Մայիս 03, 2024
exclusive
1587 դիտում

Եվրոպայի 8 չեմպիոնների անցած դժվարին ու հաղթական ուղին


Լուսանկարը` Weightlifting house

Լուսանկարը` Weightlifting house

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` Markus Koch

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` Markus Koch

Լուսանկարը` Markus Koch


Վերջին 2 տարիներին այնպես է ստացվել, որ ծանրամարտի եւ ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունները միաժամանակ են տեղի ունենում: Սոֆիայում եւ Բուխարեստում կայացած մրցաշարերում հայ մարզիկներին հաջողվեց նվաճել 8 ոսկե մեդալ, որոնցից 4-ն ամռանը մասնակցելու են Օլիմպիական խաղերին:

4 անգամ պատվոհարթակի առաջին աստիճանին կանգնեցին ծանրորդները, 2-ական էլ ՝ հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբիշները: Mediamax Sport-ը հետեւել է մրցաշարերի ընթացքին եւ ամփոփում է մարզիկների ելույթները: Նրանցից ամեն մեկին հաջողվեց այս տարվա առաջնությունները յուրովի անմոռանալի դարձնել իրենց համար ու մեդալներից բացի այլ կարեւոր ձեռքբերումներ էլ գրանցել:

Ոսկի՝ 8 տարի անց

Ծանրամարտի առաջնություններում նվաճած ոսկե մեդալներով հայերը միշտ էլ աչքի են ընկել, սակայն այս առաջնությունն աննախադեպ էր երկու առումով՝ առաջինը պայմանավորված էր Ալեքսանդրա Գրիգորյանով:

Լուսանկարը` Weightlifting house


Վերջին անգամ Հայաստանը կանանց պայքարում Եվրոպայի չեմպիոն էր ունեցել 2016 թվականին, երբ Ֆյորդեում կայացած առաջնությունում ոսկե մեդալակիր էր դարձել Նազիկ Ավդալյանը: Եվ ահա 8 տարի անց Արտաշես Ներսիսյանի գլխավորած թիմում նորից ոսկի կա, ու այն ապահովել է 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը:

Նախորդ տարի մեծահասակների պայքարում նորամուտը նշած Գրիգորյանը մինչեւ 55 կգ քաշային կարգում իսկական հայտնություն դարձավ: Եվ պատճառը միայն չեմպիոնական մեդալը չէ, նաեւ այն կամային որակներն ու պայքարող բնավորությունը, որը նա ցույց տվեց Բուլղարիայում:

Պոկման (80 կգ) ոչ այդքան հաջող ելույթից հետո, նա իսկական կռիվ տվեց հրումում ու կարողացավ երկամարտի 196 կգ արդյունքով առաջին անգամ դառնալ մեծահասակների Եվրոպայի չեմպիոն։

Լուսանկարը` Weightlifting house


«Եվրոպայի առաջնություն էի մեկնել հաղթելու ցանկությամբ ու վճռականությամբ: Երբ պոկման 84 կգ-անոց մոտեցումս չհաշվեցին, շատ թեւաթափ եղա: Բայց մարզիչների շնորհիվ ուժերս հավաքեցի ու հրման ժամանակ իսկական կռիվ տվեցի: Մրցաշարը մեծ դաս էր ինձ համար, հասկացա, որ կարեւոր չէ, թե առաջին վարժությունում ինչպես ելույթ կունենաս, պարտավոր ես երբեք ու որեւէ պարագայում հույսդ չկորցնել»:

Ամոյանի 3-րդ չեմպիոնությունը

Օլիմպիական խաղերից առաջ չափազանց կարեւոր էր Մալխաս Ամոյանի վստահ ու կայուն ելույթը: Հունահռոմեական ոճի ըմբիշը 3-րդ անգամ էր դուրս եկել ԵԱ-ի եզրափակիչ ու նույնքան անգամ էլ հաջողության հասավ: Մրցումային առաջ օրը ըմբիշի մոտ ամեն ինչ չէ, որ ստացվում էր, նա հաղթում էր դժվարությամբ, բայց կարեւորը շարունակում էր առաջ գնալ:

Մինչեւ 77 կգ քաշային կարգի եզրափակչում նրա մրցակիցը թուրք Յունուս Բասար Էմրեն էր, որին նախկինում մի քանի անգամ էլ հանդիպել էր գորգում: Ոսկու համար պայքարն այնքան էլ հեշտ չստացվեց, առհասարակ Ամոյանի գոտեմարտերն անցնում են դիտարժան, բավական է հիշել նախորդ տարվա եզրափակիչը, երբ նա որոշիչ հնարքը կատարեց գոտեմարտի վերջում ու նվաճեց 2-րդ ոսկին:

Լուսանկարը` UWW


Այս անգամ էլ հանդիպման ընթացքը հեշտ չէր, թեեւ Ամոյանն անընդհատ առաջ էր հաշվի մեջ, բայց զգոնությունը կորցնել չէր կարող: Նա գործում էր մրցակցին որեւէ միավոր չզիջելու մարտավարությամբ, ինչն էլ հաջողվեց, հաղթեց 7:0 հաշվով ու Եվրոպայի եռակի չեմպիոն հռչակվեց:

«Ամեն անգամ Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալն ավելի բարդ է տրվում, որովհետեւ մրցակիցներն ինձ շատ ուշադիր են ուսումնասիրում: Այս ԵԱ-ն էլ ցույց տվեց, որ հաղթելու համար շատ ջանքեր է պետք գործադրել: Իմ ոսկե մեդալներից յուրաքանչյուրը շատ կարեւոր է ու մեծ տեղ ունի կարիերայիս առաջխաղացման առումով: Այս չեմպիոնությունը նոր վստահություն տվեց, որ ամռանը կայանալիք Օլիմպիական խաղերին լիարժեք տրամադրվեմ ու կարողանամ այնտեղ էլ կրկնել հաջողությունը: Մի բան եմ հասկացել, որ հաղթանակի համը զգալուց հետո այլեւս չես կարող քչով բավարարվել, ամեն անգամ նորովի ես ուզում չեմպիոն դառնալ»:

7-ակի չեմպիոն Ալեքսանյանը

Արթուր Ալեքսանյանն այն մարզիկներից է, որին ամեն անգամ հաջողվում է ապացուցել՝ սպորտում սահմաններ չկան, շատ աշխատելու եւ ցանկության դեպքում բոլոր գագաթներն էլ հնարավոր է նվաճել: Նա արդեն 13 տարի այդ ամենը ցույց է տալիս սեփական օրինակով եւ ինչպես կատակով Հայաստանում են նշում՝ շուտով երկու ձեռքի մատները չեն բավականացնելու չեմպիոնությունները ցույց տալու համար:

Լուսանկարը` UWW


Իսկ այս անգամ նա ցույց տվեց 7-րդ ոսկին, Բուխարեստի մինչեւ 97 կգ քաշային կարգի եզրափակչում մրցում էր իրենից 10 տարով փոքր ռուսաստանցի Մագոմեդ Մուրթազալիեւի հետ: Մրցակիցը հենց մեկնարկում փորձեց Ալեքսանյանին անակնկալի բերել՝ նետվեց գրոհի ու առաջ անցավ հաշվի մեջ: Բայց հայ ըմբիշը նախ վերականգնեց հավասարությունը, ապա անհավանական ջանքերի շնորհիվ առաջ անցավ 6:3 հաշվով ու 7-րդ անգամ Եվրոպայում իր պատվին լսեց Հայաստանի օրհներգը:

Այդ հաջողությունն Օլիմպիական խաղեր մեկնելուց առաջ շատ կարեւոր էր, ըմբիշը նորից վճռական է տրամադրված ու փորձելու է կրկնել 2016 թվականին Ռիոյում գրանցած հաղթանակը:
 
Գոռ Սահակյանի կայունությունը

20-ամյա Գոռ Սահակյանը շարունակում է ուրախացնել իր կայուն ելույթներով ու ոսկե մեդալներով: Նախորդ տարի Երեւանում նորամուտը նշելով մեծահասակների ԵԱ-ում՝ նա ոսկե մեդալ նվաճեց ու իր ուժն ապացուցեց նաեւ ԱԱ-ում՝ կանգնելով պատվոհարթակի 3-րդ աստիճանին:

Սոֆիայում էլ Սահակյանը բարձունքում էր ու երկրորդ տարին անընդմեջ կարողացավ չեմպիոն հռչակվել: Մինչեւ 67 կգ քաշային կարգի պոկումում նա միայն մեկ մոտեցում գրանցեց ու 140 կգ-ով 3-րդն էր: Թեեւ հրումում էլ հաջող փորձը միայն մեկն էր, սակայն դա էլ բավական էր 311 կգ-ով հաղթող դառնալ, նախորդ տարվա նրա երկամարտի արդյունքը 320 կգ էր:

Լուսանկարը` Markus Koch


«Այս անգամ լարվածությունս ավելի քիչ էր, որովհետեւ մեծահասակների պայքարում հանդես գալու փորձ ունեմ։ Պարզապես պատասխանատվությունն էր շատ մեծ, որովհետեւ պետք է չեմպիոնական տիտղոսը պահեի։ Պոկումում զիջեցի մրցակիցներիս ու հրման ժամանակ ոչ թե վստահ էի, այլ պարտավորված էի զգում, որ պետք է ուղղեմ սխալս եւ կորցրած կիլոգրամները հետ բերեմ։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր հավատացել են իմ հաղթանակին։ Այն հայ ազգինն է, բոլոր զինվորներինը»:

Գերարագ Հարությունյանը

Այս առաջնությունում Արսեն Հարությունյանի կարգախոսն էր «Հաղթել որքան հնարավոր է արագ»: Նա Բուխարեստում 3 գոտեմարտ ունեցավ ու բոլորում էլ ժամանակից շուտ առավելության հասավ՝ մրցակիցներից վերցնելով 30 միավոր ու չզիջելով ոչ մեկը:

Իր իսկ պատկանող արագության ռեկորդը նա գերազանցեց եզրափակչում՝ թուրք Մուհամետ Կարավուսին հաղթելով 52 վայրկյանում։

Դա ազատ ոճի ըմբիշի 4-րդ ոսկին էր Եվրոպայի առաջնություններում՝ մինչ այդ նա հաղթել էր 2019, 2022 եւ 2023 թվականներին։

Լուսանկարը` UWW


Անդրեասյանի երկար սպասված ոսկին

Արման Անդրեասյանը ԵԱ-ում արծաթե եւ բրոնզե մեդալներ ուներ ու ժամանակն էր, որ ըմբիշն ավելի մեծ հաջողություն գրանցի: Բուխարեստում երեւաց, թե նա որքան լավ է պատրաստված ու վստահ իր ուժերին: Եվրոպայի առաջնության եզրափակչում 2022-ին կրած պարտությունն Անդրեասյանը ծանր էր տարել ու շատ աշխատել նույն ապրումները չունենալու համար:

Մինչեւ 70 կգ քաշային կարգի եզրափակչում նա հանդիպեց վրացի Ակակի Կեմերտելիձեի հետ ու կամային պայքար ծավալեց: Մրցաշարում նա մինչ այդ էլ կարողացել էր հաղթանակ կորզել գոտեմարտի վերջում, իսկ եզրափակչում որոշիչ հնարքը կատարեց ու 7:3 հաշվով հաղթեց սուլիչից վայրկյաններ առաջ:

Լուսանկարը` UWW


Հակոբ Մկրտչյանի վերադարձը

Ծանրամարտի մինչեւ 96 կգ քաշային կարգում ոսկու համար պայքարը զուտ հայկական ստացվեց: Նախորդ երկու տարվա առաջնությունների չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանը այս անգամ էլ մոտ էր հաղթանակին, սակայն Հակոբ Մկրտչյանին հաջողվեց նրան գերազանցել 1 կգ-ով:

Երեւանյան ԵԱ-ն Մկրտչյանը բաց էր թողել, այն ժամանակ հանդես էր եկել ու 2-րդը եղել Արա Աղանյանը, իսկ ահա Սոֆիայում իր հնարավորությունը Մկրտչյանը բաց չթողեց:

Պոկման առաջատարը Հովհաննիսյանն էր, իսկ ահա հրումում նա անհամեմատ ուժեղ էր եւ 375-ով հաղթող դարձավ՝ 5 տարի անց նորից Եվրոպայի չեմպիոն դառնալով:

«Արմունկի եւ ուսի վնասվածքով էի հանդես գալիս, մարզումների ժամանակ մշտապես ցավեր ունեի, դրա համար ավելի շատ կիլոգրամներ գրանցել չէր ստացվում։ Պարզապես հարթակին ամեն ինչի մասին մոռանում եմ ու կենտրոնանում միայն մոտեցման վրա։

Շատ մեծ ցանկությամբ էի մեկնել, որ նորից Եվրոպայի չեմպիոն դառնամ։ Շատ էի աշխատել ու տանջվել այս արդյունքին հասնելու համար։ Գոհ եմ, որ տարիներ անց նորից կարողացա լավագույնը դառնալ»։

Լուսանկարը` Markus Koch


Լալայանի անհավատալի չեմպիոնությունը

2016 թվականից հետո առաջին անգամ Եվրոպայի չեմպիոնը Լաշա Տալախաձեն չէ, ու հենց դրանով էլ պայմանավորված է առաջնությունն աննախադեպ անվանելու երկրորդ հանգամանքը: Վրացի ծանրորդը ելույթից հրաժարվեց վնասվածքի պատճառով ՝ Վարազդատ Լալայանին հնարավորություն տալով նվաճել իր առաջին ոսկին:

Գերծանր քաշային կարգի ԵԱ-ում նա առաջին մեդալն ապահովել էր 2021-ին ու 3-րդ տեղը գրավել, դրանից հետո երկու անգամ արծաթե մեդալակիր է եղել ու 2024-ին վերջապես իր հավաքածուն համալրել ոսկով:

Առաջնությունում նա դուրս էր մրցակցությունից ու հաղթեց երկամարտի 455 կգ-ով: Երկրորդ տեղում 437-ով Սիմոն Մարտիրոսյանն է, որը գերծանր քաշային կարգում առաջին անգամ արծաթե մեդալակիր դարձավ:

Լուսանկարը` Markus Koch


Մարզիկներից շատերի համար Եվրոպայի առաջնությունն ամենալուրջ ստուգատեսն էր Օլիմպիական խաղերից առաջ: Թեեւ մինչեւ Փարիզ մեկնելը մոտ 5 ամիս ժամանակ կա, սակայն այդ ընթացքում նրանք հիմնականում ուղղելու են սխալները, մարզավիճակ են հավաքելու ու պատրաստվելու իրենց ունակությունները ցույց տալ ամենակարեւոր մրցաշարում:

Չեմպիոններից ոչ բոլորի քաշային կարգերն են Օլիմպիական, սակայն դա չի նշանակում, որ նրանք աշխատելու ու ավելացնելու ոչինչ չունեն: Աշնանը սպասվող Աշխարհի առաջնություններն էլ նրանց համար են կարեւոր մրցահարթակ լինելու՝ նորից պայքարի մեջ նետվելու ու հերթական մեդալները նվաճելու համար:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին