Մայիս 17, 2024
11683 դիտում

Վարդան Մինասյան. Մենք պատրաստ ենք Ռուսաստանի հավաքականի ագրեսիվ ոճին

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքսին

- Ի՞նչ տրամադրություն է տիրում մեր թիմում. մինչեւ Ռուսաստանի հավաքականի հետ խաղը մնացել է 2 օր: 

- Թիմում տրամադրությունը շատ բարձր է: Մենք պատրաստվում ենք հանդիպմանը, ինչպես ասում են, մարտական տրամադրվածությամբ` ինչպես եւ մնացած բոլոր խաղերին: Մենք չենք ցանկանում ինչ-որ կերպ առանձնացնել այդ հանդիպումը: Մեզ համար Ռուսաստանի հետ խաղը Euro–2012-ի ընտրական փուլի հերթական հանդիպումն է:

- Հանդիպման շուրջ ստեղծված իրարանցումը ինչպե՞ս է անդրադարձել թիմի հոգեբանական ոգու վրա:

- Մենք նույնիսկ չենք անդրադարձել այդ հարցին, քանի որ ես պարզապես դրա իմաստը չեմ տեսնում: Անիմաստ է ժամանակ վատնել նման խոսակցությունների վրա:

- Ինչի՞ վրա է դրվում հիմնական շեշտը Ռուսաստանի հավաքականի հետ հանդիպմանը նախապատրաստվելու ընթացքում:

- Բնականաբար, ցանկացած հանդիպման պատրաստվում ես տարբեր կերպ` ուշադրություն դարձնելով հակառակորդի ուժեղ եւ թույլ կողմերին: Անհրաժեշտ է պարզապես ուսումնասիրել դրանք եւ խաղին նախապատրաստվել համապատասխան կերպով:

- Դուք հաստատո՞ւմ եք պաշտպան Արարատ Առաքելյանի վնասվածքի մասին տեղեկությունը:

- Արարատ Առաքելյանը թեթեւ վնասվածք ունի: Թեեւ նա ցանկություն է հայտնել մնալ թիմի հետ, սակայն մենք չենք ցանկանում ռիսկի դիմել:

- Հավաքականում կա՞ն վնասվածք ունեցող այլ ֆուտբոլիստներ:

- Ոչ, ոչ մի խնդիր չկա: Մեր տրամադրության տակ են 21 խաղացողներ, եւ նրանք բոլորը պատրաստ են դաշտ դուրս գալ:

- Մեր հակառակորդը եւս «կորուստներ» ունի. Հանրապետական մարզադաշտ դուրս չեն գա Բիստրովն ու Անյուկովը: Այդ հանգամանքը հաշվի առնվո՞ւմ է:

- Ռուսաստանն ունի այլ ֆուտբոլիստներ, ովքեր բավականին հաջող կարող են փոխարինել նշված խաղացողներին, քանի որ մեր հակառակորդն ունի ընտրության լայն հնարավորություն: Այդ պատճառով, չեմ կարծում, որ դա ինչ-որ կերպ կարող է ազդել Ռուսաստանի հավաքականի խաղի վրա: 

- Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը խոստացել է, որ Երեւանում իր թիմը խաղալու է «շատ ագրեսիվ, ինչպես Իռլանդիայի եւ Մակեդոնիայի հետ»: Դուք պատրա՞ստ եք դրան:

- Իհարկե, պատրաստ ենք: Մենք ուսումնասիրել ենք Ռուսաստանի հավաքականի խաղը, գիտենք, թե ինչպես եւ ինչ ոճով է խաղում այդ թիմը:

- Նորություններ կա՞ն ՀՀ հավաքականի կազմ դարպասապահ Ապուլա Բետեի հավանական վերադարձի մասին:

- Դեռ ոչ: Ես գիտեմ, որ հանդիպում է տեղի ունեցել (ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի եւ ֆուտբոլիստի միջեւ,- խմբ.), սակայն մանրամասներին տեղյակ չեմ:

- Ինչո՞վ են զբաղվում մեր ֆուտբոլիստները մարզումներից ազատ ժամանակ:

- Ինչպես գիտեք, մենք մարզումներն անցկացնում ենք նորաբաց Ֆուտբոլի ակադեմիայում: Այստեղ շատ լավ պայմաններ են, որոնք հնարավորություն են տալիս հանգիստ պատրաստվել խաղին: Իսկ ինչ վերաբերում է ազատ ժամանակին, ապա այստեղ կա հեռուստատեսություն, ինտերնետ:

- Մեր խաղացողներին թույլատրվո՞ւմ է շփվել բարեկամների ու հարազատների հետ:

- Եթե խոսքն Ակադեմիայի մասին է, ապա` ոչ: Այն փակ տարածք է: Ակադեմիան բացվել է ամսի 22-ին, մնացած ժամանակ այն փակ է, որպեսզի խաղացողները հնարավորություն ունենան հանգիստ պատրաստվել խաղին:

Մեր ընտրանին