Հայաստանի շախմատի առաջնությունների այս տարվա չեմպիոնները 19-ամյա Կարեն Գրիգորյանն ու 18-ամյա Սուսաննա Գաբոյանն են: Mediamax Sport-ը զրուցել է շախմատիստների հետ ու փորձել բացահայտել նրանց հաջողության գաղտնիքը:
-Ինչպիսի՞ն էր այս տարվա առաջնությունն ու ի՞նչ պայքարում ընթացավ:
Կարեն. Այս տարի առաջնությանը չէին մասնակցում մի շարք լավ շախմատիստներ, որոնց հետ խաղալիս շատ լարված պայքար էր ընթանում: Մյուս կողմից էլ, այս առաջնությունը թարմ տեսք էր ստացել, անչափ հետաքրքիր ու անկանխատեսելի ստացվեց: Կարծում եմ, որ այն դուր եկավ ինչպես մասնակիցներին, այնպես էլ երկրպագուներին:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Սուսաննա. Պայքարը շատ լարված էր, բոլորն էլ արժանի էին հաղթանակի: Շատ հավասար մրցակցություն էր ընթանում մինչեւ վերջին տուրը:
-Հաղթողը որոշվեց միայն վերջին տուրում: Հենց առաջնության մեկնարկից հավատո՞ւմ էիք, որ առաջին տեղը կգրավեք:
Կարեն. Եթե անկեղծ լինեմ, ապա չէի պատկերացնում, որ այսպիսի վերջաբան կունենա մրցաշարը: Արման Միքայելյանն ու ես, միգուցե, չէինք համարվում հիմնական հավակնորդներ, սակայն հիմնական պայքարը մեր մեջ ընթացավ: Շատ խաղացողների հետ համեմատած նորեկները մենք էինք, ու հաղթողի կոչման համար պայքարելը մեզ համար անչափ հետաքրքիր էր: Երկուսս էլ ավելի «թարմ» էինք ու շատ նվիրված էինք խաղում: Ինձ, միգուցե, օգնեց նաեւ սպորտային բախտը:
Սուսաննա. Հենց սկզբից այդպիսի զգացողություն չունեի: Երբ մրցաշարում ազատ օր եղավ, փորձեցի լավ տրամադրվել: Մինչ այդ պարտություն էի կրել, իսկ վերջին շրջանում պարտությունները շատ ծանր էի տանում, չէի կարողանում հավաքվել: Այս տարի որոշել էի ավելի հանգիստ վերաբերվել անհաջողություններին: Հանգստյան օրը շատ արդյունավետ օգտագործեցի, հավաքվեցի ու հոգեբանորեն միայն հաղթանակի տրամադրվեցի: Նաեւ ծնողներս են ինձ շատ օգնել, թեեւ հիմա նրանք Մոսկվայում են, բայց մայրիկս միշտ խորհուրդներ է տվել ինձ: Հիմնականում նրա հավատի շնորհիվ կարողացա հաղթել:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
-Դուք երկուսդ էլ երիտասարդ եք ու առաջին անգամ եք նվաճել Հայաստանի չեմպիոնի կոչումը: Ի՞նչ զգացողություններ ունեք ու ի՞նչ է ձեզ համար նշանակում այն:
Կարեն. Նշանակում է, որ իմ շախմատային կյանքում նոր, մի քիչ անսպասելի դռներ են բացվում: Սա շատ լավ հնարավորություն է կարիերայում առաջընթաց արձանագրելու համար, որը պետք է օգտագործեմ: Որոշ ժամանակ առաջ ես պատանեկան հավաքականի առաջատարն էի, հիմա արդեն ազգային հավաքականի անդամ եմ, ճիշտ է, դեռ 5-րդն եմ ու աճելու տեղ ունեմ:
Սուսաննա. Մինչ այս ես խաղում էի պատանեկան հավաքականում ու մրցաշարերում: Երբ 18-ս լրացավ, հասկացա, որ Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում հանդես գալու հնարավորությունները քչացել են, ուսումնամարզական հավաքները եւս կպակասեն: Ու Հայաստանի առաջնությունն ինձ համար ամենակարեւոր մրցաշարն էր դարձել, ես շատ էի կենտրոնացել լավ հանդես գալու hամար: Առաջնությանը շատ լուրջ չեմ պատրաստվել, ուղղակի ամեն պարտիայից առաջ եմ աշխատանք կատարել: Իսկ յուրաքանչյուր տուրի ավարտից հետո երեկոյան պարտադիր վազքի ժամանակ ամեն ինչ վերլուծել եմ: Ինքս ինձ փորձել եմ հավատացնել, որ կարող եմ առաջինը լինել: Բնականաբար, անչափ ուրախ եմ, որ դա ինձ հաջողվել է:
-Ո՞ր մրցակիցների հետ հանդիպումներն էին ամենաբարդը:
Կարեն. Արմանի հետ պարտիան: Կրեցի առաջին պարտությունս ու հետ ընկա: Դրանից հետո 5-6 պարտիա պայքարում էի կորցրած միավորը հետ բերելու համար: Կարող էի նաեւ երկրորդ տեղը գրավել, ինչը նույնպես լավ արդյունք կհամարվեր: Սակայն վերջին տուրում Արմանը պարտվեց Հովհաննես Գաբուզյանին, ինչից հետո էլ գլխավորեցի աղյուսակը:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Սուսաննա. 4 հոգու կառանձնացնեմ՝ Մարիա Գեւորգյանին, Արմինե Բաբայանին, Աննա Հայրապետյանին ու Շուշաննա Սարգսյանին: 7-րդ տուրում սեւ խաղաքարերով հաղթեցի Աննային, ամրապնդվեցի առաջատարների թվում ու սկսեցի հավատալ ուժերիս:
-Դուք ընդամենը մի քանի անգամ եք մասնակցել Հայաստանի առաջնությանը, ինչպե՞ս հաջողվեց կարճ ժամանակում չեմպիոնի կոչումը նվաճել:
Կարեն. Երեք անգամ եմ հանդես եկել Հայաստանի առաջնությունում: Արդեն ծանոթ եմ մթնոլորտին, ավելի հանգիստ եմ խաղում:
Սուսաննա. Անցած տարին ինձ համար շատ անհաջող էր, Հայաստանի առաջնությունում էլ շատ վատ եմ հանդես եկել, առաջին խաղերում միայն պարտություններ եմ գրանցել: Այն ժամանակ փորձում էի ծանոթանալ առաջնության մթնոլորտին, իսկ հիմա արդեն գիտեի, թե ինձ ինչ է սպասվում:
-Դուք նաեւ ընդգրկվեցիք Հայաստանի տղամարդկանց ու կանանց հավաքականների կազմերում: Պատկերացնո՞ւմ եք արդեն ձեզ թիմերի կազմում:
Կարեն. Ես ճանաչում եմ մեր թիմի բոլոր տղաներին, սակայն մարզվելով նրանց հետ՝ ավելի շատ բան կսովորեմ: Աշխարհի թիմաին առաջնությանը ես չեմ մասնակցելու, սակայն Եվրոպայի առաջնությունում կփորձեմ օգնել նրանց:
Սուսաննա. Ինձ համար անցումային շրջան է՝ պատանեկանից միանգամից տեղափոխվում եմ մեծահասակների թիմ: Արդեն մեծացել եմ ու ճիշտ ժամանակն էր առաջընթաց արձանագրել: Դեռ ինձ հավաքականում չեմ պատկերացնում, բայց կարծում եմ, որ շատ հեշտ կլինի հարմարվել, քանի որ հավաքականի բոլոր անդամներին էլ ճանաչում եմ, բազմիցս շփվել եմ նրանց հետ: Կփորձեմ անպայման օգտակար լինել թիմին:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
-Այս տարի ի՞նչ մրցաշարերի եք մասնակցելու ու ի՞նչ նպատակներ եք դրել ձեր առջեւ:
Կարեն. Փետրվարին հանդես կգամ Եվրոպայի առաջնությունում, ապա կմասնակցեմ «Աերոֆլոտ օփենին» ու Դուբայ օփենին: Էլի մրցաշարեր կլինեն, սակայն դեռ չեմ պլանավորել:
Սուսաննա. Պատրաստվում եմ Մոսկվայում հունվարի 29-ից մասնակցել միջազգային մրցաշարի: Առայժմ դեռ միան այդ մրցաշարում մասնակցությանս մասին գիտեմ: Նպատակ ունեմ կանանց միջազգային վարպետի 2-րդ նորման լրացնել:
Կարեն Գրիգորյանի ու Սուսաննա Գաբոյանի հետ զրուցել են Գոհար Նալբանդյանն ու Հասմիկ Բաբայանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: