exclusive
12103 դիտում

Վարդան Խաչատրյան. Իմ կյանքում զրոյի եմ հավասարվել ու ամեն ինչ նորից սկսել

Վարդան Խաչատրյանը
Վարդան Խաչատրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ավագ սերնդի ներկայացուցիչները Վարդան Խաչատրյանին ճանաչում են որպես Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստի, սակայն շատ քչերը գիտեն նրա կյանքի պատմությունն ու այն բոլոր փորձությունները, որոնք նա կարողացել է հաղթահարել:

Mediamax Sport-ին տված անկեղծ հարցազրույցում հավաքականի առաջին ավագը պատմել է թիմի կազմավորման ու առաջին դժվարությունների, անցյալում թողած իր հարբեցողության, ծանր ավտովթարից հետո վերականգնվելու ու կրկին ինքն իրեն հավատալու մասին:

-Ձեզ բախտ է վիճակվել 1992 թվականին մասնակցել Մոլդովայի դեմ մեր ընտրանու առաջին խաղին ու նաեւ լինել թիմի ավագը: Ի՞նչ զգացողություններ ունեիք հանդիպումից առաջ:


-Այդ խաղից առաջ դեռ լիովին չէինք հասկանում, որ մի ամբողջ ազգ ենք ներկայացնելու, մեծ պատասխանատվության զգացում դեռ չկար: Հայաստանը նոր էր անկախություն ձեռք բերել, աշխարհում նրա մասին քիչ բան գիտեին, իմացողներն էլ երկրաշարժով էին հիշում:

-Իսկ ինչպե՞ս պատրաստվեցիք այդ խաղին, չէ որ մեկնարկից շատ բան է կախված: Ոգեւորություն կամ անհանգստություն զգո՞ւմ էիք:

-Իհարկե, հասկանում էինք, թե ինչ են սպասում մեզնից: Երբեք հավաքական չէինք ունեցել, ու հիմա տարբեր ակումբներում հանդես եկող ու միասին չխաղացած ֆուտբոլիստները պետք է որպես մեկ թիմ հանդես գային: Լուրջ ու պատասխանատու խնդիր էր դրված մեր առջեւ: Չպետք է այդ պայքարում պարտվեինք, այն էլ մեզ հյուրընկալվող թիմին: Գեղեցիկ կամ դիտարժան այդ հանդիպումն անվանել ոչ մի կերպ չենք կարող:

Խաղադաշտ էինք մտել հաղթելու մտադրությամբ: Ոչինչ չիմանալով՝ կարողացանք 0:0 ավարտել հանդիպումը: Հաճախ եմ լսել, որ այն տարիների հավաքականն ավելի ուժեղ էր, քան հիմա:


-Իսկ ինչպե՞ս առաջին անգամ իմացաք հավաքականի կազմավորման մասին:

-Ֆուտբոլիստներով հավաքվեցինք «Արմենիա» հյուրանոցում, թիմի գլխավոր մարզիչ Էդուարդ Մարկարովը տեղեկացրեց, որ հավաքական է ձեւավորվում, ու մենք առաջին խաղացողներն ենք լինելու: Ապա բոլորիս հարցրեց, թե ո՞վ է լինելու մեր ավագն, ու Արմեն Շահգելդյանը բացականչեց՝ Վարդան Խաչատրյանը: Նրա օրինակին մյուսներն էլ հետեւեցին ու ինձ ընտրեցին թիմի ավագ, թեեւ ավելի փորձառու խաղացողներ էլ ունեինք: Կարեւորն ինձ համար միասնական ոգին էր:

Այդ ժամանակ ես չգիտեի՝ ինչ է նշանակում լինել ավագ, ինչ է պետք անել, սակայն ժամանակի ընթացքում հասկացա, թե որքան կարեւոր է նա թիմի համար: Տղաներն էին ինձ ընտրել ու փորձեցի հուսախաբ չանել նրանց: 6 տարի՝ մինչեւ 1999 թվականը, ես եմ կրել ավագի թեւկապը:

-Ինչո՞ւմ էր կայանում այդ պատասխանատվությունն ու ինչպե՞ս էիք կատարում Ձեզ վստահված ոչ հեշտ աշխատանքը:

-Թիմի ավագը նա է, որով երեւում են նաեւ մնացած բոլոր խաղացողները, այսինքն նաեւ երկրի դեմքն է դառնում: Ես մշտապես փորձում էի խորհրդակցել մարզիչների հետ, ֆուտբոլիստներին կապել նրանց հետ: Ամենատարբեր հարցերի շուրջ էինք խոսում՝ կազմի ընտրությունից մինչեւ ֆուտբոլիստների մարզավիճակը, անգամ եղել են դեպքեր, երբ համոզված եմ եղել, որ ավելի լավ կլինի իմ փոխարեն մեկ այլ խաղացող ելույթ ունենա: Փորձել ենք թիմի համար գտնել ամենալավ տարբերակը:


-Ի՞նչն էր ձեզ քաջալերում ու օգնում ավելի վստահ ու համարձակ կատարել առաջին քայլերը հավաքականում:

-Մեր եռանդը, ոգին ու խաղալու ցանկությունը: Պարտություններ էլ էինք կրում, բայց ես գիտեմ, թե ինչպիսի ցանկությամբ էինք պայքարում: Շատ դեպքերում կարեւոր էր լինում տղաներին քաջալերել, ճիշտ խոսքեր ասել: Այդպես եղավ Ուկրաինայի դեմ խաղում, ամեն կերպ ոգեւորեցի, նշեցի, որ մինչեւ վերջ պայքարելու ենք, նույնիսկ եթե մեզ պատգարակներով տանեն խաղադաշտից: 0:1 հաշվով պարտվում էինք, բայց 1:1 ավարտեցինք հանդիպումն ու մրցակցին դուրս թողեցինք 1998 թվականի ԱԱ-ի ընտրական փուլից: Շատ մեծ եռանդով էինք խաղացել, պաշտպաններից շատերը լուրջ վնասվածքներ էին ստացել:

-Իսկ ի՞նչ մարզահագուստով էր մեր ընտրանին հանդես գալիս այն տարիներին:

-Առաջին խաղում բաց գույնի մարզահագուստով էինք, թեւերի վրա մեծ ու լայն գծեր էին, շատ վատ տեսք ունեինք: Իրականում կարեւորը ոչ թե հագուստն էր, այլ թե որքանով էին ֆուտբոլիստներն իրենց հարմար զգում դրանով: Չպետք է հակառակորդից ամաչես ու այդ առումով զիջես նրան: 


1990-ականներին ամեն տարի ԱՄՆ էինք մեկնում ու ընկերական հանդիպումներ անցկացնում: Այնտեղ հագուստ էինք նվեր ստանում, որով էլ հետո հանդես էինք գալիս, թեեւ դրանք այդքան էլ որակով չէին ու նախատեսված չէին պաշտոնական հանդիպումների համար:

-Հավաքականում էլ, «Արարատում» էլ 3 համարի մարզաշապիկից անբաժան էիք, այն  Ձեր հաջողակ համա՞րն էր:

-Կարելի է ասել այո, 3 համարից երբեք չբաժանվեցի: Ակումբում նույնիսկ պայքար եղավ դրա համար: Ինձնից առաջ 3 համարի մարզաշապիկով Ալբերտ Սարգսյանն էր խաղում, երբ նա տեղափոխվեց Կիեւի «Դինամո», ես վերցրի այն:  Հետո այնպես ստացվեց, որ Սարգսյանը նորից տեղափոխվեց երեւանյան ակումբ, սակայն ես տեղեկացրի նրան, որ չեմ պատրաստվում հրաժարվել այդ համարից ու ով կխաղա հիմնական կազմում, նա էլ կհագնի այն: 3 համարը ես շարունակեցի կրել, թեեւ Սարգսյանը շատ բարձրակարգ ֆուտբոլիստ էր ու նաեւ իմ լավ ընկերը:

-Ինչպե՞ս կբնութագրեք 90-ականների հավաքականը:

-Չէինք մտածում վնասվածք ստանալու մասին, շատ նվիրված էինք, ամեն անգամ ասես մեր վերջին հանդիպումը լիներ: Ինչքանով է ստացվել, դժվար է ասել: Հիմա էլ հավաքականում հոյակապ տղաներ ունենք, ցավոք, դեռ չեն կարողանում հաջողության հասնել: 


-Հիմա ազգային ընտրանին Ձեր նախկին թիմակիցը՝ Արթուր Պետրոսյանն է գլխավորում: Արդյո՞ք միասին երբեւէ խոսել եք հավաքականի մասին:

-Ցավոք, ֆուտբոլից հետո ես ինձ լիովին կորցրել էի: 15 տարի՝ մինչեւ 2015 թվականն անընդհատ խմած եմ եղել, ռեժիմ չեմ պահել, ու ֆուտբոլային աշխարհում բոլոր ծանոթներս ինձ որպես հարբեցող են իմացել, իսկապես, այդպիսին եմ եղել:

Չեմ պատկերացրել, որ կարող եմ պիտանի լինել, որովհետեւ խմիչքն ինձ չի թողել ոչինչ տեսնել: Իսկ երբ դադարեցի խմել, ինձ ոչ մի թիմում աշխատանքի չէին ընդունում: Մինչդեռ եթե ճիշտ ապրեի, կարող էի շատ մեծ օգուտ տալ մեր ֆուտբոլին: Միայն ինձ եմ մեղադրում այդ ամենում:

Երբ Պետրոսյանը մարզիչ նշանակվեց, շատ երջանիկ էի, ախր նա իմն է, ինչ տարբերություն՝ նա, թե ես, ինչպես չուրախանայի նրա համար: Արթուրն էլ չի պատկերացնում, որ դադարել եմ խմել, ոչ մեկ չի հավատում:


-Պարոն Խաչատրյան, Ձեր կյանքում եւս մեկ ծանր փորձության է եղել՝ 2006-ին վթարի եք ենթարկվել:

-Սարսափելի վթար էր, մեքենայից դուրս եմ թռել ու գլխով հարվածել սյանը՝ ընկնելով թափքի մեջ: Հիվանդանոց են տարել այն մտքով, որ արդեն մահացել եմ:

2 օր կոմայի մեջ եմ եղել, երբ 3-րդ օրը տարել են հերձելու այդ պահին զարթնել եմ, աշխատողը սարսափահար փախել է: Մի կերպ կանգնել եմ ու ուշաթափվել, բժիշկներն ինձ նորից վերակենդանացման բաժանմունք են տարել: Ամբողջ հիվանդանոցն իրար է խառնվել:

Կոմայում ասես կրակների մեջ լինեի, քայլում էի դրանց միջով ու ներքեւում անդունդ էր: Այն պահին, որ պետք է ընկնեի, վեր թռա ու ինձ դիահերձարանում հայտնաբերեցի: Մինչեւ հիմա էլ այդ սարսափելի տեսարանն աչքերիս առջեւ է:

-Ինչպե՞ս վերականգնվեցիք այդ սարսափելի պատահարից ու դրա հետեւանքներից:

- Դժվարությամբ լավացա ու ոտքի կանգնեցի: Ձախ կողմս թուլացել էր, եղբորս մոտ Ռուսաստան մեկնեցի, Մոսկվայում գլուխս վիրահատեցին: Մտավախություն կար, որ չեմ կարողանա քայլել, 2 ամիս բուժվելուց հետո դեռ նորմալ քայլել էլ չէի կարողանում, խնդրեցի ինձ Նիժնի Նովգորոդի «Լոկոմոտիվի» ստադիոն տանել, ես խաղացել էի այդ ակումբում ու գավաթի տիրացել: Շատ կարեւոր էր ինձ համար այնտեղ գնալ: Աստիճանաբար լավացա, բայց նորից սկսեցի խմել՝ ավելի սարսափելի:


Բոլորն էլ փորձում էին ինձ օգնել, բայց պատրաստ չէի այդ օգնությունն ընդունել: Հատկապես Ալբերտ Սարգսյանին կառանձնացնեմ, նա շատ է աջակցել ինձ ու օգնել, որ վերականգնվեմ, միշտ կողքիս է եղել, ծանր պահերին էլ չի թողել, թեեւ ես 3 համարի շապիկը նրան չզիջեցի (ծիծաղում է):

-Իսկ ինչպե՞ս Ձեզ հաջողվեց հաղթահարել այդ ամենն ու կրկին հավատալ ինքներդ ձեզ:

-Ես հրաշալի ընտանիք ու հիանալի տղաներ ունեմ, նրանք էլ ֆուտբոլով են զբաղվել: Ավագ որդիս՝ Կարենը, երիտասարդական թիմում խաղացել է Հենրիխ Մխիթարյանի հետ, երկուսն էլ 17 տարեկանում հավաքական են հրավիրվել: Տղաներիս առաջ մեղավոր եմ, որ չեմ հետեւել նրանց ու չեմ օգնել առաջ գնալ, ամեն ինչ փչացրել եմ:

Իմ կյանքում ես զրոյի եմ հավասարվել, ոչ մեկի չէի լսում, բայց զգացի, որ բոլորին ու այն ամենին, որ հասել եմ, կորցնում եմ: Իմ մեջ ուժ գտա, սթափվեցի ու 2015 թվականից այլեւս չեմ խմել: Այնքան կյանքի դասեր եմ քաղել, իմ պես 2-րդը երեւի չկա: Վերջապես գտել եմ ճիշտ ուղին, սկսել եմ աշխատել, իմ սիրած գործով եմ զբաղվում:


-Ինչպե՞ս եղավ, որ կրկին վերադարձաք ֆուտբոլ ու սկսեցիք զբաղվել ձեր սիրած գործով:

- Սա երկրորդ անգամն է, որ անդրադառնում եմ կյանքիս պատմությանը: Տարիներ առաջ էլ մի տղայի եմ պատմել այս ամենի մասին՝ իմ խմելու, ծանր փորձությունների, խմելը թողնելու ու աշխատանք չգտնելու մասին: Ամեն ինչ անկեղծ պատմեցի, այդ հարցազրույցից 4 օր անց ինձ զանգեց «Բանանցի» համասեփականատեր Ջեւան Չելոյանցն ու շանս տվեց, զարմանքիս ու ուրախությանս չափ չկար: Սկսեցի «Բանանցում» որպես մարզիչ փորձնական աշխատել, դեռ այդ փուլում եմ, չեմ շտապում, գիտեմ իմ հնարավորությունները: Ամեն ինչ իր ժամանակն ունի, իմն էլ կգա:

Արդեն 50 տարեկան եմ դառնում, այս տարիքում պետք է կյանքից շատ դասեր առնել: Ես երկիր եմ ներկայացրել, մարդիկ ինձ ծափահարել են, ուրեմն հիմա կարող եմ ավելի ուժեղ դառնալ, որ ավելի շատ մարդիկ ու նաեւ ինքս ինձ կարողանամ ծափահարել:


-Հիմա ո՞րն է Ձեր նպատակն ու ինչի՞ եք ուզում հասնել կյանքում:

-Միայն ֆուտբոլի մասին եմ մտածում, շատ եմ ցանկանում օգտակար լինել: Գիտեմ, որ երազելով ոչ մի բանի էլ չենք կարող հասնել, ուզում եմ խոսել Արթուր Պետրոսյանի հետ, հանդիպել նրան, իմ մյուս ընկերներին ու նախկին թիմակիցներին, կարոտել եմ բոլորին: Միասին մենք շատ բաների միջով ենք անցել, հիմա էլ նոր սերունդն է անցնում: Պետք է միասնական գործենք ու օգտակար լինենք երիտասարդներին:

Վարդան Խաչատրյանի հետ զրուցել է Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
mediamax.am
bravo.am