Ապրիլ 29, 2024
24485 դիտում

Վարդան Մինասյան. «Հավաքականում անբացատրելի զգացողություններ եմ ապրել»

Վարդան Մինասյանը:
Վարդան Մինասյանը:

Լուսանկարը` Ֆոտոլուր:


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ղեկին Վարդան Մինասյանի թե նշանակվելը, եւ թե այդ պաշտոնից հեռանալն անչափ անսպասելի էր բոլորի համար: Նա եկավ ճիշտ ժամանակին ու կարողացավ հավաքականին տալ այն, ինչի կարիքը վաղուց կար: Մինասյանի սաների գեղեցիկ ու տպավորիչ հաղթանակները համընդհանուր ուրախություն եւ հավատ պարգեւեցին ողջ հայությանը:

Մեդիամաքս-ի հետ բացառիկ հարցազրույցում Վարդան Մինասյանը բացահայտում է հավաքականից իր հեռանալու պատճառը, խոսում է իր ձեռքբերումների ու կարոտի, ինչպես նաեւ պատմում կարիերայի հնարավոր շարունակության մասին:

«Արդեն կարոտում եմ ազգային հավաքականը»

- Ե՞րբ հասկացաք, որ ժամանակն է թողնել գլխավոր մարզչի պաշտոնը:

- Թիմ փոխելը նորմալ գործընթաց է մարզչի կյանքում, ամեն մարզիչ էլ ցանկանում է կատարելագործվել ու ավելի զարգանալ: Ինձ բախտ վիճակվեց երիտասարդ տարիքում գլխավորել մեր ազգային հավաքականը, որտեղ թե մարզումների եւ թե խաղի ժամանակ բոլորովին այլ զգացողություն եմ ունեցել: Սակայն հավաքականի մարզիչը պրակտիկ աշխատանք շատ քիչ է ունենում, իսկ ինձ պետք է ամենօրյա աշխատանք, որը կարող է լինել միայն ակումբում:

Մի բան էլ խոստովանեմ: Չեխիայի հետ առաջին խաղից հետո ես հրաժարական տվեցի այն պարզ պատճառով, որ զգացի, որ իմ եւ խաղացողների միջեւ եղած կապը մի տեսակ խախտվել է: Իրար կարծես չէինք հասկանում, չէինք լսում: Բայց հետո, փառք Աստծո, ամեն ինչ կրկին տեղն ընկավ, ու տղաների լուման շատ մեծ էր դրա մեջ: Նրանք հասկացան, թե իրենցից ինչ է պահանջվում:

- Ինչպե՞ս կայացրիք այդ որոշումը. արդյո՞ք կասկածի կամ տարակուսանքի պահեր չեղան:

- Ոչ մի վայրկյան չեմ կասկածել կամ տարակուսել: Այդ մասին որոշել էի Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի ավարտից դեռ մի քանի խաղ առաջ: Ու անկախ նրանից, թե ինչպես կավարտեինք այն, ես պետք է հեռանայի: Նույնիսկ եթե արդյունքն անհամեմատ լավը լիներ, ես միեւնույն է չէի մնա այս պաշտոնում:

- Որեւէ մեկի հետ խորհրդակցե՞լ եք այդ որոշումը կայացնելիս:

- Կան մարդիկ, որոնց հետ ես շատ մտերիմ եմ ու վստահում եմ: Նրանց հետ խոսել եմ այդ մասին, բայց ես ինքս եմ կայացրել վերջնական որոշումը:


Վարդան Մինասյանը:
Լուսանկարը`Մեդիամաքս:

- Հավաքականի անդամները Ձեզ նամակ են ուղղել` խնդրելով վերանայել որոշումը: Այդ քայլը անակնկա՞լ էր Ձեզ համար:

- Այդ ամենի համար ես շատ շնորհակալ եմ տղաներից: Այն չորս տարիները, որոնք մենք իրար հետ ենք աշխատել, իզուր չեն անցել: Իսկապես, ես շատ շոյված եմ: Ճիշտ է, Իտալիայի խաղից անմիջապես հետո ես շնորհակալություն էի հայտնել նրանց, բայց հեռանալու մասին կոնկրետ ոչինչ չէի ասել:

- Չե՞ք կարոտելու այդ ամենը:

- Անպայման: Մենք շատ մտերիմ ենք եղել, ու կարծես ընտանիքից եմ հեռանում: Մեր հավաքականը մարդկային ջերմ հարաբերությունների վրա էր հիմնված: Եթե անկեղծ, ապա ես արդեն կարոտում եմ:

- Ո՞ւմ կցանկանայիք տեսնել հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Հայաստանյան մարզիչների շարքում թեկնածու տեսնո՞ւմ եք:

- Այդ հարցին չեմ ուզում պատասխանել: Ընտրությունը թողնենք ֆեդերացիային: Որքան տեղյակ եմ, ընտրությունը իտալացի կամ իսպանացի մասնագետների միջեւ է լինելու:

«Հաղթանակից հետո երկինք չեմ բարձրանում, իսկ պարտությունից հետո ամենեւին անպետք չեմ զգում»

- Այս ընտրական փուլում մեր հավաքականը վայրիվերումներով հանդես եկավ, կայուն խաղ չէր ստացվում: Եղան անակնկալ հաղթանակներ ու անսպասելի պարտություններ: Ի՞նչն էր պատճառը:

- Երբ չունես կայուն կազմ, ֆուտբոլիստները վնասվածքներ, դեղին քարտեր են ստանում, եւ ընտրության հնարավորությունն էլ փոքր է, չես կարող անել այն, ինչ մտածում ես: Սրանք խնդիրներ էին, որոնց հետ բախվեց մեր հավաքականը եւ չկարողացավ կայուն խաղ ցուցադրել:

- Բայց ԵՎՐՈ-2012 ընտրական փուլի ժամանակ ասում էիք, որ մեր պահեստայինների նստարանը երկարել է: Սակայն ԱԱ-ի ընթացքում Դուք ստիպված փոփոխություններ էիք անում, ու միշտ չէ, որ դրանք համարժեք էին ստացվում:

- Ճիշտ եք, ունեինք, սակայն երկու տարի է անցել արդեն: Մենք ունենք խաղացողներ, որոնք չնայած պատրաստ են, բայց խաղային պրակտիկա չունեն, որովհետեւ ակումբներում միշտ չէ, որ հանդես են գալիս: Օրինակ, Մարկոսը մեզ համար կարեւոր ու հիմնական խաղացող է: Բայց «Կրասնոդարի» մարզիչը նրան խաղային քիչ ժամանակ է տալիս: Բաներ կան, որոնք մեզնից կախված չեն: Դեղին քարտերը և վնասվածքները համատարած բնույթ էին կրում այս մրցաշարում:


Վարդան Մինասյանը:
Լուսանկարը`Մեդիամաքս:

- Ինչո՞ւ էր այս ընտրական մրցաշարում հավաքականն ավելի լավ հանդես գալիս արտագնա հանդիպումներում:

- Հայաստանում ֆուտբոլիստների վրա ճնշումն ավելի մեծ է լինում, իսկ արտագնա խաղերի ժամանակ ստադիոնում բոլորովին այլ մթնոլորտ է տիրում: Բացի այդ, կա նաեւ տակտիկական հարց. հյուրընկալվելիս մեզ ավելի շատ են տարածություն տալիս հակագրոհելու համար, ու տղաները կարողանում են ազատ գործել: Իսկ հակագրոհները մեր թիմի ամենուժեղ կողմն են:

- Ի՞նչը հիմնականում չհաջողվեց կատարել այս ընտրական փուլում:

- Կատարյալ ձախողում էր Մալթայի հետ խաղը, եւ այդ պարտության պատասխանատվությունն ամբողջովին ինձ վրա է: Մարդկանց ուղեղում ոչ մի կերպ չի տեղավորվում այդ պարտությունը: Բայց սա ֆուտբոլ է, եթե միշտ ուժեղները հաղթեն, անհետաքրքիր կլինի: Միանգամից դժվար է ասել, թե ինչը չստացվեց թիմի մոտ: Նույնիսկ նախավերջին երկու խաղերում մենք դեռեւս առաջին խաղակեսում ստիպված փոփոխություններ էինք անում: Դժվար է նման իրավիճակներում ինչ-որ բաներ մտածել ու խաղն արագ փոխել:

- Ո՞ր խաղից հետո է Ձեզ համար ամենադժվարը եղել տղաների հետ խոսել:

- Հենց Մալթայի խաղից հետո: Ես էլ չէի հասկանում, թե ինչ է կատարվում: Բայց պետք էր խոսել, որովհետեւ նրանք բոլորն էլ սպասում էին դրան: Ես շատ լուրջ խոսակցություն ունեցա, ասացի իմ կարծիքն իրենց խաղի ու պահվածքի մասին: Ես տղաների հետ միշտ էլ անկեղծ եմ եղել, ու երկխոսության միջոցով հասկացանք միմյանց: Շատ ուրախ եմ, որ վերջում կարողացանք հավաքվել ու հինգ խաղից երեքում հաղթանակ տոնել:

- Իսկ այն կտրվածությունը, որի մասին նշեցիք, վերացա՞վ:

- Եթե կարողացան վերջում այդպիսի խաղ ցույց տալ, ապա այո: Սա ցույց տվեց նաեւ, որ տղաները թիմային մեծ ոգի ու կամք ունեն. իսկապես, դժվար է ընկած տեղից վեր կենալ: Բայց մի խոսք կա, ասում են՝ պետք է մի լավ ընկնես, որ կարողանաս բարձրանալ: Այս թիմը ցույց է տալիս, որ իր վրա կարող ես հենվել, վստահել:

- Անսպասելի էր նաեւ որոշ ֆուտբոլիստների հայտարարությունը, թե պարտությունը մի քանի թիմակիցների մեղքով է եղել:

- Անկեղծ ասած, դա անակնկալ էր ինձ համար: Ամենավատ բանն այն է, երբ կոլեկտիվից ինչ-որ բան դուրս է գալիս: Ես միշտ ասել եմ իմ սաներին, որ իրենք պետք է պինդ լինեն ներսից, նույնիսկ եթե խնդիրներ են առաջանում, ապա ամեն ինչ պետք է մնա թիմի ներսում ու անպայման լուծում ստանա: Եթե կոլեկտիվը ներսից ամուր է, ապա դրսից ոչ մի բան չի կարող խախտել համախմբվածությունը: Անչափ ուրախ եմ, որ հիմա Հայաստանի հավաքականում ամեն ինչ նորմալ է, ու տղաները միասնական են:


Վարդան Մինասյանը:
Լուսանկարը`Մեդիամաքս:

- Շատերը Ձեզ ոչ բավականաչափ կոշտ մարզիչ են համարում: Իսկ, ըստ Ձեզ,  ինչպիսի՞նն եք Դուք:

- Կոշտ կամ փափուկ հասկացությունները հարաբերական են: Եթե ես չեմ գոռգոռում, ձայնս չեմ բարձրացնում, չի նշանակում, որ կոշտ չեմ: Եթե խոսքով կարողանում ես ասածդ տեղ հասցնել, էլ ի՞նչ իմաստ կա գոռգոռալ: Դու կարող ես այնպիսի մի խոսք ընտրել, որ մարդն ավելի զգաստանա: Սա իմ աշխատաոճն է, ես գերադասում եմ  կոռեկտությունը:
   
- Հաճա՞խ եք հանդերձարանում ձայն բարձրացնում Ձեր սաների վրա:

- Երբ տեսնում եմ, որ ֆուտբոլիստը ավելիին է ընդունակ, բայց չի անում, իհարկե, բարձրացնում եմ: Սակայն միայն ընդմիջումների ժամանակ: Խաղից հետո այդպիսի բան չեմ անում, որովհետեւ բոլորս էլ տաքացած ենք լինում, ու ժամանակ է պետք հանդարտվելու ու վերլուծելու համար:

- Այս տարի եղան պահեր, երբ Դուք հայտնվում էիք սուր քննադատության թիրախում: Ինչպե՞ս էիք հոգեբանորեն ընդունում այդ ամենը:

- Ես շատ եմ կարդում Հայոց պատմություն ու գիտեմ մեր ազգի ուժեղ եւ թույլ կողմերը, գիտեմ նաեւ, թե ես ինչի եմ ընդունակ: Այդ ամենը հաշվի առնելով՝ ես հանգիստ եմ ընդունում քննադատությունը, բայց սա չի նշանակում, որ ինձ հաճելի է: Ես ոչ առաջինն եմ, ոչ էլ վերջինը: Եթե այսպիսի պաշտոն եմ զբաղեցնում, ապա պետք է լինեն նաեւ քննադատություններ: Ես ունեմ ընկերներ, որոնց շատ վստահում եմ: Նրանք ինձ միշտ ճիշտն են ասում, մատնանշում են սխալներս: Ես այնպիսի մարդ եմ, որ հաղթանակից հետո երբեք երկինք չեմ բարձրանում, իսկ պարտությունից հետո ինձ ամենեւին էլ անպետք չեմ զգում:

«Այս հավաքականը, եթե ոչ այսօր, ապա վաղը մեծ հաջողություն է ունենալու»

- Ինչպե՞ս կբնութագրեք Վարդան Մինասյանի գլխավորած հավաքականը:

- Հայրենասեր եւ միասնական: Հավաքականում խաղալու ամենամեծ մոտիվացիան հենց հայրենասիրությունն է, որը պետք է լինի ներսից, իրենց արյան մեջ: Մեր տղաներն այդպիսին են, ինչն օգնում է նրանց նաեւ հոգեբանորեն:

- Ո՞րն եք համարում հավաքականում Ձեր ամենամեծ ձեռքբերումը:

- Մեր հավաքականը մեծ նվիրումով է խաղում, տրվում է մինչեւ վերջ ու դարձել է ամուր կոլեկտիվ, միասնական է: Միգուցե սա է նաեւ իմ ձեռքբերումներից մեկը: Երբ դարձա ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, այդքան էլ փորձառու չէի: Ես շատ բան սովորեցի այս չորս տարիների ընթացքում:

- Դուք երկու ընտրական մրցաշարում ղեկավարել եք Հայաստանի հավաքականը, ի՞նչ են Ձեզ տվել հավաքականում անցկացրած տարիները:

- Այս տարիների ընթացքում ես շատ բաներ եմ սովորել: Ոչ բոլորն են երիտասարդ տարիքում դառնում ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Յուրաքանչյուր շփում մեր ֆուտբոլիստների հետ ինձ համար օգտակար է եղել, մենք միշտ անկեղծ խոսել ենք միմյանց հետ: Խոստովանեմ, որ նրանք մեծ պոտենցիալ ունեն ու, ամենակարեւորը, հրաշալի մարդիկ են: Ես համոզված եմ, որ այս հավաքականը, եթե ոչ այսօր, ապա վաղը մեծ հաջողություն է ունենալու: Տղաներն արժանի են դրան, անկախ նրանից, թե ում հետ են աշխատելու: Ի վերջո, պատմության մեջ մնալու է ոչ թե մարզչի անունը, այլ Հայաստանի հավաքականի, ու դրա համար բոլորս ենք ուրախանալու:


Գոհար Նալբանդյանը եւ Հասմիկ Բաբայանը զրուցում են Վարդան Մինասյանի հետ:
Լուսանկարը`Մեդիամաքս:

- Ասացիք, որ արտերկրից առաջարկներ ունեք. կարո՞ղ եք մանրամասնել:

- Կան տարբեր հետաքրքրություններ, բայց կոնկրետ բան չեմ կարող ասել: Ես չեմ էլ մտածում, որ միանգամից աշխատանքի եմ անցնելու: Եթե հստակ որոշում լինի, ես անպայման կտեղեկացնեմ ձեզ:

- Ի՞նչն է Ձեզ համար որոշիչ լինելու` այդ առաջարկներից ընտրություն կատարելու համար:

- Որոշիչ են լինելու ակումբի հավակնությունները, որովհետեւ եթե չլինի նպատակ ու ձգտում, ոչ մարզչի ու ոչ էլ ֆուտբոլիստների մոտ աճ չի արձանագրվի: Միայն հստակ նպատակների դեպքում ֆուտբոլիստներն ավելի շահագրգռված կգործեն:

- Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է որոշ ժամանակ անց Ձեզ նորից տեսնել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում:

- Երբեք մի ասա երբեք: Չգիտեմ՝ ինչ կլինի վաղը, բայց մեծ պատիվ կլինի ինձ համար: Անկեղծ եմ ասում. հավաքականում ամբողջովին անբացատրելի զգացողություններ եմ ապրել, եւ կցանկանամ, որպեսզի դրանք կրկնվեն:

Վարդան Մինասյանի հետ զրուցել են Գոհար Նալբանդյանը եւ Հասմիկ Բաբայանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին