Դեկտեմբեր 23, 2024
exclusive
7318 դիտում

Հայ հեծանվորդները Օլիմպիադա-2020-ի համար դրամահավաք են սկսել


Լուսանկարը` Facebook


Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիան 2020 թվականի Օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար դրամահավաք է սկսել:

Այս մասին Mediamax Sport-ին ասել է հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը:

Մտահաղացման հեղինակը նախկին հեծանվորդ, երիտասարդների Աշխարհի չեմպիոն Մեսրոպ Շաբոյանինն է: Նա այժմ բնակվում է ԱՄՆ-ում ու, ինչպես Գյոզալյանն է նշում, ինքն էլ մշտապես դրամական օգություն ու մարզահագուստ է տրամադրում հայ հեծանվորդներին:

«Մեսրոպը մեզ առաջարկեց այս ծրագրի միջոցով գումար հայթայթել խաղերին նախապատրաստվելու համար: Մենք երկար մտածեցինք, ամեն ինչ ծանրութեթեւ արեցինք ու որոշեցինք այն իրականացնել: Պետական աջակցությունը ֆեդերացիային տարեկան մոտ 13 մլն դրամ է կազմում, ինչը բավական չէ մեր նպատակներն իրականացնելու համար: Ինչպես նաեւ ֆեդերացիայի նախագահն է գումարներ տրամադրում»,- ընդգծել է մարզիչը:

Գյոզալյանի խոսքով, մինչեւ 2020 թվականն իրենց հագեցած ծրագիր է սպասվում. ամռանը երիտասարդ հեծանվորդները պետք է մասնակցեն Մ-23 տարեկանների հեծանվահրապարակի Եվրոպայի առաջնությանը, հոկտեմբերին էլ մեծահասակների ԵԱ-ն է: Նախատեսում են հանդես գալ նաեւ Աշխարհի գավաթի փուլերին, որոնք կայանալու են Հոլանդիայում եւ Անգլիայում:

«Վարկանշային միավորները սկսելու են խաղարկվել 2018 թվականից: Սակայն այս տարվա մրցումներին մասնակցելուց հետո կկարողանանք հանդես գալ վարկանշային ԱԱ-ում: Մենք 50 հազար դոլար գումար ենք նշել, իրականում դա էլ բավական չէ 3 տարվա ծրագիրը կյանքի կոչելու համար: Հեծանվասպորտը թանկ մարզաձեւ է, գույքն է բավականին թանկ ու անընդհատ պահանջներն են փոխվում՝ հեծանիվների քաշը, որակը»,- ավելացրել է նա:

Ֆեդերացիան նպատակ ունի Օլիմպիադա-2020-ի համար պատրաստել Էդգար Ստեփանյանին ու Մհեր Մկրտչյանին, որը հիմա Ֆրանսիայում է ու ակումբի կազմում է հանդես գալիս: Ստեփանյանն էլ ծառայում է բանակի կենտրոնական մարզական ակումբում:

Հայ հեծանվորդներին դրամական օգնություն կարելի է ցուցաբերել հետեւյալ հասցեով՝ https://www.indiegogo.com/projects/funds-for-armenian-national-cycling-team-sports#/:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին