Ապրիլ 29, 2024
exclusive
4877 դիտում

Մեծ սպորտի ապագա աստղերը. Էմմա Պողոսյան


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Էմմա Պողոսյանը Մոլդովայում կայացած ծանրամարտի պատանեկան Եվրոպայի առաջնությունում ռեկորդով հաղթեց ու կրկնակի չեմպիոն հռչակվեց:

Mediamax Sport«Մեծ Սպորտի ապագա աստղերը» շարքի համար մարզուհին պատմել է սպորտը շատ սիրելու, հանուն դրա զոհողությունների գնալու, գյուղում մեծանալու, առաջին հաջողությունների ու 17 տարեկանում մեծահասակների Եվրոպայի առաջնության մասնակցելու մասին:

Մարզաձեւը՝ ծանրամարտ

Քաշային կարգը՝  81 կգ

Անձնական մարզիչը՝  Արտաշես Ներսիսյան

Տիտղոսները՝ պատանիների ԵԱ-ի կրկնակի հաղթող, երիտասարդների ԵԱ-ի փոխչեմպիոն ու ԱԱ-ի բրոնզե մեդալակիր

Տարիքը՝
օգոստոսին կդառնա 17 տարեկան

Բնակավայրը՝
Գյումրի  

Սովորում է՝
Գյումրու Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի 2-րդ կուրսում

Սիրած առարկան՝
մաթեմատիկա

Նպատակը՝
դառնալ Օլիմպիական խաղերի մեդալակիր

Մարզական կերպարը՝
Նազիկ Ավդալյանը եւ Հռիփսիմե Խուրշուդյանը. «Հռիփսիմեն մեզ հետ հավաքների է մասնակցում, նրանից շատ բան եմ սովորում, լավ ընկեր ու մարդ է»:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մանկությունը. Մեծացել եմ Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում: Դպրոցական տարիքում շախմատով եմ զբաղվել, մարզային մրցումների մասնակցել ու անգամ հաղթել: Թեեւ բավական ուժեղ էի ու պոտենցիալ ունեի, բայց հասկացա, որ այն իմը չէ: Երբ 10 տարեկանում ծանրամարտն ինձ սկսեց հետաքրքրել, շախմատը թողեցի:

Այդ ժամանակ հեռուստացույցով ծանրամարտի մրցումների, հատկապես՝ մեր աղջիկների մասնակցությամբ շատ էի հետեւում, արդյունքում ինքս էլ սիրահարվեցի մարզաձեւին: Ամենաշատը տպավորվել է Նազիկ Ավդալյանի մասնակցությամբ Գոյանգում կայացած Աշխարհի առաջնությունը, երբ նա չեմպիոն դարձավ: Հասկացա, որ ես էլ եմ ուզում մարզվել ու նրա պես մի օր հաղթող դառնալ:

Կայացման ուղին ու բարդությունները. Իրականում չէի էլ պատկերացնում, թե մինչ պատվոհարթակին կանգնելը մարզիկներն ինչքան փորձություններ ու դժվարություններ են հաղթահարում:

Հաջողության հասնելու համար պետք է պայքարող ու չշտապող լինել, ամեն ինչ պետք է հանգիստ անել, դա է կարեւոր գրավականներից մեկը: Այդ որակներն ընթացում ձեռք բերեցի, երբ նոր էի առաջին քայլերս կատարում, դեռ փոքր էի ու շատ բան չէի էլ հասկանում: Մեկ տարի մարզվեցի Արմավիրում, ապա տեղափոխվեցի Գյումրի:

Սկզբում ծնողներս դեմ էին, որ զբաղվեմ ծանրամարտով, միայն տատիկս էր ինձ պաշտպանում, հենց նա է բոլորին համոզել ու ինձ տարել մարզումների: Համարում էին, որ ծանրամարտն այնքան էլ աղջկա մարզաձեւ չէ ու չեմ կարողանա դժվարությունները հաղթահարել, իսկ տատիկը հակառակը՝ խորհուրդ տվեց անպայման գնալ ու հասնել նպատակներիս: Նա մինչեւ հիմա կողքիս է ու հավատում է ինձ: Մրցումների մասնակցելուց հետո ծնողներս տեսան, թե որքան եմ սպորտը սիրում ու համակերպվեցին մարզուհի դառնալու մտքի հետ:  

Լուսանկարը` Մեդիամաքս


Առաջին զոհողությունը. Երբ առաջին անգամ գնացի հավաքի, գլխավոր մարզիչն Արտաշես Ներսիսյանն էր, միասին որոշեցինք, որ աճելու համար պետք է տեղափոխվել ու մարզվել Գյումրիում: Տատիկս որոշեց մեկնել հետս ու հոգ տանել իմ մասին, իսկ ծնողներս մնացին Արմավիրում: Սկսեցինք բնակվել մեր Գյումրիի տանը, որը ընտանիքս թողել էր երկրաշարժից հետո: Սկիզբն անչափ դժվար էր, չէի հարմարվում քաղաքին, բացի այդ էլ ընդամենը 12 տարեկան էի ու պետք է սովորեի ընտանիքիցս հեռու մնալ: 2018 թվականի օգոստոսի 8-ին եմ այնտեղ առաջին մարզմանը գնացել, իսկ մեկ տարի անց մասնակցեցի Եվրոպայի պատանեկան առաջնությանը: Մարզիչներն իմ ելույթից շատ գոհ էին, թեեւ մեդալ չնվաճեցի, բայց 5-րդ տեղը գրավեցի ու նրանց համոզեցի, որ դեռ կարող եմ աճել:

Միջազգային փորձը. Մինչ այդ Հայաստանում մրցումների մասնակցել էի, բայց միջազգային ասպարեզում հանդես գալն ուրիշ էր: Եվրոպայի առաջնությունում առաջին անգամ նոր մրցակիցների հանդիպեցի, շատ էի լարվել ու հուզվել, բայց վատ չմասնակցեցի: Այն ժամանակ շատ էի կասկածում ուժերիս, բայց կարողացա սխալներս տեսնել ու հետագայում շտկել, իսկ հիմա վստահությունս ավելացել է: Աստիճանաբար եմ այդ ամենին հասել՝ ամեն հաջորդ մրցմանն ավելի լավ մասնակցելու շնորհիվ:

2021-ին Եվրոպայի առաջնությունում ռեկորդակիր դարձա, ուրախացա ու ավելի շատ հավատացի, որ կարող եմ լավ ծանրորդ լինել: Իսկ 2022-ին վերջապես հաջողվեց շատ լավ հանդես գալ ու ոսկե մեդալ նվաճել: Նման հաջողություններից հետո ուզում ես ավելի առաջ գալ, նոր ձեռքբերումների հասնել ու անընդհատ նույն զգացողություններն ունենալ:  

Լուսանկարը` Մեդիամաքս


Մարզիչներն ու վնասվածքները. Ծանրամարտում ամենաշատը սիրում եմ չեմպիոն դառնալը, բայց մինչ դրան հասնելը բազմաթիվ դժվարություններ ես ստիպված լինում հաղթահարել: Այդ հարցում ինձ մարզիչներս են օգնում՝ ընկեր Արտաշն ու Քրիստինե Պետրոսյանը, նրանք ամեն հարցում միշտ կողքիս են: Երկուսն էլ ճիշտ խորհուրդներ են տալիս, որոնք փորձում եմ կատարել:

Չգիտեմ ինչու, ամեն մրցումից մոտ 10 օր առաջ ինձ մոտ որեւէ վնասվածք է լինում ու չեմ կարողանում մարզվել, նման պահերին մարզիչներն են օգնում եւ քաջալերում, որ չհանձնվեմ: Այս ԵԱ-ից առաջ էլ ձեռքերս էի ցավեցրել ու չէի կարողանում պարապել, շատ դժվար էր գիտակցել, որ մրցակիցներս այդ ընթացքում ուժեղանում են, իսկ ես ոչինչ անել չեմ կարող: Դա ավելի շատ հոգեբանական խնդիր է, որի պատճառը կփորձեմ հասկանալ ու կանխել: Ինքնս էլ չգիտեմ, թե ինչի արդյունքում է լինում:

Անհրաժեշտ որակները. Լավ ծանրորդ լինելու համար պետք է հոգեպես ամուր լինել ու վստահ ելույթ ունենալ: Սովորաբար ինձ կարողանում եմ տրամադրել ու նետվել պայքարի մեջ, շատ կռվող եմ՝ մանավանդ մրցումների ժամանակ: Միշտ լավ եմ հանդես գալիս, կարող եմ մարզումներին այնքան էլ ինձ չդրսեւորել, բայց մրցումների ժամանակ վստահ եմ գործում:

Իմ որակներից ամենաշատը հենց կռվող բնավորությունս եմ սիրում, իսկ վատն այն է, որ չափից շատ եմ հուզվում ու արտասվում, էմոցիոնալ եմ եւ ապրումներս չարտահայտել չեմ կարող: Ասում են՝ տարիքից է ու ժամանակի ընթացքում կկարողանամ հաղթահարել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեծահասակների ԵԱ-ն.  Նոր էինք վերադարձել պատանեկան ԱԱ-ից, երբ իմացա, որ մասնակցելու եմ Երեւանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Այն իմ առաջին մեծահասակների մրցաշարն էր, ավելի փորձառու ու ինձից մեծ մարզուհիների հետ պետք է մրցեի: Շատ լարված էի, չնայած դրան՝ ամեն ինչ արեցի, որ լավ հանդես գամ, բայց հոգնած էի ու չկարողացա ինձ դրսեւորել: Մեկ ամիս էլ չէր անցել նախորդ մրցաշարից, օդանավակայանից միանգամից եկել էի հավաքի՝ նույնիսկ տուն չէի գնացել:

Փոխարենը կարողացա ավելի մեծ փորձ ձեռք բերել, ծանոթացա մեծերի պայքարին, իմացա, որ շատ լարվելը խանգարում է անել այն, ինչ կարող ես: Մեծահասակների պայքարը շատ է տարբերվում իմ տարիքայիններից, մրցակիցները բավական ուժեղ են, երբ տեսնում ես թե ինչ կիլոգրամներ են պատվիրել ու ոնց են բարձրացնում, սկսում ես ակամայից լարվել:

Հայ հանդիսատեսը բոլորիս էլ շատ օգնեց ու ոգեւորեց, ինչի համար շատ շնորհակալ եմ բոլորից, հաճելի էր նման երկրպագության արժանանալ:

Հիշվող մրցումը. Ինձ համար ամենահիշարժան մրցաշարն Ալբանիայում կայացած ԵԱ-ն էր, երբ երիտասարդների փոխչեմպիոն դարձա: Հիմնական պայքարն ընթանում էր Լիանա Գյուրջյանի հետ, ով էլ նվաճեց ոսկե մեդալը: Երկուսս էլ շատ ուրախ էինք այդ հաջողության համար, մեզ համար տարբերություն չկար, թե որ մեկը հաղթող կդառնար: Միասին ելույթ ունենալը շատ օգնեց, իրար քաջալերում էինք ու աջակցում, երբ Լիանան հաղթեց ընդհանրապես չնեղվեցի, տեսա, որ ընկերոջս համար էլ կարողանում եմ անկեղծ ուրախանալ: Ընդհանրապես նախանձ չեմ ու չեմ սիրում, երբ մարդիկ իրար նման կերպ են վերաբերվում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Առանց զրոների․ Չստացված մոտեցումներ, երբ ծանրաձողը գլխավերեւում պահել չի ստացվել, շատ եմ ունեցել: Բայց անհաջող փորձից հետո ավելի եմ ոգեւորվում ու պարտավորված զգում, որ հաջորդին բարձրացնեմ: Ինձ չստացված մոտեցումը զայրացնում է, չի եղել որեւէ մրցում, որ 0 ստանամ, միշտ հավաքվում եմ ու ֆիքսում ծանրաձողը:

Մրցել առհասարակ շատ եմ սիրում, ամենալավ պահն այն է, երբ մարզիկները նետվում են պայքարի մեջ ու մեդալի համար իրար հետ կռիվ տալիս: Մրցումային ադրենալինը ոչնչի հետ համեմատելի չէ: Ես սովորաբար ելույթների ժամանակ չեմ լարվում, հենց բարձրանում եմ հարթակ, նոր զգում եմ մրցումների շունչն ու ոգեւորվում: Շատ եմ սիրում մրցման օրն երաժշտություն լսել, այն ինձ հանգստացնում է ու տրամադրում:

Զբաղմունքը. Ազատ ժամանակ սիրում եմ նկարել, իսկ հավաքների ընթացքում՝ մարզումներից առաջ ու հետո Աստվածաշունչ եմ կարդում եւ հանգստանում, միշտ ինձ հետ է: Նաեւ սպորտային ֆիլմեր եմ նայում, ամենաշատը տպավորել է «Միլիոն դոլարանոց աղջիկ»-ը, նա չհանձնվեց ու մեծ դժվարությամբ զբաղվեց իր սիրելի գործով:  

Ուժը. Մեր ընտանիքում առաջին պրոֆեսիոնալ մարզիկն եմ, հայրս ծանրամարտով ու ուրիշ մարզաձեւերով զբաղվել է, բայց սիրողական մակարդակով: Կարծում եմ՝ իմ ուժը մեր գյուղից է եկել: Նալբանդյանը փոքրիկ, շատ սիրուն ու հանգիստ գյուղ է, բնակիչները հիմնականում հողագործությամբ են զբաղվում: Ես սիրում եմ գյուղը, բնությունն ու հողի հետ աշխատելը: Երբ մերոնց հետ էի մնում, սիրում էի նրանց օգնել հողի մշակման գործերում, իսկ քույրս՝ հակառակը, չէր զբաղվում: Խաղող էի հավաքում, ծիրան, կեռաս, համարյա բոլոր տեսակի մրգեր մեր այգում աճում են: Տունը շատ եմ կարոտում, որովհետեւ քիչ եմ լինում՝ ամիսը 1-2 անգամ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Արեւոտ Արմավիրից ցուրտ Շիրակ անցումը դժվար տրվեց, մինչեւ հիմա էլ Գյումրին սիրել չեմ կարողացել: Դեռ ինձ հարազատ վայր չի դարձել, այնտեղ ընկերներ ունեմ, բայց քաղաքը դեռ իմը չէ: Հանուն ծանրամարտի պատրաստ եմ զոհողության գնալ, դրա համար էլ մինչեւ հիմա այնտեղ եմ ապրում: Հետագայում էլ ամեն ինչ կանեմ, որ նպատակներիս հասնեմ:

Տատիկը. Թեեւ ծնողներս ու քույրիկիս շատ եմ կարոտում, բայց գիտեի, որ պետք է որեւէ բան զոհեմ հաջողության հասնելու համար: Սկզբում փոքր էի ու շատ բաներ չէի հասկանում, բայց հիմա գիտակցաբար եմ անում: Գիտեմ, թե տատիկս որքան մեծ բան է արել ինձ համար, նրան միշտ եմ շնորհակալ լինում, ես էլ իրեն եմ փորձում իմ մեդալներով վարձահատույց լինել:

Տատիկի հետ ապրելը շատ լավ է, միշտ իմ սիրած ուտելիքներն է պատրաստում, հատկապես՝ տապակած կարտոֆիլ: Ինքս էլ ազատ լինելու դեպքում նրա հետ խոհանոցում ժամանակ եմ անցկացնում:

Ընկերները, վայրերն ու ուսումը. Շատ ընկերներ ունեմ, որոնց թվում մարզիկներ էլ կան, արտասահմանցի մրցակիցների հետ էլ շփվում եմ ու կարողանում ընկերանալ:

Իմ այցելած վայրերից ամենաշատն իսրայելական Էլիաթն եմ հավանել, այնտեղ ծով ենք գնացել, հետո շրջել քաղաքում: Իսկ Հայաստանում Դիլիջանն եմ սիրում իր յուրահատուկ բնության համար:

Դեռ սովորում եմ քոլեջում, ավարտելուց հետո կկողմնորոշվեմ, որ ուղղությամբ շարունակել: Մտադիր չեմ ծանրամարտի մարզիչ դառնալ, հնարավոր է նաեւ մաթեմատիկան ընտրեմ, կտեսնենք: Ամենայն հավանականությամբ, ֆիզկուլտինստիտուտի մանկավարժություն բաժնում կսովորեմ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Որակները. Չեմ սիրում գոռոզ մարզիկներին, որոնք սպորտում ամեն ինչի հասել են ու մեծամտացել, շատերին եմ տեսել ու այդ երեւույթն ինձ դուր չի եկել: Ինքս ուզում եմ ուժեղ ու տիտղոսակիր լինել, բայց դրա հետ մեկտեղ համեստ մնալ: Չեմ վախենում, որ մեդալներն ինձ կփոխեն, տեսակով այդպիսին չեմ, մարդն ամեն պարագայում պետք է հասարակ մնա: Խոստանում եմ, եթե անգամ Աշխարհի ու Օլիմպիական չեմպիոն դառնամ, նույնն եմ մնալու:

Հենց Օլիմպիական մեդալ նվաճելն է ինձ մոտիվացնում ամեն օր մարզվել, չհանձնվել, կռիվ տալ դժվարությունների հետ ու լավագույններից մեկը դառնալ: Գիտեմ, որ Փարիզի խաղերում հանդես գալ չեմ հասցնի, դրա համար կպատրաստվեմ 2028 թվականի Լոս Անջելեսին: Ամեն ինչ կանեմ, որ կարողանամ մեդալ նվաճել նաեւ Աշխարհի առաջնությունում:  

Էմմա Պողոսյանի հետ զրուցել է Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին