Ապրիլ 26, 2024
exclusive
4374 դիտում

Սերգեյ Միքայելյան. Իմ 2-րդ Օլիմպիական խաղերում ավելի լավ արդյունք եմ ակնկալում ցույց տալ

Սերգեյ Միքայելյանը
Սերգեյ Միքայելյանը

Հայաստանը դահուկասպորտում մեծ ավանդույթներ չունի, սակայն արդեն մի քանի տարի է, ինչ երկրի պատիվը միջազգային ասպարեզում բարձր է պահում Սերգեյ Միքայելյանը:

Նա հատկապես լավ արդյուքներ է գրանցել աշխարհի երիտասարդական առաջնությունում: Ու արդեն 2-րդ անգամն է, որ ելույթ է ունենալու ձմեռային Օլիմպիական խաղերում:

Միքայելյանը Հայաստանի պատվիրակության դրոշակակիրն է լինելու Սոչիի խաղերի բացման արարողության ժամանակ:

Սերգեյ Միքայելյանը ծնվել է 1992 թվականի ապրիլի 27-ին Ռուսաստանի Գոռնո-Ալտայսկ քաղաքում: Հայաստանի բազմակի չեմպիոն է: Մասնակցել է երիտասարդների ու մեծահասակների աշխարհի առաջնությունների:

2012 թվականի երիտասարդների աշխարհի առաջնությունում զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը, անվավոր դահուկների երիտասարդերի ԱԱ-ում էլ դարձել է հաղթող: 2013-ին 20-23 տ. ԱԱ-ում զբաղեցրել է 16-րդ տեղը: Մասնակցել է Վանկուվերի Օլիմպիական խաղերին:

Mediamax Sport-ը 21-ամյա դահուկորդի հետ խոսել է խաղերի նախապատրաստական փուլի, իր ակնկալիքների ու այս մարզաձեւում առաջին քայլերի մասին:



-Սերգեյ, դու առաջին հայ մարզիկն ես, որին հաջողվել է ձմեռային Օլիմպիական խաղերի Օլիմպիական ուղեգիր ձեռք բերել: Ի՞նչ զգացողություններ ունեիր:

- Ես Օլիմպիկան ուղեգիր նվաճել եմ Վանկուվերի Օլիմպիադայից մեկ տարի անց՝ 2011 թվականին: Այդ ժամանակ էր ինձ համար մեծ անակնկալ այդ հաջողությունը: Հիմա անգամ մոռացել եմ, թե ինչ զգացողություններ ունեի: Բայց, իհարկե, շատ հաճելի է, որ հայ մարզիկներից ես եմ առաջինը նման արդյունք գրանցել: Հատկապես ուրախալի է, որ այդ մասին խոսում են սպորտային ղեկավարները:

- Օլիմպիադայի մեկնարկից առաջ մասնակցել ես երիտասարդական ԱԱ-ին: Այդ մրցաշարը որքանո՞վ է քեզ օգնելու պատրաստ լինել խաղերին:

- Աշխարհի երիտասարդական առաջնության ես ամեն տարի էլ մասնակցում եմ, այս անգամն էլ բացառություն չէր: Մարզավիճակս աշխարհի առաջնությունից հետո զգալիորեն լավացել է ու կօգնի, որ Օլիմպիադայում ավելի լավ ելույթ ունենամ:

 - Օլիմպիական խաղերին մասնակցելը բոլոր մարզիկների երազանքն է: Ի՞նչ արդյունք ես ակնկալում ցույց տալ Սոչիի խաղերում:

- Սոչիում դահուկասպորտի մրցումներին մասնակցելու է մոտ 100 մարզիկ, 50-յակում ընդգրկվելն էլ հեշտ չի լինելու: Ես մի քանի անգամ մասնակցել եմ մեծահասակների աշխարհի առաջնությանը ու զբաղեցրել 52-րդ տեղը: Հույս ունեմ, որ Օլիմպիադայում ինձ կհաջողվի պայքարել 30-յակում տեղ գրավելու համար:



- Սոչիի խաղերը քեզ համար արդեն երկրորդն են լինելու: Մինչ այս դու մասնակցել ես նաեւ Վանկուվերի Օլիմպիադային: Ի՞նչ էիր զգում, երբ առաջին անգամ հանդես եկար խաղերում:

- Առաջին անգամ շատ փոքր էի՝ ընդամենը 17 տարեկան: Այդ ժամանակ ես դեռ չգիտեի, թե ինչ է նշանակում մասնակցել Օլիմպիական խաղերի, ամեն ինչ անծանոթ էր: Մեկնել էի այնտեղ, ինչպես սովորական մրցաշարի:  2010-ին Վանկուվերում ինձանից շատ բան էլ չէին պահանջում, իսկ հիմա պահանջները շատ են մեծացել:  Հիմա ես էլ եմ ինձանից շատ ավելի լավ արդյունք ակնկալում, մարզիչներս ու ֆեդերացիան էլ: 

- Արդեն 4 տարի է անցել քո առաջին Օլիմպիադայից, դու ավելի փորձառու ես դարձել: Ինչպե՞ս ես քեզ տրամադրում այս խաղերին:

- Եթե մրցմանը մոտենում ես հատուկ կերպով, լավ արդյունք ակնկալելը դժվար է դառնում: Այդ պատճառով էլ ես չեմ տրամադրվում կամ մտածում, որ Օլիմպիական խաղերում եմ ելույթ ունենալու: Փորձելու եմ ազատ լինել, չլարվել ելույթի ժամանակ, որպեսզի հաջողվի հասնել ցանկալի արդյունքի:

- Օլիմպիադայում դու մասնակցելու ես 4 ձեւում, որո՞ւմ ես քեզ ավելի վստահ զգում:

- Ես ելույթ եմ ունենալու 18, 30, 50 կմ եւ սպրինտ ձեւերում: Բնականաբար, ավելի լավ զգալու եմ 18 կմ-ում, քանի որ ամենաշատը ելույթ եմ ունեցել այդ մրցաձեւում: 50 կմ իմ կարիերայի ընթացքում առաջին անգամ եմ վազելու: Հույս ունեմ, որ 30 կմ էլ լավ կմասնակցեմ: Իմ խնդիրն այն է, որ նախորդ ելույթներից ավելի լավ մասնակցեմ ու գերազանցեմ ցուցանիշներս:

- Դու մարզական ընտանիքում ես ծնվել, ծնողներդ եւս դահուկորդներ են ու նրանք են քեզ մարզում: Հե՞շտ է արդյոք ծնողների ղեկավարությամբ աշխատելը:

- Դժվար է ու հեշտ միաժամանակ: Պարապմունքների ժամանակ մարզիկ-մարզիչ հարաբերություններն երբեք անձնական բնույթ չեն կրում, մենք պրոֆեսիոնալներ ենք ու գիտենք, ինչպես աշխատել: Բայց երբեմն ամեն ինչ խառնվում է իրար:

- Քանի՞ տարեկանում ու ինչպե՞ս ես կատարել առաջին քայլերդ այս մարզաձեւում:

- Սկսել եմ մարզվել 2001 թվականից, երբ 9 տարեկան էի: Բայց հայրիկս ասում է, որ դեռ 1-2 տարեկանում եմ առաջին անգամ կանգնել դահուկների վրա: Ես, իհարկե, չեմ հիշում:

- Ըստ քեզ, ո՞րն է պատճառը, որ հայ մարզիկները ձմեռային մարզաձեւերում այդքան էլ ուժեղ չեն:

- Ձմեռային սպորտաձեւերը Հայաստանում համեմատաբար ավելի աղքատ են: Մեր երկրում չկան լավ պատրաստված վազքուղիներ, սպորտդպրոցներ, տեխնիկա, որպեսզի հնարավոր լինի ապահովել լիարժեք մարզումներ: Այդ պատճառով էլ միշտ չէ, որ Հայաստանում ստացվում է պարապել: Հնարավոր է այդ բացը լրացնել նաեւ արտերկրա հավաքներով, սակայն, ցավոք սրտի, այդ ամենը մեծ ծախսերի հետ է կապված, որը մեր ֆեդերացիաները չեն կարողանում հոգալ:

- Դու Հայաստանի պատվիրակության դրոշակակիրն ես լինելու, ինչպե՞ս ես տրամադրվում այդ պատասխանատու գործին:

- Շատ մեծ պատիվ է, որ ինձ են վստահել խաղերի բացման ժամանակ տանել մեր դրոշը: Վանկուվերի Օլիմպիադայում ես փակման ժամանակ էի դրոշակակիրը: Ցանկացած մարզիկի համար էլ շատ կարեւոր ու պատասխանատու առաքելություն է: Հայ մարզիկներից շատ քչերն են Օլիմպիական խաղերի ժամանակ դրոշ տարել, այդ տեսանկյունից ես կհավասարվեմ լեգենդար Յուրի Վարդանյանին, Ալբերտ Ազարյանին: 

Սերգեյ Միքայելյանի հետ զրուցել է Հասմիկ Բաբայանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին