exclusive
2000 դիտում

Չեմպիոնների լիգա. Դեռեւս ոչ բոլոր ֆավորիտներն են հունի մեջ մտել


Լուսանկարը` http://www.uefa.com


Մեկնարկեց ուժեղագույն ակումբային մրցաշարի երկրորդ տուրը: Հիմնականը, ինչ հաջողվեց նկատել, այն էր, որ շատ ֆավորիտներ փորձում են անցնել խմբային փուլն, ինչպես ասվում է, կես ոտքով, բարձր մակարդակի վրա, եւ այդպիսի մոտեցումը ոչ միշտ է իրեն արդարացնում:

«Բարսելոնան» առաջին տուրում խառը կազմով սեփական դաշտում դժվարին հաղթանակ էր տարել Կիպրոսի ԱՊՕԵԼ-ի նկատմամբ՝ 1:0: Այժմ կատալոնացիներին սպասվում էր շատ ավելի ուժեղ մրցակից՝ ՊՍԺ-ն: Արաբական շեյխերի թիմը վաղուց է երազում Չեմպիոնների Լիգայի գավաթի մասին: Փարիզցիների համար առաջնահերթ է հենց ՉԼ-ն, եւ հաջողության հասնելու համար նրանք առանց երկար մտածելու կզոհաբերեն ազգային առաջնությունը: Ի՞նչ ունի ապացուցելու ՊՍԺ-ն այդ առաջնությունում: Դե, հերթական անգամ կնվաճեն չեմպիոնի տիտղոսը, եւ ի՞նչ: Սովորական բան է: Իսկ ՉԼ-ն նշանակում է ամբողջ աշխարհի հարգանքը եւ ապացուցում է, որ ակումբում ներդրված հարյուր միլիոնավոր դոլարներն իզուր չեն ծախսվել: Համաձայնեք, ազգային առաջնությունում կարելի է հաղթել նաեւ շատ ավելի քիչ ծախսերով: 

Փարիզցիները հանդիպումը մեկնարկեցին առույգ, եւ արդեն 10-րդ րոպեին Դավիդ Լուիսը բացեց հաշիվը: Թեեւ, ՊՍԺ-ն առաջատարի կարգավիճակում մնաց ուղիղ մեկ րոպե: 11-րդ րոպեին Ինյեստայի եւ Մեսսիի մասնակցությամբ գեղեցիկ կոմբինացիայից հետո վերջինս հավասարեցրեց հաշիվը: Սակայն ՊՍԺ-ին հանդիպման այդպիսի ընթացքը չշփոթեցրեց. նրանք շարունակում էին գրոհել «Բարսա»-ի դարպասի ուղղությամբ եւ արդյունքում 26-րդ րոպեին Վերատիի ջանքերով կրկին առաջ են անցնում: Երկրորդ խաղակեսում՝ 54-րդ րոպեին, Մատյուիդին իր գոլով կատալոնացիներին պարտության եզրին է կանգնեցնում: Անհրաժեշտ էր հետ բերել երկու գնդակ: Մեկը 56-րդ րոպեին խփում է Նեյմարը, բայց ոչ ավելին: «Բարսան» պարտվում է 2:3 հաշվով: Եթե «Բարսելոնան» մտածում է խառը կազմով խաղալ Կիպրոսում եւ Ամստերդամում, վախենամ, խմբային մրցաշարը գավաթի թեկնածուներից մեկի համար վերածվի իսկական դժոխքի: 

Դեռեւս անհաջող է խաղում նաեւ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին»: Առաջին տուրում «ՄՍ»-ն վիրավորական պարտություն էր կրել «Բավարիա»-ից՝ բաց թողնելով միակ գնդակը վերջին րոպեին: Հաշվի առնելով, որ նրանց ներկայիս հակառակորդ «Ռոմա»-ն առաջին տուրում 5:1 հաշվով ջախջախել էր ԲԿՄԱ-ին, «ՄՍ»-ի համար ցանկալի կլիներ հռոմեացիներին հաղթել սեփական դաշտում: Եվ արդեն 4-րդ րոպեին Ագուերոն առաջ է մղում «ՄՍ»-ին: Սակայն 20 րոպե անց հզոր, չծերացող Տոտտին, դեմ առ դեմ դուրս գալով Հարթին, իր էլեգանտ ոճով դարպասապահի գլխի վրայով գնդակն ուղարկում է ուղիղ դարպասի անկյունը: Հետագայում գոլի հեղինակ կարող էին դառնալ երկու թիմերն էլ, սակայն հաշիվը մնում է անփոփոխ՝ 1:1: Երկու տուրերի արդյունքում «ՄՍ»-ն վաստակել է մեկ միավոր, եւ նրան սպասվում է դժվարին հանդիպում «Ռոմա»-ի հետ («Բավարիան», հաղթելով ԲԿՄԱ-ին 1:0 հաշվով, առաջ է շարժվում առանց կորուստների) փլեյ-օֆֆ դուրս գալու համար:    

Նշեմ նաեւ «Չելսիի» հաղթանակն իրեն հյուրընկալած «Սպորտինգի» նկատմամբ: Հաշվի առնելով, որ առաջին տուրում «Չելսին» սեփական դաշտում չէր կարողացել հաղթանակ տանել «Շալկե-04»-ի նկատմամբ, Լիսաբոնում հաղթանակն անհրաժեշտ էր ազնվականներին, եւ 34-րդ րոպեին Մատիչի գոլի շնորհիվ նրանք այն նվաճեցին: 

Նշեմ նաեւ Բիլբաոյի «Աթլետիկի» անհաջող խաղը: Թիմը չափազանց վատ է մեկնարկել առաջնությունում եւ Լա Լիգայում գտնվում է հետնապահ թիմերի շարքում: ՉԼ-ում բասկերի գործերն ավելի լավ չեն. սեփական դաշտում «Շախտյորի» հետ գոլազուրկ ոչ ոքիից հետո «Աթլետիկը» պարտվել է իրեն հյուրընկալած Բելառուսի ԲԱՏԷ-ին 1:2 հաշվով: 

Այսօր կկայանան երկրորդ տուրի հանդիպումները մնացած 4 խմբերի թիմերի միջեւ: Տեսնենք, թե ինչպիսի արդյունքներով մեզ այսօր կզարմացնեն նրանք: 

Արդյունքները.

Խումբ Е. ՄՍ - Ռոմա 1-1, ԲԿՄԱ - Բավարիա 0-1

Խումբ F. ՊՍԺ - Բարսելոնա 3-2, ԱՊՕԵԼ - Այաքս 1-1

Խումբ G. Սպորտինգ - Չելսի 0-1, Շալկե-04 - Մարիբոր 1-1

Խումբ H: Շախտյոր - Պորտու 2-2, ԲԱՏԷ - Աթլետիկ Բ 2-1

Տեսությունը պատրաստեց Արսեն Սարգսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին