Մայիս 03, 2024
exclusive
3881 դիտում

«Ռեալը» «Կրասնոդարից» վատ խաղաց…


Լուսանկարը` http://media.sagalradio.atlantabeez.org/

Լուսանկարը` http://www.insidespanishfootball.com/

Լուսանկարը` zimbio.com


Կայացավ իսպանական Լա Լիգայի երկրորդ տուրը: Միակ թիմը, որը միավորներ չի կորցրել, «Բարսելոնան» է: Մնացած բոլոր 19 թիմերը հասցրել են կորուստներ կրել: Նրանց թվում է նաեւ առաջնության ֆավորիտներից մեկը՝ Մադրիդի «Ռեալը», որը Սան-Սեբաստյանում ջախջախիչ պարտություն կրեց տեղի «Ռեալ Սոսյեդադից»: Սկսենք հենց այդ հանդիպումից: 

Դաշտի տերերը՝ «Սոսյեդադի» фուտբոլիստները, դաշտ էին դուրս եկել ոչ ամենալավ հոգեբանական վիճակում: Երեք օր առաջ Կրասնոդարում նրանք 0:3 հաշվով ջախջախիչ պարտություն էին կրել համանուն ակումբի կողմից եւ դուրս մնացել Եվրոպայի լիգայից: Գումարած դրան, մեծ էր հավանականությունը, որ նրանք չեն կարողանա վերականգնվել նաեւ ֆիզիկապես: Եվ … նրանց է հյուրընկալվում ոչ թե ինչ-որ մի թիմ, այլ ինքը՝ «Ռեալը»: Եվ խաղի մեկնարկն ասես հաստատում էր թվարկված կասկածները: «Ռեալն» արդեն 11-րդ րոպեին առաջ էր անցել հաշվի մեջ 2:0 հաշվով Ռամոսի եւ Բեյլի գոլերի շնորհիվ եւ, թվում էր, նոկաուտի էր ենթարկել հակառակորդին: Բայց իներցիայով եւս մի քանի պահ ստեղծելով ու դրանք չիրացնելով՝ առաջին խաղակեսի ավարտին մադրիդցիները պարզապես դադարեցին իրենց խաղը խաղալ: Դա զգալով՝ բասկերը անսպասելիորեն կտրուկ ավելացրեցին տեմպը, եւ Կասիլյասի դարպասի մոտ պահերը սկսեցին առաջանալ տագնապալի հաճախականությամբ: Որոշ ժամանակ «Ռեալի» բախտը բերում էր, սակայն այդպես երկար շարունակվել չէր կարող: Նախ, 35-րդ րոպեին Մարտինեսը կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 6 րոպե անց հանդիպման հերոս Սուրտուսան գլխի հիանալի հարվածով վերականգնեց հաշվի հավասարությունը: Երկրորդ խաղակեսում դաշտում գերիշխում էր մեկ թիմ՝ «Ռեալ Սոսյեդադը»: Այնպիսի տպավորություն էր, որ Կրասնոդարում խաղացել են մադրիդցիները, այլ ոչ թե բասկերը: Ռոնալդուի բացակայությամբ «Ռեալի» առջեւի գծում ոչինչ չէր ստացվում, թեեւ առանձնապես պաշտպանություն էլ աչքի չէր ընկնում: 65-րդ րոպեին նույն Սուրուտուսան Պրիետոյի հիանալի փոխանցումից հետո առաջ մղեց բասկերին հաշվի մեջ, իսկ 10 րոպե անց փոխարինման դուրս եկած Վելայի գոլից հետո «Ռեալի» համար ամեն ինչ վերջացած էր:  

Եվ հիմա կցանկանայի մի փոքր գովել ինձ (ո՞վ կանի դա ինձանից բացի): Երբ «Ռեալին» անհրաժեշտ էր ուժեղացնել հարձակման գիծը, պարզվեց, որ դա ոչ ոք չի կարող անել: Պահեստայինում նստած էին միայն պաշտպանության գծի ֆուտբոլիստներ եւ ոչ մի հարձակվող: Եվ դա՝ աշխարհի ամենահարուստ ակումբներից մեկի դեպքում: Անհեթեթություն: Իսկ ես այդ մասին գրել էի շուրջ մեկ շաբաթ առաջ: Եվ Բենզեմայի մասին գրել էի, որ նա այն հարձակվողը չէ, որը գոլեր կխփի «Ռեալի» համար: Ստացվում է, որ այն, ինչ ես էի տեսնում, չէին տեսնում «Ռեալի» մենեջերները (միգուցե ինձ «Ռեալում» աշխատանքի՞ ընդունեն): Խաղը փրկելու համար Անչելոտին դաշտ է դուրս հանում հենակետային Խեդիրային եւ պաշտպան Արբելոային, իսկ Ֆալկաոն արդեն երկրորդ տարին գնում-գնում է, սակայն չի կարողանում Մադրիդ հասնել… Կարծում եմ, մեկնաբանություններն ավելորդ են: «Ռեալը» չկարողացավ անել այն, ինչ արեց մեր հայրենակից Գալիցկու ակումբ «Կրասնոդարը»՝ հաղթել «Սոսյեդադին»:  



«Բարսելոնան» հյուրընկալվել էր «Վիլյառեալին»: Այն, որ կատալոնացիների համար դժվար է լինելու, պարզ էր նաեւ մինչեւ խաղը: «Վիլյառեալը» սեփական դաշտում ոչ ոքի հենց այնպես միավորներ չի նվիրում: Իզուր չէ, որ թիմն արդեն երկու մրցաշրջան պայքարում է ՉԼ-ում հայտնվելու համար: Խաղն ընթանում էր «Բարսա»-ի առավելությամբ, որը մի քանի լավ հնարավորություն ուներ բացելու հաշիվը: Տեղին է հիշել հարվածային դիրքից Մեսսիի կատարած հարվածը դարպասաձողին: Մինչ 82-րդ րոպեն «Վիլյառեալը» դիմադրում էր գրոհներին: Սակայն փոխարինման դուրս եկած Ռամիրեսն արեց այն, ինչ չկարողացան անել Մեսսին ու Նեյմարը. դիպուկ հարվածով նա իր թիմին բերեց երկրորդ հաղթանակն անընդմեջ:  

Չեմպիոն «Ատլետիկոն» հյուրընկալել էր սկսնակ «Էյբարին» եւ արագ առավելության հասավ նրա նկատմամբ: Միրանդան եւ Մանջուկիչը 25-րդ րոպեին հաշիվը դարձրին 2:0: Սակայն այս դեպքում էլ ֆավորիտը հայտնվեց նյարդային լարվածության մեջ: Միներոն 34-րդ րոպեին կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ խաղի ավարտին «Էյբարը», որն առաջին տուրում պարտության էր մատնել «Սոսյեդադին», հաշիվը հավասարեցնելու երկու հիանալի հնարավորություն ունեցավ, սակայն «կատարողները» թերացան, եւ «Ատլետիկոն» տարավ առաջին հաղթանակը:

Մյուս հանդիպումներից նշեմ «Վալենսիա»-ի եւ «Սեւիլյա»-ի գեղեցիկ խաղերը: Թիմերը երկրորդ տուրում հաղթանակներ տարան, եւ, ամենակարեւորը, նրանց խաղը բավականին հրապուրիչ է: Թեեւ, սա ընդամենը երկրորդ տուրն էր. տեսնենք, թե ինչ կլինի հետագայում:


Երկրորդ տուրի արդյունքները.
Ատլետիկո Մ - Էյբար 2-1
Կորդովա - Սելտա 1-1
Ատլետիկ Բ - Լեւանտե 3-0
Վալենսիա - Մալագա 3-0
Խետաֆե - Ալմերիա 1-0
Ռեալ Սոսյեդադ - Ռեալ 4-2
Էսպանյոլ - Սեւիլյա 1-2
Վիլյառեալ - Բարսելոնա 0-1
Դեպորտիվո - Ռայո Վալյեկանո 2-2

Տեսությունը պատրաստեց Արսեն Սարգսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին