Հունիս 28, 2024
645 դիտում

Զարդերի սիրահար ֆուտբոլիստներն ու 2004 թ. ցավալի դեպքից հետո դրանք կրելու մասին արգելքը


Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` uefa

Լուսանկարը` THE Sun

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FC Barcelona

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` Boomberg

Լուսանկարը` europort

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FC Barcelona

Լուսանկարը` Sky Sports

Լուսանկարը` gettyimages

Լուսանկարը` FC Real Madrid


Նախկինում ֆուտբոլիստները հաճախակի էին զարդերով դուրս գալիս խաղադաշտ: Նրանք կրում էին մատանիներ, վզնոցներ, ապարանջաններ ու ականջօղեր: Սակայն այդ ամենը վաղուց անցյալում է, քանի որ հիմա նրանք ամեն ինչ թողնում են հանդերձարաններում:

Mediamax Sport-ն ուսումնասիրել է զարդերի ամենամեծ սիրահար խաղացողներին ու ներկայացնում է դրանց կրելու հետ կապված արգելքի իրական պատճառը:

Զարդերի սիրահարները

1980-90-ականներին, երբ ֆուտբոլ դեռ չափազանց կարճ կիսատաբատներով էին խաղում, զարդեր կրելու մեծ սիրահար էր Դիեգո Մարադոնան: 1986-ի Աշխարհի առաջնության ժամանակ Անգլիայի դարպասը հայտնի ձեռքով գոլը նա գրանցել ականջօղով, մատանիով ու ձախ ձեռքին ամրացված ապարանջանով:

Զարդերի նկատմամբ իր առանձնահատուկ սերն ընդգծում էր նաեւ կոլումբացի Կարլոս Վալդեռաման: Առանց այն էլ նա աչք էր ընկնում իր գանգուր մազերով, կերպարն էլ ամբողջացնում էր հատուկ իր համար հյուսված ապարանջաններով ու վզնոցներով: Երբեմն դրանց քանակը թույլատրելիի սահմանն անցնում էր:

Լուսանկարը` FIFA


«Նա բառիս բուն իմաստով զնգզնգում էր, ամեն անգամ, երբ գնդակ էր ստանում, Վալդեռաման լսելի էր դառնում: Այդ երեւույթը նման էր սահնակներով Սանտա Կլաուսի հայտնվելուն: Լսում էինք, թե ոնց են նրա բոլոր ապարանջաններն աղմկում»,- պատմել է Անգլիայի ընտրանու պաշտպան Գրեմ Լե Սոն, որը կոլումբացու դեմ խաղացել է 1998-ի Աշխարհի առաջնությունում:

Նախկինում գոլ խփելիս միշտ ամուսնական մատանին համբուրում էր Մադրիդի «Ռեալ»-ի ու Իսպանիայի հավաքականի հարձակվող Ռաուլը, խփած գնդակները մատանիներին համբույրներով էին տոնում նաեւ Յոհան Կրոյֆը, Պաոլո Մալդինին, Դեւիդ Բեքհեմն ու ուրիշներ: Զարդեր էին կրում նաեւ Զինեդին Զիդանը, Թիերի Անրին, Ռոնալդինյոն, Ռոնալդոն, Նեյմարը, Պոլ Պոգբան, Էկտոր Բելերինը, Ժերոմ Բոատենգն ու էլի շատ շատերը: Ոմանք դրանք փաթաթում էին հատուկ կպչուն բժշկական ժապավեններով, որպեսզի բախումների ժամանակ իրենց ու մրցակիցներին չվնասեն:

Առանց զարդերի խաղադաշտ չէր դուրս գալիս նաեւ Պորտուգալիայի ընտրանու ավագ Քրիշտիանու Ռոնալդուն: 2004 թվականին իր առաջին ԵՎՐՈ-ի ժամանակ նա երկու ականջօղ էր կրում: 2024-ին Գերմանիայում ընթացող առաջնությանն էլ ժամանել է նորաոճ ականջօղով, որը, բնականաբար, խաղադաշտում չի կրել:

Լուսանկարը` uefa


Զարդերի արգելքը

Զարդերի նկատմամբ վերաբերմունքը սպորտում միշտ միանշանակ չի եղել, դրանք ոչ բոլորի դուրն էին գալիս: Մի մասը կարծում էր, որ մատանիներն ու ականջօղերը պրոֆեսիոնալ մարզիկների համար չեն, սակայն նաեւ չէին արգելում կրել:
 
Բայց ամեն ինչ փոխվեց 2004 թվականին: Շվեյցարիայի առաջնության ժամանակ «Սերվետա»-ի ֆուտբոլիստ Պաուլո Դիոգոն երկրպագուների հետ գոլը նշելիս մատանիով բռնվեց երկաթյա ցանկապատից՝ զրկվելով մատից, իսկ այդ ահավոր կադրերը շատ արագ տարածվեցին ամբողջ աշխարհով մեկ:

Լուսանկարը` THE Sun


Առաջին մրցաշարը, երբ պաշտոնապես արգելվեց զարդեր կրել, 2006 թվականի Աշխարհի առաջնությունն էր: Ստադիոններում նույնիսկ մատանիները սղոցելու համար նախատեսված հատուկ սարքեր կային, որոնք օգնում էին դրանք հեշտությամբ հանել:

Սակայն անգամ դրանից հետո որոշ ֆուտբոլիստներ շարունակեցին խախտել կանոնները: 2014-ին Չեմպիոնների Լիգայի «Չելսի»-«Շալկե» հանդիպումն ընդհատվեց, քանի որ անգլիական ակումբի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը մոռացել էր հանել ապարանջանը: Մրցավարը նրան ներեց, թույլ է տվել զարդը հանձնել մարզչական շտաբին եւ վերադառնալ խաղադաշտ: Իսկ 2018-ին էլ Հունգարիայի առաջնության հանդիպումներից մեկը հետաձգվեց մի քանի րոպեով, որպեսզի պաշտպան Էրիկ Չիկոշը կարողանա հանել մատանին: Արդյունքում նա ամբողջ հանդիպումն անցկացրեց պահեստային նստարանին:

Այդ արգելքը գործում է մինչ օրս, ոչ մի խոշոր մրցաշարում՝ լինեն դրանք Եվրոպայի, թե Աշխարհի առաջնություններ, ֆուտբոլիստները զարդեր չեն կրում: Մրցավարները զարդերի սիրահարներին կարող են դեղին քարտ ցույց տալ ու անգամ հեռացնել խաղադաշտից:

Ֆուտբոլիստներն իրենք էլ գիտեն այդ արգելքի մասին, բայց ժամանակ առ ժամանակ միեւնույն է խախտողներ են ի հայտ գալիս: 2022 թվականին Քաթարում կայացած Աշխարհի առաջնության ժամանակ նման բան իրեն թույլ տվեց Ժյուլ Կունդեն՝ Լեհաստանի դեմ խաղում խաղադաշտ դուրս գալով հաստ վզնոցով:

Լուսանկարը` FIFA


Հանդիպումից հետո ֆուտբոլիստն արդարացավ, որ պարզապես մոռացել է այն հանել, սակայն այդ պատճառաբանությունը չգոհացրեց ընտրանու գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամին. «Կունդեի բախտը բերել է, որ խաղադաշտ դուրս գալուց առաջ չեմ տեսել նրան: Նա իրավունք չուներ խաղալ վզնոցով: Գիտեմ, որ սնահավատ տղա է, բայց միեւնույն է չեմ հասկանում նրա որոշումը: Կարծում էի, որ այն կհանի, սակայն դա տեղի չէր ունեցել: Դրանում մեր մեղքի բաժինն էլ կա, որ չենք նկատել»:

Եթե նման բան մի քանի տարի առաջ տեղի ուներ, պաշտպանը միանգամից կհեռացվեր, սակայն հիմա ՖԻՖԱ-ն մի քիչ մեղմել է կանոնները: Մրցավարները նախ խնդրում են ֆուտբոլիստներին հանել զարդերը, չկատարելու դեպքում՝ նոր միայն պատժում:

Այդ մասին մանրամասն գրված է ՖԻՖԱ-ի 4-րդ օրենքի 4-րդ կետում. «Պաշտոնական խաղերի ժամանակ ֆուտբոլիստին արգելվում է մարմնի վրա ցանկացած զարդ կրել: Հատուկ բժշկական կպչուն ժապավեններով փաթաթելը եւս արգելվում է: Եթե մրցավարը որեւէ զարդ նկատի, իրավունք ունի դեղին քարտ ցույց տալ: Եթե ֆուտբոլիստը հրաժարվի այն հանել, կարող է հեռացվել խաղադաշտից: Իսկ տուգանք վճարում է կամ խաղացողը, կամ էլ՝ նրա ակումբն ու հավաքականը»:

Լուսանկարը` FC Barcelona


Վնասները

First Aid Training կայքը, որը մասնագիտացված է սպորտով զբաղվելու ժամանակ ստացած վնասվածքների առաջին բուժօգնությամբ, հետաքրքիր ուսումնասիրություն է կատարել: Կայքն իր հրապարակած հոդվածում մանրամասն գրել է, թե ինչպիսի վնասվածքներ կարող են առաջանալ կոնկրետ զարդեր կրելու դեպքում:

Մատանիներ. Եթե ֆուտբոլիստը ձեռքի հետ կապված վնասվածք է ստանում, մատանին խանգարում է արյան շրջանառությանը: Բացի այդ էլ ձեռքի կոտրվածքների դեպքում այն դժվար է հանել մատից:

Ականջօղեր. Սերտ ու կտրուկ շփման դեպքում անգամ մրցակցին կարող են վնասել: Ամենամեծ վտանգներն ականջի բլթակի պատռվածքը եւ ուժեղ արյունահոսությունն են, եթե մրցակիցը հանկարծ բռնվի ականջօղից:

Վզնոցներ/ապարանջաններ. Նույնպես վտանգավոր են, քանի որ շփման արդյունքում կարող են մեխանիկական վնասվածքներ առաջացնել: Բացի այդ էլ, որոշակի դրվագներում մրցակիցների միջեւ բախման արդյունքում՝ կարող են բռնվել հագուստից ու տարատեսակ խնդիրներ առաջացնել:

Լուսանկարը` FIFA


Փիրսինգ. Թարմ արված փիրսինգը մանրամասն մշակման կարիք ունի, մասնագետները խորհուրդ են տալիս դրանից խուսափել ակտիվ սպորտով զբաղվելու շրջանում:

 

ՖԻՖԱ-ն նաեւ արգելում է տարատեսակ հերակալներ, ուլունքերով մազակալներ ու հյուսքեր:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին