Ապրիլ 26, 2024
exclusive
7546 դիտում

Մինչ չեչենները ֆուտբոլ են խաղում, բրազիլացիները ֆուտբոլ են պարում



Կովկասյան ամենակրքոտ դերբիներից մեկը դրամատիկ վերջաբան ունեցավ  «90+»-ում: Mediamax Sport-ը ներկայացնում է նաեւ բրազիլական Ա սերիայի 31-րդ տուրի զարդը, որն իր գրավչությամբ ու դրամատիզմով հավակնում է դառնալ տարվա լավագույն մրցավեճը:

«Ախմատ»-«Անժի»: Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնին ընդունեց քաղաքի անվանը համահունչ կովկասյան դերբին, որտեղ Ռամզան Կադիրովի «Ախմատն» ուժերը չափում էր «Անժիի» հետ: Անկախ մրցաշարային աղյուսակում թիմերի զբաղեցրած դիրքերից՝ դիմակայությունը մշտապես անցնում է լարված պայքարում եւ ֆուտբոլասերի համար տպավորություն է ստեղծվում, որ «Ախմատը» խաղում է ոչ միայն ակումբային հաջողության, այլեւ հենց Կադիրովի ինքնասիրության համար: Պատահական չէին նաեւ այն լուրերը, որ Չեչնիայի նախագահի դրդմամբ տեղի  բոլոր ուսումնական հաստատությունների ուսանողներին հատուկ հրահանգ էր տրվել մասնակցել խաղին, իսկ հրաժարվողներին ցուցակագրել էին՝ հետագա պատժամիջոցների համար:

Հանդիպումն, ինչպես իր շուրջ ստեղծված խելահեղ մթնոլորտը, անցավ գերլարված ու դրամատիկ պայքարում: 90 րոպե կատաղի խաղից հետո հաշիվն այդպես էլ չբացվեց: Վճռական խոսքը կրկնակի ադրենալինով եղավ «90+»- ում:

«90+3»-րդ րոպեին «Ախմատը» հաղթանակի նժարն իր կողմը թեքեց ու սկսեց հավատալ հաջողությանը: «Անժին» վիրավորված ինքնասիրությամբ առաջ գնաց ու կարողացավ փրկել սեփական պատիվը: «90+6»-րդ րոպեին ձախ եզրում խաղակրված տուգանայինից հետո «Ախմատի» դարպասապահը կոպիտ սխալ թույլ տվեց, արդյունքում գնդակը հայտնվեց դարպասում եւ մրցավեճն ավարտվեց մարտական 1-1 հաշվով:



«Քրիսթալ Փելաս»-«Վեսթ Հեմ»:  Անգլիական պրեմիեր լիգայում արկածախնդրությունն է շարունակում Սլավեն Բիլիչի գլխավորած «Վեսթ Հեմ Յունայթեդը»: Լոնդոնցիներն այն խաղերում, որտեղ պետք է հավաքեն իրենց միավորների պաշարը, տանուլ են տալիս: Նման խաղի պարագայում առաջատարների դեմ մրցելիս դրական արդյունքի մասին խոսելն իսկ ավելորդ է:

Առաջնության 10-րդ տուրի «Քրիսթալ Փելասի» հետ խաղի մեկնարկը հիրավի խոստումնալից էր: Չիչարիտոն ու Անդրե Այուն մեկական գոլի հեղինակ էին դարձել ու վստահ հաղթանակ էին բերում պղպջակայիններին: Խաղի ելքը փոխվեց 2-րդ կեսի սկզբում, որտեղ «Փելասը» կորողացավ կրճատել հաշվի տարբերությունը: Թվում էր մրցավեճն այդպես էլ կավարտվի, բայց դրա հետ համաձայն չէր «Քրիսթալ Փելասի» կազմում հիանալի խաղ անցկացրած Վիլֆրիդ Զահան: «90+7»-րդ րոպեին Ռոյ Հոջսոնի թիմը գնդակն արագորեն խաղարկելով հասցրեց Զահային, ով արագ կողմնորոշվելով հավասարեցրեց խաղի հաշիվն ու  պարարտ հող ստեղծեց Սլավեն Բիլիչի հրաժարականի համար: Մրցավեճն ավարտվեց 2-2 հաշվով:



«Նումանսիա»-«Մալագա»:  Մադրիդի «Ռեալում» երկար տարիներ հաջողությունների հասած Միտչելի գլխավորած «Մալագան» խայտառակ պարտություն կրեց Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16-րդ եզրափակիչ փուլի առաջին խաղում: Պրիմերայի նախավերջին թիմն առաջնությունում «Բարսելոնայից» կրած տրամաբանական պարտությունից հետո մարտական էր տրամադրված «Նումանսիայի» հետ, բայց այն, ինչ պատահեց մեդուզաների հետ, զավեշտ անգամ չես համարի:

90 րոպեից հետո թիմը հաղթում էր նվազագույն 1-0 հաշվով ու խաղի ավարտին մնացել էր ընդամենը 2 րոպե խաղաժամանակ: «Նումանսիայի» համար դա բավական էր: Հավերժություն դարձած 120 վայրկյանի մեջ՝ նախ «90+3»-րդ րոպեին խաղի հաշիվը հավասարեցրեց Նաչոն, այնուհետեւ «90+5»-ին Ալբերտո Էսկասին տրորեց «Մալագային»՝ զրկելով նույնիսկ ոչ-ոքի արդյունքից: «Նումանսիան», լինելով սեկունդայի թիմ, հասավ սենսացիոն հաղթանակի:

«Սպորտ Ռեսիֆե»-«Կորիտիբա»: Բրազիլական Ա սերիայի 31-րդ տուրում կայացավ դիմակայություն, որն իր գրավչությամբ, դարպասապահների անհավանական փրկություններով, խփված գոլերի քանակով, չիրացրած 11-մետրանոց հարվածներով կարելի է մրցաշրջանում դասել լավագույն խաղերից մեկի շարքին: «Սպորտ Ռեսիֆե»-«Կորիտիբա» մրցավեճը գերազանցեց բոլորի սպասելիքները եւ, որ ամենակարեւորն է, խաղի ելքը վճռվեց  «90+»-ում:

Խաղի հիմնական ժամանակի հերոսն ու հակահերոսը  դաշտի տերերի ու Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Դիեգո Սոուզան էր, ով հասցրել էր դառնալ դուբլի ու 2 չիրացրած 11-մետրանոց հարվածի հեղինակ: 3-3 հաշիվը պահպանվեց մինչեւ «90+1»-րդ րոպեն: Հյուրերի կազմում փոխարինման դուրս եկած Յանը մի քանի պաշտպանների արանքով մտնելով տուգանային հարապարակ գրավեց դարպասն ու անհավանական հաղթանակ նվիրեց «Կորիտիդային»՝ 4-3: Սոուզան այս խաղը երկար չի մոռանա:



Արմեն Մանուկյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին