Մայիս 31, 2025
9467 դիտում

Վարդան Մինասյան. Լավ արդյունքի կարելի է հասնել միայն լավ խաղով

Վարդան Մինասյան. “Ես ակնկալում եմ ավելի լավ խաղ, քան նախորդ հանդիպման ժամանակ”
Վարդան Մինասյան. “Ես ակնկալում եմ ավելի լավ խաղ, քան նախորդ հանդիպման ժամանակ”

Լուսանկարը` Mediamax


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքսին

- Պարոն Մինասյան, մինչեւ Ռուսաստանի հետ մարտյան հանդիպումը Ձեր հարցազրույցներից մեկում ասացիք, որ խաղից առաջ Ձեզ համար կարեւոր է երկու հանգամանք` վնասվածքների բացակայությունը եւ ֆուտբոլիստների ֆունկցիոնալ պատրաստվածությունը: Ինչպե՞ս կգնահատեք այդ երկու բաղադրիչներն այսօր:

- Այն ֆուտբոլիստները, որոնց ներկայությունը ցանկալի էր, այստեղ են: Բոլորը պատրաստ են եւ լավ ֆունկցիոնալ վիճակում են: Փառք Աստծո, վնասվածքներ չկան: Այնպես որ, այդպիսի խնդիրներ չունենք:

- Ռուսաստանի հետ առաջին խաղի ժամանակ մեր առաջնությունը դեռ նոր էր մեկնարկում եւ զգացվում էր, որ որոշ խաղացողներ դեռեւս չեն հասցրել ձեռք բերել խաղային մարզավիճակ: Այսօր, երբ Հայաստանի առաջնությունում արդեն կայացել է 11 խաղ, կարելի՞ է ասել, որ իրավիճակը փոխվել է:


- Իհարկե, այսօր մեր խաղացողները հաստատ ավելի լավ վիճակում են, եւ դա բնական է, որովհետեւ ավելի շատ խաղեր են անցկացրել: Այսօր նրանց մարզավիճակը ավելի լավ է : Ես ակնկալում եմ ավելի լավ խաղ, քան նախորդ հանդիպման ժամանակ:

- Կարո՞ղ եք արդյոք նույնը ասել նաեւ մեր լեգիոնականների մասին:

- Նրանց հետ դեռ չեմ զրույցել, քանի որ նոր ենք հավաքվում: Բայց ես, իհարկե, մեծ ուշադրությամբ հետեւում եմ նրանց խաղերին: Գրեթե բոլորի վիճակը նորմալ է: Մի փոքր Յուրա Մովսիսյանն է քիչ խաղում. ես դեռ նրա հետ կզրուցեմ՝ պատճառները պարզելու համար: Մյուսները խաղային պրակտիկայի հետ կապված խնդիրներ չունեն:

- Ձեր կարծիքով, ինչո՞վ է տարբերվելու կայանալիք խաղը երեւանյան հանդիպումից:

- Ինձ համար ամենակարեւորն այն է, որ տղաները ավելի լավ խաղան, քան Երեւանում: Այդքան շատ չեմ կենտրոնանում հաշվի վրա: Խաղացողներից պահանջելու եմ առաջին հերթին ավելի բարձրորակ խաղ: Լավ արդյունքի կարելի է հասնել միայն լավ խաղով:

- Բայց չէ՞ որ Ռուսաստանի հետ հանդիպումը շատ կարեւոր է նաեւ մրցաշարային տեսանկյունից, քանի որ պարտությունը կտրուկ կնվազեցնի «Եվրո-2012»-ին հանդես գալու մեր հնարավորությունները:


- Մեկը մյուսի հետ սերտ կապված է: Եթե ուզում ենք լավ արդյունքի հասնել, պետք է լավ խաղանք: Ֆուտբոլում պատահականություններ քիչ են լինում: Սա է գլխավորը:

- Վերջին ժամանակներս Ռուսաստանի հավաքականը հաճախ է քննադատվում արդյունքների բացակայության եւ խաղի որակի համար: Ինչպե՞ս կգնահատեք մեր մրցակցի պատրաստվածության այժմյան մակարդակը:


- Բոլոր թիմերն էլ ունենում են խնդիրներ, բայց, միեւնույն է, իմ կարծիքը Ռուսաստանի հավաքականի մասին չի փոխվել: Չեմ կարծում, որ դա ինչ-որ ազդեցություն ունի: Ռուսաստանի հավաքականը բարձրակարգ թիմ է եւ ունի անհատական շատ բարձր որակներով ֆուտբոլիստներ:

- Վերադառնանք մեր ընտրանուն: Երեկ Դուք հրապարակեցիք թիմի կազմը, որում կարելի է նկատել որոշ փոփոխություններ, մասնավորապես` ցուցակում կրկին ընդգրկվել են Աղվան Մկրտչյանը եւ Լեւոն Պաչաջյանը, բացակայում է Արարատ Առաքելյանը: Ինչպե՞ս կմեկնաբանեք թիմի կազմը:

- Հրավիրվել են 21 ֆուտբոլիստներ, սակայն Սանկտ-Պետերբուրգ են մեկնելու 19-ը: Այնպես որ, երկու հոգի կազմից դուրս են մնալու: Բոլորը օպտիմալ վիճակում են: Խաղացողներին միշտ դիրքերով ենք ընտրում, այժմ Վալերի Ալեքսանյանը ավելի լավ մարզավիճակում է, քան Արարատ Առաքելյանը: Սակայն Առաքելյանը հավաքականի թեկնածու է, եւ դեռ շատ խաղեր կան: Այն, որ նա այս անգամ ցուցակում չէ, ոչինչ չի նշանակում:

- Սանկտ-Պետերբուրգի “Պետրովսկի” մարզադաշտը, որտեղ տեղի է ունենալու հանդիպումը, ժամանակին հարազատ էր մեր հավաքականի վետերանների` Ռոման Բերեզովսկու եւ Սարգիս Հովսեփյանի համար: Ի՞նչ են նրանք զգում` վերադառնալով մի տեղ, որտեղ անցել է նրանց կարիերայի զգալի մասը: Այս հանգամանքը կարո՞ղ է դրական հոգեբանական ազդեցություն ունենալ:


- Միշտ էլ հաճելի է վերադառնալ այնտեղ, որտեղ քեզ լավ են վերաբերվել: Նոստալգիա է առաջանում: Երկուսին էլ Սանկտ-Պետերբուրգում շատ սիրել եւ հարգել են: Ինձ թվում է, որ իրենց մոտ այդպիսի ներքին հաճելի զգացողություն կա:

- Շնորհակալություն հարցազրույցի համար եւ հաջողություն մեր տղաներին:

Մեր ընտրանին