Մայիս 03, 2024
812 դիտում

Վինիսիուս․ Բրազիլիայի վտանգավոր փողոցներից դեպի բարձր նվաճումներ


Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Վինիսիուսի Ինստագրամ

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Ռեալի թվիթեր

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` UEFA


Իսպանիայի Սուպերգավաթում «Ռեալ»-ը երեկ 4։1 հաշվով հաղթեց «Բարսելոնա»-ին ու 13-րդ անգամ նվաճեց այդ տիտղոսը։

Հանդիպման իսկական հերոսը Վինիսիուսն է, որը դարձավ հեթ-տրիկի հեղինակ, աչքի ընկավ տպավորիչ խաղով ու նաեւ հերթական անգամ հասցրեց վիճաբանել մրցակիցների հետ։

«Պատմական օր էր։ Մենք չեմպիոններ ենք։ Դժվար հանդիպում ստացվեց, սակայն կատարյալ էինք գործում»,-այսպես արձագանքեց բրազիլացին հերթական հաջողությանը։

Լուսանկարը` Reuters


Հետաքրքիր է, որ նա գոլերը նշեց Քրիշտիանու Ռոնալդուի ձեւով․ «Դա հարգանքս է իմ կուռքին»։

Ծանոթանանք 23-ամյա բրազիլացու հետ, որը, չնայած երիտասարդ տարիքին, հասցրել է դառնալ մադրիդյան ակումբի առանցքային խաղացողներից մեկը։

Ամենավտանգավոր թաղամասից դեպի պրոֆեսիոնալ ֆուտբոլ

Լուսանկարը` Getty Images


Ռիո դե Ժանեյրոյի Սան Գոնսալու արվարձանի ամենավտանգավոր ու հանցագործ վայրերից է։ Այնտեղ հանցագործության մակարդակն այնքան բարձր է, որ նույնիսկ գործարկել են հատուկ հավելված, որը ցույց է տալիս, թե տվյալ պահին որտեղ են հնչում կրակոցներ ու չարժե երեւալ այդ մասերում։

Վինիսիուս Ժոզե Պայշան դի Օլիվեյրա Ժունիորը ծնվել է 2000 թվականին հենց այնտեղ։ Հետագայում խոստովանել է, որ մանկության երազանքն է եղել ընտանիքին դուրս բերել այդ շրջանից։ Առաջ ընկնելով ասենք, որ «Ռեալ»-ի հետ պայմանագիր կնքելուց հետո նա իր բոլոր բարեկամներին Սան Գոնսալուից տեղափոխել է Ռիոյի արեւմտյան շրջան, որը շատ պաշտպանված է։

«Շատ դժվար մանկություն եմ ունեցել, չնայած հիմա մեծ սիրով եմ հիշում այդ տարիները։ Փոքր էի ու երազում էի մյուս երեխաների պես ֆուտբոլ խաղալ ակադեմիայում։ Ընտանիքս չափազանց համեստ էր ապրում, սակայն ծնողներս հանուն մեզ իրենց զրկում էին ամեն ինչից։ Ծնողների սերն ամենամեծ բանն է աշխարհում»։

Վինիսիուսի վրա մեծ ազդեցություն է ունեցել հայրը, որը նրան ու եղբայրներին աջակցում էր ցանկացած հարցում, երեխաներին հետ պահում փողոցում տիրող վատ սովորույթներից ու փորձում հոգալ ընտանիքի դժվարին հոգսերը։ Վինիսիուսը, ինչպես բրազիլացի գրեթե բոլոր երեխաները, չէր բաժանվում գնդակից եւ օրերն անցկացնում էր հարեւան երեխաների հետ ամբողջ օրը ֆուտբոլ խաղալով։

Լուսանկարը` Վինիսիուսի Ինստագրամ


«Ես շատ հանգիստ երեխա էի։ Ամբողջ օրն ընկերներիս հետ փողոցում ֆուտբոլ էի խաղում ու տուն վերադառնում միայն նրա համար, որ հաց ուտեմ, քնեմ կամ էլ ՖԻՖԱ-ի վիդեոխաղերը խաղամ»։

Իսկ փողոցը Սալգուեյրո ֆավելլայում էր, որը ոստիկանների կողմից համարվում է այս վտանգավոր քաղաքի ամենավտանգավոր վայրը։ Շրջանում ապրողներն աղքատ են, բացառություն չէր նաեւ նրա ընտանիքը։ Դժվար է պատկերացնել, թե ինչպիսի ապագա կունենար երեխան, եթե նրան չնկատեին Կարլես Աբրանտես ակադեմիայի սկաուտները, ովքեր աղքատ թաղամասերում փնտրում են տաղանդավոր երեխաների։

6-ամյա տղային թույլ տվեցին անվճար մարզվել, չնայած նա ամենափոքրն էր, սակայն չէր զիջում անհամեմատ մեծ փորձ ունեցող երեխաներին։

«Եթե նրան թողնեինք, բոլոր տարիքայինների հետ էլ կմարզվեր, ընդհանրապես չէր հոգնում։ Մինչեւ այսօր էլ գալիս է մեզ հյուր, բերում է շահած մեդալները, հանդիպումներ ունենում երեխաների հետ»,-ասել է Սան Գոնսալուի դպրոցի ֆուտբոլի ուսուցիչը։

10 տարեկանում Վինիսիուսն արդեն «Ֆլամենգո»-ի ակադեմիայի սան էր։

Պատանին գրավում է եվրոպական ակումբների ուշադրությունը

Լուսանկարը` Ռեալի թվիթեր


Ահա այդտեղ էլ սկսվում է Վինիսիուսի պրոֆեսիոնալ դառնալու ուղին։ Նա «Ֆլամենգո»-ի հետ մանկապատանեկան ֆուտբոլում նվաճում ավելի քան 20 մրցանակ։

Մայրը նրան ավտոբուսով տանում էր «Ֆլամենգո»-ի ակադեմիա, մինչ հայրը ստիպված մեկնել էր Սան Պաուլու, որպեսզի աշխատանք գտնի եւ ապահովի ծախսերը։

«Ես կայացել եմ ողջ ընտանիքիս շնորհիվ։ Ինձ միշտ շրջապատել են մարդիկ, ովքեր դարձրել են այնպիսին, ինչպիսին կամ։ Չնայած արդեն մեծ տղա եմ, բայց ծնողներս մեծ նշանակություն ունեն իմ կյանքում, իսկ ես կրկին երեխայի պես լսում եմ նրանց»։

Պատանին այնքան տաղանդավոր եւ աչքի ընկնող էր, որ շուտով համալրում է գլխավոր թիմի շարքերը։ Ավելին, նա կարճ ժամանակում դառնում է «Ֆլամենգո»-ի հիմնական կազմի խաղացող։ 2017-ին Հարավամերիկյան գավաթում խփում է իր առաջին գոլը, մի քանի օր անց Ա Սերիայում գրանցում առաջին դուբլը։ 2018-ին նորամուտն է նշում Լիբերտադորեսի գավաթում եւ, դուրս գալով փոխարինման, կրկին դուբլ ձեւակերպում։

Եվրոպական մեծ ակումբները նրան չնկատել չէին կարող։ Չնայած երիտասարդ տարիքին, Վինիսիուսը մեծ քայլերով առաջ էր գնում եւ աչքի ընկնում ոչ միայն ֆուտբոլային տաղանդով, այլ նաեւ վճռականությամբ, վստահությամբ ու առաջ շարժվելու մեծ ձգտումով։

Լուսանկարը` Getty Images


«Մանչեսթեր Յունայթեդ»-ից մինչեւ «Բավարիա», նույնիսկ «Բարսելոնա»։ Այս ակումբների ներկայացուցիչներն անցնում են գործի։ Մինչ այսօր էլ գրում են, թե Նեյմարն անձամբ է փորձել համոզել Վինիսիուսին տեղափոխվել կատալոնական ակումբ, սակայն այդպես էլ դա տեղի չի ունեցել։

Հետաքրքիր է, որ նրա ընկերները խոստովանել են, որ Վինիսիուսը ՖԻՖԱ-ի վիդեոխաղեր խաղալիս ընտրելիս է եղել «Բարսելոնա»-ն, իսկ ֆուտբոլիստներից՝ Լեո Մեսսիին։ Սակայն հետագայում հարձակվողը խոստովանել է, որ ինքը միշտ է հետաքրքրվել Իսպանիայի առաջնությամբ, սակայն ցանկացել է հանդես գալ «Ռեալ»-ում։

«Ես զանգեցի նրան ու իմացա, որ տեղափոխվում է Մադրիդ։ Գիտեմ, որ նման որոշման կայացմանը համոզել էին Կազեմիրոն ու Մարսելոն։ Անչափ երջանիկ էի»,-հիշել է Վինիսիուսի հորեղբայր Ուլիսը։

Դառնում է «Ռեալ»-ի հուսալի ֆուտբոլիստներից մեկը

Լուսանկարը` Reuters


2017-ին Մադրիդի «Ռեալ»-ը հայտարարում է, որ համաձայնության է եկել «Ֆլամենգո»-ի հետ եւ ռեկորդային 45 մլն եվրոյով ձեռք բերել երիտասարդ ֆուտբոլիստին։ Մեկ տարի անց 18-ամյա Վինիսիուսը պաշտոնապես դառնում է իսպանական ակումբի ֆուտբոլիստ, որի աշխատավարձը տարեկան կազմում էր 3,2 մլն եվրո։

Նա շատ արագ հարմարվում է Մադրիդում, 2-րդ թիմի կազմում անցկացնում 5 խաղ ու դառնում 4 գոլի հեղինակ։ Սա ճանապարհ է բացում դեպի գլխավոր թիմ եւ սեպտեմբերի 29-ին նշում նորամուտը՝ դառնալով 2000 թվականին ծնված առաջին ֆուտբոլիստը, որը հանդես է եկել Արքայական ակումբում։

«Ես ընդամենը 18 տարեկան եմ ու արդեն հանդես եմ գալիս մոլորակի լավագույն ֆուտբոլիստների կողքին։ 25-26 տարեկանում ինձ տեսնում եմ Ոսկե գնդակը ձեռքիս»,-այդ ժամանակ ասել էր ֆուտբոլիստը։

Լուսանկարը` Reuters


2020-21-ի Չեմպիոնների լիգայի «Շախտյոր»-ի դեմ խաղում բրազիլացին դարձավ փոխարինման դուրս եկած առաջին ֆուտբոլիստը, ով ամենաարագ գոլն է խփել։ Նման արդյունքի հասնելու համար նրանից պահանջեց ընդամենը 14 վայրկյան։

Իսկ ահա 2022-ին նրա խփած միակ գոլի շնորհիվ «Ռեալ»-ը հաղթեց «Լիվերպուլ»-ին ու դարձավ ՉԼ-ի գավաթակիր։ Այդ նույն մրցաշրջանում նա լիգայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստն էր։

2022-23 մրցաշրջանում Վինիսիուսը «Ռեալ»-ի լավագույն ֆուտբոլիստն էր, ով դարձել էր 23 գոլի ու 19 գոլային փոխանցման հեղինակ։ Պատահական չէ, որ առաջատար լրատվամիջոցները սկսեցին նրան համարել Քրիշտիանու Ռոնալդուի արժանի փոխարինողը։ Երեւի պատահական չէ, որ չորս մրցաշրջան անցկացնելուց հետո վերջապես բրազիլացին կրեց նաեւ 7 համարի շապիկը։

Ընդդեմ ռասայական խտրականության

Լուսանկարը` Getty Images


«Ռեալ»-ի հիմնական կազմում հարմարվելն այդքան էլ հեշտ չի եղել։ Զինեդին Զիդանը կարծես այդքան էլ հույսեր չէր կապում նրա հետ, սկսեցին տարածվել լուրեր, թե շուտով ֆուտբոլիստը կտեղափոխվի այլ ակումբ։ Սակայն Կառլո Անչելոտիի գալուց հետո կարծես ամեն ինչ տեղն ընկավ։ Երբ հայտնի դարձավ, որ Կիլիան Մբապեն չի միանում «Ռեալ»-ին, իսկ Էդեն Ազարը վնասվածքներից չէր ապաքինվում, Անչելոտին ամբողջովին վստահեց Վինիսիուսին։ Նա նաեւ հստակեցրեց, որ վերջինս պետք է կատարի մարզչի բոլոր պահանջները, շատ մարզվի ու ձգտի ավելիին։

«Մարզիչն ու նրա թիմը հավատում են ինձ։ Ինձ վստահություն է տալիս այն, որ սխալվելու դեպքում նրանք ինձ եւս մեկ հնարավորություն կտան։ Իսկ այսօրվա տեսքն ունենալու համար ես շատ եմ աշխատում, մարզումներն անընդհատ են իմ կյանքում, որովհետեւ մտածում եմ կատարելագործվելու եւ ավելի լավը դառնալու մասին»։

Քանի որ նա երեխա ժամանակ նաեւ ֆուտզալի թիմում է մարզվել ու հետագայում թողել այն, սակայն ֆուտզալի շնորհիվ ձեռք է բերել որակներ, որոնք նրան մինչ այժմ օգնում են ֆուտբոլում։

«Ես սովորեցի օգտագործել ամենափոքր ազատ տարածությունները եւ նետվել գրոհի, զարգացրի դրիբլինգս։ Ֆուտզալը հիանալի դպրոց եղավ ինձ համար»։

Լուսանկարը` Reuters


Վինիսիուսը նաեւ աչքի է ընկնում իր տաքարյունությամբ ու հաճախ վեճերի մեջ ընկնում։ Պատճառը ռասիստական արտահայտություններն են, որոնք երկրպագուները երբեմն հնչեցնում են նրա հասցեին։ Երիտասարդ ֆուտբոլիստը գրեթե բոլոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվեց, երբ «Վալենսիա»-ի դեմ խաղում երկրպագուների կողմից նրա հասցեին հնչեցին «կապիկ» եւ «սեւ տղա» արտահայտությունները։ Խաղադաշտում նա հարվածեց մրցակցի դեմքին, ապա ստացավ իր առաջին կարմիր քարտը։ Որոշ ժամանակ անց արդարացվեց, իսկ կարմիր քարտն էլ կասեցվեց։ Սակայն սա սկիզբ դարձավ, որ Վինիսիուսը բարձրաձայնի ռասայական խտրականության մասին, նա անընդհատ խոսում կամ գրում էր ու նշում, թե «Լա Լիգան դարձել է ռասիստների առաջնություն»։

Մի շարք ֆուտբոլիստներ պաշտպանեցին նրան, մյուսներն էլ, այդ թվում եւ իր հայրենակիցներից մի քանիսը, կոչ արեցին խաղալ ֆուտբոլ, այլ ոչ թե խոսել ռասիզմից, որը միշտ էլ եղել է ֆուտբոլում։ Սակայն Վինիսիուսը հասավ նրան, որ Իսպանիայում սկսեցին այլ մեթոդներ ներդնել պայքարի մեջ, իսկ կարճ ժամանակ անց ՖԻՖԱ-ում ստեղծվեց կոմիտե, որը պայքարում է ռասայական խտրականության դեմ։ Զարմանալի չէ, որ ղեկավար նշանակվեց հենց Վինիսիուս Ժունյորը։

Լուսանկարը` UEFA


«Իմ ամենասիրելի պահն ընտանիքիս հետ անցկացրած ամեն րոպեն է։ Եղբայրներիս հետ ֆուտբոլ ենք խաղում, իսկ վիդեոխաղերի մրցակիցս հորեղբայր Ուլիսն է, չնայած, խոստովանանում եմ, հաճախ եմ նրան պարտվում։ Ես ինձ կատարյալ երջանիկ եմ զգում, երբ տեսնում եմ հարազատներիս երջանիկ լինելը»։

Բրազիլիայի ընտրանու հետ առայժմ լուրջ հաջողությունների չի հասել եւ լավագույն արդյունքը Ամերիկայի գավաթի եզրափակիչ դուրս գալն է։ Իսկ ահա «Ռեալ»-ի կազմում Վինիսիուսը հասցրել է դառնալ Իսպանիայի չեմպիոն, գավաթակիր ու սուպերգավաթակիր, ՉԼ-ի հաղթող, ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր ու Աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն։ Այսօր համարվում է Արքայական ակումբի ամենավստահելի ֆուտբոլիստներից մեկը։ Եւ նա ընդամենը 23 տարեկան է։

Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին