Ապրիլ 19, 2024
exclusive
12277 դիտում

Բեռնար Շալանդ. Ես աշխատում եմ ողջ եռանդով ու մեծ հաճույքով եմ ապրում հայերի կողքին

Բեռնար Շալանդը
Բեռնար Շալանդը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կես տարուց ավելի գլխավորում է Բեռնար Շալանդը: Շվեյցարացու ղեկավարությամբ մեր թիմը ԵՎՐՈ-2016-ի ընտրական փուլում կրել է մեկ պարտություն (Դանիա) ու մեկ անգամ էլ ոչ ոքի խաղացել (Սերբիա): Նոյեմբերի 14-ին կայանալու է Պորտուգալիայի դեմ խաղը, որով էլ հայ ֆուտբոլիստները կավարտեն այս տարին:

Mediamax Sport-ը զրուցել է Շալանդի հետ, որը պատմել է իր աշխատանքի, Հայաստանի հավաքականի հետ կապված երազանքի եւ իր մտքերը սխալ հասկացած ու ներողություն խնդրած լրագրողի մասին:

-Պարոն Շալանդ, ԵՎՐՈ-2016-ի ընտրական մրցաշարում Պորտուգալիայի հավաքականի դեմ խաղին մոտ երկու շաբաթ է մնացել: Ինչպիսի՞ հանդիպում է մեզ սպասվում:

-Մեզ լավ թիմի դեմ մեծ խաղ է սպասվում: Պորտուգալիան ընտրական մրցաշարի մեկնարկային խաղում առանց Ռոնալդուի զիջել է Ալբանիային: Այդ հավաքականը Ռոնալդուի հետ ու առանց նրա տարբեր խաղ է ցույց տալիս: Իհարկե, պորտուգալացիները սեփական հարկի տակ ցանկանալու են Հայաստանի հետ խաղում հաղթանակի հասնել, բայց մեզ համար էլ այդ հանդիպումը մեծ մարտահրավեր է լինելու: Ընտրական այս խմբում ցանկացած արդյունք էլ սպասելի է, չկա մի թիմ, որն իրեն շատ լավ դրսեւորի ու ակնհայտ ուժեղ լինի մյուսներից:

Կարծում եմ՝ յուրաքանչյուրն էլ ունակ է հաղթելու յուրաքանչյուրին: Նույնը եւ մեզ է վերաբերում, Հայաստանի հավաքականը  2 լավ խաղ է անցկացրել Դանիայի ու Սերբիայի դեմ ու հիմա իրեն դրսեւորելու լավ շանսեր ունի: Միգուցե, սպասվող դիմակայության ֆավորիտը Պորտուգալիան է, բայց մենք կարող ենք ինչպես հաղթել, այնպես էլ ոչ ոքի արդյունք գրանցել, լավ խաղ ցույց տալ ու խնդիրներ ստեղծել մրցակցի համար:

Այդ հանդիպումն այս տարի մեզ համար վերջինն է լինելու: Դրանից հետո ամեն ինչ կվերլուծենք ու կպատրաստվենք ընտրական մրցաշարի երկրորդ հատվածին:


Բեռնար Շալանդը
Լուսանկարը՝ Մեդիամաքս

-Նախորդ երկու հանդիպումներում մեր հավաքականը մեծ կորուստներով էր խաղում, մի քանի առանցքային ֆուտբոլիստներ վնասվածքների պատճառով բացակայում էին: Հիմա արդեն վերադարձել են, ինչպիսի՞ հույսեր եք կապում նրանց հետ:

- Առաջիկա հավաքին մեզ կմիանան Հենրիխ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանը, Գեւորգ Ղազարյանն ու Հրայր Մկոյանը: Նրանք հավաքականի շատ կարեւոր ու առանցքային ֆուտբոլիստներ են: Այդ խաղացողները շատ բան կարող են բերել թիմ, մեր մյուս տղաների հետ նրանք կապահովեն հավաքականի լավ խաղը:

-Յուրա Մովսիսյանն արդեն վերադարձել է խաղադաշտ ու երկու խաղում փոխարինման է մտել: Ինչպե՞ս եք գնահատում նրա մարզավիճակը:

-Մովսիսյանի ներկայությունը թիմում շատ կարեւոր է: Երեկ «Ռուբինի» դեմ խաղում նա մի քանի րոպե խաղաց, աստիճանաբար վերադառնում է շարք:  Պորտուգալիայի դեմ խաղին երկու շաբաթ կա, ու հույս ունեմ, որ նա պատրաստ կլինի ու կկարողանա մասնակցել ողջ հանդիպմանը: Ես միշտ խոսում եմ Մովսիսյանի ու նրա ակումբի մարզիչների հետ: Նա եւս շատ է ցանկանում կրկին խաղալ հավաքականում: Ուրախ եմ, որ Մովսիսյանի նման ֆուտբոլիստ ունեմ իմ թիմի կազմում: Ամեն շաբաթ մենք հետեւում ենք բոլոր խաղացողներին ու տեղյակ ենք բոլորի մարզավիճակից: Պարտադիր նշումներ ենք կատարում, թե ով քանի րոպե է խաղացել: Եթե վնասվածքներ են լինում, մեր ֆիզիոթերապեվտը կապվում է ֆուտբոլիստի կամ նրա թիմի համապատասխան մասնագետի հետ ու ամեն ինչ ճշտում:

-Պարոն Շալանդ, դուք արդեն կես տարուց ավել է Հայաստանում եք: Ի՞նչ աշխատանքներ եք կատարել այս ընթացքում: 

-Իմ աշխատանքը ես մեծ հաճույքով եմ կատարում: Ես հետեւում եմ առաջնությանը, աշխատում եմ բոլոր տարիքային հավաքականների, ակադեմիայի թիմերի ու նոր մարզիչների հետ:
Ես ամբողջ սրտով կապված եմ Հայաստանի հավաքականի հետ, չափազանց շատ եմ սիրում իմ աշխատանքը: Միշտ հետեւում եմ երկրի առաջնությանը: Մեկնել եմ Իրան, Ղազախստան, Մակեդոնիա ու հետեւել եմ հայ ֆուտբոլիստների ելույթներին:


Բեռնար Շալանդը
Լուսանկարը՝ Մեդիամաքս

-Վերջերս շվեյցարական «Լե Մատին» պարբերականը հարցազրույց էր ներկայացրել, որում Դուք Հայաստանի հավաքականը համեմատել էիք Շվեյցարիայի 4-րդ դիվիզիոնի թիմի հետ: 

-Դա այդպես չի եղել, ինձ սխալ են հասկացել: Պատմեմ, թե ինչպես է տեղի ունեցել: Դեռևս ապրիլին Ֆրանսիայի հավաքականի երկու ներկայացուցիչների  հետ, ովքեր այդ ժամանակ Հայաստանում էին, այնպես եղավ, որ ներկա եղանք նաեւ գավաթային «Բանանց»-«Գանձասար» խաղին: Ֆրանսիացիները չցանկացան մինչև վերջ մնալ խաղին, պատճառաբանելով, որ այն  Ֆրանսիայի 5-րդ լիգայի հանդիպման  է նման:  Դրանից հետո, երբ ես շվեյցարացի լրագրողին հարցազրույց էի տալիս, ու նա ինձ հարցրեց Հայաստանի առաջնության մակարդակի մասին, այդ դեպքը պատմեցի:  Նաեւ նշեցի, որ Ֆրանսիայի 5-րդ դիվիզիոնի մակարդակը հավասար է Շվեյցարիայի 3-րդ դիվիզիոնին: Նա ինձ սխալ էր հասկացել ու դա վերագրել էր ազգային հավաքականին: Ես աշխատում եմ թիմի տղաների հետ, նրանց շատ սիրում եմ ու հո խենթ չե՞մ, որ նման համեմատություն անեմ: Տղաները լավ հանդիպումներ են անցկացրել Դանիայի ու Սերբիայի դեմ, ես նրանց շնորհակալություն եմ հայտնել, մենք մոտ ենք եղել հաղթանակին, ու ես ինչպե՞ս կարող էի նման խաղ անցկացրած թիմի մասին այդպիսի կարծիք հայտնել:

Հարցազրույցը կարդալուց անմիջապես հետո կապվել եմ շվեյցարացի լրագրողի հետ, նա ներողություն է խնդրել իմ ասածները սխալ հասկանալու համար ու փոխել է հարցազրույցը: Նա նաեւ պաշտոնապես, նամակով դիմել է ինձ ու ՀՖՖ-ին եւ ներողություն է խնդրել:





-Իսկ ինչպիսի՞ շանսեր ունի մեր ազգային հավաքականը 2016 թվականին Ֆրանսիայում կայանալիք ԵԱ-ում հանդես գալու համար:

-Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ ես պարզապես պայմանագիր չեմ կնքել, ես այստեղ եմ, որ թիմի հետ պայքարեմ Ֆրանսիա մեկնելու համար: Միասին մենք կարող ենք դա անել, այս տղաներն ունակ են հաղթահարելու որակավորման փուլի արգելքը: Հայաստանի առաջնությունն աշխարհում լավագույնը չէ, դրա մասին են փաստում նաեւ Չեմպիոնների լիգայի ու Եվրոպայի լիգայի խաղերի արդյունքները: Բայց լուրջ աշխատանքներ են կատարվում, ու աստիճանաբար առաջընթաց է նկատվում:

7 ամիս է այստեղ եմ, ուսումնասիրում եմ հայկական ֆուտբոլը, դիտում եմ նախորդ տարիների խաղերի տեսագրությունները: Ես աշխատում եմ ողջ եռանդով ու մեծ հաճույքով եմ ապրում հայերի կողքին:

-Ձեզ դո՞ւր է գալիս ապրել ու աշխատել Հայաստանում:


Բեռնար Շալանդը
Լուսանկարը՝ Մեդիամաքս

-Ես ցանկանում եմ ավելի երկար ժամանակ մնալ այստեղ ու ֆեդերացիայի հետ նպաստել հայկական ֆուտբոլի զարգացմանը: Ինձ համար հաճելի անակնկալ էր բացահայտել Հայաստանը, ու իմ սպասածից հեշտ հարմարվեցի այստեղ: Սերբիայի ու Ֆրանսիայի դեմ հանդիպումներում ստադիոնում շատ լավ երկրպագուներ էին աջակցում հավաքականին,  դա շատ կարեւոր է մեզ համար: Նրանք ավելի ուրախ կլինեին, եթե Սերբիային հաղթեինք, բայց հիանալի աջակցություն ցույց տվեցին:

Իմ մեծ երազանքն է՝ Հայաստանի հավաքականի հետ հանդես գալ Ֆրանսիայում կայանալիք առաջնությունում: Այն իմ մարզած լավագույն թիմն է: Իհարկե, ես որպես մարզիչ հանդես եմ եկել Չեմպիոնների ու Եվրոպայի Լիգաներում, խաղացել եմ «Ռեալի» դեմ, երիտասարդների հավաքականի հետ ելույթ եմ ունեցել Եվրոպայի առաջնությունում, բայց, եթե հաջողվի Հայաստանի հավաքականի հետ ուղեւորվել այնտեղ, դա իմ կյանքի մեծագույն միջոցառումը կլինի: Մենք ամեն ինչ անում ենք այդ երազանքն իրականացնելու համար:

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին