-ի այդպիսի խաղի պարագայում «Ռեալը» ձեռքից բաց չի թողնի նման առավելությունը: Մինչեւ հանդիպման ավարտը կատալոնացիները Կասիլյասի դարպասի մոտ այդպես էլ վտանգավոր ոչ մի պահ չեն կարողանում ստեղծել: Իսկ «Ռեալը» կարող էր եւս մի քանի գոլ խփել՝ հաղթելով խոշոր հաշվով: Այնուամենայնիվ, «Ռեալ»-ի վստահ հաղթանակը եւ «Բարսա»-ի առաջին պարտությունն առաջնությունում: Արքայական ակումբը «Բարսա»-ից հետ է մնում խորհրդանշական մեկ միավորով: Լավ կլիներ, որ նման խաղերը շատ լինեին: Սակայն լավ բանը շատ չի լինում: Մենք՝ Հայաստանի բնակիչներս, դա լավ գիտենք: 

«Բարսելոնա»-ի պարտությունից հետո աղյուսակի վերին մասում պայքարն առավելագույնս սրվեց: Կատալոնացիներից առաջ անցավ «Սեւիլյան»՝ դրամատիկ հանդիպմանը հաղթելով «Վիլյառեալին»: 79-րդ րոպեին Վիետտոյի գոլից հետո սեւիլյացիները պարտությանը մոտ էին: Սակայն այդ ժամանակահատվածում «Սեւիլյան» ոչ միայն հավասարեցրեց հաշիվը, այլ նաեւ հասցրեց խփել հաղթական գնդակը: Նախ, Սուարեսը (Դենիս, այլ ոչ թե Լուիս) 88-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը, ապա 90+3-րդ րոպեին «Սեւիլյա»-ի լավագույն ռմբարկու Բակկան խփեց վերջին գոլը: Հաղթանակի գովելի կամք է, ոչինչ չես ասի:

Աննկատ առաջատարներին մոտեցավ նաեւ չեմպիոն «Ատլետիկոն»: Մադրիդցիները համեստորեն, 1:0 հաշվով հաղթանակ տարան իրենց հյուրընկալած «Խետաֆեի» նկատմամբ: Մեկ գոլ Մանջուկիչի հաշվին: Չի ընկրկում նաեւ «Վալենսիան»՝ սեփական դաշտում «Էլչեին» հաղթելով 3:1 հաշվով:

Այժմ 5 թիմերը խիտ խումբ են կազմել: Առաջինից հինգերորդ տեղերի տարբերությունն ընդամենը 2 միավոր է: Սպասվում է հետաքրքիր մրցակցություն:

9-րդ տուրի արդյունքները՝

Ռեալ-Բարսելոնա 3:1
Վալենսիա-Էլչե 3:1
Ալմերիա-Ատլետիկ Բիլբաո 0:1
Սելտա-Լեվանտե 3:0
Խետաֆե-Ատլետիկո Մադրիդ
Սեւիլյա-Վիլյառեալ 2:1
Էսպանյոլ-Դեպորտիվո 0:0
Մալագա-Ռայո Վալեկանո 4:0
Կորդովա-Ռեալ Սոսիեդադ 1:1
Էյբար-Գրանադա 1:1

Մրցաշարային աղյուսակ՝

Բարսելոնա- 22 միավոր
Սեւիլյա-22
Ռեալ-21
Վալենսիա-20
Ատլետիկո Մ.-20


Ռմբարկուներ՝

Ռոնալդու՝ 16 գնդակ
Նեյմար-9
Մեսսի, Բակա-7-ական


Տեսությունը պատրաստել է Արսեն Սարգսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին