Մայիս 03, 2024
1544 դիտում

Դեպրեսիան հաղթահարած ու երեխաների շնորհիվ ամեն օր փրկվող Թիերի Անրին


Լուսանկարը` Si.com

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Անձնական արխիվ

Լուսանկարը` Անձնական արխիվ

Լուսանկարը` Eurosport

Լուսանկարը` Անձնական արխիվ

Լուսանկարը` FC Monaco

Լուսանկարը` Անձնական արխիվ

Լուսանկարը` FFF

Լուսանկարը` FC Juventus

Լուսանկարը` FC Arsenal

Լուսանկարը` Sky-Sports

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Անձնական արխիվ

Լուսանկարը` Planet Football

Լուսանկարը` Sky Sports

Լուսանկարը` Mundo deportivo

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Sqwawka

Լուսանկարը` FC Arsenal

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` FourFourTwo

Լուսանկարը` Sky Sports

Լուսանկարը` FC Juventus


Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Թիերի Անրին այն խաղացողներից է, ովքեր մեծ հեղինակություն ու համբավ են վայելում նաեւ կարիերան ավարտելուց հետո՝ հաղորդավար է CBS Sports-ում, վարել է այս տարվա ՖԻՖԱ-ի The Best մրցանակաբաշխությունը, գլխավորում է Ֆրանսիայի երիտասարդական հավաքականը:

Օրեր առաջ ֆրանսիացին անկեղծ հարցազրույց է տվել ու պատմել երկար տարիներ դեպրեսիա ունենալու ու կարիերան ավարտելու իրական պատճառների մասին: Իրականում բոլորս այնքան քիչ բան գիտենք անգամ շատ հայտնի մարդկանց մասին, տեսնում ենք միայն նրանց փառքի եւ հաջողությունների երեւացող կողմն ու անգամ չենք էլ կարող պատկերացնել, թե ինչեր են հաղթահարում:

Այսօրվա հրապարակումը Անրի մարդու ու ֆուտբոլիստի ներքին պայքարի եւ բարձունքում լինելու մասին է:

Դեպրեսիան


«Ամբողջ կարիերայիս ընթացքում դեպրեսիա եմ ունեցել: Հասկանո՞ւմ էի արդյոք այդ ամենը: Ոչ: Շատ երկար ժամանակ եմ ստել, քանի որ հասարակությունը պատրաստ չէր լսել ինձ»,- The Diary of а CEO հարցազրույցի ժամանակ պատմել է նա:

Անրին հոգեբանական խնդիրների մասին գիտակցել է 2020-ի համավարակի ժամանակ, երբ մարզելիս է եղել ամերիկյան «Մոնրեալ Իմփեկտ» ակումբն ու ընտանիքից հեռու էր:

Լուսանկարը` Getty Images


«Ամեն ինչ սկսվեց միանգամից՝ հատկապես համավարակի ժամանակ: Այդ մասին առաջ էլ տեղյակ էի, բայց ինձ ստում էի եւ «դիմակ» կրում: Սովոր ենք խնդիրները լուծելու փոխարեն փախչել դրանցից, ամբողջ կյանքի ընթացքում ենք այդպես վարվում: Փորձում ենք մեզ որեւէ բանով զբաղեցնել, խուսափել խնդրից ու չմտածել այդ մասին: Բայց քովիդի ժամանակ հարցրի ինքս ինձ. «Ինչո՞ւ ես փախչում, ի՞նչ ես անում ինքդ քեզ հետ»: Մեկուսացած էի ու դժվար էր մեկ տարվա ընթացքում չտեսնել երեխաներիս: Պետք է հետս ինչ-որ բան տեղի ունենար, որպեսզի հասկանայի, թե ինչ է խոցելի լինելը, կարեկցելն ու արտասվելը: Հասկանալ, որ էմոցիաներ ու զայրույթ զգալը բնական է, բայց դրանից պետք չէ չարանալ: Նախանձը նորմալ է, բայց կարիք չկա նախանձել մյուսներին:

Համավարակի ընթացքում համարյա ամեն օր առանց պատճառի արտասվում էի, արցունքները պարզապես հոսում էին՝ հնարավոր է նրանք շատ երկար էին սպասել: Չգիտեմ էլ արդյոք պետք էր, որ այդքան շատ լինեին, տարօրինակ էր, բայց լավ իմաստով:

Մանուկ տարիքից մեզ ասում են. «Այդպիսին մի եղիր, ցույց մի տուր խոցելիությունդ: Եթե արտասվես, քո մասին ի՞նչ կմտածեն»: Ես արտասվում էի, բայց իրականում դրանք երիտասարդ Թիերիի արցունքներն էին: Նա արտասվում էր այն ամենի համար, ինչ չէր ստացել»,- այսպես է կյանքի այդ շրջանի մասին պատմել Անրին:

Լուսանկարը` Անձնական արխիվ


Նա կարիերան ավարտել է 2014 թվականին, երբ հանդես էր գալիս «Նյու Յորք Ռեդ Բուլզ ակումբում»: Զրույցից պարզվել է, որ պատճառն առողջության հետ կապված հին խնդիրներն էին.

«Սովորական օր էր, Նյու Յորքի մեր բնակարանում էի դստերս հետ: 10 տարուց ավել տառապել եմ աքիլեսյան գարշապարի խնդիրներից, ամեն առավոտ երկու ոտքերս էլ ցավում էին: Ցավը չէր անցնում ամբողջ օրվա ընթացքում: Երբեմն ինձ լավ էի զգում, պահերով՝ վատ, բայց ցավն ամեն օր զգում էի:

Իսկ այդ օրը դուստրս մոտեցավ ինձ ու ասաց. «Հիմա դու ես բռնում», ապա փախավ: Ուզում էի վազել նրա հետեւից, սակայն չկարողացա: Հասկանո՞ւմ եք: Նայեցի նրան ու ասացի. «Դու հաղթեցիր»:

Իսկապես չկարողացա շարժվել, չեմ կատակում: Հենց այդ ժամանակ գիտակցեցի, որ չեմ կարողանում դիմանալ ցավին…»:

Լուսանկարը` Eurosport


Վերադարձ մանկություն

Թիերիի ծնվելուց մի քանի ամիս առաջ նրա ծնողները՝ Գվադելուպեից Անտուանն ու Մարտինիկայից Մարիզը տեղափոխվել էին Փարիզի արվարձաններից մեկում գտնվող երկսենյականոց բնակարան: Թիերին լույս աշխարհ եկավ 1977 թվականի օգոստոսի 17-ին: Նա Պատրիս Էվրայի հետ նույն փողոցում է մեծացել, թեեւ ծանոթացել են ավելի ուշ:

1985-ին ծնողներն ամուսնալուծվել են, փոքրիկ Անրին մնացել է մայրիկի հետ եւ սկսել իրեն անչափ միայնակ զգալ: Մարիզը շատ խիստ էր ու հազվադեպ էր նրան թույլ տալիս ընկերների հետ զբոսնել փողոցում, տարիներ անց ֆուտբոլիստը շնորհակալ է եղել մորն այդ ամենի համար, քանի որ ընկերներից շատերն այդ ժամանակ արդեն բանտում էին:

Տղայի ամենամեծ ուրախությունը ֆուտբոլն էր, որը նրա կյանքը լիովին փոխեց: Փոքր տարիքում Թիերին փխրուն էր, ընկնում էր ցանկացած բախումից, հաճախ էր խաղալիս քրտնում ու հիվանդանում: Առողջությունը վերականգնում էր Գվադելուպեում տատիկի մոտ, որտեղ անցկացնում էր ամառային արձակուրդները: Քչերն էին ցանկանում հետը խաղալ, քանի որ նրա սիրելի հնարքն էր խլել գնդակն ու մեծ արագությամբ սլանալ մրցակցի դարպասի մոտ՝ շրջանցելով ճանապարհին հանդիպող ամեն խաղացողի: Այդ ամենն արդարացնում էին նրա խփած բազմաթիվ գոլերը:

Լուսանկարը` Անձնական արխիվ


Հոր ազդեցությունը

Ֆուտբոլի նկատմամբ սերը Թիերիին փոխանցվել է հորից, որը ամուսնալուծությունից հետո էլ հետեւում էր որդուն, նրան տանում մարզումների եւ երկրորդ մարզիչն էր: Մի անգամ, երբ Թիերին 14 տարեկան էր, նրա թիմը հաղթեց 6:0 հաշվով ու բոլոր գոլերի հեղինակը հենց նա էր: Մինչ կհասներ հոր մեքենային, շատ ուշացավ, քանի որ ճանապարհին շնորհավորանքներ էր ստանում, սակայն հայրը նրան ոչ մի բառ չասաց: Անրին չէր կարողանում հասկանալ, թե ինչու է նա այդքան դժգոհ, միայն երկար լռությունից հետո Անտուանը սկսեց կշտամբել ու հայտնել բոլոր այն բացթողումները, որ ունեցել է: Այդ օրը երբեք չմոռացավ, սովորեց քննադատորեն վերաբերվել սեփական աշխատանքին ու ձգտեց այն միշտ հասցնել կատարելության:

Հայրը մարզումներին միշտ կողքին էր եւ անընդհատ հուշումներ էր անում, ինչը ճնշում էր Թիերիին, սակայն ավելի մեծ տարիքում հասկացավ, թե այդ ամենն որքան է օգնել կայանալ որպես ֆուտբոլիստ ու մարդ:

Դեռ 13 տարեկանից հանդես էր գալիս հայտնի «Քլերֆոնտեն» ակադեմիայում, որի սաները երկուշաբթիից ուրբաթ գիշերում էին այնտեղ: Նույնիսկ ակադեմիայում էր հայրը հսկում նրան՝ բարձրանալով ծառերի վրա: Այդ տարիներին Անրին իր ամենալավ որակը համարում էր արագությունը: Սակայն նրա մարզիչ բրազիլացի Ժոակին Ֆրանցիսկո Ֆիլիանը հրամայում էր խաղերի ժամանակ այդքան արագ չգործել: Նրա շնորհիվ Թիերին ֆուտբոլը նորովի բացահայտեց, սովորեց մտածել խաղադաշտում, բարելավեց այլ որակներ, որպեսզի միակողմանի խաղացող չմնա, ինչը հետագայում նրան շատ պետք եղավ:  

Լուսանկարը` FC Monaco


Ակումբները

Ակադեմիայում նրան նկատեց ու 15 տարեկանից իր շարքերը տարավ «Մոնակո»-ն՝ ծնողներին ապահովելով ինքնաթիռի անվճար տոմսերով: Ակումբը մարզող Արսեն Վենգերն Անրիին տեսնում էր ձախ կիսապաշտպանի դիրքում, որտեղ նա կարող էր ցույց տալ իր արագությունը, վերահսկել գնդակն ու միանալ գրոհներին: 17 տարին դեռ նոր համալրած ֆուտբոլիստը նորամուտը նշեց ակումբի կազմում՝ մասնակցելով «Նիս»-ի դեմ խաղին: Առաջին գոլին ստիպված էր երկար սպասել, բայց այն բավական գեղեցիկ ստացվեց՝ 1995-ի ապրիլին գրավեց «Լանս»-ի դարպասը:

1996-ի Մ-18 տարեկանների ԵԱ-ում Ֆրանսիայի ընտրանին չենպիոն հռչակվեց, իսկ Անրին դարձավ եզրափակչի միակ գոլի հեղինակը:

«Բոլոր խաղացողներից, ում հետ աշխատել եմ, ոչ մեկը ֆուտբոլն այնպես չի սիրում, ինչպես Թիերին: Նրա մոտ հիշատակեք օրինակ «Լե Ման»-ի ու «Գենգամ»-ի հանդիպումն ու կպարզվի, որ Թիերին ոչ միայն նայել է խաղը, այլ նաեւ հիշել հանդիպման ամեն դրվագն ու խաղացողներին»,-իր «Միայնություն բարձունքում»  գրքում գրել է Ֆրանսիայի հավաքականի մարզիչ Ժերար Ուլյեն, որի գլխավորությամբ թիմն Աշխարհի չեմպիոն է դարձել:

Լուսանկարը` FFF


Իսկական առաջընթաց Անրին գրանցեց հաջորդ մրցաշրջանում, երբ Լիգա 1-ի լավագույն երիտասարդ խաղացող ճանաչվեց ու նրա հետ նախնական պայմանագիր ստորագրեց Մադրիդի «Ռեալ»-ը, որը հետագայում չեղարկվեց, քանի որ իր թիմի հետ գործող պայմանագիր ուներ ու նրա թիկունքում էր գործել: Ֆրանսիացին հրաշքով խուսափեց 2 տարվա որակազրկումից, բայց փոխարենը կես տարի պահեստային մնաց:

Մյուս մրցաշրջանում Անրին «Մոնակո»-ի առաջատարը դարձավ, ՉԼ-ում 7 գոլ խփեց ու մասնակցեց տնային ԱԱ-ին, հենց այդ ժամանակ էլ մեծ ճանաչում ձեռք բերեց՝ դառնալով հավաքականի առաջատարներից ու լավագույն ռմբարկուներից մեկը: Մունդիալից 1 ամիս անց «Արսենալ»-ը «Մոնակո»-ին 12 մլն առաջարկեց Թիերիի համար, բայց մերժում ստացավ: Ֆուտբոլիստին դա դուր չեկավ ու սկսեց մարզումների ժամանակ յուրահատուկ կերպով իր բողոքն արտահայտել: 1999-ին նրան 10,5 մլն-ով վաճառեցին «Յուվենթուս»:

Ուղեւորություն արտերկիր. Անհաջող Իտալիան

Իտալիայում Անրին իրեն հարմարավետ չէր զգում, նախ խաղային դիրքին չէր հարմարվում, ապա գլխավոր մենեջեր Լուչանո Մոջիի հետ տարաձայնություն ունեցավ ու ամռանը նրան 10 մլն եվրոյով գնեց «Արսենալ»-ը, որտեղ նորից վերամիավորվեց Արսեն Վենգերի հետ:

Լուսանկարը` FC Juventus


Ծաղկման շրջանը. Անգլիա

Հենց այնտեղ էլ եղան ֆուտբոլիստի ծաղկման տարիները, թեեւ սկզբում երկրպագուների համար մի քիչ անսովոր էր ձեռնոցներով ու երկարաթեւ մարզահագուստով հանդես եկող ֆուտբոլիստը, բայց ի վերջո սիրեցին նրան: Առաջին 17 խաղերում միայն 2 գոլ կարողացավ խփել: Անրին սովորաբար մետրոյով էր տուն գնում ու «Միդլսբորո»-ի հետ խաղից հետո երկրպագուներն անգամ չնկատեցին ֆուտբոլիստին, ինչը շատ խոցեց նրա ինքնասիրությունը:

Ապա Անրիին ուշքի գալ օգնեց ակումբի փոխնախագահ Դեւիդ Դինը, որը Թիերիին նվիրեց ակումբի լեգենդ Յան Ռայթի գոլերի տեսագրությունը, դրա շնորհիվ նա սկսեց ավելի ու ավելի շատ աշխատել:

Վենգերը միշտ էր հավատում Անրիին ու նրա հետ շատ անհատական մարզումներ անցկացնում: Նա ընդլայնեց Անրիի որակները՝ ստիպեց խաղալ հարձակման ողջ երկայնքով, կարիքի դեպքում հետ նահանջել, ապա արագություն հավաքել ու նետվել գրոհի: Անրին կարողացավ հարմարվել անգլիական ֆուտբոլի արագությանն ու դաժան պայքարին եւ վերականգնեց Թուրիունում կորցրած հարձակվողական որակները:

Այդ ամենից հետո նա փայլեց ու Լոնդոնում անցկացրած առաջին մրցաշրջանում 26 գոլի հեղինակ դարձավ: «Արսենալ»-ի կազմում 228 խաղի մասնակցեց ու 175 գոլ գրանցեց՝ գերազանցելով Ռայթի ռեկորդը: Անրին վայելում էր իր խաղն ու ակումբի առաջատարներից մեկը դարձավ: 2011 թ. «Էմիրեյթս» ստադիոնի մոտ տեղադրվեց նրա արձանը:

Լուսանկարը` FC Arsenal


Իսպանիա. Աշխատանքը Պեպի հետ

Կարիերայի գագաթնակետին Անրին տեղափոխվեց կատալոնական ակումբ, սկսեց հարմարվել ձախ կիսապաշտպանի դիրքին, որտեղ նրան տեսնում էր մարզիչ Ֆրանկ Ռայկարդը: Նրա հետ թեեւ այդքան էլ լավ հարաբերություններ չունեին, սակայն Անրին կարողացավ 12 գոլ խփել ու թիմի 2-րդ լավագույն ռմբարկուն դառնալ:

Մեկ տարի անց թիմը գլխավորեց Պեպ Գվարդիոլան, որը Թիերիի խոսքով՝ իրեն սովորեցրելէ  նորովի ֆուտբոլ խաղալ: Նա Էտո’Օ-ի ու Մեսսիի հետ ակումբի մահացու եռյակն էր կազմում հարձակման գծում: Այդ մրցաշրջանի ավարտին Անրին թիմի հետ տիրացավ բոլոր տիտղոսներին, այդ թվում՝ ՉԼ-ի գավաթին, հատկապես որի համար էլ տեղափոխվել էր Իսպանիա:

ԱՄՆ. Բացահայտելով նոր երկիր

2010-ի ամռանը Անրին տեղափոխվեց «Նյու Յորք Ռեդ Բուլզ», որտեղ 5 տարի անցկացրեց՝ կարճ ժամանակով վերադառնալով «Արսենալ»: Դա ֆուտբոլիստի համար լիակատար վայելքի շրջան էր՝  նա բացահայտեց նոր երկիր ու մշակույթ եւ իրեն յուրային զգաց: ԱՄՆ-ում այնպիսի ճնշում չէր զգում, ինչպիսին կար Եվրոպայում խաղալիս: Նյու Յորքում բնակարան գնեց, սիրում էր քաղաքում զբոսնել, բասկետբոլ դիտել, ներկա էր 2007-ին տեղի ունեցած Թոնի Փարկերի ու Եվա Լոնգորիայի հարսանիքին, ծանոթացավ շատ հայտնիների հետ ու սկսեց ընկերություն անել նրանց հետ: Անրին լիովին վայելեց ամերիկյան ազատ ոգին:

Լուսանկարը` Sky-Sports


Հավաքականն ու մարզչական գործը

Ֆրանսիայի ընտրանու կազմում 123 խաղի է մասնակցել ու 51 գոլի հեղինակ դարձել, հաղթել բոլոր հնարավոր տիտղոսները՝ Աշխարհի առաջնության ոսկե ու արծաթե մեդալները, Եվրոպայի չեմպիոն հռչակվել, նվաճել Կոնֆեդերացների Գավաթը:

2014 թվականին դարձավ Sky Sports ալիքի փորձագետ ու զուգահեռ մարզչական արտոնագրի դասընթացների մասնակցեց:

2015 թ. Անրին սկսեց աշխատել «Արսենալ»-ի պատանեկան թիմում, բայց հաջորդ տարվա ամռանը Վենգերը նրան երկընտրանքի առաջ կանգնեցրեց՝ ընտրել մարզչի կամ մեկնաբանի աշխատանքը: Անրին նախընտրեց հեռանալ ակումբից ու քիչ ժամանակ անց Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսի օգնականը դարձավ՝ օգնելով բելգիացիներին ԱԱ-ում բրոնզե մեդալներ նվաճել:

Ապա գլխավորեց հարազատ «Մոնակո»-ն, սակայն անհաջողության մատնվեց ու մեկնեց Կանադա՝ գլխավորելով «Մոնրեալ Իմպակտ»-ը, սակայն այնտեղ էլ չստացվեց նվաճումների հասնել: 2021-ից նորից Բելգիայի հավաքականում օգնում էր Մարտինեսին` ԵՎՐՈ-2020-ում թիմը հասավ մինչեւ 1/4 եզրափակիչ:

Լուսանկարը` FIFA


2023 թվականին գլխավորեց Ֆրանսիայի Մ-21 տարեկանների ընտրանին եւ ով գիտի՝ հնարավոր է հետագայում ազգային հավաքականի մարզիչն էլ դառնա: Սակայն Անրին իր կյանքում ամեն ինչ իր ժամանակին է հասնում՝ չմոռանալով վայելել ամեն օրն ու ընթացիկ աշխատանքը: Բավական է տեսնել, թե նա որքան ներդաշնակ ու զվարճալի է CBS-ի իր թիմի հետ:



Անրիի նախընտրած վերջաբանը

«Երբ դեռ մարզիկ եք, ամեն ինչ այլ է, կյանքին մարդու աչքերով քիչ եք նայում, խուսափում եք ձեր խնդիրներից: Մարզիկ լինելն իրականում ավելի հեշտ է, գիտես, թե ինչ ես անում: Անգամ երբ ցավ էի զգում, միեւնույն է՝ գիտեի անելիքս: Բայց երբ կանգ եք առնում, որպես մարզիկ մեռնում եք, մահանում է նաեւ մրցակցությունը:

Էլ երբեք չեմ կարողանա խաղալ Պրեմիեր Լիգայում, երբեք հանդես չեմ գա Ֆրանսիայի հավաքականում: Կարող եմ ֆուտբոլ խաղալ, բայց ոչ նախկին մակարդակի վրա: Այլեւս չեմ կարող մրցակցել առաջվա պես, ու իմ այդ մասն արդեն մահացել է: Մարդիկ քեզ չեն սովորեցնում մեռնել:

Կարիերայի ավարտից հետո սկսում եք բախվել ձեր այն խնդիրների հետ, որոնք առաջ կարող էիք մի կողմ դնել, քանի որ դեռ խաղում էիք եւ ունեիք մի բան, որն ուշադրության կարիք ուներ:

Լուսանկարը` Getty Images


Բայց հենց գալիս է ավարտը, ամեն ինչ փոխվում է: Մենք սովոր չենք տանը նստել, սովորական կյանքին ծանոթ չենք: 13 տարեկանից ես այլ կյանքով եմ ապրել: Չեմ բողոքում, բայց ամեն ինչ ճիշտ հասկացեք: Պարզապես ասում եմ, որ իրական կյանք վերադառնալը ցնցում է, քանի որ տեխնիկապես հարմարեցված չենք դրան:

Հաճախ եմ ասում. «Ես կրթություն եմ ստացել, իսկ երեխաներս վերադաստիարակում են ինձ»: Երեխաներս ինձ փրկում են ամեն օր: Երբեմն տեսնում եմ, թե ինչպես են ինձ նայում ու զգում, թե որքան են ինձ սիրում: Բայց եթե իմանան, թե ես որքան մեծ շնորհակալություն եմ զգում նրանց նկատմամբ, որ կողքիս են, առանց նրանց շատ ծանր կլիներ»:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին